Երևան
12 °C
Հի՜ն Գյումրվա ավանդույթներից չէ, բայց վերջին տարիներին ձգտում է, որ դառնա ու այդ շարքում իր հաստատուն տեղն ունենա:
Վատ, բայց կայուն սովորություն է դարձել տարին սկսել մեկ քաղաքապետով, ավարտել՝ ուրիշ մեկով: Գյումրիում կառավարման թնջուկի պատվավոր հիմնադիր-հեղինակներ բալասանյանականները գուցե դեռ անկյունում նստած կծկում են ինչ-որ մեկի կծիկը, կամ գուցե խոր շունչ քաշել, խղճները համարել են մաքրված ու անցել իրենց այլ գործերին:
Տոնածառային կրքեր Գյումրիում. ավելին, քան քաղաքականությունը
Տոնածառը միշտ և բոլոր ժամանակներում եղել է Ամանորի զարդը, տոնի շունչն ու հոգին, կախարդանքը:
Այն Գյումրիում արդեն երկու Ամանոր քաղաքի քաղաքական զարդն է, տոնի լարվածությունն ու հոգին ապահովողը, գուցե և կախարդանքը՝ նայած, թե ում վրա ինչ չափաբաժնով և հատկապես ինչ իմաստով է գործում:
Գյումրվա տոնածառը «խելքը կորցրեց» ու «սխալ ճամփա» բռնեց 2015-ի հունվարի 8-ին՝ բոյով մեկ գետին տապալվելուց հետո: Դրան հաջորդած ժամանակահատվածում, ճիշտ է, կապել-կապկպելով զարդարվեց, բայց արդեն էլ հին ամրությունը չուներ, տեղից էլ ծուռ էր, ավելի ծռվեց ու հասավ այնտեղ, որ 2024-ի սեպտեմբերի 10-ին որակվեց ջարդոն: Այդ տարի դեռ Վարդգես Սամսոնյանը պաշտոնավարում էր, ավագանու նիստ արեց, ծուռ ու վտանգավոր տոնածառի փոխարեն որոշվեց նորը գնել՝ շքեղ ու անվտանգ: Համայնքի բյուջեից 68 միլիոն դրամ էր տրամադրվելու տոնածառի, ևս 7 միլիոն դրամ էլ՝ Ամանորի հին դեկորների նորոգման ու նոր զարդարանքների ձեռքբերման համար։
Այսինքն՝ փաստվեց, որ տապալված, ծռված և վտանգավոր երկաթե տոնածառը այլևս պիտանի չէ:
Մինչ ավագանին գնաց տոնածառ որոնելու, որ գար դրա լավն ու վատը քննարկեր, անտոնածառ Գյումրին մնաց անքաղաքապետ: Սամսոնյանի գլխավորությամբ «Բալասանյան դաշինքը» այլևս քաղաքապետարան չվերադարձավ: Թե ինչու, հնարավոր է իրենք գիտեն, բայց գյումրեցին այդպես էլ մնաց անտեղյակ իր հանդեպ դրսևորված այդ անպատասխանատվությունից:
Քանի որ Ամանորը մոտ էր, տոնածառի ու քաղաքի զարդարանքի խնդիրն էր, որ եկավ առաջին պլան՝ հետևում թողնելով քաղաքի համար այն կործանարար հետևանքը, որը դեռ գալու էր:
2024-ի դեկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Գյումրին տոնածառ ունենալու է: Վարչապետը խոստացավ, և Գյումրին ունեցավ 15-մետրանոց շքեղ, լուսավոր, գունավոր տոնածառ: Մինչ այդ էլ արդեն ուներ քաղաքապետի պաշտոնակատար. Սարիկ Մինասյանը վառեց Վարդանանց հրապարակի տոնածառի լույսերը:



Տոնը ճանապարհեցին, դիմավորեցին ընտրությունները: Աթեիստ կոմունիստները հավատով լցվեցին Գյումրու նախկին քաղաքապետ, հավատացյալ Վարդան Ղուկասյանի հանդեպ, կուսակցությունը տրամադրեցին, որ առաջադրվի ու նախկինից դառնա ներկա: Ինքնուրույն չկարողացավ, այս հարցում Ղուկասյանին օգնեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, իրեն վստահված քվեները նվիրեց, Ղուկասյանի կարգավիճակը նախկինից սարքեց ներկա վերջինիս հետ չնույնականացվելու զգուշավորությամբ: Ավագանու մանդատից հրաժարվեց, շարունակեց մնալ պատգամավոր:
Նախկին քաղաքապետը, որն արդեն ներկա էր, աստիճանաբար Գյումրին տարավ դեպի նախկին իրականություն՝ առաջին գիծ բերելով նախկին, արդեն, բնականաբար, տարեց պաշտոնյա-ընկերներին, նախկին բարքերը, իր իմացած կարգերը ու սկսեց դժվարությամբ հարմարվել նոր իրականության, նորագույն տեխնոլոգիաների և էլի շատ այլ նորությունների հետ:
Ու քանի որ նախկինի ձգտումը եղավ անդիմադրելի գերակա, աշնան երկրորդ ամսի սկզբին Վարդանանց հրապարակում որպես փյունիկ վեր հառնեց ջարդոնը: Վերակենդանացման աշխատանքներում ներգրավվեց կոմունալ բաժինը: Բաժնի պատասխանատու Անդրանիկ Չադրյանը պարզաբանեց՝ տեղադրել են, որ չափուձև անեն, թեքվածության պատճառը գտնեն, որ տանեն նորոգեն: Ընդամենը: Այսինքն՝ տոնածառի ծռությունը, ոչ թե ամրությունն ու անվտանգությունն էր մտահոգիչ:

Հետո ձողը կորավ ու մեկ էլ վերադարձավ օրեր առաջ: Քաղաքապետարանում մի խումբ մարդիկ որոշել, այն վերակենդանացրել, ներկել, փայլեցրել են արդեն, հիմա էլ զբաղված են մոնտաժման աշխատանքներով: Այդ աշխատանքներն արել է հին ու իրենց իմացած ձևով՝ վերասյա, հետո փողը ով տա՝ տա:

Հենց էլ քինախնդրություն է. ինչու Գյումրիում չի տեղադրվում Կառավարության գնած նոր տոնածառը
Կոմունիստները կարծում են, որ Կառավարության գնած տոնածառն անշուք է, փոխարենը շքեղ է կցած-կցմցած, մի կերպ կյանքի կոչված և իրար վրա բերվող տարիների վաղեմության երկաթյա կոնստրուկցիան: Այստեղ արդեն ավանդույթի ուժով հինը պահելու հարց չկա, առանձնապես ընդգծված յուրահատկություն չունեցող տոնածառը պատմամշակութային ժառանգություն չէ, սա կոմունիստների քմահաճույքն ու ամբիցիան է, իրենց պատկերացրած քաղաքական ընդդիմադիր կեցվածքի ամրացման հիմքը՝ իրենց ձևով:
Արդյոք սա քինախնդրություն չէ՞, և ինչո՞ւ չէր կարելի սպասել մի քանի օր, մինչ ավագանու նիստ կգումարվեր, որոշում կկայացվեր, նոր քաղաքապետարանը կսկսեր տոնածառի տեղադրման աշխատանքը: Նման մտահոգություն ավագանու վերջին նիստում ունեցավ ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը՝ ընդգծելով՝ եթե քինախնդրություն է, վատ է:

Բնականաբար, քաղաքապետի պարտականությունները կատարող Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանն ասաց՝ ոչ, քինախնդրություն չէ, պարզապես ավելի լավը, ավելի շքեղ լինելու խնդիր կար:
Ու ճիշտ է նա, քանի որ այս քայլը քինախնդրությունից անդին, հավանաբար, այլ որակում ունի, ինչը գերազանցում է քինախնդրությանը, քանի որ եղած նոր տոնածառի փոխարեն համայնքի բյուջեից 24 մլն դրամ հատկացնել նախկին ջարդուխուրդ եղած տոնածառի վերականգնման, մոնտաժման, ապամոնտաժման, զարդարանքների համար, պարզ է, որ քինախնդրության հետ կապ չունի: Տոնածառ-ջարդոնի վերականգնումը, մոնտաժումն ու ապամոնտաժումը կարժենա 2 միլիոն դրամ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանն էլ պնդեց՝ սա ոչ ավել, ոչ պակաս քինախնդրություն է:

«Երբ ամեն անգամ բյուջեից գումար ենք ծախսում, ես հիշում եմ պարոն Ղուկասյանի խոսքերը՝ փող չունենք, փող չունենք, բայց ձեր անձնական ամբիցիաները բավարարելու համար պարզվում է, որ լավ էլ փող ունեք»,- ասաց Հարությունյանը:
Ինչպես և սպասելի էր, ավագանու մյուս խմբակցությունները, բացի ՔՊ-ից, եղան կոմկուսին թև-թիկունք, համաձայնեցին Ամանորին խմբվել հին տոնածառի շուրջբոլորը՝ արդարացնելով կրկին Գյումրի վերադարձած ամենաթողության արատավոր երևույթը: Ինքնուրույն տոնածառ զարդարելը գուցե ոմանց մանր հարց թվա, սակայն ավագանուն չհարգելու վառ ապացույց է: Հարությունյանն ավագանու նիստում հարգանքի բացակայության ավելի ցցուն ապացույց ուներ:
«Պարո՛ն Առաքելյան, դուք այն խմբակցությունն եք, որի ղեկավարը մեզ վրա փորձում էր կոմպրոմատներ հավաքել, և ո՛չ դուք, ո՛չ մեր գործընկերները այդ հայտարարությունը չի դատապարտել: Այսինքն՝ ձեզ համար նորմալ է, որ ավագանու անդամների վրա կոմպրոմատ են հավաքում, ու բոլորդ լուռ եք, որևէ մեկը ասելիք չունի: Դա նորմալ է, դա ձեր արժեքներին բնորոշ է, հարիր է, և հիմա շարունակում եք նույն կերպ»,- ասաց նա:
Տոնածառով ավագանու՝ հիմնարար որոշում կայացնելու իրավունքը ոտնահարած, գործընկերների նկատմամբ հարգանքը հարցականի տակ դրած կոմկուսը, այնուամենայնիվ, կզարդարի իր հին ծառը: Կառավարության գնած տոնածառը կտանեն քաղաքի ծայրամաս:
4.5 մլն դրամի շրջանակներում էլ մշակույթի բաժինը տոնական օրվա միջոցառումը կապահովի՝ խորհրդանշական կերպով կվառվեն լույսերը, երգ, եղանակը, որ թույլ տա, պարել էլ կլինի, Ձմեռ պապիկ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ, այսինքն՝ ամենը, ինչը թույլ կտա գումարի շրջանակը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասում է՝ արդեն գիտեն՝ ով է հաղթել տոնի անցկացման համար հայտարարված մրցույթում: 5 կազմակերպություն է մրցույթի մասնակցել, նրանցից մեկը՝ 3 մլն 466 հազար դրամ որպես ամենացածր գին առաջարկած կազմակերպություն, շահել է մրցույթը: Թովմասյանի խոսքով՝ օրենքով նախատեսվող 10-օրյա անգործության ժամկետի ավարտից հետո կազմակերպության հետ կսկսեն աշխատել:
Բալասանյանները ստո՞ւմ էին, թե կոմկուսն է ժողովրդի հաշվին ամբիցիոզ. ջարդո՞ն էր քաղաքի հին տոնածառը
Ամանորին Գյումրին տոն էլ կունենա, տոնածառ էլ, դրա տակ նկարվողների, շուրջբոլորն էլ պարողների պակաս նույնպես չի լինի, տոնը քաղաքինն է, քաղաքն էլ՝ ժողովրդինը: ժամանակն էլ ցույց կտա, թե ով կամ ովքեր ու ինչպես կվառվեն հրապարակի տոնածառի լույսերը: Մշակույթի բաժինն ունի ծրագիր, կիրականացնի:
Մեկ հարց, սակայն, իր պատասխանը չունի, տվողն էլ չկա, որովհետև Բալասանյանները ուղղակի չկան, որ ասեն՝ ստո՞ւմ էին, թե քաղաքի հին տոնածառը վտանգավոր է ու ջարդոն, թե՞ իրենք ճիշտ էին, ուղղակի կոմկուսն է զուտ ժողովրդի հաշվին սեփական ամբիցիան կարևորում՝ այն փաթեթավորելով հին տոնածառը որպես լավություն քաղաքի ծայրամասում տեղադրելու մտադրությամբ:
Այսինքն՝ Կառավարության գնած տոնածառը իրենց աչքից ու քաղաքի կենտրոնից ինչքան հեռու, այնքան լավ:

Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել
Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան
Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT