Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:
Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, եւ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղեկայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը:
Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ հարցին, վարչապետը պատասխանել է.
«Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռեւս պատասխաններ չենք ստացել:
Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում:
Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը: Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետեւաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձեւաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի եւ երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատեւ աղբյուր դարձնելով:
Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաեւ անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով»:
Նույն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը կրկին առաջ է քաշել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը, կրկին պնդելով թե մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ընդդեմ Ադրբեջանի:
Պատասխանելով հարցին, վարչապետը նշել է, որ մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել է եւ կրկին հարկ է համարում ընդգծել, որ եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան:
«Ինչո՞ւ, որովհետեւ պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ հիմնվում է այն փաստարկի վրա, թե մեր Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին:
Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որեւէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա:
Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել եւ մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով: Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին: Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ:-Դուք ասել էիք, որ Հայաստանն էլ մտահոգություն ունի, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից: -Այո, եւ այդ մտահոգությունը հիմնվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական ակտին:
Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ երկրորդը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել»,- ասել է վարչապետը:
Նկատի ունեք, որ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների պատճառով պետք է ոչ թե չստորագրել խաղաղության պայմանագիրը, այլ պայմանագրի ստորագրումը կփարատի՞ նաեւ այդ մտահոգությունները:
Այս հարցին ի պատասխան, վարչապետը նշել է՝ միանշանակ:
«Եվ եթե հարցին մոտենանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության տեսակետից, մեր օրենքներով խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի Ազգային ժողովում: Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (թեեւ 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), կստացվի, որ Ադրբեջանի փաստարկներն այս հարցում ճիշտ էին, եւ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Խաղաղության պայմանագրի եւ Սահմանադրության որոշ դրույթների միջեւ:
Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Խորհրդարանում: Իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագիրը Խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ եւ տարածքային պահանջների թեման վերջնականորեն կփակվի: Նույնը տեղի կունենա նաեւ Ադրբեջանում: Այսինքն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որ գործնականում կփարատի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի մտահոգությունները, այդ թվում՝ սահմանադրությունների հետ կապված»:
Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ՝ հարցին, վարչապետը պատասխանել է՝ կառուցողական:
«Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:
Ադրբեջանն ասում է, թե դրանով ոչ մի տարածքային պահանջ առաջ չի քաշում ընդդեմ Հայաստանի, դա փախստականների վերադարձի իրավունքի հարց է եւ ՀՀ Կառավարությանը կոչ է անում արձագանքել այդ իրավունքին:
«Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արեւմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները:
Հետեւաբար՝ մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, եւ Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ: Նկատի ունեմ՝ բնականոն հարաբերությունների հաստատումը, որոնք կապահովեն, այդ թվում, Ադրբեջանի արեւմտյան եւ Հայաստանի արեւելյան սահմանների անվտանգությունը»,- ասել է վարչապետը:
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է ոչ պաշտպանական զենքեր ձեռքբերելու մեջ բայց եւ ասում, որ Հայաստանը չի դիմանա իր հետ սպառազինությունների մրցավազքում։
Հարցի պատասխանելով, վարչապետը նշել է, որ Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, սպառազինությունները ձեռք է բերվում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այսինքն՝ պաշտպանական նպատակներով եւ ՀՀ նպատակները թափանցիկ են:
«Մեզ փորձում են ասել, թե պաշտպանական նպատակներով պետք է ձեռքբերել պաշտպանական զենքեր: Բայց պաշտպանական զենքով հնարավոր չէ պաշտպանություն կազմակերպել. ասենք Հայաստանն ունեցավ գերհագեցած ՀՕՊ եւ ՌԵՊ միջոցներ, ինչո՞վ պետք է պաշտպանվի ցամաքային հարձակումներից. իհարկե՝ հրետանիով, իհարկե՝ հրթիռներով, իհարկե՝ խոցման այլ միջոցներով:
Ադրբեջանն էլ է ոչ պաշտպանական սպառազինություն ձեռքբերում, նշանակում է ռեւանշիստական քաղաքականությո՞ւն է վարում»,- ասել է վարչապետը:
Ադրբեջանն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կողմից սպառազինությունների ձեռքբերումը փորձում է դարձնել օրակարգային խնդիր:
Այս դիտարկման ի պատասխան, վարչապետը նշել է, որ միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր ունենալու իրավունք ունի եւ պարտավորություն՝ պաշտպանելու սեփական քաղաքացիներին, այդ թվում՝ հնարավոր արտաքին սպառնալիքներից:
«Բանակի բարեփոխումները մեր լեգիտիմ իրավունքն է: Արդյո՞ք դա սպառնալիք է Ադրբեջանի համար. ոչ, որովհետեւ մենք հստակ ճանաչել եւ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Խորհրդային Ադրբեջանի տարածքով եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ մեզ նման, տարընթերցումների տեղիք չտալով, ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, համաձայն մեր ձեռքբերած պայմանավորվածությունների եւ ձեռնպահ մնա սպառնալիքների քաղաքականությունից:
Գործնականում ամեն օր Ադրբեջանից սպառնալից հայտարարություններ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին: Այս պայմաններում մեր արձագանքը նույնիսկ ներքին քննադատությունների է արժանանում, որովհետեւ մենք ասում ենք, որ նույնիսկ մեր ինքնիշխան տարածքի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ընդգրկող հատվածները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետեւ սահմանազատման հարցում ձեռքբերված ինստիտուցիոնալ լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը կարգավորել խաղաղ, բանակցային ճանապարհով: Նույնիսկ այս ամենի համատեքստում Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել: Բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի: Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ»:
Որքանո՞վ է վարչապետը բարձր գնահատում նոր էսկալացիայի ռիսկը տարածաշրջանում:
«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»,- ասել է վարչապետը:
Սահմանազատման գործընթացը կշարունակվի՞, եթե այո՝ ո՞ր տեղամասում:
«Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը վավերացված են, ինչը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի: Կարծում եմ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը: Մենք այստեղ էլ տրամադրված ենք կոնկրետ, կառուցողական աշխատանքի»:
Անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների հարցին և Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր հեղինակած միջանցքային տրամաբանությունը՝ դիտարկմանը, վարչապետը նշել է.
«Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձեւով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել եւ անցնել երկաթուղու կառուցմանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. Ազիզյանը՝ հորդառատ անձրևների մասին
Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկիի, Ալիևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները
Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանի և բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում
Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկել են. հայտնի է՝ ինչու
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT