Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Պարոն Տողանյանի հետ հանդիպեցինք դեսպանության մամուլի կենտրոնում, որն օպերատիվ շտաբի է վերածվել և օրվա մեջ թեժ գծով ընդունում է հազարավոր զանգեր: Դեսպանն ասում է, որ այս օրերին գրեթե 5000 զանգ են ստացել և ավելացնում, թե ներողություն է խնդրում բոլոր այն հայրենակիցներից, որոնք լսելի չեն դարձել դեսպանատան ծանրաբեռնվածության օբյեկտիվ պատճառներով: Դեսպան Տողանյանը «Հայկական Ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրեց Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցների հետ կապված իրավիճակը, որոնց մի մասն առաջիկայում հատուկ չվերթով կտեղափոխվի Հայաստան:

- Պարո՛ն դեսպան, ապրիլի 6-ին նախատեսվում է Մոսկվա-Երևան չվերթ, որը տեղափոխելու է գրեթե 220 ՀՀ քաղաքացու, սակայն «Դոմոդեդովո» օդանավակայնում այս պահին էլ կան ուղևորներ, որոնք ցանկանում են վերադառնալ, սակայն չեն կարող, քանի որ տոմսերն սպառվել են: Նոր չվերթ լինելո՞ւ է առաջիկայում:

- Մենք դիմել և Ռուսաստանից ստացել ենք թույլտվություն, որ երկուշաբթի օրը «Red Wings» ավիաընկերությունն իրականացնի չվերթ դեպի Երևան: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 220 ուղևոր, սակայն Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը, ըստ մեզ մոտ հայտարարագրված տվյալների, 2000-ից ավելի է, էլ չեմ ասում զանգերի քանակի մասին, որը մենք ստանում ենք այս օրերին: Ես, օգտվելով առիթից, իմ և դեսպանության անունից ներողություն եմ խնդրում մեր բոլոր այն քաղաքացիներից, որոնք չեն կարողացել կապ հաստատել մեզ հետ և լսելի դարձնել իրենց խնդիրը: Պատճառներն օբյեկտիվ են. մեր թեժ գծերը րոպեում հարյուրից ավելի զանգ են ստանում, և խնդրում եմ, որ մեր հայրենակիցներն ըմբռնումով մոտենան իրավիճակին: Հավելյալ չվերթ նախատեսում ենք, և հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա շաբաթվա մեջ այդ չվերթը կրկին իրականացվի դեպի Երևան:

- Նախատեսված չվերթի տոմսերը շատ արագ սպառվել են: Ի՞նչ սկզբունքով են դրանք վաճառվել՝ ով հասցրել, գնե՞լ է, թե՞ առաջնահերթություն ունեցող քաղաքացիներին է տրվել նախապատվությունը:

- Մենք դեռ տեղյակ չէինք, որ չվերթ է լինելու, սակայն արդեն հավաքում էինք տվյալներ, և հնարավորության ի հայտ գալու դեպքում, բնականաբար, այդ ցուցակում առաջնահերթություն պետք է ունենային ծերերը, հիվանդները, երեխաների հետ գտնվող ընտանիքները և այլն, և այլն: Եվ երբ հայտարարվեց թռիչքի հնարավորության մասին, թե՛ այստեղ, թե՛ Երևանում օնլայն վաճառվող տոմսերը շատ արագ սպառվեցին, և սկսվեց անկառավարելի գործընթաց. միանգամից տոմսարկղերի մոտ հայտնվեցին շատ մեծ թվով քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ, այդ թվում՝ «Դոմոդեդովո»-ում հավաքված ուղևորները, որոնք տարանցիկ չվերթների քաղաքացիներ են, ասենք՝ Խաբարովսկ-Մոսկվա-Երևան չվերթով պետք է վերադառնային ու խցանվել են Մոսկվայում, սակայն մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց որոշ թվով մարդկանց, որոնք առաջնահերթություն ունեն տեղավորվել այդ թռիչքում, ինչպես նաև մենք որոշակի թվով տոմսեր ձեռք բերեցինք այն քաղաքացիների համար, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ և ի վիճակի չեն ինքնուրույն գնել տոմս կամ զրկված են կեցության վայրից: 

- Որտե՞ղ են գտնվում այս պահին «Դոմոդեդովո»-ում հավաքված այդ տարանցիկ չվերթների ուղևորները, որոնք, փաստորեն, կեցության վայր չունեն Մոսկվայում:

- Կոնկրետ «Դոմոդեդովո»-ում հավաքված ուղևորները տեղավորված են օդանավակայանին մերձ երեք հյուրանոցում: Նրանք տեղավորվել են ինչպես դեսպանության, այնպես էլ տեղի անհատ մեր հայրենակիցների և հասարակական կազմակերպությունների օգնությամբ և կշարունակեն գտնվել այնտեղ՝ մինչև հնարավորություն կլինի նրանց տեղափոխել Հայաստան: Պետք է հասկանալ նաև, որ մեր հնարավորություններն սահմանափակ են այն առումով, որ հիմա չեն գործում հյուրանոցները: Մենք խնդրեցինք այդ հյուրանոցներին ընդառաջ գնալ և տեղ տալ մեր հայրենակիցներին: Նրանք ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում մեր մոսկվաբնակ այն հայրենակիցներին, որոնք անտարբեր չգտնվեցին և համագործակցեցին դեսպանության հետ այս հարցում: 

- Իրականացվող չվերթի տոմսերի գնի հետ կապված կա դժգոհություն: Հնարավոր չէ՞ր արդյոք ավելի ցածր գին սահմանել:

- Գինն սահմանել է ավիաընկերությունը: Մենք փորձել ենք բանակցությունների արդյունքում հասնել հնարավոր ամենամատչելի գնին: Խնդիրն այն է, որ քաղաքացիներն սահմանված գինը համեմատում են մինչ այս իրավիճակը եղած գների հետ, սակայն դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ ինքնաթիռը մեկնում է մեկ ուղղությամբ և վերադառնալու է առանց ուղևորի, բացի դա, ստեղծված պայմաններում, երբ չկա օրինաչափ ավիոհաղորդակցություն, ավիաընկերությունն ավելի մեծ ծախսեր է կատարելու՝ տվյալ չվերթն իրականացնելու համար: Հաջորդ թռիչքի տոմսերն ավելի էժան կլինեն, քանի որ մենք ձև ենք գտել՝ փոխհատուցելու ավիաընկերության որոշ ծախսեր:

- Հիմնականում ովքե՞ր են դիմում Հայաստան վերադառնալու համար՝ Ռուսաստանում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցնե՞րը, թե՞ արտագնա աշխատանքի եկածները:

- Այդ պատկերը բազմազան է: Նախ ասեմ, որ վերջին տարիներին արտագնա աշխատանքի ժամանող մեր հայրենակիցների գրաֆիկը փոփոխվել է. նախկինում հիմնականում գալիս էին գարնանը և վերադառնում աշնան վերջ, սակայն այժմ կան խմբեր, որոնք աշխատանքի բնույթից կախված, ձմեռում են և գարնանը կամ ամռանն են վերադառնում Հայաստան: Դրանք հիմնականում տրանսպորտային և սպասարկման ոլորտում աշխատող մեր հայրենակիցներն են: Վերադառնալ պատրաստվողների մեջ կան նաև շատ մարդիկ, որոնք առողջական խնդիրներով կամ բուժման նպատակով են գտնվում Ռուսաստանում և պետք է վերադառնան, կան նաև ուսման նպատակով ժամանակավորապես ժամանածներ: Մյուս վերադառնալ ցանկացողների մի մեծ խմբի մեջ այն քաղաքացիներն են, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով կորցրել են աշխատանքը կամ մտավախություն ունեն, թե կկորցնեն: Ի դեպ, կցանկանայի նշել, որ վերջին խմբի համար կան հնարավորություններ մնալու, քանի որ այս պահին Հայաստանից չեն ժամանում նրանք, որվքեր, օրինակ, այստեղի շինարարական ընկերություններում աշխատելու պայմանագիր ունեին, և այդ աշխատատեղերը թափուր են: Մենք այդ մասին տեղեկացնում ենք նրանց և փորձում կապել Ռուսաստանի տարբեր քաղքներում առկա գործատուների հետ, որոնք պատրաստ են ցանկացողների համար տոմս գնել և ընդունել նրանց աշխատանքի: Վորոնեժ քաղաքում մի այդպիսի խումբ արդեն տեղավորվել է և կշարունակի աշխատել:

- Ռուսաստանն ամսի 30-ին հայտարարեց չվերթները դադարեցնելու մասին: Մինչ այդ մոտավորապես քանի՞ ՀՀ քաղաքացի հասցրեց հայրենիք վերադառնալ, և եթե, օրինակ, ուղևորի ավիատոմսը դեպի Հայաստան ամրագրված էր մարտի 30-ից հետո, հաջողվե՞ց արդյոք փոխել կամ վերադարձնել այդ մարդկանց տոմսերը:

- Ինչպես աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում համաճարակի հետ կապված իրավիճակի զարգացումն իրականում փուլ առ փուլ ընթացավ: Եթե հիշում եք, մարտի 23-ից սկսած՝ սկզբում կայուն չվերթները դադարեցվեցին, հետո՝ տարանցիկ, իսկ հետո էլ ավիահաղորդակցությունն ամբողջապես արգելվեց: Այդ ընթացքում ավիաընկերությունները նախապես չունեին հստակ տեղեկատվություն թռիչքների իսպառ դադարեցման մասին, ուղղակի աստիճանաբար կրճատվում էր թռիչքների քանակը, և նրանք շարունակում էին վաճառել տոմսեր: Մինչ ամսի 30-ը ուղևորների մեծ մասը հասցրեց վերադառնալ: Այն ուղևորներներին, որոնք տոմսեր էին ձեռք բերել ապրիլ և հետագա ամիսների համար, ավիաընկերությունը, ըստ ՌԴ կառավարության որոշման, պարտավոր է հետ վերադարձնել գումարը կամ փոխել տոմսը: Կան ավիաընկերություններ, որոնք այդպես էլ արեցին՝ փոխեցին և երկարացրին տոմսի ժամկետը կամ հետ վերադարձրին գումարը, կան նաև ընկերություններ, որոնք խոստացել են մեկ ամսվա ընթացքում հետ վերադարձնել չեղարկված տոմսերի գումարները: Եթե կան քաղաքացիներ, որոնք չեն կարողանում իրականացնել տոմսերի հետ վերադարձի կամ փոփոխման գործընթացը, պետք է դիմեն համապատասխան մարմիններին, և դեսպանությունը պատրաստ է նրանց այդ հարցում իրավաբանական բնույթի խորհրդատվական աջակցություն մատուցել:

- Պարո՛ն դեսպան, այն ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան էին ժամանել ավտոմեքենայով և չհասցրին վերադառնալ Հայաստան, այժմ ի՞նչ իրավիճակում են գտնվում, որտե՞ղ են կայանել իրենց մեքենաները:

- Բեռնափոխադրումները, ինչպես գիտեք, կանոնավոր շարունակվում են, և Լարսը գործում է: Խնդիրը մասնավոր մեքենաներն են և մարդատար տրանսպորտային միջոցները, որոնք Ռուսաստան էին եկել ժամանակավոր: Այն քաղաքացիներին, որոնք կհամաձայնվեն թողնել մեքենան և հետ վերադառնալ օդանավով, մենք առաջարկել ենք տարբերակներ՝ մեքենաները կայանելու հետ կապված: Դրանք մեր հայրենակիցներին պատկանող արդյունաբերական կամ առևտրային կենտրոններ են, որտեղ առկա են մեքենաների անվտանգության և պահպանման պայմաններ, բայց այս պահին որևե մեկը չի դիմել նման խնդրանքով, և տեղեկություններ ենք ստանում, որ մեր հայրենակիցները համառորեն սպասում են իրավիճակի լուծմանը, որպեսզի վերադառնան ցամաքային ճանապարհով:

- Բեռնափոխադրումները շարունակում են, սակայն անզեն աչքով իսկ նկատելի է, որ այսօր Մոսկվայի խանութներում հայկական ապրանքները քչացել են: Լարսի անցակետի մշտական խնդիրներից զատ, արդյոք կարելի՞ է ենթադրել, որ դրա պատճառը ներկայիս իրավիճակն է:

- Հայկական ապրանքների դեֆիցիտ, որպես այդպիսին, ռուսական շուկայում չկա: Ձեր նշած խնդիրը, բնականաբար, վերջին շրջանում Լարսի իրավիճակի հետ կարող է կապ ունենալ: Պետք է հաշվի առնել նաև, որ խոշոր առևտրային կենտրոնները, որոնք զբաղվում են ապրանքների տարածմամբ, այսօր փակ են Ռուսաստանում: Բացի դա, հայկական ապրանքների լոգիստիկայով զբաղվում են գործարարներ և ընկերություններ, որոնք այս պահին տնային ռեժիմում են գտնվում: Նշված խնդիրը կապ ունի նաև արժույթի հետ, քանի որ ապրանքներն արտադրվել և գնահատվել են, երբ արտարժույթն այլ նիշ ուներ: Հիմա իրականությունն այլ է, և ներկրողներն ստիպված են շուկայի վիճակի և գնային քաղաքականության վերահաշվարկ կատարել: Կա նաև այլ խնդիր. մի շարք ապրանքատեսակներ, մասնավորապես արագ սպառման սնունդը, տեղափոխվում էր օդային ճանապարհով, հիմա այդ հնարավորությունը չկա: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում հայ գործարարներին, որոնք ունեն ինքնաթիռով տեղափոխվող ապրանքներ, օգտվել առաջիկա չվերթի հնարավորությունից և ուղարկել դրանք, քանի որ այդ առումով խնդիր չկա: 

- ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները ցանկության դեպքում կարո՞ղ են դեսպանության հաշվեհամարի միջոցով փոխանցումներ կատարել Հայաստան՝ համաճարակի դեմ պայքարին նպաստելու համար:

- Այո՛, ՀՀ կառավարությունը բացել է հաշվեհամար այդ նպատակի համար, և դեսպանությունում ևս գործում է այն, որպեսզի ցանկացողները ռուսական ռուբլու համարժեքով կարողանան իրականցնել փոխանցումները: Նշեմ նաև, որ օգնության առաջարկները միայն գումարային բնույթի չեն. առաջիկա չվերթով, օրինակ, մենք Հայաստան ենք ուղարկելու բժշկական պարագաներ, դիմակներ, խալաթներ, որոնք մեզ են տրամադրել այստեղի մեր հայրենակիցները:

- Պարո՛ն Տողանյան, ստեղծված իրավիճակում ի՞նչ կերպ են իրականացվում Ռուսաստանի և Հայաստանի միջև միջգերատեսչական շփումները: Ժամանակավոր դադա՞ր է, թե՞ վիրտուալ հարթակ են տեղափոխվել:

- Միջգերատեսչական շփումների մեծ մասը, բնականաբար, այս պահին իրականացվում է օնլայն ռեժիմով, և հայ-ռուսական փոխհարաբերություններում դադար չկա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հեռախոսակապ է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ, ԵԱՏՄ-ում աշխատանքները շարունակվում են վիրտուալ հեռահաղորդակցության միջոցով, Առողջապահության  նախարարությունն ակտիվ աշխատանքային ընթացքի մեջ է այդ առումով, Տարածքային կառավարման նախարարությունը, օրինակ, չվերթների և մի շարք այլ հարցերի հետ կապված ամենժամյա կապի մեջ է մեր ռուս գործընկերների հետ, և ես, ի դեպ, շնորհակալություն եմ հայտնում նախարարությաններին՝ այդ գործուն մասնակցության և մեզ աջակցելու համար:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5964 դիտում

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել