Տարեվերջին պարեկային ծառայությունը կգործի նաև Տավուշի մարզում. ոստիկանությունը դիմումներ է ընդունում (տեսանյութ)

Տարեվերջին պարեկային ծառայությունը կգործի նաև Տավուշի մարզում, այդ նպատակով ոստիկանությունը դիմումներ է ընդունում:

Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը:

Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում է «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը:

Ուսուցման տևողությունը 5 ամիս է:

Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` համարվում են ծառայողներ և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68.000 ՀՀ դրամ (հաշվարկային):

Լրացուցիչ կրթական ծրագրով սովորող ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ:

Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից (պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու մասին պայմանը չի վերաբերում իգական սեռի դիմորդներին):
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ծառայողները, բացառությամբ.

1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողների, ինչպես և ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.

2) 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.

3) զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես և Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:

  •  Դիմորդի (ծառայողի) տարիքը և ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ:
  •  Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 606 տեղ, որից՝

1) 136 տեղը Տավուշի մարզի համար (95 տեղը` արական սեռի, իսկ 41 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար),

2) 115 տեղը Արագածոտնի մարզի համար (81 տեղը` արական սեռի, իսկ 34 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար),

3) 197 տեղը Կոտայքի մարզի համար (138 տեղը` արական սեռի, իսկ 59 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար),

4) 158 տեղը Գեղարքունիքի մարզի համար (111 տեղը` արական սեռի, իսկ 47 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար):

  • Դիմորդները ծառայողները առողջական վիճակի ստուգման նպատակով մինչև ստուգումներին մասնակցելու թույլտվություն ստանալը ոստիկանության բժշկական հանձնաժողովում անցնելու են բժշկական հետազոտում, որի բացասական արդյունքի դեպքում նրանց չի թույլատրվի մասնակցել ընդունելության (մրցույթի) ստուգումներին: Բժշկական հետազոտումն իրականացվելու է ՀՀ կառավարության 23.01.2003 թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջներին համապատասխան:
  • Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթը (նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ և անձնագիր կամ անձնագրի փոխարեն անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝ պատճենով,

2) դիմում՝ ըստ Հավելված 1-ի (կարող է լրացվել տեղում),

3) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ՝ պատճենով,

4) 4 լուսանկար (4x6 չափսի),

5) զինգրքույկ (արական սեռի դիմորդների համար),

6) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաև ամուսնության վկայականը,

7) տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից,

8) «B» կարգի վարորդական իրավունքի վկայական՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը ներկայացնելու վերաբերյալ ՝ ըստ Հավելված 2-ի (կարող է լրացվել տեղում):

  • Դիմորդը դիմումի մեջ նշում է, թե ընդունելության սահմանված տեղերից կոնկրետ որ մարզի համար է մասնակցում մրցույթին: Դիմորդի կողմից դիմումի մեջ նշված մարզի հետագա փոփոխություն չի թույլատրվում: Եթե մրցույթի ընդհանուր արդյունքների ամփոփումից հետո առանձին մարզերի համար մնան թափուր տեղեր, ապա այդ տեղերը կհամալրեն այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), ովքեր հարցազրույցի արդյունքներով ստացել են դրական որոշում, չեն անցել իրենց կողմից նշված մարզի տեղերի մրցույթով, սակայն սահմանված ժամկետում ընդունող հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմումով ցանկություն են հայտնել համալրել թափուր տեղերը: Այդ դեպքում թափուր տեղերը համալրելու առաջնահերթությունը տրվում է ընդունելության (մրցույթի) ստուգումներից հավաքած միավորների առավել բարձր հանրագումար ունեցող դիմորդներին (ոստիկանության ծառայողներին):
  • Դիմորդը դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես և առկայության դեպքում՝ սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Odnoklassniki և այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները:
  • Ծառայողը մրցույթին մասնակցելու համար ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ՀՀ ոստիկանության պետին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը: Զեկուցագրում ծառայողը պետք է հավաստի, որ ունի «B» կարգի վարորդական իրավունքի վկայական կամ պարտավորվի մրցույթով անցնելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը ձեռք բերելու փաստը: Ծառայողը զեկուցագրում պետք է ներառի սույն հայտարարության 12-րդ և 13-րդ կետերում նշված տեղեկությունները։
  •  Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է:
  • Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:
  •  Ընդունելություն-մրցույթի ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով: Ընդունելություն-մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած դիմորդը (ծառայողը) մանդատային հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց (ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում նյութերի ուսումնասիրությունից) հետո, Կրթահամալիրում ստուգումներին մասնակցելու համար ստուգման թերթը ստանալիս ընդունելություն-մրցույթի գործընթացի կազմակերպման և անցկացման համար յուրաքանչյուր ստուգման ձևի համար վճարում է 1500-ական Հայաստանի Հանրապետության դրամ (ընդհանուրը 3000 ՀՀ դրամ): Գումարները մուտքագրվում են կրթահամալիրի բանկային հաշվին:
  • Անկախ ընդունելություն-մրցույթին մասնակցելուց և դրա արդյունքից՝ վճարված գումարը չի վերադարձվում:
  • Ընդունելություն-մրցույթի ստուգումները անցկացվում են հայերենով:
  • Ընդունելություն-մրցույթի ստուգումներն են.

1) ֆիզիկական պատրաստականության ստուգումը,

2) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), որի միջոցով ստուգվում են դիմորդի ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը:

  • Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:
  • Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
  • Ստուգումների արդյունքները դիմորդներին (ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ծառայողը) իրավունք ունի ընդհանուր գիտելիքների ու հոգեբանական նկարագրի համակարգչային թեստավորման արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
  • Անհարգելի պատճառով ստուգման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
  • Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:
  • Ընդունելություն-մրցույթի յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ծառայողները) անցնում են հարցազրույց:
  • Հարցազրույցի ընթացքում հարցազրույցի հանձնաժողովն ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ծառայողների) անձնական որակները և արժանիքները, բարեվարքությունը, հոգեբանական նկարագիրը՝ ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։
  • Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է համարվում հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը համարվում է ընդունելություն-մրցույթը չանցած:
  • Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք ընդունելություն-մրցույթի ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելություն-մրցույթի սահմանված տեղերը:
  • Հավասար միավորների դեպքում ընդունելություն-մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ծառայողներին)՝

1) ում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի բարձր է,

2) որոնք մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր:

  • Ստուգումները հանձնած, սակայն ընդունելություն-մրցույթով չանցած դիմորդներին (ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
  • Ընդունելություն-մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Ընդունելություն-մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
  •  Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը,

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից,

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից,

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

  • Ոստիկանության ծառայողը (անկախ նրանից, թե ուսումնառության համար ընդունվել է որպես քաղաքացիական անձ, թե որպես ծառայող) չի հատուցում ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`

1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի,

2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ,

3) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

  •  Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ ՀՀ ոստիկանության պետի կամ կրթահամալիրի պետի հրամանով:
  • Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած ծառայողները ոստիկանության պետի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:
  •  Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), սույն թվականի փետրվարի 28-ից  ապրիլի 15-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
  • Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն սույն թվականի փետրվարի 28-ից  ապրիլի 15-ը ներառյալ:
  •  Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն սույն թվականի մայիսի 23-ից  հուլիսի 1-ը ներառյալ:
  • Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հետևյալ միջոցներով`

1) ՀՀ արդարադատության նախարարություն՝ հեռ. +37410594012, էլ.փոստ [email protected],

2) ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ հեռ. +37410778033,

3) ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ հեռ. +37411584971:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1820 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք