«Հանգիստ կյանք». վարչապետը նոր հուշեր է հրապարակել «Բանտային օրագրից»

30/12/2024 schedule09:58

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սոցցանցերի իր էջերում բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել՝ վերնագրելով ««Բանտային օրագիր». հանգիստ կյանք»:

19-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին ասում են». այս ասացվածքը կարելի է կիրառել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վերաբերմամբ։

Սա Հայաստանի ամենախիստ ռեժիմի մեկուսարանն է, բայց մեծ հաշվով՝ հանգիստ ու խաղաղ մի տեղ։ Ու եթե ի վիճակի ես փիլիսոփայաբար վերաբերվել այստեղ գտնվելուդ ակնհայտ փաստին, կարող ես նույնիսկ եզրակացնել, որ այստեղի կյանքը՝ ընդհանուր գծերով, շատ չի տարբերվում սովորական կյանքից։ Գուցե գույները այստեղ ավելի են խտանում, բայց փիլիսոփայության իմաստով՝ դա նույնիսկ լավ է։

Նեղ ու փոքր բանտախցում ավելի հեշտ է հասկանալ Դիոգենեսին, որ մտել էր տակառի մեջ ու համառորեն դուրս չէր գալիս. այնտեղից ավելի հեշտ է երևում, թե որքան ունայն ու սնամեջ բաներից ենք երբեմն մեզ լավ զգում, թե ինչպիսի ամոթալի ու դատարկ բաների վրա ենք վատնում մեր ժամանակը՝ ինքներս անգամ այդ մասին չկռահելով։

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն նաև ամենափոքր մեկուսարանն է Հայաստանում։ Պադվալային մասը, ինչպես արդեն գրել եմ, վաղուց փակվել է, ու հիմա մեկուսարանի ռեժիմային մասը, այսինքն՝ այն հատվածը, որտեղ խցերն են, իրենից մեն մի հատ երկար միջանցք է ներկայացնում, որի երկու կողմերում տեղաբաշխված են խցերը, որոնց թիվը երկու տասնյակը հազիվ թե գերազանցի։ Միջանցք կոչվածն էլ՝ իսկապես միջանցք է և հազիվ երկու մետր լայնություն ունենա։

Մեկուսարանի չափերը կանխորոշում են, որ այն ունենա ոչ մեծ աշխատակազմ, և այդ աշխատակազմի հետ շփումներից տպավորություն եմ ստացել, որ այստեղ աշխատում են նորմալ մարդիկ։ Կալանավորներս մեծ մասամբ շփվում ենք վերակացուների, հերթափոխի պետերի հետ. հիմնականում պարկեշտ, նորմալ տղերք են, ոմանք նույնիսկ լուսավոր ու պայծառ մարդկանց տպավորություն են թողնում։

Իհարկե, կան նաև այնպիսիք, որ մենթ են ուղնուծուծով, ոմանք էլ ակնհայտորեն դաստիարակության պակաս ունեն (զգալ է տալիս, օրինակ, «Երևան-Կենտրոն» ՔԿՀի պետ(...)ի դաստիարակության պակասը), բայց այսպիսիք աննշան տոկոս են կազմում, և սա հաճելիորեն զարմացնում է։ Ոմանց հետ շփումից էլ հասկանում ես, որ ոչ մի անգամ չեն կարդացել ոլորտը կարգավորող օրենսդրությունն ու ենթաօրենսդրական ակտերը։

Բայց սա ամենևին էլ տեղային խնդիր չէ, ոչ էլ անգամ՝ առանձին վերցրած ոլորտի։ Սա համահայաստանյան պրոբլեմ է, որ վերաբերում է բոլոր ոլորտներին նույն կերպ։ Մեր երկրում դժվար է գտնել ոստիկան, որ կարդացել է «Ոստիկանության մասին» կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքները, դժվար է ՍՊԸ-ի տնօրեն գտնել, որ կարդացել է իր ղեկավարած հիմնարկի կանոնադրությունը, հեշտ չէ լրագրող գտնել, որ կարդացել է «Զանգվածային լրատվության (ուզում էի գրել«անկարգությունների») մասին» օրենքը, դժվար է պատգամավոր գտնել, որ կարդացել է այն նախագիծը, որի կապակցությամբ քվեարկել է։ Ինչու, ուրեմն, ՔԿՀ-ն պետք է զերծ լինի համահայաստանյան այս խասիաթից։

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, սակայն, ունի նաև այնպիսի պրոբլեմներ, որոնց լուծումը պետական միջամտություն է պահանջում։ Կարևորագույն խնդիրը տեսակցությունների և հարցաքննությունների սենյակների թվի սակավությունն է. այսպիսի միայն երկու սենյակ կա ՔԿՀ-ում։ Այս երկու սենյակում են իրականացվում քննչական գործողությունները, կալանավորվածների հանդիպումները փաստաբանների և այլ այցելուների հետ, տեսակցությունները հարազատների հետ։

Որպես հետևանք, իրենց պաշտպանյալների հետ հանդիպման եկած փաստաբանները, տեսակցության եկած հարազատները երբեմն ստիպված են լինում ժամերով սպասել, մինչև սենյակ ազատվի։ Այսպես չէր լինի, եթե այդպիսի սենյակների թիվը կրկնապատկվեր։ Տարածքի խնդիր ՔԿՀ-ն չունի. ինչպես արդեն գրել եմ, ԿԳԲ-ի պադվալը, այսինքն՝ ՔԿՀ նկուղային մասը, չի օգտագործվում, ինչը նշանակում է, որ ցանկության և ֆինանսավորման դեպքում այստեղ կարելի է հարցաքննությունների ու տեսակցությունների մի քանի սենյակ կահավորել։

Ծայրահեղ դեպքում, կարելի է նույնիսկ այս նպատակով մի քանի սենյակ վերցնել ԱԱԾ-ից. այդ պարապ հիմնարկի ինչի՞ն է պետք այդ հսկայական շենքը։

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ հաջորդ պրոբլեմը, որ նույնիսկ կարող է զավեշտալի թվալ, կապված է բաղնիքի հետ։ Այստեղ ընդամենը մեկ բաղնիք կա՝ երկու ցնցուղով։ Տեղադրված է երկու էլեկտրական գեյզեր, որոնք, սակայն, չեն հասցնում տաքացնել այստեղի սառնորակ ջուրը։ Դրա համար էլ ջրատաքացնող երկու բաք է տեղադրված, որոնց տարողունակությունը հազիվ 100-ական լիտր լինի։ Ջրի այս ծավալով կարող է լոգանք ընդունել առավելագույնը չորս հոգի, որից հետո պետք է սպասել երեք-չորս ժամ, որպեսզի ջուրը տաքանա, և էլի չորս կալանավոր լողանալու հնարավորություն ունենա։

Պետությունը, փաստորեն, հնարավորություն չունի գոնե սովորական գազի ջրատաքացնող կաթսա տեղադրել՝ բաղնիքի աշխատանքի անընդհատությունն ապահովելու համար։ Ու չնայած ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով նախատեսված է, որ կալանավորված անձինք կարող են սահմանվածից դուրս՝ վճարովի կարգով օգտվել բաղնիքի ծառայություններից, այստեղ նման հնարավորություն չկա։ Դեռ պետք է շնորհակալ լինել, որ շաբաթը մեկ անգամ բաղնիք այցելելու հնարավորություն կա։ Առանձին խոսակցության թեմա է բաղնիքի սանիտարական վիճակը. ճիշտ է, այստեղ, այսինքն՝ ՔԿՀ հաստիքացուցակում հավաքարարներ կան, բայց բաղնիքի վիճակը ստիպում է մտածել, որ այստեղի հավաքարարների համար բաղնիքը մաքրելը զապադլո է...

Լվացարարների համար էլ լվացք անելն է զապադլո, որովհետև սպիտակեղենը նրանց լվացքից մաքրելու համար կրկնակի քիմմաքրում անհրաժեշտ կլինի։

ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով սահմանված բազմաթիվ վճարովի ծառայություններ այստեղ բացակայում են։ Իսկ եղած միակ ծառայությունից օգտվելու հնարավորությունները ուղղակի տարակուսանքի տեղիք են տալիս։ Չնայած ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով որևէ կերպ սահմանափակված չէ հեռախոսից օգտվելու հաճախականությունը, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է, որ կալանավորված անձինք ամիսը միայն երեք անգամ զանգելու հնարավորություն պետք է ունենան։ Ընդ որում՝ կալանավորված անձինք զանգում են իրենց իսկ հաշվին, այստեղ տեղադրված՝ «Արմեն-Տելի» քարտֆոնով։ Արդեն բավականին ժամանակ փորձում ենք ստանալ ՔԿՀ տնօրենի այն հրամանը, որով այսպես անտրամաբանական ձևով սահմանափակվել է հարազատներին զանգելու՝ կալանավորների իրավունքը։

Բայց այդ սահմանափակումը մտցրած որևէ փաստաթուղթ ստանալ չի հաջողվում, ինչը նշանակում է, որ մենք զրկված ենք այդ սահմանափակումը բողոքարկելու հնարավորությունից։ Հարցը սկզբունքային է, որովհետև այն իրավունքի անտրամաբանական սահմանափակում է նշանակում։ Նման սահմանափակման համար, սակայն, ՔԿՀ վարչակազմն ունի իր բացատրությունն ու արդարացումը։

Բանն այն է, որ կալանավորված անձանց տեսակցությունների, հանդիպումների, հարցաքննությունների ուղեկցելը բավականին բարդ գործողություն է։ Նախ՝ այդ պրոցեսը պետք է փաստաթղթավորել՝ խցից հանդիպման գնալիս և ետ գալիս մեզ նաև խուզարկում են։ Օրվա ընթացքում այս պրոցեսը գործնականում չի դադարում, և վերակացուների թիվը այնպիսին է, որ հազիվ կարողանում են սպասարկել հենց այս գործընթացը։ Ու ստացվում է, որ միայն 10 օրը մեկ են կարողանում ժամանակ գտնել՝ մեզ տանել հեռախոսից օգտվելու։ Սա էլ բարդանում է նրանով, որ վերակացուներից մեկը պետք է մեզ հետ մնա հեռախոսի սենյակում։

Եվ ահա, նրանց սակավաթիվ լինելու պատճառով, ազատ որևէ մեկը չի գտնվում, որ հեռախոսային հարցերը հնարավոր լինի պատշաճ մակարդակով կազմակերպել։ Ուստի ընտրվել է հարցի լուծման գեղական տարբերակը. հնարավորինս սահմանափակել կալանավորված անձանց զանգելու իրավունքը։ ՔԿՀ վարչակազմը, սակայն, հաշվի չի առել մի փոքր նրբություն. ամիսը երեք անգամ էն աշխարհից էլ է հնարավոր տնեցիներին զանգել, իսկ ՀՀ օրենսդրությունը և միջազգային կոնվենցիաները, այնուամենայնիվ, սահմանում են, որ ՔԿՀ-ն էն աշխարհից որոշակի և հստակ տարբերություններ պետք է ունենա։

Տվյալ հարցը երկու լուծում կարող է ունենալ. կամ վերակացուների նոր հաստիքներ պետք է բացվեն, կամ էլ կալանավորներին զանգելու հնարավորություն պետք է տան նաև աշխատանքային օրվա ավարտից հետո։ Այս փոփոխության արդյունքում, կալանավորված անձինք գոնե շաբաթը երկու անգամ զանգելու հնարավորություն պետք է ունենան։ Ի դեպ, այլ ՔԿՀ-ներում այս խնդիրը լուծված է, որքան գիտեմ։ Իհարկե, գուցե դրանք ավելի թեթև ռեժիմի հիմնարկներ են, բայց միևնույն է. որևէ իրավական ակտով սահմանափակված չէ, թե փակ ռեժիմի ՔԿՀ-ում զանգելու հնարավորությունը պետք է սահմանափակել։

Ահա այսպիսի խնդիրներ կան «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այդ խնդիրների լուծումը, սակայն, ոչ միայն այսօր այստեղ գտնվողներինն է, այլև ողջ հանրությանը և առաջին հերթին՝ իշխանությանը։ Ի վերջո, պետք չէ մոռանալ՝ կյանքը փոփոխական բան է. այսօր մեկուսարանում ես, վաղը՝ ազատության մեջ, այսօր ազատության մեջ ես, վաղը՝ մեկուսարանում։ Այնպես որ, առաջադրված հարցերի լուծումը բխում է հանրության յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր իշխանավորի և օլիգարխի շահերից։

Հ.Գ. Կալանավորված անձինք, ի դեպ, նախապես չեն տեղեկացվում իրենց զանգերի օրերի մասին, և այս ժամանակացույցը նրանցից փաստացի գաղտնի է պահվում։ Սա, արվում է, թերևս պետական անվտանգության շահերից ելնելով»,- գրել է Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
476 դիտում

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է

Կայծակը հարվածել է Վաշինգտոնի Կապիտոլիումին Ամանորի գիշերը. WP

Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում

Ձեր սերն ու էներգիան ինձ ոգեշնչում են. Սելին Դիոնը հիվանդության ֆոնին հանդես է եկել ամանորյա ուղերձով

Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունը

ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության՝ չնայած առկա խորը տարաձայնություններին. դեսպան Թրեյսի

Վթար Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում. կան տուժածներ

Նեապոլի օդանավակայանում ինքնաթիռ է ընկել

Մարիամ Փաշինյանն՝ ամանորյա ֆոտոշարքում. լուսանկարներ

Արարատի մարզում բախվել են Nissan-ն ու «ՎԱԶ 2107»-ը. բժիշկները պայքարում են վարորդների կյանքի համար

ՌԴ-ի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է

Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել Իրանի 6 քաղաքացի՝ հաշիշի մաքսանենգության համար

ՌԴ բնակիչը «Ռուսկոյե լոտո» վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի

Մեծ Բրիտանիա անցած անօրինական ներգաղթյալների թիվը 2024 թվականին հասել է 37 հազարի

Բելգիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որտեղ արգելվել է միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքը

«Օրերը երկարում են»․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ ՀԴԲ-ն Նոր Օռլեանում 10 մարդու կյանք խլած դեպքը դիտարկում է «ահաբեկչություն»

Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել

ԵՄ երեք երկրներ չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար

Ինչպես են աշխարհի տարբեր երկրներում դիմավորել 2025 թվականը. CNN-ը ֆոտոշարք է հրապարակել

Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին

ԱՄՆ-ում անօթևանների թիվը ռեկորդային մակարդակի է հասել

Շվեյցարիայում ուժի մեջ է մտել հիջաբ կրելու արգելքը

Բրիսբենի մրցաշար․ Ավանեսյանը երկրորդ շրջանում պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին

Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի

Ստեղծվել է ռոբոտ, որն օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց քայլել

Apple-ը դադարեցրել է iPhone-ի երեք մոդելների վաճառքը ԵՄ երկրներում

ChatGPT-ն այժմ հասանելի է հեռախոսահամարով, օգտատերերը կարող են զանգել և զրուցել արհեստական ​​ինտելեկտի hետ

Առաջիկայում մենք վճռական քայլեր կձեռնարկենք. Էրդողան

Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակի կապակցությամբ ուրախացել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հնարավոր է՝ միասին նկարահանվեն նոր ֆիլմում

TikTok-ի հիմնադիրները նախազգուշացրել են հետևորդներին

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին

Ալիևը խոսել է Հայաստանի համար «սխալ ճանապարհի» մասին

Հայ շախմատիստների արդյունքները՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Ռումինիան և Բուլղարիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է Ամանորը տոնող ամբոխի մեջ. կա 10 զոհ, 30 վիրավոր

Տարադրամի փոխարժեքները հունվարի 1-ին