ԼուրերSyndicate content

Միայն մեկ հոգի

Սերգո Կարապետյան
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ գործարար սեկտորին ուղղված հայտնի նամակից, որով նա խնդրել էր գումար փոխանցել կարկտահարությունից տուժած գյուղացիների համար, անցել է երեք օր. փոխանցվել է 1 մլն դրամ:

Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Թե ով է այդ միակ գործարարը, որ այնուամենայնիվ, արձագանքել է նամակին, Պետրոսյանը հրաժարվել է բացահայտել:  Նա միայն հույս է հայտնել, որ իրավիճակն այսպես չի մնա եւ գործարարներն ի վերջո կարձագանքեն խնդրանքին:

տես էջ 6

Օրակարգ

Անիմաստ է

Արայիկ Հարությունյան (լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի)
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի հարցազրույցում հայտարարել է, որ «ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց» տարբերակն ընդունելի չէ:

Արայիկ Հարությունյանը  նաեւ հայտնել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման ենթակա փաստաթուղթ չկա: Նա ընդհանրապես կասկածի տակ է դրել ընթացող բանակցությունները եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասնակցությունը բանակցություններին` անիմաստ է: Հարցազրույցում խոսվել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդրի, ինչպես նաեւ՝ ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանի հանդեպ տեղի ունեցած ճնշումների մասին:

տես էջ 5

Ընդունեցին

Տիգրան Սարգսյան
Երեք օր տեւած քննարկումներից հետո խորհրդարանը երեկ 76 «կողմ», 41 «դեմ» եւ 0 «ձեռնպահ» ձայներով ընդունեց կառավարության ծրագիրը: Ծրագրին «կողմ» քվեարկեցին միայն իշխող Հանրապետական եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները:

«Բարգավաճ Հայաստանի» մի քանի պատգամավորներ` Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը, Հարություն Ղարագյոզյանը քվեարկությանը չմասնակցեցին: Մինչ քվեարկությունը, Հանրապետական  խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա իր ոճի մեջ մի շարք հայտարարություններ հնչեցրեց ընդդիմության հասցեին` համեմված վիրավորանքներով, որից հետո դահլիճում մթնոլորտը մի փոքր թեժացավ: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իր ելույթի համար նախատեսված վաթսուն րոպեն, սակայն, Տիգրան Սարգսյանը չօգտագործեց: Նա խոսեց ընդամենը հինգ րոպե, հայտարարեց, որ իշխանությունը պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ եւ որ անցած երեք օրերի ընթացքում Ազգային Ժողովի դահլիճում տեղի է ունեցել մտածողության փոփոխություն: 

տես էջ 3

Գաղտնի է պահվել ներքաղաքական նկատառումներով

Երեկ գազի սակագնի թեմայով Ազգային ժողովում կազմակերպված քննարկումների ժամանակ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը սենսացիոն հայտարարություն է արել: Ի պատասխան ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին՝ Նազարյանը հայտարարել էր, որ «Հայռուսգազարդն» իրենց է տրամադրել պայմանագիր, ըստ որի, ս/թ ապրիլի 1-ից ՀՀ-ին մատակարարվող գազի գինը սահմանի վրա դարձել է 270 դոլար: Խնդիրն այն է, որ արդեն մի քանի օր է՝ թե Ազգային ժողովում, թե լրագրողների հարցերին պատասխանելիս իշխանության ներկայացուցիչները փորձում են համոզել, որ գազի գնի բարձրացման մասին պաշտոնական հայտարարության ժամկետը քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի: Փաստորեն գազի նոր գինը հայտնի է եղել ապրիլի մեկին, բայց այդ մասին հայտարարվել է մայիսի 8-ին` Երեւանի ավագանու ընտրություններից ընդամենը 3 օր անց: Հենց միայն այս հանգամանքը լիովին բավարար է պնդելու համար, որ նոր գինը գաղտնի է պահվել ընտրությունները «չփչացնելու» նկատառումներով միայն: Նշենք, որ երեկ հայտարարվել է նաեւ ներքին սպառողներին մատակարարվող գազի հնարավոր նոր սակագինը` 156 դրամ 1 խմ-ն, ներկայումս գործող 132 դրամի դիմաց: Էլեկտրաէներգիայի սակագինն էլ, ըստ նախնական տվյալների, կթանկանա 8 դրամով: Այս թվերը կարող են չնչին փոփոխությունների ենթարկվել:

տես էջ 3

Այսպիսի բաներ

ԼՂ հարցը` ԵԱՀԿ ԽՎ-ում

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում տեղի է ունենալու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 22-րդ նիստը, որի ժամանակ քննարկվելու են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդիրը: Զեկուցող Վիլիա Ալեկնայտե Աբրամիկենեն ներկայացնելու է սառեցված հակամարտությունների մասին բանաձեւի նախագիծը, որտեղ կոչ է արվելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին շարունակել միջնորդական ջանքերը` Հայաստանի ու Ադրբեջանի հետ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ:

Այսպիսի բաներ

Հավասարակշռել է պետք

Երեկ մեր թղթակիցը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հարցրել է, թե ինչո՞վ է պայմանավորված նրա այն մտահոգությունը, որ «Կարֆուրը» Հայաստանում կարող է չբացվել: «Կարծում եմ «Կարֆուրը» Հայաստանում բացվելու է: Ես այդ հարցում ներգրավված չեմ, ինձ հասած տեղեկություններով` տարեվերջին այն կբացվի Հայաստանում: Ֆրանսիայի դեսպանին հարցրեք այդ մասին»,-ասել է դեսպան Հեֆերնը: Մեր թղթակցի այն հարցին էլ, թե` մեր երկրի եւ Արեւմուտքի փոխհարաբերությունների վրա ի՞նչ հետեւանք կունենա Հայաստանի անդամակցությունը Եվրազեսին, դուք այդ տարբերակը քննարկե՞լ եք, ԱՄՆ դեսպանը պատասխանել է. «Հայաստանը ԵՄ-ի հետ լավ աշխատում է, մենք օժանդակում ենք այդ աշխատանքներին: Հայաստանն ինքը պետք է իր որոշումները կայացնի, պետք է կարողանա հավասարակշռել այդ հարաբերությունները»:

Կվաճառեն արաբներին

Աշխարհում երկրորդ ամենախոշոր «Carrefour» հիպերմարկետների ցանցը նախնական բանակցություններ է վարում Մերձավոր Արեւելքի իր դուստր հանդիսացող ընկերության մնացյալ 25 տոկոսանոց իր մասնաբաժինը տեղական գործընկերոջը` արաբական «Majid Al Futtaim»-ին վաճառելու վերաբերյալ: Այս մասին երեկ տեղեկացրել է «Reuters»-ը` վկայակոչելով իր լավատեղյակ երկու աղբյուրների: 25 տոկոս մասնաբաժնի համար «MAF»-ը կվճարի 400-500 միլիոն դոլար: Ֆրանսիական ցանցի հենց այս դուստր ընկերության մուտքն է ակնկալվում հայկական շուկա: Այսինքն, եթե գործարքը կայանա, հենց արաբական այս ընկերությանը պատկանող հիպերմարկետը կբացվի Երեւանում: «MAF» ընկերությունների խումբը գործարկում է 48 հիպերմարկետ եւ 42 սուպերմարկետ` Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի 11 երկրներում: Սպասվում է, որ «Carrefour»-ը Հայաստանում կլինի մինչեւ այս տարվա վերջ:

Օրվա լրահոսից

Ռուսաստանի նոր դեսպան

Ռուսաստանը նոր դեսպան ունի Հայաստանում: Նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինը երեկ հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Այդ պաշտոնում նա փոխարինել է Վյաչեսլավ Կովալենկոյին:

Օրվա լրահոսից

Կաբալիեն վատառողջ է

Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեի համերգային շրջագայությունները` նախատեսված իսպանական մի շարք քաղաքներում, չեղյալ են հայտարարվել: Պատճառը 80-ամյա երգչուհու առողջական խնդիրներն են, որոնք կապված են կոկորդի հիվանդության հետ: Մի շարք դեպքերում արդեն որոշում է կայացվել վերադարձնել վաճառված տոմսերի գումարները: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները: Նրանք նաեւ հիշում են, որ սա օպերային երգչուհու` համերգը չեղյալ անելու առաջին դեպքը չէ: Ըստ այդմ, Մոնսերատ Կաբալիեի ինքնազգացողությունը վատացել էր նաեւ նախորդ տարվա հոկտեմբերին` Եկատերինբուրգում կայանալիք համերգի նախօրյակին, նա կորցրել էր գիտակցությունը: Հրաժարվելով հոսպիտալացվել Ռուսաստանում` օպերային երգչուհին վերադարձել էր Բարսելոնա: Հիշեցնենք, որ հունիսի 9-ին էլ նախատեսված է Մոնսերատ Կաբալիեի երեւանյան համերգը: Հուսանք, որ Կաբալիեն կապաքինվի եւ չեղյալ չի հայտարարվի նաեւ հայաստանյան համերգը:

Շատ շուտով

Գազի թեմայով խորհրդարանական լսումներից հետո երեկ երեկոյան վարչապետը, ԱԺ նախագահը եւ այլ հանրապետականներ խորհրդարանից շտապել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ մասնակցելու կուսակցության գործադիր մարմնի նիստին: Նիստը վարել է Սերժ Սարգսյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ լրագրողներին չի լուսավորել ՀՀԿ վերնախավում քննարկված հարցերի շրջանակի կապակցությամբ: Նա եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացակայել են նիստից, ասում են՝ հարգելի պատճառներով: Ինչպես ուշ երեկոյան հաղորդում էին լրատվական կայքերը, կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է, որ քննարկել են ներկուսակցական հարցեր եւ իրենց առաջիկա անելիքները: Ըստ Սահակյանի, քննարկվել են նաեւ խորհրդարանում անցած երեք օրերի ընթացքում տեղի ունեցած «նոր» կառավարության ծրագրի քննարկումները: Մարզպետների փոփոխության հարց, ինչպես հայտնել է Գալուստ Սահակյանը, երեկ եւս չի քննարկվել: Մենք տեղեկացրել էինք, որ Երեւանի ավագանու ընտրությունների ավարտից որոշ ժամանակ անց մի քանի մարզպետների պաշտոնանկություն է սպասվում: Այն ժամանակ խոսքը չորս մարզպետների մասին էր: ՀՀԿ-ի մեր աղբյուրները փոխանցում են, որ «սեւ ցուցակում» գտնվող չորս մարզպետներից մեկին, այդուամենայնիվ, կխնայեն: Խոսքն այս պահին երեք մարզպետների փոփոխության մասին է՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի: Նույն աղբյուրները հայտնում են, որ փոփոխությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ՝ հունիսի կեսերին:

Պաշտոնական լրահոս

Ամփոփվել է (2013-5-24)

Երեւանում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Օլիմպիադային մասնակցել է 8-12-րդ դասարանների 8500 աշակերտ, որոնցից 381-ը արժանացել են առաջինից երրորդ կարգի դիպլոմների: Առաջին կարգի դիպլոմի արժանացած 67 մասնակիցներին պարգեւներն ու դիպլոմները երեկ հանձնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը: Կազմակերպիչները նկատել են, որ այս տարի բարձր է աշակերտների առաջադիմությունը հատկապես բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող առարկաներից:

Պաշտոնական լրահոս

Նոր արտադրամաս

Հայաստանի կառավարությունը երեկ «Ատ-մետալս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող եւ 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել է մինչեւ 2016 թվականի մայիսի 30-ը: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու եւ արծաթի ստացման համար: Կառուցվելու է բազմամետաղների մշակման արտադրամաս, հետագայում վերամշակման ժամանակ առաջացած «պոչերը» կիրառվելու են շինարարության, ապակու ձուլման եւ այլ բնագավառներում: 2013 թ. պետք է թողարկվի շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք, ստեղծվի 75 աշխատատեղ:

Պաշտոնական լրահոս

Ուշադիր եղեք

Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը»: Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված չմթագնի օրվա տոնականությունը: Հայաստանի ոստիկանությունը մեկ անգամ եւս դիմում է հանրապետության տարածքում կազմակերպվելիք հանդիսությունների բոլոր մասնակիցներին` մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջեւ:

Պաշտոնական լրահոս

Յուրացումներ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ մարզի Հովնունի համայնքում յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հովնունի համայնքի ղեկավարը, 2005-2013 թվականների ընթացքում նույն համայնքի գյուղապետարանի հարկային գործակալի հետ նախնական համաձայնությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հողի հարկի դիմաց համայնքի բնակիչներից համապատասխան անդորրագրերով հավաքագրված գումարները գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել եւ յուրացրել է: Բացի այդ, նույն ժամանակահատվածում համայնքապետը կազմել է համայնքի բնակիչներին սոցիալական օգնություններ տրամադրելու համար համայնքի ավագանու ակնհայտ կեղծ որոշումներ, կեղծել ավագանու անդամների ստորագրությունները, հաստատել դրանք եւ դրանց հիման վրա գյուղապետարանի դրամարկղից ելքագրել է առանձնապես խոշոր չափի գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:

Լուր

Կտաքանա, ապա կցրտի (2013-5-24)

Այսօր` մայիսի 24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին, 26-28-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների զգալի մասում` անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ին` նույնքան կնվազի: Երեւանում մայիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին, 26-28-ին ժամանակ առ ժամանակ` սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter