Փորձաքննությունը մութ հարցերի պատասխաններ է տվել. Օֆշորի գործով տուժողի փաստաբանը մանրամասնում է

Օֆշորի հայտնի գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանը վերջին անգամ հարցաքննվել է 6 ամիս առաջ, եւ, ըստ նրա փաստաբան Աշոտ Գեւորգյանի, նոր հարցաքննության անհրաժեշտություն էլ չկա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գեւորգյանն ասաց, որ Հայրապետյանը բազմաթիվ անգամներ ասել է իր ասելիքը, բողոքել տարիներ շարունակ՝ տալով բոլորի անունները:

Հիշեցնենք՝ այս գործով վերջերս նոր զարգացումներ տեղի ունեցան. Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման համար: Ըստ ԱԱԾ-ի՝ Կճոյանը 2010 թ. իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, -խմբ.) խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը տուժող Փայլակ Հայրապետյանի մասին է,-խմբ.) ձեռք բերել նրան եւ նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել եւ տնօրինել է 9 միլիոն դոլար եւ 361.500.000 դրամ գումարի չափով վարկային միջոցների, որոնք օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը: Դրա 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին: Գործին նոր ընթացք ստանալու համար հիմք է հանդիսացել ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ այդ ընկերության ստեղծման փաստաթղթում ստորագրել են ե՛ւ Կճոյանը, ե՛ւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Աշոտ Սուքիասյանն այս գործի անջատված մասով տարիներ առաջ մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման. ամիսներ առաջ, սակայն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ նա մասնակի արդարացվել է: Դրա դեմ այժմ Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Նոր ընթացք ստացած գործի շուրջ  Փայլակ Հայրապետյանի փաստաբան Աշոտ Գեւորգյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Գեւորգյան, որքանով թույլատրելի է, կարող եք ասել, թե Փայլակ Հայրապետյանն ի՞նչ ցուցմունք է տվել, ո՞ւմ անուններն է նշել:

- Բոլոր անձանց անունները նշել է, բազմաթիվ հոդվածներ կան. դեռեւս նախորդ ժամանակներից, նկարներ, հրապարակումներ, որտեղ ինքը նշել է բոլորի անունները՝ ե՛ւ Կճոյանի, ե՛ւ նախկին վարչապետի (խոսքը Տիգրան Սարգսյանի մասին է,-խմբ.): Ե՛վ առաջին ատյանի դատարանում, ե՛ւ մինչ դա՝ նախաքննության ժամանակ, ամբողջը ասել է, միայն իր ցուցմունքներով չեն, փոխկապակցված այլ ապացույցներ կան, փորձաքննության եզրակացություն կա, որոնք, իմ տեսանկյունից, հավաստի են:

- Մեր զրույցում Աշոտ Սուքիասյանի պաշտպանն ասում էր, թե դա ութ տարվա վաղեմության փորձաքննություն է: Ձեզ հայտնի՞ է՝ երբ է նշանակվել կրկնակի փորձաքննությունը, ինչ հանգամանքներում:

- Խոսքը վերաբերում է ձեռագրաբանական փորձաքննությանը, որով որոշակի հանգամանքներ հաստատվել են, այն մութ հարցերի պատասխաններ է տվել՝ կապված նաեւ այս վերջին մեղադրանքի հետ (նկատի ունի Նավասարդ Կճոյանի մեղադրանքը,-խմբ.): Դա ութ տարի առաջվա փորձաքննություն չէ, թարմ է, մի քանի ամսվա: Նման փորձաքննության եզրակացություն նախորդ իշխանության ժամանակ չէր կարող լինել: Նախկինում եղել է փորձաքննություն, բայց որոշակի խուսափողական պատասխաններ են տվել: Ժողովրդական մի խոսք կա, ասում է՝ «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Նոր փորձաքննությունը վերաբերում է դրան. արդարությունը ծանր հիվանդ էր, կորոնավիրուսի նման (ծիծաղում է-խմբ.), բայց չմահացավ: Իհարկե, գործի ընթացքը վերջնական ասել չեմ կարող, որովհետեւ տարիների հեռավորությունից, բնականաբար, դժվար է բացահայտելը, բայց վերսկսված մասով իմ՝ այս պահի տպավորությամբ օբյեկտիվ քննություն է գնում, քանի որ արդեն այդ կալիբրի անձանց են մեղադրանքներ առաջադրում, եւ դա հույս է ներշնչում, որ արդարությունը կհաղթանակի:

- Իսկ ինչպե՞ս է գործը նոր ընթացք ստացել, Դո՞ւք եք միջնորդել կրկնակի փորձաքննության համար:

- Գործի այդ մասը կասեցված էր, կասեցումից հանեցին, քանի որ եղան ե՛ւ օպերատիվ տվյալներ, ե՛ւ բազմաթիվ դիմումներ տուժողի՝ Փայլակ Հայրապետյանի կողմից:

- ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռք է բերվել Հայրապետյանին եւ նրա մերձավորներին պատկանող ավելի քան 11 միլիոն դրամի անշարժ գույքեր, որոնք գրավադրվել են բանկերից մեկում: Ի՞նչ անշարժ գույքերի մասին է խոսքը:

- Տարբեր գույքեր են՝ շենք-շինություններ, հյուրանոցային համալիր, առեւտրային կենտրոն: Ընդ որում, ես կասեի՝ դրանց շուկայական արժեքը 100 միլիոնից ավելի է, այսինքն՝ տուժողին պատճառված իրական վնասը տասնյակ անգամ ավելի մեծ է: Այդ գույքերը գրավադրել են, գնահատել են շուրջ երեսուն միլիոն դոլար, որից հետո ընդամենը 12 միլիոնի վարկ է տրամադրվել: Ինչպես միշտ, բանկը գերիշխող դիրքում է եղել. կարծում եմ՝ այս ընթացքում ավելի շատ է օգտվել, քան թե Կճոյանն ու մյուսները միասին: Էլի հարց է, թե այդ բանկերը ումով են հաստատվել, դա արդեն քննությունը կպարզի կամ էլ հնարավոր չի լինի պարզել:

- «Ամերիա» բա՞նկն է:

-Այո՛:

- Ի՞նչ կարգավիճակում են այդ գույքերը հիմա:

- Դրանք հիմա բանկի տրամադրության ներքո են, հյուրանոցային համալիր կա, որ ուզում են վաճառել արդեն: Ժամանակը անցել է, սնանկության կառավարիչ է նշանակվել, աճուրդի մի քանի էտապ են անցել, այսինքն՝ կանգ չեն առնում այդ առումով՝ չնայած դա խնդիրներ է առաջացնելու, պետք է մտածել դրանց վաճառքը կասեցնելու մասին:

- Պարո՛ն Գեւորգյան, Աշոտ Սուքիասյանի պաշտպանը նշում էր նաեւ, որ այդ գույքերը ի սկզբանե խնդրահարույց են եղել, եւ Փայլակ Հայրապետյանն ունեցել է անձնական պարտքեր, որոնք խոչընդոտել են նրանց համատեղ բիզնեսին:

- Նրանք համատեղ բիզնես չեն ունեցել, ինքը թեքում է այդ ուղղությամբ, որ Սուքիասյանի մեղադրանքը դարձնի քաղաքացիաիրավական: Իսկ կարո՞ղ եք նշել մի բիզնեսմենի, որը վարկ չի վերցնում: Բիզնեսը հենց դրանով է բիզնես, որ աշխատում է, վարկ է վերցնում, ներդրում է կատարում, փակում է վարկը… Փայլակ Հայրապետյանը այդ պրոցեսների մեջ է եղել: Այդ ընթացքում ադամանդի ներկրումներին հավատալով՝ նաեւ ադամանդագործության ուսումնարան է կառուցել, 5 միլիոն դոլարի ներդրում է արել, Կառավարության շենքում խորհրդատվություն է հրավիրվել՝ ադամանդագործության զարգացման հետ կապված, անվճար ուսում, աշխատատեղեր պիտի լինեին: Ինքը դա էր նախատեսել, շատ ծավալուն ծրագրեր է ունեցել:

- Այդ ուսումնարանը  գործե՞լ է:

-Այո՛, այո՛, այդ ադամանդները իբր պիտի էժան գներով Աֆրիկայի Սիերա-Լեոնե քաղաքից բերեին, խարդախությունը այդտեղ է, էլի: Եթե ճիշտ լիներ, որ այդ հանքերը պատկանում են Սուքիասյանին, շատ լավ կլիներ: Այս 5-6 տարի է՝ դեռ նոր բաներ են հայտնագործվում. շատ մեծածավալ, 20-ից ավելի հատորներով գործ է:

- Իսկ տեղեկություն ունե՞ք՝ նախաքննական մարմինը հարցումներ արե՞լ է՝ պարզելու՝ այդ ընկերությունը իսկապես օֆշորայի՞ն էր, թե՞ ոչ:

- Բազմաթիվ հարցումներ են արվել, բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչ երկրների հետ գործ ունենք, մենք նրանց հետ չունենք կնքած պայմանագրեր, պարտավորություններ, այդ պատճառով էլ պատասխանները, որպես կանոն, չեն ստացվել: Ինչ-որ պատասխաններ եկել են, բայց դրանք վկայում են, որ Աշոտը այնտեղ ոչինչ չունի: Հիմա իրենք բերել են անհայտ ծագման մի կեղծ փաստաթուղթ, ինչպես որ Աշոտի ողջ կենսագրությունն է կեղծ, ըստ որի՝ հարցում են արել, պատասխան են ստացել, նույն բանն է, ինչին Փայլակը հավատացել է: Բայց Աշոտն ինքն է խոստովանում, որ իբր Կճոյանի եւ մյուսի ստորագրությունները կեղծել է:

- Նաեւ ասում է, որ միայն ինքն է եկամուտ ստացել:

- Դե, բայց հարցեր կան. եթե 33 տոկոս մեկի անունով մեծ գումար է դրված, գումար դնելիս  գուցե հնարավոր է առանց նրա իմացության դա անել, բայց գումարը առանց նրա իմացության հնարավո՞ր է նրա հաշվից տանել. հասարակ լոգիկա է:

- Ամեն դեպքում, Կճոյանն այժմ չի հերքում, որ ինքն է դա ստորագրել:

- Հիմա ի՞նչ պարզվեց այդ փորձաքննությամբ. պարզվեց, որ Աշոտ Սուքիասյանը սուտ էր ասում, որ Կճոյանը սուտ էր ասում, որ մյուս անձնավորությունը սուտ ցուցմունք էր տալիս՝ ասելով, թե ինքը չի եղել, չի ստորագրել: Ես որ ասում եմ՝ թունելի վերջում լույս է բացվում, այդ մասին է խոսքը:

- Տարիներ առաջ ցուցմունք տալիս Կճոյանը ասե՞լ էր, որ ինքը չի ստորագրել:

- Իհարկե, ոչ միայն Կճոյանը: Նա հիմա այլընտրանք չունի: Նույնն էլ՝ Տիգրան Սարգսյանը. նման պաշտոն զբաղեցնող անձը ցուցմունք է տվել, որ ինքը չի ստորագրել, հետաքրքիր է հիմա որ հարցաքննվի, էլի պիտի ասի՝ սուտ ցուցմունք եմ տվե՞լ:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ  Տիգրան Սարգսյանը եւս կներգրավվի այս գործով:

- Հնարավոր համարում եմ:

- Պարո՛ն Գեւորգյան, գործում կա՞ն ապացույցներ, որ Կճոյանը գումար է ստացել. պաշտպանը դա հերքում էր:

-Դե, գումար ստանալու պահին հո ներկա չե՞նք եղել, որ պարզեինք՝ Աշոտ Սուքիասյանը նրան գումար է տվել: Մենք բոլոր ապացույցների մասին հիմա չենք կարող խոսել, բայց այդ «Բենթլի»-ի հետ որ նկարվել է, ումի՞ց է ստացել:

- Ասում է՝ նվիրատվություն է:

- Նվիրատվություն՝ հավատացյալ հայերից, թող ասի՝ ումից: Միայն դա չի, «Համեր» կա, «Մերսեդես», թանկարժեք մեքենաներ, որոնց մաքսատուրքը միայն մոտ 200 հազար դոլար է:

- Աշոտ Սուքիասյանի պաշտպանը ասում էր նաեւ, որ Փայլակ Հայրապետյանը ուզել է իր «գլուխը ուտել», եւ այժմ Աֆրիկայում հետախուզվում է:

- Հերյուրանք է, ինչ ասես, կարող է ասել: Եթե միջազգային հետախուզում լիներ, տեղյակ կլինեինք, բայց այդ մարդն իր համար հանգիստ ման է գալիս, ոչ ոք չի ասում, որ նա հետախուզվում է: Չկա նման բան, չի կարող լինել: Ներողություն, իհարկե, բայց գլուխը ուտող լիներ՝ կուտեր:

- Այս տարիներին Հայրապետյանը Սուքիասյանի կամ Կճոյանի հետ շփում, հարաբերություն ունեցե՞լ է:

- Սուքիասյանի հետ՝ դատարանում, բնականաբար, եւ նաեւ նախաքննության ժամանակ առերեսումներ են եղել: Հիմա եթե տասնյակ միլիոնավոր դոլարներով մեկին խաբել են, հարաբերությունը ո՞նց կլինի, եթե դա կարելի է համարել լարված կամ թշնամական, չգիտեմ: Իսկ Կճոյանի հետ շփում եղել է, թե ոչ, չեմ կարող ասել, համենայն դեպս, ես դրա մասնակիցը չեմ եղել:

- Նոր առերեսումներ նրանցից որեւէ մեկի հետ չի՞ եղել:

- Ես չեմ մասնակցել նման քննչական գործողության, դժվար թե նա էլ առանց ինձ գնացած լիներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2805 դիտում

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար