Խաղաղության վատնվող տարիները

01/06/2013 schedule07:10

Իսկ ինչպե՞ս օգտագործվեց էդ ժամանակը… Պատերազմից, կտրոնով հացից, հոսանքի 22-ժամյա հովհարաձեւ ու ջեռուցման կատարյալ բացակայությունից աչքներս բացելով՝ վերականգնեցինք կյանքի բնականոն ընթացքը, շուրջօրյա էլեկտրամատակարարումը… անկախ հեռուստատեսություններ հիմնադրվեցին, գրվեցին բավականին լավ օրենքներ, որոնք հնարավոր էին դարձնում ժողովրդավարությունն ու տնտեսական մրցակցությունը… ու կանգ առանք: Ավելի ճիշտ` սկսեցինք կորցնել էդ նույն ու անկախության առաջին տարիների ուրիշ ձեռքբերումները.

իշխող կուսակցությունները սկսեցին գործել մի անձի թելադրանքով ու մտածել ամեն գնով իրենց իշխանությունը պահելու մասին, տնտեսությունը դարձավ նախագահի պաշտոնին տիրացած անձի անձնական բոստանը, ժողովրդավարության ու տնտեսական մրցակցության հնարավորությունները սահմանող օրենքները մնացին թղթի վրա կամ էլ վերամշակվելով դարձան ավելի վատը, անկախ հեռուստատեսությունները փակվեցին կամ կրունկի տակ առնվեցին՝ հանրության մեծամասնությանը զրկելով արժանահավատ տեղեկատվությունից, դադարեցվեց մշակութային արդիականացումը, վերականգնվեցին կոչումներն ու պարգեւները, որոնք ստորաճաշակ ու հարմարվողական արվեստագետներին իշխանության հինգերորդ զորասյունը դարձրին…

Թվարկումը կարելի է շարունակել, ու մինչեւ հիմա ասածներս էլ, կարծում եմ, հայտնագործություն չեն՝ շատերն են նույն էդ բաները տարբեր կերպ արտահայտել, բայց կարեւորը եզրակացություններն են. ի՞նչն էր պատճառը, որ մենք առաջընթացի փոխարեն հսկայական հետընթաց ապրեցինք:

Ծուռվիզ՝ մոտավորապես 90 աստիճանով
Սովորաբար բոլոր ձախողումների պատասխանատվությունը բարդվում է քաղաքական ուժերի ու առանձին գործիչների վրա: Իհարկե, անձնական պատասխանատվությունը ոչ մեկը չի կարող չեղյալ հայտարարել, բայց մակերեսային ընկալման պատճառով անտեսվում կամ համարյա չի խոսվում, որ քաղաքական գործիչները ժողովրդի մի մասն են, ինչպես ասում են` նույն միս ու արյունից: 1988 թ.-ի զանգվածային կառնավալային ընդվզումը, որը նրա մասնակիցների համար զգալի չափով անվտանգ էր հենց իր զանգվածայնության շնորհիվ, թյուր համոզում է առաջացրել, թե ժողովուրդն ըմբոստ է ու մաքուր, իսկ քաղաքական գործիչները` «դավաճան» ու «անմիաբան»։ Անկախության տարիները ցույց տվեցին, որ սկզբունքային, իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանելու ընդունակ մարդկանց տոկոսը շատ սահմանափակ է: Որովհետեւ կշեռքի մի նժարին ոգեւորության մի քանի ամիսն է, մյուսին` սովետի, ցարիզմի, ավելի վաղ՝ պարսկական տիրապետությունները, երբ մեր երկրի բնակիչները եղել են ձայնազուրկ ու իրավազուրկ: Բերեմ մի օրինակ, որը ցույց է տալիս, թե նույնիսկ պետականություն ունեցող ժողովուրդները երկարամյա նվաստացումների հետեւանքով ինչպիսի ձեւախեղման են ենթարկվում:

Մի քանի տարի առաջ վարչագետ Իցհակ Կալդերոն Ադիզեսը Կիեւում տարբեր ընկերությունների ղեկավարների համար սեմինար անցկացնելիս էկրանին ցուցադրվող իր թեզիսները պատահաբար շրջել է 90 աստիճանով: Դրանք կարդալու համար ներկաներն էլ գլուխները պետք է թեքեին մոտավորապես նույնքան աստիճանով: Բոլորը լռել են: «Ավելի ուշ ես այդ «սխալը» գիտակցաբար կրկնեցի Մոսկվայում սեմինար անցկացնելիս... ոչ ոք ծպտուն չհանեց»:

Ինչքանո՞վ տարբեր կլիներ պատկերը Հայաստանում: Ու սրանք դեռ ղեկավարներն են, պատկերացնենք, թե ինչ վիճակում են շարքային աշխատակիցները…

Մի ուրիշ փորձ էլ ես եմ արել, 1994-ին, երբ միակ` պետական հեռուստատեսության քաղաքական ու տնտեսական հաղորդումների ղեկավարն էի։ Հանրությունն առաջին անգամ սկսել էր խոսել մասնավոր բիզնեսի հանդեպ ճնշումների մասին։ Ես հրավիրեցի գործարարների մի մեծ խումբ ու առաջարկեցի իրենց տնօրինությանը հանձնել «Դեպի հարուստ երկիր» հաղորդաշարը, որպեսզի իրենց բոլոր բողոքներն ու առաջարկները հայտնեն ուղիղ եթերով։ Նրանք գնացին ու այլեւս չվերադարձան։ Գերադասեցին տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ լեզու գտնելու փորձված միջոցը... Բայց սա էլ իր հերթին չի նշանակում, թե մեր ժողովուրդն անընդունակ է օրինական հարաբերությունների։

Քանի՞ ժողովուրդ կգտնեք աշխարհում, որ 20 տարի շարունակ ձայն է տալիս ընդդիմությանը
Հակառակ բոլոր ճնշումներին։ Բացառություն են 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները, բայց էն ժամանակ էլ հաղթած «Արդարություն» դաշինքի երկու առաջնորդներից մեկը՝ Կարեն Դեմիրճյանը, ընկալվում էր որպես ընդդիմադիր: Այսինքն, երբ վճռական գործողությունների օր է սահմանված, ժողովուրդն արժանապատիվ է... իսկ քաղաքացին առանձին առօրյայում` մորթապաշտ կամ անօգնական։

Նույն պատկերն է եղել 95 տարի առաջ էս օրերին` Սարդարապատում։ «Ստիպված ենք... մեր դրությունը համարել անելանելի, որը եւ անհնար է դարձնում թուրքերի դեմ մեր կռվի հետագա շարունակելը»,- 1918 թ. մայիսի 16-ի ժ. 22.30-ին Թիֆլիսում նստած Ազգային խորհրդին հեռագրում էր հայկական զորքի հրամանատար Նազարբեկովը։ Մայիսի 18-ին Երեւանի քաղաքային Դուման ընդլայնված նիստում ընդունում է քաղաքը թուրքերին հանձնելու դաշնակցական քաղաքապետ Թոշյանի առաջարկը: Սա իշխանությունը... Իսկ ժողովուրդն ընդվզել է, երեւանցի կանայք լաչակները շպրտել են դեպի Դումայի շենքը, Գեւորգ Ե կաթողիկոսը հրաժարվել է տեղափոխվել Գեղամա լեռներ, Գարեգին եպիսկոպոսը դիմադրություն է քարոզել թաղից թաղ ու գյուղից գյուղ, Դանիել Բեկ-Փիրումյանը հրաժարվել է կատարել Նազարբեկովի հրամանները, որին մի կին առաջարկել է իր փեշի տակ մտնել։

Միեւնույն ժամանակ «Սարդարապատի պատմաշինությունը» երկի հեղինակ, դաշնակցական գործիչ Արշալույս Աստվածատրյանը հուսահատությամբ նշում է, թե «մեր ժողովուրդը բացարձակապես չի պատրաստվել ինքնուրույն կյանքի... մեծամասնությունը մտածում էր իր օջախի, իր ընտանեկան կյանքի, իր տնտեսության մասին»:

Ասածս ինչ է. որ ժողովուրդը միասնություն, քաջություն ցուցաբերում է ճակատագրական պահերին, բայց ավելին պահանջելու համար պետք է օգնել Հայաստանի բնակչին, որ հանդարտ օրերին քաղաքացի դառնալու կամք ձեռք բերի։

Սոցիալական բունտը Հայաստանում քաղաքական կատեգորիա չէ
Ես սովետի ժամանակ ամենամղձավանջային երազում չէի տեսնի, որ մի օր Հայաստանի գլխավոր խնդիրը կհամարեմ աշխատավորների շահերի պաշտպանությունը։ Որովհետեւ կապիտալիստական հարաբերությունները ենթադրում են ազատ տնտեսական մրցակցություն, որի շնորհիվ փլվելու էր սովետական գաղափարախոսական պաշտոնեապետությունը։ Բայց Հայաստանում գաղափարախոսական պաշտոնեապետության փլվելուց շատ չանցած ստեղծվեց գաղափարազուրկ պաշտոնեապետություն։ Եվ եթե կոմունիստ պաշտոնյաները գողանում էին պետությունից ու կաշառք էին վերցնում` զգույշ, գաղափարազուրկ պաշտոնյաները գողանում են թե պետությունից, բիզնեսից (կամ էլ ուղղակի իրենցով են անում բիզնեսը) բացահայտ։ Այսինքն, իրավիճակ, երբ ավելի ձեռնտու է պաշտոնյա լինել, քան գործարար։ Ճիշտ է, «օրինականորեն»` ընտրությունների միջոցով իշխանությունը պահպանելու համար պաշտոնյաներին պետք է քրեական-օլիգարխիկ տարրերի կամ խուժանի օգնությունը։ Ու ձեւավորվել է գաղափարազուրկ պաշտոնեապետությունը-խուժանապետությունը... Իսկ աշխատավորը (լայն իմաստով), քաղաքացին լիովին խաղից դուրս վիճակում է։

Շատ կարեւոր է հասկանալ, որ էս բոլորը պատահականության արդյունք չէ։ Սովետական հանրության մեջ կար երկու խավ, որը պատրաստ էր ազատականացումից հետո անտերացած տնտեսությանը տիրելուն։ Մեկը կոմսոմոլն էր, որ սովետի ժամանակ, արդեն առանց գաղափարական համոզմունքներ ունենալու, պայքարում էր մի բանի համար` պաշտոնի։ Մյուսը քրեամետ խավն էր, որը զինված էր եւ ուներ օրենքի լեզվին հակադրվող իր լեզուն։ Ահա այս երկու խավի դաշինքն էլ հաղթեց անկազմակերպ օրինավորների ու մորթապաշտ իդեալիստների բազմությանը։ Միայն թե էդ դաշինքն ունի ուժ ամեն ընտրության իշխանությունը վերանվաճելու, բայց իր բնույթով ի վիճակի չէ պետություն կառավարելու, ինչը հասցրել է հանրության ծայրահեղ դժգոհությանը, ավելի ստույգ` ատելությանը նրա հանդեպ։

Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական շարժումներն էս պայմաններում պետք է տեր կանգնեն սոցիալական բունտին, որպեսզի իշխանությունից զրկեն կոմսոմոլա-խուժանական ԽԱՎԸ (մտածողությունը), ոչ թե սպասեն, որ «լյումպենների» ընդվզումն օգտագործելով քշեն իշխանությունը բռնազավթած ԽՄԲԻՆ։ Նրանք պետք է մի խնդիր ունենան` կանգնել քաղաքացու կողքին` պաշտպանել գազի թանկացումից ճզմվելիք անապահով խավին, վարկերից ճզմված գյուղացուն, իրավապահ մարմինների անօրինականություններից տառապող մարդկանց, կաշառք տալու պարտադրված մանր ու միջին գործարարին։ Ընդ որում, էկոլոգիական ու պատմամշակութային հուշարձանների պաշտպանության գոյություն ունեցող շարժումների հետ պետք չէ մեծ հույսեր կապել. նրանց նպատակները չեն կարող առաջնություն ունենալ արժանապատիվ վարձատրվող աշխատանք երազող մասնագետի ու պատմամշակութային հուշարձան-շենքի` սեփական տանիքից զրկված բնակչի հանդեպ։ Դա, ի դեպ, չի նշանակում քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հակադրություն, այլ` ավելի լայն համագործակցության որոնում։

Մի քաղաքացու դատի պաշտպանությունն էլ չպետք է դիտվի մանրուք նախագահի հրաժարականի պահանջի համեմատ, ինչպես եղել է մինչեւ հիմա, այլ սեփական իրավունքների պաշտպանության նախադեպի ստեղծում մյուս քաղաքացիների համար։

Բնական դաշնակիցներ
Վերը թվարկված բացասական գործոնների կողքին կան նաեւ դրականները, որոնք կարող են նպաստել էսօրվա անհուսալի վիճակը փոխելուն.

տեղեկատվության ազատ փոխանակությունը համացանցով (այն նույնպես վերահսկվում է իշխանության կողմից, բայց համացանցում «մոդա» է ընդդիմադիր կեցվածքը. շատ կայքեր ձեւանում են ընդդիմադիր, որ քայքայեն ընդդիմությունը, բայց իրենց ընդդիմադիր հորջորջումը, իմիջը արդարացնելու համար քննադատում են իշխանությանը, եւ այդ քննադատությունը հաճախ որակյալ է ու փաստարկված), որը ի վերջո հանգեցնելու է իրազեկության բարձր աստիճանի, քննադատական մտածողության ու բանավեճի մշակույթի արմատավորմանը, արտասահմանում կրթություն ստացած երիտասարդները (նրանցից ոմանք համագործակցում են իշխանության հետ, բայց բոլորն արդեն տեսել են, գիտեն, թե ինչ բան է նորմալ երկիրը), կրթության, առնվազն դիպլոմի պաշտամունքը հայ մարդու կողմից, քաղաքացիական ու հասարակական շարժումները, հայ ժողովրդի պատկերացումն իր մասին, որպես տաղանդավոր ու ավելի լավ պայմանների արժանի ժողովրդի, հարյուրից ավելի քաղաքական գործիչները, որոնք բանտ են նստել ու հրաժարվել են ազատություն ձեռք բերել իշխանությունից ներողություն խնդրելու գնով, հանրային անհեթեթ ագրեսիվության մեղմացումը կանանց դերակատարության մեծացման շնորհիվ, արտասահմանյան դրամաշնորհներից ու արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերից վարձատրվող խավը, որի վրա չեն կարող տարածվել աշխատատեղից զրկելու ստոր սպառնալիքները...

Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է համաշխարհային (արեւմտյան) զարգացման մայրուղուց դուրս, բայց քաղաքակրթությունը մեզ տվել է բոլոր գործիքները` հաղթահարելու մեզ պատած աղետը:

Վահրամ Մարտիրոսյան
գրող, սցենարիստ
հատուկ «ՀԺ»-ի համար

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
939 դիտում

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն