Էլեկտրոնային արդարադատության անհրաժեշտությունը՝ ժամանակի պահանջ. նախագիծը մշակման փուլում է

Աշխարհում, բնականաբար՝ նաեւ Հայաստանում տարածվող նոր տեսակի կորոնավիրուսը նոր մարտահրավեր է ոչ միայն առողջապահության, տնտեսության, այլեւ արդարադատության ոլորտի համար: Պայմանավորված վարակի կանխարգելման անհրաժեշտությամբ՝ Փաստաբանական պալատը իր փաստաբաններին հորդորում է ժամանակավորապես հետաձգել դատական նիստերը, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն առաջարկում է հնարավոր դեպքերում անցնել գործերի գրավոր քննության: Արդյունքում, վերջին օրերին նշանակված մի շարք դատական նիստեր հետաձգվում են կամ կողմերի համաձայնեցված բացակայության կամ նրանցից մեկի վատառողջ լինելու պատճառներով, ինչը իրավաբանական համայնքին հերթական անգամ առիթ է տալիս բարձրաձայնելու թվայնացված դատավարության անհրաժեշտության մասին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փաստաբան Զորայր Հարությունյանը նշեց, որ թվայնացված դատավարության անհրաժեշտությունը պրակտիկայում միշտ էլ զգացել է, բայց այն հատկապես կարեւոր է նման արտակարգ իրավիճակներում, երբ, օրինակ, բակտերիաները կարող են փաստաթղթերի միջոցով էլ փոխանցվել: Քրեական դատավարության մասով թվայնացում ասելով` փաստաբանը նկատի ունի փաստաթղթաշրջանառության թվայնացումը, ինչի օրենսդրական կարգավորումը Հայաստանում չկա. «Էլեկտրոնային բազաները, թվային համակարգը կստեղծեն բարձր հարմարավետություն, եւ դատավարության մասնակիցները հնարավորություն կունենան փաստաթղթերը առցանց ներկայացնելու, այսինքն` փաստաթուղթը կազմելու, սկանավորելու եւ համապատասխան կայքի միջոցով մուտք անելու դատարան: Թե՛ դատավարական ժամկետների պահպանման, թե՛ փաստաթղթի պաշտոնապես դատարան մուտք լինելու տեսանկյունից դա կհամարվի պատշաճ ընթացակարգ»: Հարությունյանի խոսքով՝ վարակի տարածման մտավախությունից ելնելով` առանձին դատավորներ կամ դատարանի կազմեր այսօր քննիչներին կամ փաստաբաններին խնդրում են փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, այսինքն՝ չնայած օրենսդրական կարգավորման բացակայությանը, այն պրակտիկայում կիրառվում է: Կիրառման հնարավորությունը, ըստ փաստաբանի, ՀՀ-ում առավել քան ռեալ է. «Պարզապես օրենսդրական որոշակի փոփոխություններ պիտի արվեն, ինչը, բնականաբար, պետության համար ֆինանսական որոշակի ծախսեր կառաջացնի, բայց կարծում եմ` այդ ծախսը առավել քան արդարացված է»: Ըստ  Հարությունյանի՝ նման համակարգի բացակայությունը 21-րդ դարում հետ է գցում մեր հասարակությանը, մինչդեռ հետխորհրդային մի շարք պետություններ, ինչպիսիք են Ղազախստանի Հանրապետությունը, Էստոնիայի Հանրապետությունը, արդեն անցել են թվայնացված դատավարությանը: Դատավարական խոչընդոտներ, Հարությունյանի կարծիքով, չեն առաջանա, եթե համապատասխան փոփոխությունները  կատարվեն. «Այնպես չէ, որ պետք է մի հոդված փոխվի, դա մի ամբողջական փաթեթ է ենթադրում, որ պահանջելու է փոփոխություններ նաեւ մի շարք այլ օրենքներում, այսինքն` համակարգային, նոր բան է լինելու»:

Թվայնացված դատավարությունն իր մեջ ներառում է նաեւ մինչդատական վարույթը, այսինքն` քննիչի մոտ ներկայանալը, փաստաթղթեր ներկայացնելը կամ քննչական գործողություններ իրականացնելը, եւ այդ դեպքերում եւս փաստաբանը խնդիր չի տեսնում. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային մի որոշմամբ թույլատրելի է ճանաչել տեսակապի միջոցով, այդ թվում եւ` դատարաններում հարցաքննությունների իրականացումը, այսինքն` ՄԻԵԴ-ը ընդունելի է համարել, որ մարդը կարող է ընդհանրապես չներկայանալ դատարան, առցանց կապվել դատարանի հետ եւ հարցաքննվել, այս դեպքում պարզապես հարակից այլ խնդիրներ են առաջանում, ինչպիսին են, օրինակ, անձի նույնականացումը, սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու  համար նախատեսված պատասխանատվության նախազգուշացումը, բայց այդ ամենը քննարկելի է, եւ իրավական գործող որեւէ սկզբունքի  չի հակասում, պարզապես ենթադրում է դատավարական իրավունքների մի փոքր փոփոխում, լրացում»:

Փաստաբանի խոսքով՝ պրակտիկայում եղել է նմանօրինակ խնդիր` կապված ՀՀ-ից դուրս գտնվող վկաների կամ տուժողների հետ. «Նրանք չեն ներկայանում, տեսակապի միջոցով հարցաքննություն իրականացնելու անհնարինությունն էլ հանգեցնում է նրան, որ մեղադրանքը առնվազն ինչ-որ մի մասով չի հիմնավորվում, եւ որպես հետեւանք` ամբաստանյալների կամ մեղադրյալների հակընդդեմ հարցման իրավունքը չի իրացվում, ինչի պայմաններում խախտվում է պաշտպանության իրավունքը,  եւ նրանց ցուցմունքը որպես ապացույց օգտագործելը դառնում է անթույլատրելի»: Հարությունյանի կարծիքով՝ տեսակապի միջոցով հարցաքննությունը խնդիր չի առաջացնի նաեւ հարցաքննվողի վարքը, հուզական վիճակը հասկանալու տեսանկյունից, գլխավոր հարցը, ըստ նրա, այն է, թե ինչ երաշխիքների պայմաններում է այդ հարցաքննությունը տեղի ունենում. «Մեր գիտական հանրության մեջ բազմաթիվ քննարկումների արդյունքում մի շատ լավ առաջարկություն եղավ. առաջարկում են հարցաքննվող անձի նույնացումը, դատավարական այդ բոլոր երաշխիքները ապահովել՝ նրա հարցաքննությունը համապատասխան երկրում գործող ՀՀ դեսպանության տարածքում կազմակերպելով, որտեղ մինչ հարցաքննությունը սկսելը կստուգվի նրա անձը, պարզ կլինի, թե հարցաքննության ընթացքում ով է նրա հետ ներկա` տեսախցիկի հատվածից դուրս»:

Հարությունյանի համոզմամբ՝ դատավարության թվայնացումը ժամանակի հարց է, նմանօրինակ մոտեցումներ շատ երկրներում կան, եւ ՄԻԵԴ-ի համեմատաբար նոր դիրքորոշման, միջազգային կառույցների խորհրդատվական կարծիքների լույսի ներքո, ինչպես նաեւ` գիտական կարծիքների հիման վրա վաղ թե ուշ այդ փոփոխությունները կատարվելու են. «1997 թվականի դատավարությունը, ըստ էության, այլեւս չի համապատասխանում 2020 թվականի իրողությանը, նորմալ է, որ 97 թ. տեսակապի վերաբերյալ որեւէ խոսք չկար եւ չէր էլ կարող լինել, բայց 2020 թ.  հասարակական, տեխնոլոգիական զարգացումներն այնպիսին են եղել, որ կարելի է ասել` տեղ-տեղ ներկայիս գործող կարգավորումներն այդ առումով արդեն ծիծաղելի են դառնում»:

Փաստաբանը ընդգծում է նաեւ իրավունքի ճյուղերի դատավարական անհամապատասխանության հարցը. «Քաղաքացիական դատավարության առումով բավականին առաջընթաց կա, եւ եթե ճիշտ գիտեմ, էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերի ներկայացումը արդեն իսկ թույլատրված է, այսինքն` իրավունքի ճյուղերի դատավարություններն իրար հետ անհամապատասխանության մեջ են. քաղաքացիականը թույլ է տալիս մի բան, որը քրեականում չկա»:

Ինչ վերաբերում է ողջ դատավարության թվայնացմանը, ըստ փաստաբանի, դա ավելի գլոբալ հարց է եւ կարող է փոքր-ինչ խնդրահարույց լինել. «Մեր գործող դատավարությունը քրեական գործերով չի նախատեսում հեռակա կամ գրավոր վարույթ,  ի տարբերություն, օրինակ, քաղաքացիական գործերի, երբ որեւէ մեկը չի այցելում դատարանի շենք, այլ ընդամենը փաստաթղթեր է ներկայացնում: Եթե քրեական դատավարությունում էլ նման փոփոխություններ լինեն, հետագայում տեսականորեն նման զարգացում էլ է հնարավոր, բայց այդ հարցը ավելի լայն ու գլոբալ է, այս պահին մի փոքր ավելի նեղ խնդիրը լուծելով` նաեւ փորձադաշտ կստեղծվի հետագայի համար»:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան, փաստաբան Սուրեն Գրիգորյանը եւս թվայնացված արդարադատության անհրաժեշտություն տեսնում է, եւ խոսքը միայն արտակարգ իրավիճակների մասին չէ . «Անհրաժեշտությունը կա առհասարակ, որովհետեւ եթե ինչ-որ բան կարելի է էլեկտրոնային տարբերակով ուղարկել, զուտ էկոլոգիական նկատառումներից ելնելով անգամ` թուղթ չփչացնելու համար, արժե այդպես վարվել, էլ չեմ ասում, որ դա արագացնում է գործընթացը եւ ժամանակի խնայողություն է թե՛ փաստաբանների, թե՛ դատավորների համար»: Իր փաստաբանական պրակտիկայում եւս Գրիգորյանը առնչվել է նմանատիպ դեպքերի, երբ նիստ է ունեցել, օրինակ, Մեղրիում, եւ դատավորները, շատ ճկուն լինելով, ընդունելի են համարել նիստը հետաձգելու մասին միջնորդությունները ստորագրված եւ սկանավորված ուղարկելու տարբերակը. «Վերջերս էլ իմացել եմ, որ վարչական դատարանի դատավորներից մեկը նամակ էր ուղարկել Փաստաբանների պալատի նախագահին` հորդորելով մինչ այդ իրեն ֆիզիկապես ներկայացվող փաստաթղթերը ուղարկել իր պաշտոնական մեյլին»: Հարցին՝ այդ պարագայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարց չի՞ քննարկվում, Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դա ինչ-որ փոքր օրենսդրական նախաձեռնության հարց լիներ, վստահաբար մինչեւ հիմա կարվեր, բայց հարցը ոչ այնքան օրենսդրական է, որքան ծրագրային. պետք է ծրագիր գրվի, այն փորձարկվի, վեր հանվեն խնդիրներ, լուծվեն, այսինքն՝ դա պրոցես է, իսկ էլեկտրոնային դատավարության պրոցեսները Արդարադատության նախարարության տիրույթում են, ոչ թե պատգամավորական նախաձեռնության, դրանց վրա իրենք են շարունակաբար աշխատում, եւ ավելի ճիշտ կլինի` իրենց հարցնել, թե տվյալ հարցը որ փուլում է»:

Ինչ վերաբերում է հեռահար հարցաքննությանը, Գրիգորյանը հիշեցրեց՝ վերջերս իրենց խմբակցության անդամներից մեկը՝ Նիկոլայ Բաղդասարյանը, ներկայացրել է նախագիծ՝ քննիչների կողմից այլ մարզում անձի էլեկտրոնային եղանակով հարցաքննության վերաբերյալ, որը դեռեւս երկրորդ ընթերցմամբ չի քննարկվել. «Այսինքն՝ կամքը եւ գաղափարը կա, այդ անհրաժեշտությունը մենք ընդունում ենք, եւ այդ ուղղությամբ աշխատանք տարվում է»: Որպես օրինակ՝ Գրիգորյանը նշեց  էլեկտրոնային հարցումների հարթակը՝ e-request.am-ը, որի միջոցով քաղաքացիները կարող են առանց պետական մարմին այցելելու վերջիններիս ներկայացնել իրենց դիմումը, բողոքը կամ հարցումը. «Աստիճանաբար կհասնենք նաեւ դատարաններին»,- նշեց պատգամավորը:

Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ էլեկտրոնային արդարադատության ներդրումը նախատեսված է դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությամբ: Դրա ուղղություններից  մեկը հենց էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծումն է: Միասնական այդ համակարգը կապահովի գործերի՝ մի դատարանից մեկ այլ դատարան փոխանցումը, կողմ-կողմ, կողմ-դատարան արդյունավետ ծանուցման գործարկումը, ինչպես նաեւ՝ ապացույցներ, միջնորդություններ դատարան ներկայացնելը եւ դատավարական այլ գործողությունների առցանց իրագործումը: Նախարարության պաշտոնական կայքի տվյալներով՝ համակարգի ընդհանուր տեխնիկական նկարագիրը կազմվում է 2020 թվականի 1-ին եռամսյակում, երկրորդ եռամսյակում, այսինքն՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին նախատեսվում է նկարագիրը ներկայացնել շահագրգիռ մարմիններին՝ կարծիք ստանալու համար:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3192 դիտում

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու