Աղմկոտ ու անհասկանալի սպանություն

14/04/2012 schedule12:01

Աղմկոտ սպանության վերաբերյալ երեկ ողջ օրվա ընթացքում խոսակցությունները ավելի էր թեժացնում նույն օրը գործով քննչական խմբի անդամի մահվան հանգամանքը: Երեկ հայտնել էինք, որ Կարեն Եսայանի հենց սպանության օրը` կեսգիշերն անց, Գյումրիի ոստիկանության բաժնի առաջ վրաերթի էր ենթարկվել ու տեղում մահացել նշված սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը: Ավելի ուշ պարզվել էր, որ ոստիկանին վրաերթի էր ենթարկել «ՎԱԶ 21011» մակնիշի 45 ՍՕ 132 պետհամարանիշով ավտոմեքենան. վարորդը` Ռուդիկ Մուրադյանը, բերման էր ենթարկվել Շիրակի մարզային վարչություն եւ ձերբակալվել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վրաերթ մահվան ելքով (նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում) եւ 244 հոդվածի հատկանիշներով` դեպքի վայրը լքելը, որը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում: Թեեւ շատերը կարծում են, որ նմանատիպ զուգադիպություններ չեն լինում, եւ քննիչները «պատահաբար» չեն մահանում, այս երկու դեպքերի առնչությունը միմյանց հետ` պաշտոնապես դեռեւս չի հաստատվում:

Անմե՞ղ է
Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործով ոստիկանությունը երեկ հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, որում մասնավորապես նշված էր, որ ապրիլի 12-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին էր դիմել Ռ. Եսայանը  եւ հայտնել, որ որդին` 1985թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել է իր «Մերսեդես-200»  մակնիշի ավտոմեքենան եւ անհետ կորել: Նույն օրը, ժամը 20.10-ին, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարեւանությամբ` «Սեւ Բերդ» տանող ճանապարհին հայտնաբերվել է հիշյալ ավտոմեքենան, ղեկին Կարեն Եսայանի դիակը` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով: Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին (ապօրինի զենք, զինամթերք կրելը) մասերի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Գյումրիում տարածված լուրերի համաձայն, սպանությունը տեղի էր ունեցել խանդի հողի վրա:

Սպանված երիտասարդը եւ Գյումրիի քաղաքապետի դուստրը համադասարանցիներ են եղել: Տարիներ առաջ Կարենը ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ` մշտական բնակության, վերջերս հոր հետ եկել է Հայաստան` Ղուկասյանի դստեր ձեռքը խնդրելու նպատակով: Գյումրիից հաստատեցին, որ երեկ իրոք պետք է կայանար երիտասարդների նշանադրության արարողությունը: 

Կեսօրն անց էր, երբ տեղեկություն տարածվեց, որ մի երիտասարդ է ձերբակալվել` Կարեն Եսայանի սպանության կասկածանքով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն, այդ տեղեկությունը սկզբում չհաստատեցին: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, սակայն, մեզ հայտնեց, որ այդ տեղեկությունը կիսով չափ համապատասխանում է իրականությանը:

- Այո, այս պահին կա բերման ենթարկված անձ:

- Նա ձերբակալվա՞ծ է:
- Ոչ, դեռ` ոչ:

- Բերման ենթարկվածը ո՞վ է, նրա անունը կասե՞ք:
- Դա դեռեւս նախաքննական գաղտնիք է, դեռ չեմ կարող ասել:

- Խոսքը Անիի նախկին ոստիկանապետի որդու մասի՞ն է:
- Այո:

- Պարոն Բաբակեխյան, այսինքն` կարելի՞ է ասել, որ գործը համարյա թե բացահայտված է:
- Ոչ, իհարկե` ոչ: Դեռ այդ տղային ենք ստուգում, նա դեռ ընդամենը բերման ենթարկված է, նրա ալիբին ենք ստուգում:

- Իսկ մահվան ելքով վրաերթը ի վերջո ինչ-որ կապ ունի՞ սպանության գործի հետ:
- Ոչ, բացարձակ:

Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, պատասխանելով մեր հեռախոսազանգին, հրաժարվեց խոսել որդու հետ տեղի ունեցածի մասին եւ անջատեց հեռախոսը: Ավելի ուշ տեղեկացանք, որ նա` իր կնոջ ու մի քանի բարեկամների հետ գտնվում է ոստիկանության Գյումրիի բաժնում: Սարգսյանների ընտանիքի բարեկամներից մեկը երեկ համաձայնեց պատմել, թե ինչ է տեղի ունեցել այդ ընտանիքի հետ, եւ ինչպես է բերման ենթարկվել Հարությունը: Ըստ այդմ, նախօրեի առավոտյան Հարությունը մեկնել էր Վրաստան, այնտեղից ՀՀ տարածք ավտոմեքենա տեղափոխելու (հարազատների խոսքով, նա անհատ ձեռներեց է, եվրոպական երկրներից ավտոմեքենաներ է ներմուծում Հայաստան- հեղ.), մի քանի ժամ անց վերադարձել է Գյումրի, տանը պարզվել է, որ հոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա հոր գլխին թրջոց է դրել, այդ ժամանակ տուն են եկել երկու ոստիկաններ ու հայտարարել, որ նա կապ ունի մի երիտասարդի անհետացման հետ: Լսելով դա, Հարությունը համաձայնել է գնալ ոստիկանության բաժին: Ավելի ուշ պարզվել է, որ հայտնաբերվել է անհետացած երիտասարդի դին, ինչից հետո Սարգսյանների տուն մի քանի տասնյակ ոստիկաններ են գնացել, խուզարկել են, ոչինչ չեն հայտնաբերել, ինչից հետո Հարությունի ծնողներին եւ մի քանի բարեկամների եւս բերման են ենթարկել ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկ` միայն ժամը 16.00-ի սահմաններում են նրանց ազատ արձակել: Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանները պատճառաբանել են, թե նրանք բաժնում էին իրենց իսկ անվտանգությունից ելնելով, քանի որ սպանված երիտասարդի հարազատները կարող են վրեժ լուծել նրանցից:

Սարգսյանների բարեկամները երեկ մեզ հետ զրույցում պնդեցին, որ Հարությունը ծանոթ չի եղել Ղուկասյանի դստեր հետ, երբեւէ չի էլ առնչվել նրա հետ, հետեւաբար` խանդի հողի վրա տեղի ունեցած սպանությունը նրա վրա «քցելը» անհեթեթություն է: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ոստիկանությունը հենց Հարությունին ձերբակալել, բարեկամները պատմեցին, որ ըստ ոստիկանության` ավտոլվացման այն կետում, որտեղ վերջին անգամ տեսել են սպանված երիտասարդի մեքենան, տեսել են նաեւ Հարությունին: «Այդտեղի տեսախցիկների տեսագրության մեջ երեւում է, որ Հարությունի մեքենան այդ տղու հետեւից է դուրս գալիս մոյկայից, ու հիմա ասում են, թե նա հետեւել է Ղուկասյանի փեսացուին, հետո էլ սպանել»,- պատմեց Սարգսյանների բարեկամներից մեկը ու շարունակեց, որ Հարությունի ձերբակալության իրական պատճառը շատ ավելի լուրջ է ու «քաղաքական խաղ» է:

«Ի՞նչ ձեւի մարդ պետք ա լինի, որ 29 տարեկան տղու գլխին տենց գործ սարքի: Սրանք կուսակցական խաղեր են: Վարդանիկը, պարզ ա, ՀՀԿ-ական ա, իսկ Հարությունը ԲՀԿ-ական է: Ինքը կուսակցության անդամ չի, բայց իրանց ընտանիքը մտերիմ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ: Իրար հետ հարազատների պես են: Սա է պատճառը: Էսօր Գյումրիում էդ վիճակն ա: Քաղաքը բաժանված է երկու մասի: Մի մասը Մարտունական են, մյուս մասը` Վարդանիկական: Հիմա Էդ տղեն, որ մարտունականներից ա, գլուխը ուտում են: Դա արեցին, որովհետեւ Գյումրու քաղաքապետը տենց ուզեց: Վովա Գասպարյանի ասածից հետո էլ հիմա խեղճ տղուն կծեծեն-կջարդեն»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի բարեկամներից մեկը: Մեր հարցին, թե այդ ինչ է ասել Գասպարյանը ինչի համար Հարությունը պետք է ծեծի ենթարկվի, բարեկամն ասաց, որ Գասպարյանն ասել էր, որ մի քանի օրվա ընթացքում գործը կբացահայտվի: Հետեւաբար, հիմա ոստիկաններն ամեն ինչ անելու են` երիտասարդից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար:

Բարեկամը հիշեցրեց նաեւ, որ մարտի 30-ին` մեկ ամիս առաջ Գյումրիում վիճաբանություն էր ծագել Գյումրու թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀՀԿ-ական Արման Սահակյանի եւ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ, կրակոցներ էին հնչել, ինչից հետո ոստիկանությունը սկսել էր «տանել- բերել» ու «նեղել» Գրիգորյանի կողմնակիցներին, խուզարկումներ անել եւ այլն:

Այն, որ նշված գործում բազմաթիվ կասկածելի հանգամանքներ կան, պարզ դարձավ նաեւ երեկ երեկոյան Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեկնաբանություններից, որոնք հրապարակեցին էլեկտրոնային լրատվամիջոցները: News.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարեց, որ իր դստեր նշանածի սպանության գործը կապ ունի քաղաքականության հետ` միաժամանակ հերքելով, որ դա կատարվել է խանդի հողի վրա: «Խանդի խնդիր չկա, դա սուտ է, որովհետեւ խանդի խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ իրար ճանաչում են կամ գոնե մի անգամ բարեւ են տվել: Ի՞նչ խանդ, խանդը սարքովի է: Բոլոր ձերբակալվածները Գյումրիի ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են»,- հայտարարել է նա: Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը երեկ լրագրողներին ասել է, որ Գյումրու քաղաքապետի փեսացուի սպանությունը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Դրանից բացի, նա հայտարարել էր, որ «չբացահայտվող հանցագործություններ չկան», եւ որ այս սպանությունը պատկանում է շուտ բացահայտվողների շարքին:

Երեկ` 18.00-ի սահմաններում հայտնի դարձավ, որ սպանության վերաբերյալ քրեական գործը ոստիկանության Շիրակի մարզային բաժնից տեղափոխվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, եւ Հարություն Սարգսյանը եւս տեղափոխվել է մայրաքաղաք: Կարեն Բաբակեխյանը երեկ հաստատեց այս տեղեկությունը, չպատասխանելով հարցին, թե արդյոք սպանության մեջ կասկածվող երիտասարդն ընդունե՞լ է մեղքը:  Հարցին, թե արդյոք նշված գործով միայն մեկ մա՞րդ է ձերբակալված, Բաբակեխյանը ասաց. «Որ ասեմ ձերբակալվածները 15 հոգի են` կհավատա՞ք: Իհարկե` միայն նա է»:

Երեկ` ավելի ուշ Հարությունի հայրը` Սամվել Սարգսյանը, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ թեեւ որդին գործում արդեն որպես կասկածյալ է ներգրավված, իր մեղքը չի ընդունել, խոստովանական ցուցմունք չի տվել:

Հ. Գ. Շուրջ մեկ ամիս առաջ «Հրապարակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ի պատասխան հարցի` ինչու՞, բացի կադրային փոփոխություններից, ոստիկանությունում այլ փոփոխություններ չեն լինում, ասել էր, որ առաջիկայում աղմկոտ սպանություն կբացահայտվի: Այդ հայտարարությունից հետո լրագրողական շրջանակներում կատակում էին, թե հավանաբար առաջիկայում նախ աղմկոտ սպանություն տեղի կունենա, որն էլ Գասպարյանը մեծ աղմուկով կբացահայտի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
316 դիտում

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը