...Բայց «Արագիլի» հնչելը հրապարակից արժեհամակարգային կոդ է փոխում

17/04/2019 schedule15:05

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ինձ պատմեց, որ տարիներ առաջ, երբ աշխարհում արդեն սկսել էին խոսել երջանկության չափանիշների մասին, ազգագրագետների խմբով երջանկության մասին ուսումնասիրություն են կատարել: Որոշել էին բուն աշխատանքին զուգահեռ հասկանալ, թե ինչպե՞ս են մարդիկ հասկանում երջանկություն բառը, արդյո՞ք այդ մարդիկ անհատապես ունեն այդ երջանկությունը և կամ ի՞նչն է նրանց պակասում լինել երջանիկ: Այդ հարցումներն անում էին աղքատ, տարեց, հիվանդ մարդկանց հետ:  

«Ոչ թե հատուկ ընտրել էինք սոցիալական այդ շերտը, այլ այդ տարվա ծրագրային խնդիրն այդ շրջանակներում էր: Եվ ուրեմն, մենք նրանց հարցեր էինք տալիս նաև երջանկության մասին: Չեմ կարող ասել, թե այդ հետազոտություններից հստակ արդյունքներ ունենք, բայց ես հետաքրքիր մի բան հասկացա` երբ մարդուն նախապես հարցնում ես երջանկության մասին, նրանք մեծամասամբ ապերջանիկ են: Նախ հարցնում են` «Իսկ դա ի՞նչ է», հետո ասում են` «Իսկ ինչո՞վ երջանիկ լինենք»: Ու սկսում են թվարկել, թե ինչքան խանգարող բաներ կան երջանկությանը: Բայց երբ նրանց հետ երկար զրուցում էինք երջանկության մասին, նրանց հարցեր էինք տալիս կյանքի փուլերի, իր ապրած զգացմունքների մասին` աստիճանաբար գալով երջանկության խնդրին, ապա մեր զրուցակիցների մեծ մասը երջանիկ էին կամ գոնե այդպես էին իրենք իրենց գնահատում: Եթե փորձեմ ամփոփել այդ մարդկանց մոտեցումները, ապա կանանց մեծ մասը` հատկապես 50 և ավելի տարեկանները, իրենց կյանքի ընթացքը և կոնկրետ այդ փուլը համարում էին երջանիկ, եթե չեն ունեցել երեխաների կորուստ. ոչ թե երեխաները հաջողակ են կամ անհաջողակ, այլ` մահվան դեպք չկա, ինչպես իրենք էին ասում` «չոր աչքով եմ գնալու գերեզման»: Սա էր նրանց երջանկության ընկալումը: Ինձ համար դա սարսափելի վատ պատկերացում է, որովհետև նշանակում է, որ մարդու անձնական կյանքի առանցքն ու խարիսխը երեխայի վրա է կենտրոնացած: Երեխայի վրա կենտրոնացած լինելը լավ է, բայց վտանգավոր է, երբ բացառվում են կյանքի բազմաթիվ այլ բաղադրիչներ: Ընդհանրապես, զրույցների ընթացքում պարզվեց, որ երջանկության զգացումի հիմնական հավաքն ավելի շատ մերձավորների հետ կապված խնդիրներն են, քան սեփական անձնական կյանքի, և կապ չունի, թե տվյալ մարդու կյանքը որքանով է թեթև կամ ծանր եղել: Մարդը կարող է պատմել տառապալից մի կյանքի մասին, բայց վերջում ամփոփել, որ եթե երեխաները կան, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, կարողանում են տեսնել երեխաներին, ուրեմն երջանիկ են: Կրկնում եմ` տարբեր են երջանկության մասին պատասխանները, երբ զրույցի ժամանակ հասունացնում ենք խնդիրը և երբ ուղղակի հարցնում եք երջանկության մասին»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան

Անձնական երջանկություն.

Ամենա-ամենա-ամենաերջանիկ պահը, որ երբեք չի լքում ինձ, իմ առաջնեկի ծնունդն է: Երեխայի ծնվելու առաջին իսկ վայրկյանին, երբ եղավ ճիչը, երեխային տարան, և ես նրան անգամ դեռ չէի տեսել, այնպիսի անչափելի երջանկություն ունեցա: Երևի, հենց դա է երջանկությունը, որովհետև դա ոչ ուրախություն է, ոչ թեթևություն է, դա ուղղակի ամբողջ մարմինն ու հոգին լցնող անսահման խոր մի զգացում է, որ կարող ես այլևս չապրել, որովհետև արդեն ապրել ես ամբողջ սահմանված կյանքը: Ինձ թվում է` ոչ մի տղամարդ սա չի կարող հասկանալ: Ֆանտաստիկն այն է, որ ծնունդը, որը, ի վերջո, կենսաբանական ակտ է, հղիության 9 ամիսներին սիրել ես, ապրել ես, տանջվել ես և այլն, քեզ չի նախապատրաստում այն անսպասելի վրադ թափված անսահման մեծ զգացումին, որը երեխային ծնունդ տալուց հետո ապրում ես: Դու դրան պատրաստ չես, դու դրան ընդառաջ չես գնացել, և այն թափվում է քեզ վրա այնքան հանկարծակի և այնպես բուռն: Երկրորդ երեխայիս ժամանակ էլ եմ ապրել շատ մեծ զգացում, բայց դա համեմատելի չէ առաջին երեխայի ծնունդի հետ: Կյանքդ անմիջապես, կտրուկ, ակնթարթորեն և ամբողջովին փոխվում է: Իմ անհատական երջանկության զգալի մասը կապված է իմ և հարազատական շրջապատի երեխաների հետ: Տաշտում ջուր էի լցնում, մատս դնում երեխայի դնչի տակ, երեխան կրկնում էր արգանդի լողը, ազատ լող էր տալիս տաշտում: Քանի որ ջուրը սառչում էր, ընթացքում տաքացնում էի և երկար հետևում երեխայի լողին: Սա ինձ համար շատ կարևոր երջանկության զգացում է: Գուցե նույնիսկ եսասիրական: Հնարավոր է՝ ես դա անում էի ոչ այնքան երեխայի համար, որքան իմ սեփական բավականության համար: Ես այնքան շատ ուրախություններ եմ ունեցել իմ երեխաների մանկական տարիքից, որ միշտ զարմանում եմ, երբ մարդիկ հիշում են երեխայի մեծանալու դժվարությունները: Ինձ մոտ մնացել է երեխայի ծնունդի և մեծանալու ուրախությունը, որը ուրիշ ոչ մի բանի հետ չես համեմատի և չես ցանկանա փոխանակել ոչ մի բանի հետ: Երբեմն ծնողներն ասում են, թե երեխան չի գնահատում ծնողի ներդրումը, միշտ ուզում եմ հարցնել, թե արդյո՞ք մենք գնահատում ենք այն անսահման ուրախությունը, որ երեխաները մանկական հասակում ներդնում են մեր կյանքում: Ինձ համար ակնհայտ է, որ իմ կյանքի ամենասիրած շրջանը երեխաների հետ է կապված: Իմ կարծիքով, կնոջ համար լավագույն, բարձրագույն զգացողությունները, որոնք, երևի, երջանկության զգացողության մեջ են մտնում, երեխաների ծնունդով և նրան մեծացնելու ընթացքից են սկսում:

Տարիքի հետ եկող ամենամեծ կորուստը լեռ բարձրանալ չկարողանալն է: Ոտքով լեռ բարձրանալն իմ կյանքի ամենախոշոր իրադարձություններից է եղել: Իհարկե, մեքենայով էլ կարելի է գնալ լեռները, բայց ես խոսում եմ ոտքով լեռ բարձրանալու ընթացքի մասին: Դա հատուկ ապրում է, հատուկ զգացողություն: Դու դանդաղ ներքևում ես թողնում հազար ու մի հոգս, ամենօրյա խնդիրներ, հարցեր և աստիճանաբար մոտենում ես մի տարածքի, որտեղ դրանց մեծ մասը կարևոր չեն թվում: Լեռներում միշտ ազատության, թեթևության, ներդաշնակության, աշխարհի հետ հաշտ լինելու հնարավորություն կա, և այդ բոլորի մեջ երջանկության զգացողությունը գիտեմ, որ շատերին է համակում: Լեռներից աշխարհն ամբողջովին բաց է, լեռներում շնչելը հեշտ է, դու ավելի համարձակ ես, խնդիրները դառնում են քիչ վրդովվեցնող և հաղթահարելի: Կարող է տարօրինակ թվալ, բայց լեռներում մարդն ավելի լավ է հասկանում, որ ինքն ու իր խնդիրները հյուլե են: Լեռները մարդուն եսակենտրոնությունից բուժում են: Իսկ եթե բախտդ բերել է, և դու լեռներում ես ամռանը, լիալուսնի ժամանակ… ես ինքս ինձ այդ օրերի համար խանդում եմ: 

Մասնագիտական երջանկություն.

Ես միշտ շատ հետաքրքրված եմ եղել իմ մասնագիտությամբ: Օրվա մեջ 17-18 ժամ կարող եմ աշխատել և դրանից չնեղվել: Հակառակը, նեղվում եմ, երբ աշխատանքս ընդհատվում է ինչ-որ առիթներով: Բայց երբեմն անսպասելի գալիս է երջանկության զգացումն այն պահերին, երբ հանկարծ գտնվում է քեզ տանջող հարցի տրամաբանական լուծումը: Պատկերացրեք, պատառիկներով հավաքել եք խճանակարը, հետո տասնյակ այլ աղբյուրներից հավաքած մանր թվացող տեղեկությունները գալիս են հաստատելու ձեր հավաքած պատկերը` ապացուցելով, որ վերացական մտածողությամբ կարողացել եք հասնել տրամաբանական հանգուցալուծման: Դրանք չնախատեսված, չնախապատրաստվող զգացումներ են, բայց մեկ էլ հոգիդ լցվում է երջանկությամբ, որ կարողացել եք գտնել հարցի լուծումը: Երևի, անհատական ու մասնագիտական խնդիրներում հարցերի լուծումներն իրենց հետ բերում են երջանկության զգացում:

Հանրային երջանկություն.

1988 թ. ապրիլ ամիսն էր: Սումգայիթի ջարդերն արդեն եղել էին, արդեն գրանցել էի Սումգայիթի ջարդերից փրկվածների պատմություններ, շատ դառնություններ էինք ապրել այդ երեք ամիսների ընթացքում: Բոլորս փորձում էինք ինչով կարող ենք` օգնել փախստականներին: Այդ օրը ես ինստիտուտ էի գնում, կանգնած էի Բաղրամյան փողոցում: Ամբողջ Բաղրամյանը լցված էր մարզերից Երևան եկած մարդկանցով, որ ոտքով իջնում էին օպերա` միանալու շարժմանը: Անսահման երկար հոսքով գալիս էին մարդիկ: Գարնանային լուսավոր, արևոտ օր էր: Գարնանային հալոցքի ջրեր էին հոսում Բաղրամյանով: Ես կանգնած էի թուրքագետ Երվանդ Սարգսյանի կողքին, որ, եթե չեմ սխալվում, մեր ինստիտուտի Կոմկուսի քարտուղարն էր: Երվանդ Կազարիչը, որ, ենթադրում եմ, ամբողջ կյանքում կուսակցության հետ հաշտ է եղել, մեկ էլ տեսնեմ, որ այդ մարդը, հետևելով փողոցով իջնող մարդկային հոսքին, լաց է լինում, աչքերից արցունքներ են թափվում: Մի տեսակ թաքուն լաց էր: Այդ մարդու զգայական ապրումը հանկարծ ինձ ոտքից գլուխ ողողողեց մեծ հուզմունքով, և ես մտածում էի, թե մենք ինչքան մի ենք, մեկ ընդհանրություն ենք, և այդ ընդհանրության մեջ այնքան փոխըմռնում, զիջելու պատրաստակամություն կար: Այս բառերն, իհարկե, տրոհում են այդ պահի զգացողությունը, և եթե այն ժամանակ խոսելու լինեի այդ զգացողությանս մասին, գուցե ոչինչ էլ չասեի: Այդ տեսարանը մտքիցս չի գնում: Երբեք չեմ խոսել այդ դրվագի մասին, բայց և երբեք չեմ մոռացել:

2018-ին, ցավոք, իմ ֆիզիկական վիճակն այնպիսին չէր, որ դրսում գտնվեի: Մինչև հիմա ուրախ եմ 2018-ին տեղի ունեցածի համար: Այդ օրերին ընթացիկ պարտականություններ ունեի, որ կապված էր տղայիս ստանձնած պարտավորություններով` ոստիկանություն տարված մարդկանց բերել, թիրախավորվածներին ինչ-որ ձևով թաքցնել և այլն: Տղաս գնում էր, այդ մարդկանց բերում թողնում ինձ մոտ, ինքը գնում, և ես պետք է զբաղվեի նրանց հարցերով: Բացի սա, ես, թողած իմ բոլոր հրատապ աշխատանքները, ամբողջ օրը տեքստ էի գրում հեղափոխության մասին: Դա ինձ համար գիտակցված, սթափ ընտրություն էր, մասամբ նաև աշխատանք էր, բայց հաստատ մեկ տարով ետ գցեց մյուս բոլոր գործերից /ծիծաղում ենք-Մ.Բ./: Մի տեսարան կա 2018-ի հեղափոխության օրերից, որ ուժեղ զգայական տպավորություն թողեց: Շատ հուզվեցի, երբ Սերժ Թանկյանը հրապարակում «Արագիլ» երգեց: Մենք սովորաբար «Կռունկ» ենք երգում. առաջին անգամ «Արագիլ» երգվեց, որ տուն ունենալու և վերադարձի մասին է, ոչ թե կարոտի, փախուստի և գաղթականության: Երևի, կես ժամ կրել եմ «Արագիլի» առաջացրած հուզմունքը և երկու օր էլ լուսավոր էր հոգիս, որովհետև զգում էի, որ այդ երգը վերադարձնում է բազմաթիվ արժեքներ, կոտրում է «Կռունկի» կարծրատիպերը: Երկուսն էլ, անշուշտ, շատ գեղեցիկ և կարևոր երգեր են մեր ժողովրդի համար, բայց «Արագիլի» հնչելը հրապարակից, իմ կարծիքով, արժեհամակարգային կոդ է փոխում:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Ցեղասպանության մասին բազմաթիվ նյութեր եմ հավաքել: Ցեղասպանությունից հետո Թուրքիայի գավառներում մնացած հայերի հետ շատ եմ զրուցել: Ամենատարբեր ճակատագրերով մարդիկ էին, բայց նրանց և իրենց նախնիների գավառային կյանքը միշտ անցել էր կիսաթաքուն վիճակում` իշխանությունների աչքից հեռու. մեծ մասը իսլամացածներ են` իսլամացած-քրդացած, իսլամացած-արաբացած: Ավելի քիչ խոսել եմ իսլամացած-թրքացածների հետ ոչ այն պատճառով, թե նրանք թվով քիչ են, այլ որովհետև նրանք չեն խոսում, դժվար է նրանց հետ կապ հաստատել: Այդպես, ուրեմն, ես շրջում էի Թուրքիայի գավառներում և հավաքում նրանց կյանքի պատմությունները: Պարզ է, որ այնտեղ ապրում են Ցեղասպանությունից փրկվածների երկրորդ, ավելի հաճախ` երրորդ սերունդները, և նրանց հիշողությունը 20-րդ դարասկզբի վերաբերյալ ավելի շատ սոցիալական բնույթ ունի և ընտանեկան` ինչ փոխանցվել է ծնողներից և կամ մեծ ծնողներից: Ինձ համար կարևոր էր` ինչն է փոխանցվել հիշողությամբ, ինչն է դարձել շարունակական գիտակցված կամ չգիտակցված- ենթագիտակցության մակարդակում: Մարդիկ ինձ պատմում էին, թե քանի անգամ են աքսորվել իրենց ծնողները. Թուրքիայում հայերի աքսորներն ու տեղահանությունները երկար ժամանակ  շարունակվում էին. հենց մի տարածքում հայերն ապրում էին տասը տարի` մշտապես ազգային ծառայությունները հատուկ հսկողության տակ, որևէ պատճառով կազմակերպվում էր աքսոր, և այդ ընտանիքները տեղահանվում էին: Նաև` մարդիկ էին անհետանում, որը իրենց հարազատների  կարծիքով հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր և ավարտվում էր  սպանությամբ: Հայերը, ծպտված թե ոչ, ապրում էին տագնապներով: Մարդիկ այս բոլոր դեպքերի մասին պատմում էին դառնությամբ, երբեմն` կարծես անտարբեր` խնդրել եմ, իրենք էլ պատմում են, երբեմն՝ մեծ հուզականությամբ: Այդ բոլոր պատմությունները վկայում են համատարած դժոխային կյանքի մասին: Բայց այդ մարդիկ զրույցի վերջում, երբ արդեն խաղաղված են անցածի հիշողություններից, ասում են, թե իրենք երջանիկ են ապրել: Ես զարմանում են, թե որն է դրա երջանկությունը: Ուզում եմ ասել, որ երջանկությունն այնպիսի զգացողություն է, որին նախապատրաստում չկա, միջավայր ու մթնոլորտ չկա: Ենթադրում եմ, որ անգամ համակենտրոնացման ճամբարում կարող է այդ զգացողությունը պատահել: Ես, իսկապես, չեմ կարող ասել, թե ինչ է նշանակում երջանիկ հասարակություն: Այն բոլոր երկրները, որոնք նշվում են իբրև երջանկության բարձր ցուցանիշներ ունեցող պետություններ, ես չեմ տեսնում այդ երջանկությունն այնտեղ ապրող մարդկանց անհատական պատմություններում: Եվ ես չգիտեմ, թե որն է հասարակական երջանկությունը, երբ առանձին մարդկանց անհատական պատմություններում չկա այդ երջանկությունը: Պարզապես այնտեղ կարգավորված է վարչարարարությունը, աշխատելու դեպքում ընդհանուր առմամբ կարող են հասնել իրենց առջև դրված խնդիրներին: Օրինակ, Խորհրդային միությունը, մասնավորապես իր վերջին երեսուն տարիներին, տեքստերով, մարկերներով, պլակատներով շատ բարձրաձայնում էր իր երջանիկ հասարակության մասին: Իհարկե, հասարակության զգալի հատված դրան ծիծաղելով էր վերաբերում և իհարկե, չեմ կարող ասել, թե սովետական հասարակությունը երջանիկ էր, թեպետ այնտեղ կոնսենսուսային համաձայնություն կար վարքի, ասելիքի-չասելիքի սահմանի, թաքուն և բացահայտ ծիծաղելու մասով:

Այսպիսի դեպք հիշեցի. Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ՀՀ նախագահ էր: Քանի որ տրանսպորտ չկար, մարդիկ Մասիվից ոտքով էին իջնում աշխատանքի: Ճանապարհին ծանոթ մարդիկ էին հանդիպում: Այդպիսի մի օր իջնում էի աշխատանքի և ճանապարհին տեսա Մատենադարանի մի տարեց աշխատակցի` սիբիրներում ապրած, ռեպրեսիաներ տեսած մի մարդ, որ մեր աղբյուրներից մեկի լավագույն հրատարակողն էր: Անձրևոտ օր էր` շատ լավ հիշում եմ: Բարևեցինք, հանգիստ խոսելով գնում էինք, մեկ էլ այդ մարդը կանգնեց ու սկսեց գոռալ. «Կգնաս, կգնաս Լևոնին կասես, որ ե'ս, ե'ս շաքար եմ ուզում: Աքսորի տարիներին ես Սիբիրում շաքարով եմ ապրել, հիմա օրերով շաքար եմ ուզում»: Այստեղ հարցը Լևոն Տեր-Պետրոսյանը չէր, կոռուպցիան չէր, խնդիրը մեր երկրի ընդհանուր վիճակն էր և գուցե նաև ստեղծված իրավիճակում ոչ բոլոր լծակներին տիրապետելն էր, որ այդ աստիճան խեղճացած էինք: Սա, իհարկե, ընդհանուր ողբերգություն էր և ոչ անհատական, բոլորս հասկանում էինք իրավիճակը, բայց լինում էին այդպիսի պոռթկումներ: Մինչև հիմա այդ մարդու «ես շաքար եմ ուզումը» ականջներումս է: Այո, մեր հասարակությունը շատ դաժան փորձություններ անցավ: Հատկապես իմ սերունդը շատ ծանր շրջաններ անցավ, որ հիմա  համարում եմ իմ կուտակած հարստությունը: Այնուամենայնիվ, կարծում եմ, այդ ծանր փորձությունները շատ հաճախ ոչ այնքան օբյեկտիվ, որքան սուբյեկտիվ պատճառներով էին առաջացել, և այնպես չէ, որ մենք չէինք տեսնում և չէինք հասկանում դա, այնպես չէ, որ մենք օբյեկտիվ պատճառների կարևորությունը հասկանալով` չէինք նկատում հանրային դարձած էգոիզմն ու մեր կորուստները: Բայց սա մեր կյանքն էր, մենք անցանք այդ ճանապարհը, և ես այդ ընթացքում և' երջանիկ, և' խոր դառնության պահեր եմ տեսել:

Տարիներ շարունակ հետազոտել ենք աղքատությունը, և, ահա, իմ հետազոտություններից մեկի ժամանակ մի ընտանիքի պատմությանը ծանոթացա. երկու եղբայր` իրենց կանանց և երեխաների հետ, երկու քույր, որոնցից մեկը երեխաներ չունի, իսկ մյուսը երեխա ունի, բայց ամուսին չունի: Եվ այդ ամբողջ խումբը նստած է ամուսին չունեցող կնոջ ուսերին. եղբայրները հարբեցող են, քույրը հոգեկան խնդիրներ ունի: Եվ այդ կինն իր 14 տարեկան տղայի հետ ամառ թե ձմեռ` օրը 12-13 ժամ, փողոցից փողոց տեղափոխվելով` արևածաղիկ և ադիբուդի էր վաճառում: Տանը սառնամանիք էր, տնից սառած, հոտած կարտոֆիլի և փչացած թթու կաղամբի, լավագույն դեպքում` օճառաջրում մնացած լվացքի հոտ: Զգացե՞լ եք այդ հոտը երբևէ: Ես այն  շատ լավ եմ ճանաչում, աղքատության հոտն է: Եվ այդ կինը գտնում էր, որ դա իր խաչն է, ինքը պիտի այն տանի, ինքը չի կարող փախչել դրանից. ու՞մ թողնի հարբեցող եղբոր երեխաներին: Ես նրան ասում էի` «Դե, եղբայրներդ հարբեցող են, բայց երեխաները մայր ունեն, դու էլ ես մայր, վերցրու քո երեխային և առանձնացիր»: Ասում էր` «Ո՞նց թողնեմ»: Ամբողջ ժամանակ այդ կինն անիծում էր իր վիճակը, բայց նա տանում էր իր բեռը: Պետք է ասեմ, որ ես այդ կնոջ աչքերում մարդկային բարձր զգացմունքներ և ապրումներ եմ տեսել: Նաև` երջանկության ապրում եմ տեսել. տղայի մոտ հիվանդություն էր կասկածվում, հերքվեց, և այդ կինը երջանիկ էր, կարծես, ամբողջ թշվառությունը չկար, կար միայն որդու առողջությունը:

Չեմ կարող ասել, թե երջանկությունը պերմանենտ և կամ համահասարակական զգացում է: Բայց կարծում եմ, որ այն ավելի հասանելի է մեծ դժվարություններով անցած մարդկանց, քան հարաբերականորեն անխռով կյանք ունեցողներին: Գուցե սխալվում եմ, բայց իմ տեսածն ու փորձն այդպիսին է: 

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3551 դիտում

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան

Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ

ԱՄՆ-ն ավելի քան 271 հազար միգրանտի է արտաքսել

Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման. նորանշանակ նախարարները երդվել են. տեսանյութ

Ավարտում եմ աշխատանքս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում. Հարությունյան

Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում

Գողացած սրճեփ սարքը ինքնագլորով տեղափոխել են այլ փողոցի բենզալցակայանի մոտ. երիտասարդներ են ձերբակալվել