Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Քննարկման նպատակը հետևյալն է՝ այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես հետևել եմ բոլոր զեկույցներին և նաև հրապարակային հարցազրույցներին, մասնավորապես, Քննչական խմբի ղեկավարի:
Ցանկանում եմ մենք սկզբից հարցերով անցնենք, որ այս ընթացքում նաև ծագած հարցերին պատասխաններ ստանանք, որպեսզի մեր դիրքորոշումները հստակեցնենք: Այս նպատակով ես հարցեր կուղղեմ, կբարձրացնեմ, և ներկաներից, ով կունենա պատասխանները, կարձագանքի:
Գանք ամենասկզբից, պարոն Գրիգորյան: Քրեական գործը հարուցվել է հուլիսի 20-ին: Ես ուզում եմ հասկանալ քրեական գործի հարուցման առիթը ո՞րն է եղել: Ես հիշում եմ, որ ես Ձեզ գրություն էի ուղարկել. այդ գրությո՞ւնն է եղել քրեական գործի հարուցման առիթը, թե՞ մինչ այդ հարուցված էր քրեական գործը»:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ի պատասխան նշել է.
«Քրեական գործի հարուցման առիթը, ըստ էության, նախկին փոխոստիկանապետի գրությունն էր, որը մենք դիտեցինք որպես հաղորդում: Ապա ինքն արձագանքեց, որ դա հաղորդում չէ, մենք հիմնավորեցինք, որ դա հաղորդում է, բայց իրեն այդ մասին չտեղեկացրեցինք: Ըստ էության, իրավաբանորեն մենք ճիշտ ենք: Մինչև ժողովն սկսելը,պարոն վարչապետ, մենք Ձեզ համար վեր ենք հանել թերությունները, «Էլարդ»-ի, «Լիդիան»-ի արձագանքները և մեր վերլուծությունը: Կարծում եմ՝ Ձեզ պիտանի կլինի: Թույլ տվեք ներկայացնել»:
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Ես հետևեցի նաև մեկնաբանություններին, բայց ևս մեկ անգամ ճշտելու համար ուզում եմ հասկանալ՝ քրեական գործը հարուցվելուց հետո Քննչական խումբը, ճի՞շտ եմ հասկանում, որ հավաքել է դաշտում եղած ամբողջ ինֆորմացիան բաց աղբյուրներից, այսինքն՝ դեմ, կողմ, բաց նամակներ և այլն: Այդ ամեն ինչը հավաքվել է քրեական գործում, մինչ այդ եղած փաստարկներից որևէ մեկը քրեական գործի նյութ է դարձել, և ամբողջը դարձել է քրեական գործի նյութ»:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նշել է. « Պարոն վարչապետ, քրեական գործը հարուցելուց հետո ոլորտի առաջատար մասնագետները՝ համալսարանների, ակադեմիայի և ոլորտում հեղինակություն վայելող այլ մասնագետներ, բոլորը ներգրավվել են որպես փորձագետներ: Ապա փորձաքննությունը հանձնարարվել է «Ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, որից հետո, երբ արդեն քննարկումները թեժացան, երբ մենք հասկացանք, որ «Գոլդերի» եզրակացությանը պետք է արձագանքի ևս մեկ հեղինակավոր միջազգային կազմակերպություն, նոր մենք հանձնարարեցինք միջազգային փորձագետներին փորձաքննության կատարումը: Իսկ մինչ այդ ոլորտի բոլոր առաջատար մասնագետները ներգրավված են եղել»:
Շարունակելով վարչապետը հարցրել է. «Եղե՞լ են մարդիկ, որոնք դրա հետ կապված տեղեկատվություն են տրամադրել, հրապարակային խոսել են և այլն, որպես վկա հրավիրվել, հարցաքննվել: Այսպիսի երևույթներ եղե՞լ են»: Հայկ Գրիգորյանը հայտնել է. «Այո, մասնավորապես, ճիշտն ասած, այդ կնոջ անունը չեմ հիշում, ով պնդում էր, որ Ապոլոն տեսակի թիթեռ է այնտեղ բնակվում և սնվում է ոզնաթուփ մեխակով: Այո, նմանատիպ բոլոր անձինք՝ որպես վկա, հարցաքննվել են մեզ մոտ»:
Նիկոլ Փաշինյանը խնդրել է անդրադառնալ մրցույթի փուլին, երբ «Էլարդ» ընկերությունն ընտրվել է:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է.
«Երբ փորձաքննության հարցն արդեն ակտուալ էր դառնում, Շրջակա միջավայրի նախարարությունը տարբեր միջազգային կազմակերպություններից փորձեց հասկանալ, թե ով նման փորձաքննություն կարող է անել, մասնավորապես, «NRGI»-ի կողմից՝ National Resource Government Institutе: Սա ինստիտուտ է, որը EITI կազմի անդամ է: Կարծում եմ՝ տիկին Շուշանյանն ավելի լավ կբացատրի»:
Հանդիպման մյուս հատվածի սղագրությունը, որ տրամադրվել է վարչապետի աշխատակազմի կողմից, ներկայացնում ենք առանց խմբագրման ստորև՝
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան – Պարոն վարչապետ, NRGI-ը, կարելի է ասել, հասարակական կազմակերպություն է՝ ուղղակի գլոբալ մակարդակի: Բավական հեղինակավոր, բնական ռեսուրսների կառավարման ինստիտուտ, միջազգային գլոբալ կոալիցիա է և ներկայացնում է քաղհասարակության հատվածը: Նույն EITI-ում՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունում, այն հանդես է գալիս որպես քաղհասարակության սեկտորի ներկայացուցիչ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, մենք կապվեցինք տարբեր կազմակերպությունների հետ, ովքեր խորհուրդ էին տալիս՝ ինչ կազմակերպություն կարող է նմանատիպ փորձաքննություն անել: NRGI-ի խորհրդով նաև ուղիղ կապ է հաստատվել, եթե չեմ սխալվում, սկզբում Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Էլարդ» ընկերության հետ, որը համարվում էր այս տարածաշրջանում այդ գործի մասնագետը և մի ընկերություն, որը կարող է նմանատիպ գործ իրականացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- NRGI-ն այս խնդիրներով զբաղվող գլոբալ ընկերակցությո՞ւն է, որտեղ տարբեր կազմակերպություններ են, տարբեր երկրներ, այո՞:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Եթե ես տիկին Շուշանյանին ճիշտ հասկացա, EITI-ում միշտ ենթադրվում են մի քանի խաղացողներ մեկ սեղանի շուրջ: Օրինակ՝ մեզ մոտ դա կառավարությունն է, բիզնեսն է և քաղհասարակությունն է: Երբ մենք քննարկում էինք Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հետ մեր գործողությունները, քաղհասարակության ճյուղը տարբեր ՀԿ-ներից էր կազմված: Ենթադրում եմ, որ EITI խորհրդում NRGI-ն ամենաբարձր մակարդակում գտնվող քաղհասարակության հասարակական կազմակերպությունն է: EITI-ը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունն է, որը միջազգային նախաձեռնություն է, որի անդամ ենք նաև մենք, և որոշակի պարտավորություններ ունենք ստանձնած այդ կազմակերպության անդամ լինելով հանդերձ, որով մենք պարտավորվել ենք ապահովել արդյունահանող ճյուղերում թափանցիկություն՝ օրենսդրական մակարդակում և նմանատիպ գործընթացներում: Մեզ մոտ, օրինակ, այն մեծ փաթեթը, որ արդյունահանող ճյուղերում ընկերությունների սեփականատերերի բացահայտումն էիք պարտադրում, ընդունել ենք EITI նախաձեռնության շրջանակում: Ֆորմատըն հետևյալն էր՝ կառավարություն, բիզնես և քաղհասարակություն իրար հետ քննարկումների միջոցով, կոնսենսուսով գալիս են վերջնական համաձայնությունների, թե ինչպիսի փաթեթ պետք է ներկայացվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Տեխնիկական առաջադրանքը ձևակերպելու համար պետք է միջազգային կառույցի դիմեինք: Մենք դիմեցինք միջազգային կառույցի, իրենք էլ ասացին՝ ձեր տարածաշրջանում այսպիսի մի կազմակերպություն կա՞, իրենց հետ աշխատե՞ք:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Հիմա մրցույթի փուլին անդրադառնանք: Այդ տեխնիկական առաջադրանքի հիման վրա հայտարարվեց միջազգային բաց մրցույթ, և մասնակցել է 2 ընկերություն: Այստեղ, իմիջայլոց հակասություն կա, մի տեղ գրվում է բուլղարական ընկերություն, մի տեղ գրվում է կանադական:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Մասնակցել է բրիտանական «WSP» ընկերությունը:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ բրիտանական այդ ընկերությունը նախկինում կատարել էր Թեղուտի պոչամբարի փորձաքննությունը, որն այնքան էլ արդյունավետ չէր կատարվել, այդ իսկ պատճառով բնապահպանների ոլորտում ստվերվել էր իրենց համբավը: Մենք, բնականաբար, նախապատվությունը տվեցինք «Էլարդ»-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Իսկ «TRC» ընկերությունն ի՞նչ ընկերություն է: Տեղեկանքներում գրված է, որ իրենք «Էլարդ»-ին ենթակապալառու են եղել, այսինքն՝ «Էլարդ»-ին աջակցել են:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - «TRC» ընկերությունն ամերիկյան դարձյալ աշխարհահռչակ ընկերություն է: «TRC» ընկերությունից հրավիրվել էին ջրերի ոլորտի մասնագետները, մասնավորապես, ովքեր հենց երկրաբանության և ջրերի վերաբերյալ փորձաքննությունն են իրականացրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ: Հիմա, ըստ էության, «Էլարդ»-ը մրցույթին մասնակցում է, և այս տրամաբանությամբ փաստորեն հետագայում է «TRC»-ն միացել, այո՞, թե՞ ի սկզբանե մրցույթի ժամանակ մենք իմացել ենք, որ իրենք էլ են ներգրավվել:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Տեխնիկական առաջադրանքի հետ միաժամանակ որպես տեխնիկական առաջադրանքի բաղկացուցիչ մաս նաև պահանջ էր դրվել՝ ընկերությունները ներկայացնեին փորձագետների ցանկ, այդ փորձագետներին որակավորման բոլոր մանրամասն չափանիշները, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք կհրավիրվեն «Էլարդ»-ի կողմից մասնակցելու փորձաքննությանը, որպեսզի հնարավորություն ունենայինք պարզելու, թե եթե անգամ հրավիրված փորձագետներ լինեն, նրանք որևէ առնչություն չունենան «Լիդիան» ընկերության հետ, որևէ ձևով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այսինքն՝ այդ մասերը լիարժեք ստուգվե՞լ են:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան- Այո, նրանք ընդհանրապես Հայաստանում որևէ գործունեություն չեն իրականացրել և որևէ առնչություն չեն ունեցել ոչ միայն «Լիդիան»-ի, այլև հետազոտությունն իրականացնող ընկերությունների հետ: Իսկ «WSP»-ի պարագայում կային նման կասկածներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հիմա ուզում եմ հասկանալ՝ «TRC» ընկերությունը նույնպես միջազգային հեղինակություն համարվող ընկերությո՞ւն է: Եվ հիմա, ըստ էության, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս մրցույթին մասնակցելով՝ «Էլարդը», ըստ էության, մասնակցել է՝ որպես այս միջազգային կառույցի ներկայացուցիչ՝ նաև հաշվի առնելով, որ մյուս ամերիկյան ընկերության հետ իրենք փաստորեն կոալիցիայի մեջ են եղել:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, քանի որ մենք տեխնիկական առաջադրանքը շատ լայնածավալ և մանրակրկիտ տվել էինք և «Էլարդ»-ի մասնագետները դրանց ծանոթացել էին, իրենք իրենց հերթին, որպեսզի իրենց գործունեությունը, գործողությունները համապատասխանեցնենք Քրեական դատավարության պահանջներին, մենք իրենց ասել էինք, որ յուրաքանչյուր այն անձին, ով ինչ-որ մի գործառույթ կատարելու է, իրենց ներկայացնեն՝ մեր կողմից փորձագետ ճանաչելու համար: Իրենք այդ անձանց տվյալները մեզ ներկայացրել են, մենք իրենց առանձին որոշումներով ճանաչել ենք փորձագետներ: Եվ, կհիշեք, մայիսի վերջերին, երբ իրենք նախնական ներկայացնում էին կառավարությունում, այդ ոլորտի անձինք էլ էին նստած: Իհարկե, իրենցից մեկն էր խոսում, 1-2-ը, բայց իրենք էլ էին նստած ու իրենց մասով ներկայացնում: Մենք ընթացակարգերը պահպանել ենք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ: Հիմա գանք փորձաքննությանը: Հիմա տեսեք, երբ Դուք ներկայացնում էիք և՛ աշխատանքային քննարկման ժամանակ, և՛ կառավարության նիստում, Դուք հասկանալիորեն ներկայացնում էիք եզրակացությունը՝ մեզ հուզող 3 հիմնական կետերի վերաբերյալ: Դա պարզ էր, հասկանալի էր և հստակ էր, բայց հիմա մենք ի՚նչ իրավիճակում ենք. երբ կարդում ենք բուն, ծավալուն փաստաթուղթը, հանդիպում ենք բազմաթիվ ձևակերպումների, որոնք հարցեր են առաջացնում: Այսինքն՝ այդ ձևակերպումների մեջ, հիմա ես չմեջբերեմ, բայց ասենք, օրինակ, կա «աղբյուրների և հորերի ստորերկրյա ջրերի որակի ելակետային տվյալները թերի են, ԲՍԱԳ-ից… ԲՍԱԳ-ը ի՞նչ էր։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան- Պարոն վարչապետ ՇՄԱԳ-ից զատ, որը մեր օրենսդրության պահանջն է, «Լիդիան» ընկերությունը նաև պատրաստել է փաստաթուղթ՝ ԲՍԱԳ, որը միջազգային ստանդարտներին համապատասխանեցման համար էր և միջազգային ֆինանսական կառույցներից փող ստանալու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- ԲՍԱԳ-ից հետևում է, որ հետազոտության ընթացքում այցելություններ չեն կատարվել բոլոր հնարավոր աղբյուրներ, ընդ որում՝ հետազոտություններն անցկացվել են չոր եղանակին, դրանց ազդեցությունը պատշաճ չի կարող գնահատվել և այլն: Ավելի խիստ ձևակերպումներ կան: Իհարկե, «Էլարդ»-ի հետ մեր աշխատանքային քննարկման ժամանակ այս նախադասությունները հնչել էին, և մեր եզրակացությունն այն էր, որ այս պնդումները պետք է քննվեն՝ հասկանալու համար, թե ինչքանով են դրանք համապատասխանում:
Սա կարևոր նյուանս է, որովհետև հիմա մենք պետք է նաև մեր հանրային քննարկումների ժամանակ արձանագրենք, որ կա «Էլարդ»-ի եզրակացությունը, որը քրեական գործի նյութերի մի մասն է: Քննչական խմբի ղեկավարը, ճիշտ է, իր հարցազրույցներում դա ասում է, բայց մի քիչ տեմինաբանորեն է ասվում և երևի լայն հանրության համար ընկալելի չէ՝ անընդհատ նշելով, որ քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցությամբ է գնահատվում ամեն գնահատական: Այսինքն՝ հիմա Քննչական կոմիտեի ասածի տրամաբանությունը հետևյալն է՝ այո, այստեղ կան գնահատականներ, այդ գնահատականները քրեական գործի շրջանակում քննվել են և դրանց արդեն տրվել է գնահատական: Բայց հիմա հարց է ծագում՝ այսինքն՝ տրամաբանությունն է, որ եթե այստեղ գրված է, որ ինչ-որ բան չի համապատասխանում իրականությանը և այլն, վարույթն իրականացնող մարմինը հրավիրել է, ասենք, վկայի կամ «Լիդիան»-ի ներկայացուցիչներին, և այս թեմայի հետ կապված հարցեր է տվել: Եվ այդ բոլոր հարցերի հետ կապված փարատվե՞լ են «Էլարդ»-ի բարձրացված հարցերը, դրա հետ կապված կասկածները: Ես ճի՞շտ եմ հասկանում: Այսինքն՝ մենք հիմա վստահ կարող ենք աել, որ «Էլարդ»-ի կողմից նշված, բարձրաձայնված թերությունների վերաբերյալ տարվել է քննություն, և ստացվել են պատասխաններ և եզրակացություններ:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, իրավացի եք: Ես կարող եմ երկու ձևով ներկայացնել՝ ամփոփ և ընդարձակ: Առաջարկում եմ սկզբում ամփոփ ներկայացնել, եթե չբավարարի՝ անցնեմ ընդարձակին: Իրականում «Էլարդ» կազմակերպությունը յուրաքանչյուր կետով՝ դա վերաբերում է երկրաբանությանը, երկրաքիմիային և այլն, բոլոր կետերով իրենք ներկայացնում են մի շարք թերություններ: Ըստ էության, թերությունները վերաբերում են, այո, ելակետային տվյալներին, ստորգետնյա ջրերի քարտեզագրման մոդելավորմանը և մի շարք այլ թերություններ: Մեր վերջին քննարկման ժամանակ, երբ մասնակցում էին նաև «Էլարդ»-ի փորձագետները, մենք որոշում կայացրեցինք, որ առավել նպատակահարմար և արդյունավետ կլինի «Լիդիանի» մասնագետներին ներգրավելը՝ որպես այդ փորձաքննության կողմ, որպեսզի նրանք միմյանց կարծիքներով փոխանակվեն, մեկը մյուսին ապացուցի իր ճշտությունը կամ անճշտությունները: Եվ, ըստ էության, բոլոր կետերին «Լիդիան»-ը պատշաճ արձագանքել է, որում «Էլարդ»-ի մեկնաբանությունները և գնահատականները երբեմն այդքան էլ արդյունավետ և համոզիչ չեն լինում, ինչքան «Լիդիան»-ինը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այստեղ հարց է ծագում՝ ո՞վ է դրա գնահատողը. այսինքն՝ 2 փորձագետ խոսում են իրենց փորձագիտական լեզվով, մենք լսում ենք: Պարզ է, որ վարույթն իրականացնող մարմինն է գնահատողը, բայց վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ ասել է, որ այս խնդիրները հասկանալու համար պետք են հատուկ գիտելիքներ, և դրա համար մենք փորձաքննություն ենք նշանակում: Հիմա 2 կողմի փորձագետներ իրենց լեզվով խոսում են, մենք ո՞նց ենք գնահատում՝ իրենցից ով է ավելի ճիշտ ասում:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, գնահատման առաջին չափորոշիչն այն է, որ «Էլարդ»-ը, այդ թերություններով հանդերձ, ասում է, որ լրացուցիչ մեղմման միջոցների կիրառման պարագայում այդ ամբողջ վտանգները չեզոքացվում է և ռիսկերը դառնում են կառավարելի: Գնահատման երկրորդ չափորոշիչը, որ «Լիդիան»-ը ասում է՝ այո, ես համաձայն եմ, և դրանք կիրառում եմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դրանք ՇՄԱԳ-ի մեջ կա՞ն:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Պարոն վարչապետ, «Լիդիան»-ը որդեգրել է ճկուն քաղաքականություն, ինչը նշանակում է, որ եթե մեղմման միջոցներից մեկն իրեն չարդարացնի, ապա ինքը պարտավորվում է, այդ մեղմման միջոցներից բացի, կիրառել լրացուցիչ կամ մեկ այլ: Գնահատման չափորոշիչները սրանք են՝ «Էլարդ»-ը ասում է՝ այո, ելակետային տվյալները սխալ են, այո, ինչ-որ ստորերկրյա ջրերի մոդելավորում սխալ է, այո, ինչ-որ մի բան ճիշտ չի գնահատվել, ինչ որ մի բան, օրինակ, գոլորշիացումը «Լիդիան»-ի կողմից գերագնահատվում է և այլն, բայց, այնուամենայնիվ, եթե այս մեղմացուցիչ լրացուցիչ միջոցները կատարվում են, դրանք ամբողջը չեզոքացվում են: Մեր գնահատման չափորոշիչը դա է եղել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Կներեք, այստեղ ուրիշ հարց է ծագում. եթե այն տվյալը այդքան էլ ճիշտ չէ, վերադառնալով մեր քրեական գործի նյութին և առարկային, որտեղ ասվում է, որ բնապահպանական, այսինքն՝ առիթն այն է, որ ռիսկերը թաքցնելու վերաբերյալ է, այդ դեպքում այդ փաստը, որը ճշգրիտ չէ, բավարար չէ և այլն, սա քրեաիրավական գնահատականի արժանի փաստ չէ՞, թե՞ «Լիդիան»-ի փաստարկներով դրանք փարատվել են:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, այստեղ խոսքը գնում է ոչ թե ելակետային տվյալները թաքցնելու մասին, այլ, ըստ «Էլարդ»-ի, ելակետային տվյալները բավարար չեն: «Լիդիան»-ն իր տեսակետը ներկայացնում և հիմնավորում է, որ բավարար են, օրինակ, ասում է՝ մենք առաջնորդվել ենք Գարդ ուղեցույցով, «Էլարդ»-ն ասում է, որ կարելի էր մեկ այլ ուղեցույցով առաջնորդվել, «Լիդիան»-ն ասում է՝ ոչ, ես Գարդով եմ առաջնորդվել: Մյուս պարագայում «Լիդիան»-ն ասում է՝ ես Սոպեկի մեթոդն եմ կիրառել, «Էլարդ»-ն ասում է՝ կարելի էր նաև Պակերի մեթոդը կիրառել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեթոդաբանակա՞ ն բանավեճ է:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ և՛ մեդոթաբանական, և՛ գիտական, և՛ շատ նեղ ոլորտային մասնագիտական, որում մենք, ըստ էության, պարտավոր ենք լսել 2 կողմերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հաջորդ հարցը.՝ «Լիդիան»-ին ներգրավելը և իրենց լսելը պարտավորությո՞ւն է, թե՞ հայեցողություն:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Դա փորձաքննության ընթացքում հայեցողությունն է, բայց եթե եզրակացությունն ստանալու ժամանակ ինքը ներկայացնում է եզրակացության ծանոթացման փուլում մի շարք հիմնավոր նկատառումներ, միջնորդություններ, հայտարարություններ և այլն, և եթե վարույթն իրականացնող մարմինը համարում է դա հիմնավոր, որի պատճառով, ստացվում է, եզրակացության արդյունքները դնում են կասկածի տակ, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կրկնակի փորձաքննություն նշանակել: Այսինքն՝ փորձաքննության փուլում ներգրավելը հայեցողական է, բայց եթե փորձաքննության ավարտից հետո ներկայացնում է հիմնավոր միջնորդություններ, որը կասկածի տակ է դնում եզրակացությունը, ապա այդ ժամանակ պարտավոր է կրկնակի նշանակել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ հիմա այդպիսի իրավիճակի մեջ չե՞նք, եթե «Էլարդ»-ն ասում է՝ այս, այս թերությունները կան, «Լիդիան»-ը հերքում է: Այստեղ հաջորդ հարցն է ծագում՝ այստեղ «Էլարդ»-ի վստահելիության հարց առաջանո՞ւմ է, թե՞ չի առաջանում, թե՞ դա նորմալ է այդ պրոցեսներում:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, դրանք զուտ գիտական վեճեր են՝ կապված մեթոդաբանության, ստանդարտների, մոտեցումների հետ: Եվ, ըստ էության, մեր կարծիքով՝ մենք շատ ճիշտ ենք արել, որ «Լիդիան»-ին ներգրավել ենք հենց այդ փուլում փորձաքննությանը, որովհետև իրենք հիմնավոր հակադարձում էին «Էլարդ»-ի տեսակետներին: Այստեղ մեկ այլ հարց է՝ «Էլարդ»-ը համաձայնո՞ւմ է դրան, թե՞ ոչ, «Լիդիանը» դրան համաձայնո՞ւմ է, թե՞ չի համաձայնում: Իմ կարծիքով՝ այստեղ կարևորն այն է, որ, ի վերջո, փորձագիտական խումբը հանգում է այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, մեղմման լրացուցիչ միջոցների, միջոցառումների կիրառման պարագայում այդ բոլոր վտանգները չեզոքացվում են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ կապ չունի ելակետային տվյալների ի՞նչ հակասություններ կան, եզրակացության փուլում նրանք, ըստ էության, գալիս են համաձայնության՝ և՛ «Լիդիան»-ը, և՛ «Էլարդ»-ը:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Գալիս են համաձայնության՝ արդյունքի և հետևանքի վերաբերյալ: Գալիս են հետևության, որ երբեմն «Էլարդ»-ը ասում է, որ, այո, ողջամիտ, ճիշտ է, ելակետային տվյալները սխալ է, մոդելավորումը սխալ է, բայց մեղմման միջոցը ողջամիտ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց «Լիդիան»-ն այդ պնդումներին հակազդո՞ւմ է, ինչ-որ հակափաստարկ կա՞: Ինքն ընդունում է, որ սխա՞լ է, թե՞ չի ընդունում, որ սխալ է:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Ինքը հիմնավորում է՝ ինչո՞ւ է, օրինակ,առաջնորդվել Պակերի մեթոդով, ոչ թե մեկ այլի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ի վերջո, այդ խոսակցությունն եմ ուզում հասկանալ: Եթե խոսքը գնում է, որ մոդելավորումը սխալ է, այդտեղ խոսակցությունը հանգում է մեթոդաբանությանը՝ այս ուղեցույցո՞վ էր պետք առաջնորդվել, թե՞ այն ուղեցույցով: Նկատի ունեմ՝ այդ 2 ուղեցույցներն էլ լեգիտի՞մ են: Հիմա ասենք, ենթադրենք, կարո՞ղ է այն ուղեցույցը, որով «Լիդիան»-ն առաջնորդվել է, գոյություն չունեցող ուղեցույց է: Մասնագիտական ստուգվե՞լ է դրանց լեգիտիմությունն այս պահին:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Այո, մասնագետների կարծիքների միջոցով, այո: Եվ այստեղ մեզ մոտ խնդիրը հենց այն է, պարոն վարչապետ, որ բախվում է երկու գիտական թեզ՝ տարբեր տեսակետներով, բայց որը, ըստ էության, հանգեցնում է մի արդյունքի: Հիմա «Էլարդ»-ն ասում է՝ ելակետային տվյալները բավարար չեն, բայց մեղմման միջոցը ողջամիտ է: Կամ մի դեպքում ասում է՝ քարտեզավորումը բավարար չէ, բայց եթե այս միջոցառումներն իրականացնեն՝ վտանգ չկա: Նրանք էլ ասում են՝ այո, մենք պարտավորվել ենք նաև այս միջոցներն իրականացնել, պարտավորվում ենք, եթե, օրինակ, պասիվ մաքրման համակարգն իրեն չարդարացնի, փոխարինենք այն ակտիվ մաքրման համակարգով, բայց սկզբում թողեք պասիվ համակարգը կիրառենք: Իհարկե, եթե տեսնենք խնդիր կա, մենք այն կփոխարինենք ակտիվ համակարգով: Այսպիսի նեղ մասնագիտական, գիտական, տեսական վեճ է, բայց արդյունքն ընդունելի է և համատեղ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Փաստորեն այս մեթոդը վերաբերում է, ես չեմ ուզում բոլոր կետերին հատ-հատ անդրադառնալ: Նկատի ունեմ այս կարգի աշխատանք «Էլարդ»-ի բոլոր առարկությունների հետ կապված արվել է: Այսինքն՝ որովհետև մի կետին մասին չէ խոսքը: Այստեղ սողունների մասին կա, թռչունների մասին կա, արջերի մասին կա առանձին: Նկատի ունեմ ամեն ինչի վերաբերյալ այս աշխատանքն արվել է: Ոչ թե ընդհանուր, այլ կետ-կետ մենք սրանով քրեական գործի մեջ գնացել ենք, ճի՞շտ եմ հասկանում:
Հիմա հաջորդ սկզբունքային հարցը, հետևյալ կետը՝ զեկույցում պասիվ համակարգի բաղադրիչները նկարագրելիս անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ GRE-ին 2017 թ. տվել է մաքրման համակարգի նույնատիպ հերթականությամբ՝ բացառությամբ նրա, որ առաջին աերոբմաքրման տարածքը փոխարինվել է անթթվային, կրաքարային դրենաժով: Հիմա այս մի քիչ բարդ հասկանալի նախադասության մեջ ի՞նչն է կարևոր, կարևոր է հետևյալ հանգամանքը, որ ՇՄԱԳ-ի ստացումից հետո և այսպիսի դրվագներ կան, որ ինչ-որ բան կամ փոխարինվել է կամ պատրաստվում է փոխարինվել: Հիմա այստեղ կարևոր գնահատման հարցը հետևյալն է. այս ամեն ինչը չի՞ նշանակում արդյոք կամ նշանակո՞ւմ է արդոք, կամ վերլուծվե՞լ է արդյոք, որ սա ենթադրում է, որ «Լիդիան»-ը պետք է նոր ՇՄԱԳ անցի: Այս հարցի գնահատականը տրվե՞լ է, թե՞ չի տրվել:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Պարոն վարչապետ, դրա մասին մենք իմացել ենք բոլորովին վերջերս, բայց, այնուամենայնիվ, վերլուծություններ կատարվել են, և մեր գնահատմամբ, «Լիդիան»-ը փոփոխություններ կատարել է կազմակերպչական ոլորտում՝ ոչ թե մեկ այլ ուղղություն, վեկտոր է հաղորդում իր գործողություններին, այլ ընդամենը կազմակերպչական բնույթի փոփոխություններ է նախատեսել կատարելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս հարցի վերաբերյալ ո՞վ ինֆորմացիա և ասելիք ունի: Խնդրեմ: Այսինքն՝ սկզբունքը հետևյալն է. անկախ նրանից՝ ինչքանո՞վ է լավ կամ վատ մեր օրենսդրությունը, բայց մեր այսօրվա օրենսդրությունը նախատեսում է, որ ամեն կարգի նախագծային փոփոխությունը պետք է ենթարկվի նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատմանը: Հիմա, մենք այս հարցի վերաբերյալ ունե՞նք եզրակացություն, թե՞ չունենք:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, երկու հիմնական հարցերին էր վերաբերում, մեկը հենց այդ պասիվ կայանի կրաքարով փոխարինմանը և մյուսը՝ ընդհանուր մեղմման միջոցներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ կներեք, քանի որ պարոն Գրիգորյանն անընդհատ դա շեշտում է, որ ինչքանով են այս կարգի փոփոխությունները տեղավորվում առկա ՇՄԱԳ-ի մեջ, ելնելով նրանից, որ «Լիդիան»-ն անընդհատ գրում է, որ ճկուն քաղաքականություն, ճկուն քաղաքականություն, այսինքն՝ սա էլ հաշվի առնենք:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, եթե հենց ՇՄԱԳ-ից խոսենք, հենց ՇՄԱԳ-ում գրեթե ամեն ինչը նախատեսված է եղել, այսինքն՝ նույնիսկ պասիվից ակտիվ կայան փոխակերպումը, եթե չեմ սխալվում, այսինքն՝ այդպիսի բան գրված է, որ եթե այս մի բանը չի աշխատում, այս մի բանով ենք փորձելու անել: Այնուամենայնիվ, զուտ իրավական տեսանկյունից նախագծում փոփոխությունների համար 2 տարբերակ կա դա ֆիքսելու. առաջին տարբերակը, երբ Բնապահպանական տեսչական մարմինն այցելում է ստուգմամբ, և նախագծում փոփոխություններ է ֆիքսում: 2018 թ. Բնապահպանական տեսչական մարմինն այցելել է և նախագծում փոփոխություններ չի ֆիքսել: Երկրորդը՝ երբ ինքն ընկերությունն է հայտարարում դրա մասին, որից հետևում է նոր գործընթաց՝ ՇՄԱԳ: Բայց, ընդհանուր առմամբ, կոնկրետ այդ կրաքարի վերաբերյալ, դա էլ դեռ գնահատման խնդիր ունի, արդյոք դա նախագծի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ: Եթե թույլ տաք, ավելի մանրամասն իմ օգնականն այս հարցով զբաղվել է, և մանավանդ մեղմման միջոցների մասով կկարողանա մեզ հստակ օգնել:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան - Հարգելի պարոն վարչապետ, եթե մենք առաջնորդվենք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի ձևակերպումներով, այդտեղ նախատեսվող գործողություն հասկացությունը սահմանվում է, որը ներառում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների մեջ նախատեսվող գործողություն, այսինքն՝ այն, ինչը պետք է ենթարկվի փորձաքննության, սահմանում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում, փակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ ցանկը համապարփա՞կ է:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Այո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ուրիշ դեպք մենք չունենք:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Ոչ: Սպառիչ թվարկման է:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան - Կազմակերչական բնույթի փոփոխություններ, որ բովանդակային փոփոխության չեն հանգեցնում այս նախատեսվող գործունեություն հասկացության մեջ չկան, բնականաբար, այսինքն՝ եթե մենք արդեն իսկ գնահատված ՇՄԱԳ-ի փաստաթղթերում ունենք նախատեսված անցում պասիվից ակտիվի կամ պասիվի որոշ տեսակների, որովհետև ես, ինչպես հասկանում եմ, անաերոբ մաքրողը և կրաքարային դրենաժորը մեկը մյուսին փոխարինող ինչ-որ լուծումներ են նույն համակարգի մեջ, ապա այդ դեպքում մենք նոր փորձաքննության անհրաժեշտություն չենք ունենում: Հետևաբար, եթե ՇՄԱԳ-ում այդ ամենը կարգավորված է, և հնարավորություն նախատեսվել է և արդեն իսկ գնահատվել է, որ անհրաժեշտության դեպքում «Լիդիան»-ն իր գործունեության ընթացքում կարող է անցնել մեկից մյուսին, հետևաբար, մենք կարող ենք գնահատել, որ դա արդեն փորձաքննության ենթարկված և ՇՄԱԳ-ում ներառված կարգավորում է: Իսկ հետագա տեխնիկական փոփոխությունների կամ մնացած այլ գործունեության հետ կապված, ինչպես արդեն նշվեց, կամ տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կարող է վերհանվել, կամ եթե ձեռնարկողն ինքն է այդ մասին հայտարարում և նախաձեռնում է փորձաքննության անցկացում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որ խնդրեմ, նորից կթվարկե՞ք ՇՄԱԳ անցնելու դեպքերը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան - Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում և փակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա ենթադրենք, անկախ նրանից, սա ՇՄԱԳ-ի մեջ գնահատվա՞ծ է, թե՞ ոչ, իմ մեջբերած այս դրվագը կարո՞ղ է գնահատվել որպես տեխնոլոգիական վերազինում, կարո՞ղ է գնահատվել այդպես:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Ես չեմ կարող պատասխանել, որովհետև դա ավելի մասնագիտական գնահատականի ենթակա հարցադրում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրեմ՝ ո՞վ կարող է պատասխանել:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան - Ուրեմն բացի «նախատեսվող գործունեություն» ձևակերպումից, օրենքում կա հոդված 21, որտեղ ասվում է՝ որ դեպքերում է փորձագիտական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչվում.
1. Երբ գործունեությունն իրականացնում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և եզրակացության պահանջների շեղումներով, որ Տեսչությունը պետք է երևի դա էլ իրականացնի և ուսումնասիրի:
2. Փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմին այդ մասին տեղեկացնելու:
3. Ի հայտ են եկել բնապահպանական նոր գործոններ, և ընդունվել է բնապահպանական նոր օրենսդրություն:
4-5 դեպքերում է, որ հնարավոր է՝ փորձաքննության եզրակացությունն ուժը կորցած ճանաչվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրում եմ այդ կետերը նորից մի հատ էլ անցնենք և հերթով արձանագրենք:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան - Առաջին կետը, երբ գործունեություն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և եզրակացության պահանջների շեղումներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք որևէ տվյալ ունե՞նք այս պահի դրությամբ: Կամ քրեական գործում նման տվյալ առկա՞ է, որ այսպիսի խնդիր կա:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Չունենք, պարոն վարչապետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ մասը նայել ե՞ք:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այո, նայել ենք:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Ըստ էության՝ դա քրեական գործի նախաքննության առարկայի մեջ չի մտել, բայց ամեն դեպքում ուսումնասիրություն կատարվել է, պարոն վարչապետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մինչև Ձեր հրապարակային հայտարարությունները այդ թեմային Դուք անդրադարձե՞լ եք, նայե՞լ եք և ի՞նչ եզրակացության եք եկել:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - ՇՄԱԳ-ի փոփոխությունները՝ պասիվ մաքրման համակարգից անցումը ակտիվ մաքրման համակարգի, ինչպես նաև տարբեր բաների կիրառումը չի առաջացնում ՇՄԱԳ-ի նախագծային նոր փոփոխություններ, որովհետև ՇՄԱԳ-ն, հանդիսանալով հիմնարար փաստաթուղթ, եթե արդեն իսկ նախատեսվում է միջոցառումների ցանկ, դա արդեն բավարար է, որպեսզի նոր ձևակերպումներ, դիզայնի փոփոխություներ չլինեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ հիմա Ձեր եզրակացությունն այն է, որ բոլոր այն փոփոխությունները, որոնք քրեական գործի, համենայնդեպս այս նյութերում, տեսնում ենք, արդեն իսկ գոյություն ունեցող ՇՄԱԳ-ի շրջանակո՞ւմ է:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Ճիշտ այդպես, պարոն վարչապետ: Ըստ էության, որովհետև եթե ՇՄԱԳ-ը իրավական տեսանկյունից դիտարկենք, ըստ այսպիսի ընկալման, մենք օրինակի համար ունենք սահմանադրություն, որը տալիս է երկրի հիմնական զարգացման ուղղությունները, այն միջոցառումները, որոնք մանրամասն կարգավորումներ են իրականացնում արդեն ներքին օրենսդրության մեջ: ՇՄԱԳ-ը հանդիսանում է այդպիսի հիմնարար փաստաթուղթ, տալիս է այդ ազդեցությունների գնահատումները և այն միջոցառումների ցանկը, որի հիման վրա հետագա բոլոր հետազոտությունները պետք է իրականացնել: Եվ, ըստ էության, եթե որևէ գործունեություն արդեն իսկ այդ հիմնարար փաստաթղթով նախատեսում է տարբեր դրա կիրառումներում տարբեր մոտեցումներն անթույլատրելի է առանց ՇՄԱԳ-ի փոփոխության:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա հետևաբար, այստեղ սկզբունքային հարցը հետևյալն է. պարոն Գրիգորյանն ասաց, որ մենք նոր ենք փաստարկն իմացել, բայց հիմա ստացվում է, որ Քննչական խումբը մինչ այդ անդրադարձել է այդ խնդրին: Հիմա դա նո՞ր փաստարկ էր, թե՞այնուամենայնիվ, Դուք անդրադարձել եք:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Խոսքը 2017 թ. ԹԱԴ կառավարման պլանի մասին է, որն արտացոլվել է 2016 թվականի գծագրում՝ որպես «Գեոթիմ 2016»: Ըստ ուսումնասիրության և պարզաբանման՝ դիզայնի և նախագծային հիմնարար փոփոխություններ այդ երկու փաստաթղթերում չեն եղել: Հիմա 2017 թվականին կազմվել է, որպեսզի ստորագրվի, ներկայացվի ֆինանսական կազմակերպություններին ֆինանսավորում ստանալու համար: Սակայն, ըստ էության, բովանդակային որևէ փոփոխություն այդ 2 փաստաթղթերում չեն եղել, և հետևաբար 2016 թ. «Գեոթիմ» ԹԱԴ կառավարման պլանը, ըստ էության, 2017-ի ԹԱԴ-ի կրկնությունն է՝ աննշան փոփոխություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ աննշան փոփոխությունները մեր օրենսդրությամբ ենթադրո՞ւմ են նոր ՇՄԱԳ, թե՞ չեն ենթադրում:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Հեղինակների անուններ կամ ստորագրություն, նման բաներ, պարոն վարչապետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ բոլորը «Գեոթիմ»-ից դարձել են «Լիդիան»:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Այո, պարոն վարչապետ, «Գեոթիմ»-ը դարձել է «Լիդիան» և այլն:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյան- Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ անգամ ՇՄԱԳ-ի փոփոխություն ենթադրենք, որ չի լինելու, ի հայտ են բերվել լրացուցիչ ռիսկեր, որտեղ «Լիդիան»-ը, որքան ես հասկանում եմ, ընդունել է և պարտավորվել է 16 կետերով մեղմել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ուրիշ բան եք ասում, հիմա դրան առանձին կանդրադառնանք: Խոսքը դրա մասին չէ: Հիմա այս փուլում մենք խոսում ենք մինչ այս պահը, մինչ այս քրեական գործի հարուցումը, մինչ «Էլարդ»-ի եզրակացությունը արված ինչ-որ փոփոխությունների մասին: Մենք այդ փոփոխությունների մեջ ունե՞նք այնպիսիները, որոնք ասում են մեզ, որ պետք է լինի նոր ՇՄԱԳ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, իհարկե, ես կխնդրեմ նաև տիկին Շուշանյանը հաստատի, բայց թթվային ապարների դրենաժին վերաբերող փաստաթուղթը, եթե չեմ սխալվում, ՇՄԱԳ-ի հավելված չէ: Այն առանձին մի փաստաթուղթ է, որն ուղղակիորեն հոժարակամ «Լիդիան»-ի կողմից տրվել է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ նախարարության խնդրանքով: Կոնկրետ այդ փաստաթղթի վերաբերյալ, ինչպես հասկանում եմ, նաև մեր օրենսդրությամբ ոչ մի հստակ պահանջ չկա, այսինքն՝ այդ փաստաթղթում նույնիսկ, այսպես ասած, խորքային փոփոխությունները պետք է որ չենթադրեն ՇՄԱԳ-ում փոփոխություններ, որովհետև դա ՇՄԱԳ-ի հավելված չի համարվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որպեսզի մենք ավելի հստակ հասկանանք, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան - Թթվային ապարների դրենաժի, ԹԱԴ-ի, կառավարման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչպես է կոչվում փաստաթուղթը՝ թթվային ապարների դրենաժի կառավարման պլան:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ դա ՇՄԱԳ-ի մաս չէ՞:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան - Ոչ:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան - Դա մանրամասն փաստաթուղթ է, որտեղ ներկայացված է թթվային դրենաժը, բայց դրանից ընդհանրացված եզրահանգումները ներառված են ՇՄԱԳ-ում, այսինքն՝ ՇՄԱԳ-ում ամբողջությամբ չեն ներառված, բայց եզրահանգումները, միջոցառումները ՇՄԱԳ-ում ներառված են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Փոփոխություններն այն մասո՞ւմ են արված, որը ներառված է ՇՄԱԳ-ում, թե՞ այն մասում են արված, որը ներառված չէ ՇՄԱԳ-ում:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան - Ամբողջը չէ: Դրանից հետևում է ամփոփ ՇՄԱԳ-ը: ՇՄԱԳ-ը դա ամփոփում է ամբողջ ազդեցությունը, իսկ թթվային դրենաժը ազդեցությունների մի մասն է: Այսինքն՝օրենսդրորեն գրված է, որ շրջակա միջավայրի վրա բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն, որից մեկը թթվային դրենաժն է:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Լիլիա Շուշանյան - Պարոն վարչապետ, այն փաստաթուղթը, որի մասին խոսում ենք՝ թթվային ապարների դրենաժի կառավարման պլանը, ինչպես պարոն փոխվարչապետը նշեց, իմ իմացած տվյալներով, ՇՄԱԳ-ի մեջ չի մտել: Այսինքն՝ ՇՄԱԳ փաստաթուղթը համարվում է այն փաստաթուղթը, որը Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատվում է՝ որպես հիմնադրույթային փաստաթուղթ: Բայց, իմ իմացած տեղեկատվությամբ, նախարարությանը այդ կառավարման պլանը տրամադրվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ եթե այդպես է, նախարարությանը կառավարման պլանը տրվել է, փոփոխություններո՞վ է տրվել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Լիլիա Շուշանյան -Ոչ: Ընթացքում, ի գիտություն որպես, քանի որ նախարարությունը խնդրել է, իմ իմացած տվյալներով, ապա այդ կառավարման պլանը նույնպես տրամադրվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարման պլանն ունի, այսպես ասած, ստորոտ և գագաթ: Այդ գագաթի մասը մտել է ՇՄԱԳ, հիմա այս ստորոտի մեջ, գագաթում փոփոխություն ենթադրե՞լ է, թե՞ ոչ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Լիլիա Շուշանյան - Հենց այդ և ոչ միայն այդ մասով ես կուզենայի, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հստակ նշեր, որ «Էլարդ»-ի կողմից որևէ արձանագրված փաստ, այսինքն՝ ՇՄԱԳ-ի փաստաթղթի փորձաքննություն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից, և առաջինը հենց իրենք պետք է ասեն որևէ փոփոխություն եղե՞լ է այնտեղ, թե՞ ոչ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եղե՞լ է այնտեղ փոփոխություն, թե՞ ոչ:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան - Այս իրավիճակում չի եղել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Սա արձանագրենք, հիմա շարունակությունն ասեք:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան - Պետք է լինի նախագծային փոփոխություն, որից ենթադրի նաև ՇՄԱԳ-ի փոփոխություն, այսինքն՝ պետք է փոխվեն նախագծային գծումները տվյալ հարցի շուրջ: Ենթադրենք ակտիվ համակարգ պետք է ներդրվի, չնայան դրա մասին ևս ՇՄԱԳ-ում կա անդրադարձ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե ՇՄԱԳ-ում դրան կա անդրադարձ, էլ ինչո՞ւ պետք է փոփոխեն կամ եթե ենթադրենք ՇՄԱԳ-ում կա այսպիսի ձևակերպում, մի քիչ դիլետանտավարի ասեմ, որովհետև շատ ծանոթ չեմ: Հնարավոր է՝ օգտագործենք պասիվ համակարգ, հնարավոր է՝օգտագործենք ակտիվ համակարգ, և այդ ՇՄԱԳ-ը Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատվել է: Եթե ես հաստատումից հետո այսօր ասում եմ՝ երևի կօգտագործենք պասիվ համակարգ, շատ լավ, արձանագրում ենք, բայց հաջորդ պահին ասում եմ, չէ, այնուամենայնիվ հանրային կարծիքը, ուրիշ փորձագետների կարծիքը լսելով, երևի օգտագործենք ակտիվ համակարգ: Այսինքն՝ չի՞ ստացվում, որ ՇՄԱԳ-ի սահմաններում է, ինչո՞ւ պետք է նոր ՇՄԱԳ անենք:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան - ՇՄԱԳ-ի սահմաններում է, ուղղակի ժամանակային առումով ակտիվն ավելի արագ կներդրվի, քան նախատեսվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա ուրիշ բան է: Դուք արդեն խոսում եք կիրառման մասին: Ես ասում եմ՝ եթե ՇՄԱԳ-ում այս 2 բևեռները ֆիքսված են, տրամաբանությունն այն չէ, որ 2 բևեռների մեջ ինչ տեղի ունենա, նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի բերելու:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան –Այո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այս մասը հասկանալի դարձավ: Ունե՞նք ավելացնելու բան:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո, պարոն վարչապետ, զուտ նաև մեղմման հավելյալ միջոցների մասին, որովհետև դա էլ ՇՄԱԳ-ի հետ ուղիղ կապ ունի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա հաջորդ մասը: Մենք խոսում էինք մինչև քրեական գործի հարուցումը կամ քրեական գործի քննության արդյունքում առկա այն տվյալների մասին, որոնք փոփոխության տվյալ են պարունակում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան - Պարզաբանման համար մի խնդրանք, պարոն վարչապետ, Շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերներին: Ես այսպես եմ հասկանում՝ եթե ՇՄԱԳ է գնացել այն կտորը, որ ասում է այդ հեղուկը, որ ենթադրենք դուրս է գալիս ակտիվ կամ պասիվ համակարգից, չի պարունակելու ավելի թթվայնություն , քան այսքան, այսինքն՝ շեմ է սահմանվում, ուրեմն դա նորմալ է, շրջակա միջավայրի ազդեցության տեսանկյունից վտանգավոր չէ: Թե այդ հեղուկի մեջ թթվայնության աստիճանն իջեցնելու ակտիվ համակարգ կօգտագործի՞, թե՞ պասիվ համակարգ, 2-ն էլ այդպե՞ս է:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Չէ, պարոն Խաչատրյան, այդպես չէ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տրամաբանությունն այդպե՞ս չէ, որ ասի թթվայնությունը մաքսիմալ այսքան է, սրա համար կամ պետք է պասիվ անեմ կամ էլ պասիվ կանեմ, եթե տեսնեմ արդյունավետ չի, կանցնեմ ակտիվին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Դա ճիշտ տրամաբանությունն է, պարոն վարչապետ: Ցավոք, մեր օրենսդրությամբ նույնիսկ մեկ միլիմետր շեղման դեպքում նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատական է պահանջվում, և Շրջակա միջավայրի նախարարության կողմից արդեն օրենսդրության փոփոխությունների փաթեթը պատրաստվել է, և աբսուրդը հասնում էր այն աստիճանի, որ ասենք, եթե տարվա ընթացքում իրեն թույլ էր տրված արդյունահանել ենթադրենք 10 հազար տոննա, և նա արդյունահանում էր 9999 տոննա, ստացվում էր, որ նա նորից շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի այդ ամբողջ պրոցեսով պետք է գնա, որովհետև ինքը նախագծից շեղումներ է ունեցել: Եթե տառակերությամբ չզբաղվենք, պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ կարծում եմ, որ կոնկրետ այս հատվածում բան չունենք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզ չէ՞, թե ինչո՞ւ է այդպես: Դա եղել է կոռուպցիոն օրենսդրություն:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Այստեղ, որ քննարկվեց թթվայնության նվազեցման հարցը, հարցը դա չէ: Հարցն այն է, որ ընդհանրապես որևէ աղտոտված ջուր չպետք է ստորգետնյա ջրեր ներթափանցի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ մենք չենք քննարկում շատ աղտոտված լինի, թե քիչ: Հիմա մենք կարող ենք ասել, որ մեր ստանդարտը, որ մենք կիրառում ենք այստեղ, այն է, որ ոչ մի աղտոտված ջուր շրջակա միջավայր չպետք է ներթափանցի:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այո, խնդիրը հենց դա է՝ ոչ թե թթվայնացման նվազեցում, այլ ընդհանրապես որևէ աղտոտում չլինի: Այստեղ մենք ասում էինք երկրաշարժի պարագայում և «Էլարդ»-ն ասում էր, որ ելակետային տվյալները բավարար չեն, բայց եթե այս-այս միջոցառումներն են՝ կառավարելի է: Իսկ այդ կառավարելիությունը ենթադրում է այնպիսի մեղմման միջոցներ, որ ընդհանրապես որևէ աղտոտում չներթափանցի: Դա կարևոր է:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Ավելացնեմ նաև, որ «Լիդիան» ընկերությունն ստանձնել է պատասխանատվություն, որ ոչ մի տեսակի չմաքրված ջուր հանքի տարածքից բաց չի թողնվելու շրջակա միջավայր: Այսինքն՝ բացարձակ դուրս է գալու այնպիսի ջուր, որը համապատասխանելի է ներքին օրենսդրության և միջազգային ստանդարտներին:
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Ե՛վ նախագծային լուծումներում, և՛ ՇՄԱԳ-ում վերցվում են առավելագույն հզորությունները, այսինքն՝ ամենաաղտոտված վիճակը: Իր հզորություններում ինքը դրանից ավելի չի կարող աղտոտել, եթե ավելի աղտոտի, դրա համար պետք է վերակառուցում, ընդլայնում և այլն: Ավելի նվազ կարող է աղտոտել, ավելի քիչ ազդեցություններ կարող է ունենալ, բայց հզորությունների առավելագույնն է գնահատվում ՇՄԱԳ-ում:
Շարունակելի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT