Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, օգոստոսի սկզբին առևանգվել էր նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի 83-ամյա հայրը, վերջինիս վերադարձնելու դիմաց առևանգիչները 3 մլն դրամ էին պահանջել: Հանցագործության բացահայտման բարդ ընթացքի, առևանգիչների ու հանցագործության կազմակերպիչների՝ նախապես գծագրված մանրամասն պլանի ու կատարված աշխատանքի մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ ոստիկանությունը՝ ներկայացնելով գործի բոլոր մանրամասները:
ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:
Հուլիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա մի տղամարդ անհետ կորել է: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ, սակայն՝ անօգուտ:
Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Հաղորդման հաջորդ օրը Տավուշի մարզային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով: Կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, տուժողի տան դիմացի փողոցում նկատվել է «Օպել» մակնիշի արծաթագույն մեքենա, և այդ ընթացքում հարևանությամբ ապրող բնակիչները տուժողի տան կողմից լսել են տարօրինակ ձայներ, սակայն ուշադրություն չեն դարձրել՝ մտածելով, որ տուժողի այգում աշխատող բանվորներն են եկել, որ միասին գնան այգի:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Պարզվել է, որ տուժողի տան դիմաց տեղադրված տեսախցիկի ուղղությունը շեղված է եղել, ինչից հետո ավելի հիմնավոր է դարձել այն վարկածը, որ տուժողը ոչ թե տնից դուրս է եկել ու գնացել անհայտ ուղղությամբ, այլ տեղի է ունեցել հանցագործություն»:
Անձի անհետացման հանգամանքները պարզելու գործին լծվեցին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները և դեպքից երկու օր անց ստացան տեղեկություն, որ այդ օրը՝ հուլիսի 27-ի առավոտյան, 83-ամյա տղամարդուն իր տան մոտից առևանգել են:
Առևանգման վարկածն արդեն շրջանառվում էր Քրեական ոստիկանությունում, արդեն իսկ անլուր հսկողություն էր իրականացվում, ինչի արդյունքում էլ պարզվեց, որ անհետ կորածի հարազատները բջջային հավելվածի միջոցով ստացել են հաղորդագրություն, որի մեջ առաջարկվում էր պատանդ վերցված անձին գումարի դիմաց ազատ արձակել: Հետո պարզվեց, որ իրավապահները գործ ունեն մանրակրկիտ կազմակերպված և առավելագույն զգուշավորությամբ իրականացվող շորթման հետ:
Հանցագործության բացահայտման գործին միացան Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, որոնց գործողություններից պարզ դարձավ, որ կատարվածը անդրսահմանային կազմակերպված հանցագործություն է:
Ներկայացնում է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը. «Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ հանցագործները հետքերը թաքցնելու նպատակով պատանդի հարազատների հետ կապվել են ուկրաինական հեռախոսահամարով գրանցված Whatsapp հավելվածի միջոցով, ընդ որում՝ հաղորդակցության ողջ ընթացքում օգտագործել են VPN ծառայություններ: Ուկրաինայի կիբեռոստիկանության գործընկերների միջոցով արագ հաջողվեց պարզել, որ նշված հեռախոսահամարը գրանցված չէ իրենց բջջային օպերատորների կողմից:
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հեռախոսահամարը ձեռք է բերվել վիրտուալ հեռախոսահամարների վաճառքի կայքից: Կարողացանք պարզել նաև, որ այդ հեռախոսահամարով Whatsapp հավելվածին հասանելիությունը ստացվել է ԻԻՀ տարածքից»:
Վերջին տեղեկությունը ենթադրում էր ակտիվ միջազգային համագործակցություն: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ գործին միջամտեց նաև Հայաստանի ոստիկանության ղեկավարությունը: Առանց բացելու որոշ փակագծեր՝ ասենք, որ բացահայտման ճանապարհին մեր ոստիկանները ակտիվ և արդյունավետ համագործակցեցին ոչ միայն Ուկրաինայի համապատասխան կառույցների, այլև ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի համակարգչային հանցագործությունների և մտավոր սեփականության սեկտորի և Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հետ: Ուսումնասիրելով և վերլուծելով արդեն իսկ ձեռք բերված տեղեկությունները՝ որոշում կայացվեց համագործակցությունը կազմակերպել ամենաբարձր մակարդակով: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվեց ոստիկանություն, ու նաև նրա ջանքերի շնորհիվ հանցագործության բացահայտման հարցում միջազգային համագործակցությունն ամենաբարձր մակարդակի էր բոլոր առումներով:
ԻԻՀ կիբեռոստիկանությանը և Թեհրանում Ինտերպոլի ծառայողներին փոխանցվեցին բավարար տեղեկություններ՝ հաղորդագրությունները ուղարկող անձանց ինքնությունը պարզելու համար: Իրանի գործընկերները կարճ ժամանակում հայտնաբերեցին և ձերբակալեցին նրանց: Առգրավված համակարգչային տեխնիկայի զննությամբ գտնվեց նաև Հայաստանում առևանգված անձի ազգականների հետ ունեցած նամակագրությունը: Ավելին, Իրանի իրավապահները պարզեցին Հայաստանից հաղորդագրությունը ուղարկած անձի ինքնությունը, որը Իջևանի բնակիչ էր, 37-ամյա մի տղամարդ:
Մնում էր լուծել տեխնիկական հարցեր, ստեղծել ապացուցողական ամուր հիմք:
Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Նախաքննության ընթացքում քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացվեց տեղեկատվություն, որ հանցագործությունը կատարել են Տավուշի մարզի բնակիչներ: Այդ վարկածները հիմնավորելու ուղղությամբ կատարվեցին լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ, առգրավվեցին տարբեր տեսագրող սարքերի տեսագրություններ, բջջային օպերատորներից ստացվեցին հանցագործությանն առնչվող անձանց կողմից օգտագործված հեռախոսահամարներն ու հեռախոսների տեղեկատվությունը, կատարվեցին բազմաթիվ անձանց հարցաքննություններ, ինչպես նաև ստացված տեղեկատվության և առգրավված տեսագրությունների զննություններ, որոնց համատեղմամբ հիմնավորվեց, որ հանցագործությանն առնչվում են ոստիկանության կողմից նշված անձինք»:
Ու թեև այս ընթացքում, իրավապահների գործողություններին անտեղյակ, պատանդի հարազատները գործում էին շորթողների թելադրանքով, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում արդեն ուրվագծվել էր հանցագործության ողջ պատկերը:
Շորթման կազմակերպիչներից երկուսն իջևանցի էին՝ 37-ամյա և 25-ամյա տղամարդիկ: Ներգրավված էին նաև այլ անձինք, որոնց վերաբերյալ տեղեկություն տրամադրելն առայժմ նպատակահարմար չէ:
Հետքերը թաքցնելու նպատակով շորթողները ամեն մի նոր քայլ ձեռնարկելիս փոխել էին ավտոմեքենաները: Հուլիսի 27-ի առավոտյան 83-ամյա տղամարդուն առևանգել և աչքերը կապած տեղափոխել էին արծաթափայլ «Օպել» մակնիշի մեքենայով, դաշտամիջյան ճանապարհներով: Այս ընթացքում պատանդին նստեցրել էին 37-ամյա տղամարդու աներոջ անունով հաշվառված «Տոյոտա Պրադոն», որով էլ հասցրել էին Լոռու մարզի Ծաթեր գյուղ, որտեղ պատանդին պահելու համար նախօրոք վարձակալել էին հյուրատուն: Արտաքին աշխարհից ու կապի միջոցներից զրկված՝ նրան պահել էին հսկողության տակ, նույնիսկ ջուրն ու կերակուրը փոխանցել էին դիմակավորված: Պարզվեց նաև, որ նրան ազատ արձակելու դիմաց գումարը պահանջել են կրիպտոարժույթով: Փրկագինը կրիպտոարժույթով պահանջելը նույնպես ուներ հետքերը թաքցնելու նպատակ, ինչը նույնպես արգելք չեղավ իրավապահների համար: Հաջողվեց պարզել կրիպտոարժույթի դրամապանակի տիրոջ ինքնությունը, որը ԻԻՀ իրավապահների կողմից արդեն իսկ ձերբակալվածներից մեկն էր:
Տուժածի հարազատներն այդ ընթացքում շարունակում են վիրտուալ շփումները շորթողների հետ և, ի վերջո, համաձայնության գալիս:
Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Հանցագործները պահանջ են ներկայացրել 3 միլիոն դոլար փոխանցել իրենց կողմից նշված կրիպտոարժույթի դրամապանակին: Սակայն բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 200 հազար դոլարի շուրջ, որը պետք է վճարվեր մաս-մաս: 20 հազար դոլար ստանալուց հետո տուժողին ազատ են արձակել՝ պայմանով, որ մնացած գումարը պետք է վճարեն տուժողին ազատ արձակելուց հետո: Տուժողի հարազատները ևս 20 հազար դոլար են փոխանցել հանցագործների նշած դրամապանակին»:
Օգոստոսի 2-ին Երևանի Գյուլբենկյան փողոցից շորթողները վերցնում են մտերիմներից մեկի «Հունդաի Սոնատան» և դրանով ուղևորվում Ծաթեր գյուղ: Ճանապարհին կարճ կանգառ են ունենում խանութի մոտ:
Հասնելով Ծաթերի հյուրատուն՝ պատանդին այդ նույն մեքենայով, դարձյալ աչքերը փակ, տեղափոխում են Տավուշի մարզի Հովք գյուղի մոտակա տարածք և բաց թողնում: Դարձյալ համացանցով՝ Հայաստան-Իրան-Հայաստան կապով հարազատներին հայտնում են 83-ամյա տղամարդուն բաց թողնելու տեղը, որտեղ էլ հարազատները գտնում են նրան:
Օգոստոսի 11-ին արդեն ամեն ինչ կար՝ բացահայտման գործն ավարտին հասցնելու համար: Ժամը 16-ի սահմաններում բոլորովին այլ մեքենայով ուղևորվելիս ոստիկանները շորթողներին կանգնեցնում են, ձերբակալում և ներկայացնում նախաքննական մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցագործության բոլոր հանգամանքները, հանցավոր խմբի մյուս անդամների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հանցագործությանը մասնակից անձանց գործողությունները պարզելու, տուժողի հարազատներին պատճառված վնասը փոխհատուցելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ավելի վաղ հայտնել էր իր 83-ամյա հոր անհետացման մասին, իսկ ավելի ուշ պարզվել էր՝ վերջինիս առևանգել են շորթում կատարելու նպատակով:
Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ինչի մասին առաջինը հայտնել էր հենց Քոքոբելյանը:
Այս փաստը նաև հաստատել է ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջևան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը և 25-ամյա Արմեն Քամալյանը կալանավորվել են, նրանց առաջադրվել է մեղադրանք անձի առևանգման հոդվածով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT