Մենք ընդունում ենք մարտահրավերը. (Ապրել առաջին գծում. Մովսես)

03/07/2014 schedule20:19

Վերին Կարմիրաղբյուրից հետո ասֆալտը վերջանում է, եւ դեպի Մովսես գնում ենք գրունտային ճանապարհով: Չգիտեմ այս ճանապարհի ասֆալտապատումը տնտեսապես որքանով է հիմնավորված, բայց դա հսկայական քաղաքական նշանակություն ունի:

Պաշտպանական դիրքերի դիտակետից Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը ցույց է տալիս. «Էն մեկը ադրբեջանական Թովուզ կայարանն է»,- ապա շրջվում ցույց է տալիս Մովսեսի բարձրադիր բացատները. «Էս էլ՝ Հանրապետության Հրապարակն է»,- եւ բազմանշանակ ժպտում: Հենց էստեղ է հարցի քաղաքական կողմը. Մովսես մտնող ճանապարհի ասֆալտապատ չլինելը նույնն է, թե Նալբանդյան փողոցը ասֆալտապատ չլինի: Ու եթե Նալբանդյան, Սայաթ-Նովա, Թումանյան փողոցները տարին մի քանի անգամ քերում նորից ասֆալտ ենք անում, կարող ենք Մովսեսի ճանապարհն էլ ասֆալտ անել՝ գոնե հինգ տարին մեկ անգամ: Բարեկարգման կարիք ունի նաեւ Այգեպար-Մովսես կարճ ճանապարհը, որն այս պահին դժվար անցանելի է սովորական մեքենաների համար:

Մովսես գնալով՝ մենք մարդկանց ըստ էության ոչինչ չտվեցինք, բայց գյուղացիներից մեկը հետաքրքիր մեկնաբանություն արեց. «Ձեր գալը ճիշտ ռեակցիա է. երբ սահմանին պրոբլեմ է առաջանում, Երեւանից շատերը պիտի վրա հասնեն, որ եթե էստեղ որեւէ մեկի մտքով հանկարծ ու անցնի՝ թողնեմ գնամ անվտանգ տեղ՝ գյուղամիջում բազմաթիվ երեւանցիների, աբովյանցիների, աշտարակցիների տեսնելով՝ հասկանա. գնալու տեղ չկա: Հազար տարի գնացել ենք, հիմա եթե գնալ՝ միայն էն ուղղությամբ»,- ու ցույց է տալիս Ալիբեյլին: Մովսեսից ոչ ոք չի ուզում գնալ, բայց շատերը ստիպված են, ու այս պահին թոշակառուները գյուղի բնակչության 60 տոկոսն են: Գյուղապետ Ավալյանն էլ է տարիներ առաջ ստիպված եղել հեռանալ. «Երեխեքը մեծանում են, հազար հարց կա: Մարդիկ հասկանում են, որ էդ հարցերը էստեղ չեն կարողանալու լուծել. գնում մի քանի տարի աշխատում են, ետ են գալիս, որ կարողանան ծայրը ծայրին հասցնեն»:

Շատերը, սակայն, ետ չեն գալիս կամ ետ են գալիս ամառային արձակուրդների շրջանում: Երբ գյուղում էինք, ռուսական համարներով մի BMW X5 էր պտտվում. ռուսաստանաբնակ պատանին, գյուղի տարեկիցներին մեքենայի մեջ լցրած, վերեւ-ներքեւ էր անում՝ ադրբեջանական դեշեկայի ուղիղ նշանառության տակ: Գյուղապետարանը մշակույթի տան դիմաց ճամբար է զարդարել, որ ավանդույթի համաձայն երեւանաբնակ ու ոչ միայն երեւանաբնակ մովսեսցի երեխաները իրար գլուխ հավաքվեն. «Երեխեքը զանգում են, թե՝ Արարատ ձաձա, ե՞րբ ա սկսվում ճամբարը. բայց էս կրակոցների պատճառով ձգում եմ»,- ասում է գյուղապետ Ավալյանը:

Իսկ երեւանաբնակ Միշան էս սեզոնում հաճախ է իր հայրական տանը լինում. այստեղ մայրն է ապրում ու եղբոր ընտանիքը: Նախորդ գիշեր նա հրաշքով է փրկվել ադրբեջանական գնդակից: Տնեցիներն արթնացրել են, թե վեր կաց, մի մնա անկողնում, կրակում են: Վեր կենալուց քիչ անց դեշեկայի գնդակը ծակել անցել է պատը, ու խոցել բարձը: Էս ընտանիքի համար սա նոր պատմություն չէ. բակում մի քանի անգամ «Գրադ» է պայթել, ընտանիքի չորս անդամներ վիրավորվել են, այնպես որ՝ գիշերվա «փոքրիկ» միջադեպը չի ազդել բնականոն կյանքի վրա: Մայրիկը քյարխանեն դրած թթի օղի է քաշում, Միշան կեռաս քաղելով է զբաղված, մեզ ու զինվորականների խմբին տեսնելով՝ ասում է. «Դե հազիվ եկել եք, մեր թազա թթի արաղը փորձեք»:

Միշայի խոցված անկողինը

Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներկայացնող գնդապետին եւ տեղի զինվորականների խմբին հանդիպեցինք Ռոզա տատի տանը: Գիշերը դեշեկայի հրկիզող փամփուշտը խոցել էր սենյակում գտնվող անկողինը: Ռոզա տատը միայնակ է ապրում, կողքի սենյակում քնած է եղել՝ բանից անտեղյակ: Առավոտ ելել, տեսել է տունը ծուխ է լցված: Անկողինը մինչեւ լուսաբաց մխացել է, ու հրաշքով չի բռնկվել: Եթե բռնկվեր, տունը հրդեհվելու էր, ու Ռոզա տատը էդ հրդեհից չէր կարող դուրս գալ, որովհետեւ հրդեհը փակելու էր երկրորդ հարկում գտնվող նրա ննջարանի ճամփան: Բերդից հրշեջ կանչելը ռեալ չէ: Գյուղը հրշեջ մեքենա ունի՝ «ԳԱԶ-53» մակնիշի, բայց հաստիքներ չկան: Դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ մի քանի հաստիք տան, որովհետեւ գնդակոծության տակ գտնվող գյուղին հրշեջ ծառայությունը իրոք անհրաժեշտ է:

Զինվորականների ու մեր ներկայությամբ Ռոզա տատի աչքերը անընդհատ լցված են: Մենք էլ մխիթարում ենք՝ մտածելով, թե գիշերային պատահարի պատճառով է հուզված: Հետո կնոջս՝ Աննային ասել էր, թե հուզմունքի պատճառը այլ է. «Բա էսքան մարդ իմ տուն գա, ես չկարողանա՞մ մի բան հյուրասիրել»:

Գլխավոր շտաբի եւ տեղի զորամասի ներկայացուցիչները Մովսեսում փաստահավաք առաքելություն էին իրականացնում՝ պարզելու համար, թե ինչ զինատեսակներ են օգտագործվել եւ որքան են հասցված վնասի չափերը: Ու չնայած միանշանակ է, որ օգտագործված հիմնական զինատեսակը դեշեկան է, կան դեպքեր, երբ հավելյալ փորձաքննության կարիք կա: Զինվորականները պարզաբանեցին նաեւ, թե նախորդ օրը այդ ինչ կանաչ լույս է կախվել Այգեպար գյուղի վրա: Ասացին՝ արտառոց ինչ-որ բան չէ, այլ լուսավորող հրթիռ, որի անկումը մաքսիմալ դանդաղեցվում է, որ ինչքան հնարավոր է՝ երկար լուսավորի տարածքը:

Մարտական դիրքերը մեր հաջորդ նպատակակետն էին. զանգահարեցի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանին՝ դիրքերում գտնվելու թույլտվություն ստանալու համար: Գասպարյանը բարյացակամորեն կազմակերպեց մեր այցը, եւ մենք՝ տեղի հրամանատարության եւ գլխավոր շտաբի ներկայացուցիչների ուղեկցությամբ մեկնեցինք մարտական դիրքեր: Գյուղապետի մեքենայում էինք, եւ տեղ-տեղ նա մեքենան վարում էր հնարավոր առավելագույն արագությամբ՝ անկախ դարուփոսերից, բացատրելով, որ այդ հատվածները առավել խոցելի են ադրբեջանցի դիպուկահարների համար: Շուտով հասանք առաջին հենակետ, որտեղ մարտական հերթապահություն էին իրականացնում ժամկետային զինծառայողներ՝ 18-20 տարեկան տղերք՝ Գյումրիից, Սիսիանից, այլ տեղերից: Չգիտեմ այս հենակետը ցուցադրական էր, թե ոչ՝ բայց մեր տեսածը ցնցող տպավորություն գործեց: Բլուրի վրա գտնվող մարտական հենակետը այնքան կոկիկ էր, այնքան խնամված, որ կոմֆորտի զարմանալի զգացում պատճառեց մեզ: Էդ զինվոր տղերքն էլ՝ լույսի կտոր: Կոկիկ, սափրված, պսպղան աչքերով, բարձր տրամադրությամբ: Էդ ամեն ինչը մեզ համար կրկնակի տպավորիչ դարձավ, երբ խոսքուզրույցից իմացանք, որ այս հենակետը նախորդ գիշերվա իրադարձություններում, մեղմ ասած, ակտիվ դերակատարում է ունեցել, որոնց մանրամասները՝ հասկանալիորեն, չեմ կարող նշել: Դիտավորյալ չեմ նշում նաեւ մեզ ուղեկցած զինվորականների անունները. մարտական իրավիճակ է այնուամենայնիվ: Զինվորների, սպաների հետ խոսեցինք, զրուցեցին, քննարկեցինք նաեւ բանակում առկա խնդիրները: Բոլորս միանշանակ համաձայն ենք, որ բանակում առաջնահերթ խնդիրը մնում է գողական բարքերի մնացուկներն արմատախիլ անելը, ուղղակի բացառելը հարաբերությունների նման կերպը եւ, իմիջիայլոց, ոչ միայն բանակում, այլեւ հանրային ցանկացած շերտում՝ որքան էլ ընդունենք, որ այս իմաստով մեզանում հսկայական տեղաշարժեր կան:

Հաջորդ հենակետը, ուր այցելեցինք՝ պայմանագրային զինծառայողներ էին հերթապահում: Մի կենցաղային նրբություն կա, որին հատուկ ուշադրություն եմ դարձել եւ ուզում եմ ներկայացնել: Մարտական դիրքերում, ինչպես գիտեք, հանգստի սենյակներ կան, որտեղ զինվորները հանգստանում են, քնում են հերթապահությունների արանքում: Այդ սենյակները ոչ միայն կատարյալ մաքուր էին, այլեւ պատշաճ ձեւով օդափոխված, կոկիկ, առանց որեւէ ավելորդ էլեմենտի:

Դեշեկան նման մեծ տրամաչափի անցք չէր կարող առաջացնել

Մարտական հերթապահության կենցաղային պայմաններին ծանոթանալուց հետո ծանոթացանք մարտական դիրքերի դասավորվածությանը, եւ այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Այգեպարից ամեն ինչ պարզ էր թվում, որովհետեւ ասում էին, որ բլրի գագաթին մեր դիրքն է, ավելի ներքեւ՝ ադրբեջանականը, ու մեր հենակետը ադրբեջանականի նկատմամբ ճնշող դիրք ունի: Ինչո՞ւ, ուրեմն, տեղում չի կանխվում ադրբեջանական դիրքի ակտիվությունը: Բլրի գագաթին հայտնվելով՝ հասկացանք, որ սա բազմաթիվ դիրքերից ընդամենը մեկն է, եւ մնացած դիրքերում ամեն ինչ շատ ավելի խառն ու փոփոխական է, ինչն ավելի է սրվում խառնիճաղանջ ռելիեֆի պատճառով: Մի տեղ մեր դիրքն է բարձր, ադրբեջանականը՝ ցածր, մյուս տեղը՝ հակառակը: Դիրքերը երբեմն այնքան անհավանական ձեւերով են դասավորված, որ նույնիսկ դժվար է հասկանալ, թե դա ինչպես է տեղի ունեցել: Էս պարագայում շփման գիծ կամ սահմանային գիծ ասելը շատ մեծ չափազանցություն է. ավելի ճիշտ կլինի ասել՝ սահմանային լաբիրինթոս կամ սահմանային ոլորապտույտներ, որովհետեւ ոչ մի գիծ էլ չկա, երբեմն դժվար է հասկանալ՝ որտեղ են նրանք, որտեղ ենք մենք: Մի դիտակետից զինվորականները մեզ ադրբեջանական դիրք ցույց տվեցին, որն ընդամենը մի քառասուն մետր էր հեռու: Ասում են՝ ավելի մոտիկները նույնպես լինում են: Բայց ամենակարեւոր բանը, որ մենք տեսանք դիրքերում՝ վստահությունն էր՝ հրամանատարական կազմի եւ զինվորների: Եթե անգամ մեզ ցուցադրական տեղեր տարած լինեն (չնայած՝ Մովսեսի գլխին ցուցադրական դիրքը ո՞րն է), սպաների եւ զինվորների վստահությունը ցուցադրական լինել չի կարող: Էս մարդիկ, ի դեպ, հասկանում են Հայաստանի, բանակի, տարածաշրջանի բոլոր պրոբլեմները: Էդ մարդկանց ընտանիքները նույն խնդիրներն ունեն, ինչ հայաստանցիների մեծամասնությունը: Բայց դրանից վստահությունը չի նսեմանում: Հենց այդ վստահության վրա է հենված փխրուն խաղաղությունը, այդ վստահության վրա է հենված Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ապագան:

Վերջաբան

Առասպել է, անիրական առասպել, թե Երեւանը ավելի անվտանգ է, քան Մովսեսը: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց «Սմերչ» համակարգեր, Երեւանի Շենգավիթ համայնքում գտնվող մեր տունը ադրբեջանական ուղիղ նշանառության տակ է՝ Նախիջեւանից: Էլ չեմ ասում, որ Մովսեսից Երեւան երեք ժամվա ճանապարհ է, Երասխավանից՝ մեկ ժամվա: Եւ ուրեմն՝ Մովսեսի, Այգեպարի, Կիրանցի, Ոսկեպարի, Ասկերանի, Մարտակերտի, Երասխավանի ուղղությամբ հնչած ամեն կրակոց մեզնից յուրաքանչյուրին ուղղված մարտահրավեր է: Այդ մարտահրավերը ուղղված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ նրանից Հայաստանո՞ւմ է գտնվում նա, թե արտերկրում: Այդ մարտահրավերը ուղղված է յուրաքանչյուր սփյուռքահայի՝ անկախ նրանից նա երբեւէ Հայաստանում եղե՞լ է, թե ոչ: Ու մենք պետք է ընդունենք այդ մարտահրավերը: Մենք շատ սխալներ ենք գործել վերջին 23 տարում, վերջին 230 տարում, վերջին 2300 տարում: Շատ ենք ձախողվել, բայց դա չի նշանակում, թե մարտահրավերը մերը չէ: Մեզ թալանել են մեր սեփական երկրում, սպանել ու նվաստացրել, բայց դա չի նշանակում, թե հայրենիքը մերը չէ: Մենք պիտի ընդունենք այդ մարտահրավերը, որովհետեւ չգիտեմ, թե մենք էս ի՞նչ Հայաստանում ենք ապրում, կամ որտեղ ենք ապրում, բայց մեր երեխեքը պետք է ապրեն Ազատ, Հպարտ եւ Երջանիկ Հայաստանում: Սա է մեզնից յուրաքանչյուրին ուղղված ամենամեծ մարտահրավերը:

Սկիզբը այստեղ

Լուսանկարները՝ Հայկակ Արշամյանի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4732 դիտում

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը

Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Վահե Թավաքալյանը հայտնաբերվել և կալանավորվել է

Եթե ՌԴ-ն հույս ունենար, որ ՀՀ ընտրություններում կհաղթեր, ինտելեկտի տեսակետից լուրջ առաջնորդ կընտրեր. տեսանյութ

Հայաստան ժամանած Սուլխան Թամազաշվիլին ՆԳՆ պատվիրակությանը Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հրավիրել է Վրաստան

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ՝ վիրավոր անգղի

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՌԴ-ն «հրաժեշտ» կտա Սամվելին, Գագիկին և Ռոբերտին. մեր ու ՌԴ-ի միջև ախպերություն չկա. Ազատ Արշակյան. տեսանյութ

Բունդեսթագի պատվիրակության հետ Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր են քննարկվել

Միգուցե ՍԴ-ն որոշում է, որ ես եմ վարչապետը, մի քիչ էլ, որ Վարդևանյանը «գազ» տա, տենց էլ կլինի․ Կարապետյան

Արմավիր քաղաքում ավտոմեքենա է այրվել

Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները