Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարարության կողմից երկար սպասված Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագծի հրապարակումից անմիջապես հետո սկսվեց հանրային բուռն քննարկում․ քննադատությունների թիրախում է հատկապես Գրականություն առարկայի նախագիծը։ «Հայկական ժամանակ»-ի հարցերին այսօր համաձայնեց պատասխանել այս առարկայի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը։
-Տիկի՛ն Ալեքսանյան, առաջին հարցը, որ հնչեցնում են մասնագետներն ու հանրությունը․ ինչո՞ւ է Հայ գրականությունը դարձել ուղղակի Գրականություն։
-Հայ գրականությունը համաշխարհային գրականության մասն է, մի շատ կարեւոր մասը, եւ մենք նախատեսել ենք նաեւ համաշխարհային գրականության մեծություններին: Իսկ ո՞նց անենք. Շեքսպիրին ո՞նց դնենք Հայ գրականության տակ։ Գրականությունն ավելի ընդարձակ է եւ հնարավորություն է տալիս ուսուցչին ազատ լինել։ Մենք այստեղ նաեւ շեշտադրում ենք ուսուցչի ազատությունը, որ ինքը, իր սովորողների տարիքային առանձնահատկություններով առաջնորդվելով, ընտրի գործեր եւ դրանք ուսումնասիրի իր աշակերտների հետ միասին։
-Անշո՛ւշտ, համաշխարհային գրականությունը գոհարներ ունի, որ լավ կլիներ՝ ամեն ոք իմանար, սակայն հիմա դա, փաստորեն, արվում է հայ հեղինակների գործերի հաշվին: Դիտարկվե՞լ է համաշխարհային գրականությունն առանձին անցնելու հնարավորությունը, ինչպես, օրինակ, համաշխարհային պատմությունն է առանձին առարկա։
-Ճիշտն ասած՝ չի դիտարկվել, քանի որ մենք կունենայինք ժամի խնդիր։
-Այստեղ ուսուցչին առաջարկվում է ընտրել, օրինակ, «Քաջ Նազար», «Հին աստվածներ» կամ «Արա Գեղեցիկ» ստեղծագործությունների միջեւ, ինչպե՞ս է կայացվել նման ընտրության առաջ ուսուցչին կանգնեցնելու որոշում․ եթե լիներ մեկ հեղինակից երեք սիրերգ, ուսուցիչը կընտրեր մեկը, երեխան կստանար սիրերգի մասին պատկերացում այդ ստեղծագործության միջոցով, բայց հիմա առաջարկվում են այսքան տարբեր հեղինակներ, ոճեր։
-Դա հիմա վերանայվում է։ Այս առումով բավական շատ դիտարկումներ եղան, եւ մենք հասկացանք, որ մեր հանրությունը դրան պատրաստ չէ, հատկապես՝ ուսուցչությունը։ Մենք մի քիչ փոխել ենք մեր մոտեցումը առաջարկությունների եւ դիտարկումների հիման վրա։ Բայց ասեմ՝ այստեղ կարեւորը հեղինակը չէ, այլ ստեղծագործությունը, եւ այն, թե ինչ է տալիս այդ ստեղծագործությունը սովորողին, ինչ է սովորեցնում, ինչ է դաստիարակում։ Մենք գնացել ենք սրա՛ հետեւից եւ ոչ թե հեղինակի։ Իսկ նշված բոլոր ստեղծագործությունները մտնում են դրամատիկական սեռի մեջ, այսինքն՝ այս դեպքում դիտարկում ենք կատակերգությունը, դիցապատմական ողբերգությունը եւ դրաման այս սեռի մեջ, բայց կրկնեմ, որ մոտեցումը փոխվում է, եւ ուսուցչի ընտրությունը մի քիչ այլ ձեւով է տրվելու։ Սա դեռ խիստ սեւագիր տարբերակ է։
-Ի՞նչ կդառնա սա՝ հենց այս օրինակը փոփոխություններից հետո։
-Խումբը դեռ աշխատում է, չեմ կարող ասել։
-Հին եւ միջնադարյան հեղինակները նախագծում չեն երեւում, բայց նշում եք, որ կան: Որտե՞ղ են։
-Դրանք կան ծրագրում, մենք դրանք տվել էինք զուգորդումներով։ Մեսրոպ Մաշտոցը գալիս է առաջին դասարանից, 5-6-րդ դասարաններում մենք ունենք առասպելներ, վիպերգեր, բայց դրանք որտեղի՞ց պիտի վերցնեինք, պիտի վերցնեինք Ագաթանգեղոսից։ Այո՛, անունները չէինք նշել, հիմա կնշենք։ Զուգորդումների մոտեցումը եւս վերանայվում է։ Ես ցավով պիտի նշեմ, որ մենք բավական հետ ենք մնացել համաշխարհային գեղագիտական մտածողությունից։ Դրանք կան։ Դուք պատկերացնո՞ւմ եք առանց Խորենացու գրականություն։
-Ես նախագիծը կարդացել եմ, այնտեղ չեմ հանդիպել։
-Եթե գրել ենք առասպելներ, էլ ումի՞ց պիտի վերցնենք, եթե ոչ Խորենացուց։ Ուղղակի անուններ չէինք գրել, հիմա լրացնում ենք։
-Հիմա ես հերթով պիտի ճշտեմ՝ Ներսես Շնորհալին, Գրիգոր Նարեկացին կա՞ն, ինչպե՞ս համոզվենք։
Այո՛, կան, եւ շուտով մեր խմբից Գայանե Մկրտչյանն ուսուցիչներին ցույց է տալու, թե ինչպես կարելի է ուսումնասիրել Նարեկացի։
-Եթե դասաժամ հատկացված չէ Նարեկացի ներկայացնելուն, ե՞րբ է ուսուցիչը դա անելու։
-Նայեցեք, տրված է ուսուցչին ժամանակ։ Օրինակ՝ մենք նախատեսել էինք, որ Եղիշե Չարենցի «Տաղարան»-ի հետ ուսումնասիրում ենք Սայաթ Նովա․ ժամաքանակաները դեռեւս բաշխված չեն, դրանք էլ դեռ պիտի ճշտվեն։ Այստեղ զուգահեռներ են տարվում եւ համեմատվում տեքստերը եւ բնագրերը, եւ երեխան ուսումնասիրում ու տեսնում է՝ տես, Չարենցը դիմում է Սայաթ Նովային, ինչո՞ւ է դիմում, ի՞նչ նպատակով, ինչպե՞ս են Սայաթ Նովայի գաղափարները տեղ գտել Չարենցի մոտ, բայց, ցավոք, հասկացանք, որ երեւի թե մի քիչ շտապել ենք։ Պիտի նախ բեռնաթափելու ճանապարհով գնանք։
-Նշվել էր, որ միջնադարյան պատմիչներին պետք է աշակերտն ուսումնասիրի Հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Սա չի՞ նշանակում, որ պատմիչները կուսումնասիրվեն պատմական առումով, բայց՝ ոչ գրական-գեղարվեստական, ինչը պիտի լիներ գրականության դասաժամին․ Բուզանդի, Խորենացու, մյուսների տարբերություններն աշակերտն այլեւս չի տեսնի։
-Համաձայն եմ։ Բայց եթե այդ մարդկանց մենք գրաբարից ենք արեւելահայերեն վերարտադրել, մենք երաշխիք ունե՞նք, որ նրանց խոսքն այնքան ամբողջական է, որ կարող է երեխային հետաքրքրել։ Բացի դրանից, ասեմ, որ նրանցից դրվում են մշակումներով։ Շատ մարդիկ կան, որ մշակել են նրանց գրվածքները։ Հիմա էլ այդ սիրուն հատվածները լինելու են՝ Բուզանդի՝ «Արշակ եւ Շապուհ»-ը, Ագաթանգեղոսի՝ կույսերի մասին սիրուն պատմությունները։ Դրանք լինելու են 6-րդ դասարանում, դրանք դրված են արդեն «Առասպալներ-վիպերգեր» բաժնում, ուղղակի անունները չէինք նշել, հիմա նշելու ենք։ Իսկ 9-րդ դասարանը սկսվում է գրերի գյուտով, պատմագրությամբ, Մովսես Խորենցի, եւ նրանցից անցում է կատարվում մեր էպոսին։ Եվ ամբողջ մի կիսամյակ ուսումնասիրում են «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, ընդ որում, շատ հետաքրքիր զուգորդումով։ Պետք է նաեւ կարդանք եւ համեմատենք կին ասացողների տարբերակները․ նույնը ինչպես է պատմում տղամարդը եւ ինչպես՝ կինը։ Եվ պիտի նշեմ, մեր ամբողջ աշխատանքի մեխը աշակերտի ինքնուրույն աշխատանքն է, հետազոտական գործունեություն ծավալելը եւ ուսուցչի ազատությունն է, որ նա ազատ լինի աշխատելու իր աշակերտների հետ։ Եվ վերջնարդյունքներով հստակ սահմանել ենք՝ ինչ ենք ուզում նրանցից, ուզում ենք, որ աշակերտը հաղորդակցվի բանավոր-գրավոր, որ քերականական համակարգը վերցնի այնքանով, ինչքանով իրեն պետք է՝ գործնականացված, ընթերցանություն եւ գրականություն՝ տեքստի վրա աշխատանք, ոչ թե շնչակտուր հեղինակ անցնել։
-Այդ ամենն իրականացնելու համար ունե՞նք պատրաստված ուսուցիչներ։
-Ունենք շատ լավ ուսուցիչներ։ Դրանց շարքերը համալրվում են։ Մենք անընդմեջ սեմինարներ ու վեբինարներ ենք վարում, ուսուցիչներն էլ մասնակցում են մեծ ոգեւորությամբ։ Եթե «Զում»-ի հարթակը հնարավորություն է տալիս հարյուր հոգու հետ աշխատել, բազմաթիվ բողոքներ ենք ստանում, թե ինչու իրենց տեղ չենք տալիս։ Եվ ես գիտեմ, որ ուսուցիչը կգա դրան, ուղղակի ժամանակ է պետք։ Պետք չէ ուսուցչին նեղել։ Հիմա այս բոլոր քննադատությունները ուղղված են ուսուցչին, թե՝ դու անգրագետ ես։ Ոնց կլինի. ուսուցիչը որոշել է ծրագիր գրել։
-Անկեղծ ասած՝ ինձ հանդիպած քննադատությունները, ընդհակառակը, պնդում են, որ գործնականում աշխատող ուսուցչի դիտարկումները չկան այս նախագծում։
-Ո՛չ, մեր խմբի վեց անդամից հինգս դպրոցի գործող ուսուցիչներ ենք, միայն Գրիգն է, որ գրականագետ-գրող է։ Եվ մրցույթը հայտարարված էր, բաց էր։ Թող դիմեին։ Իրենք չեն դիմել, ո՞վ է մեղավոր։
-Տիկի՛ն Ալեքսանյան, մեղադրանքների մեջ մեծ դեր ունեն դիտարկումները, որ ընտրված գրական գործերի մեջ շատ են էրոտիկ բնույթի գործերը՝ Պրոսպեր Մերիմեի «Կարմեն»-ը, Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» ժողովածուն։ Ըստ Ձեզ՝ այս հեղինակների այս ստեղծագործությունների ընդգրկումը դպրոցական ծրագրում ճի՞շտ որոշում է։
-Մենք շատ զգույշ, նուրբ ընտրություն ենք անում։ Դա ինչ-որ մեկի պատահական դիտավորյալ չարությամբ տեղադրված հատվածն է։ Մենք շատ ուշադիր, տարիքային առանձնահատկություններից ելնելով ենք որոշումներ կայացնում։ Ես ինքս դեմ եմ երեխային ժամանակից շուտ տալ հասկացություններ, որ իրեն դեռ հարիր չեն։
-Այսինքն՝ չի՞ լինելու «Կիկոսի վերադարձ»-ը։
-Լինելու է անմեղ բան։
-Ո՞ր պատմվածքն է այնտեղ դպրոցական․ հենց առաջին պատմվածքում երկրաչափության դասին գլխավոր հերոս եռանկյունը սեռական օրգանների սիմվոլիզմով է ներկայացվում, դասի վերջում էլ «աշակերտի վարդագույն լեզուն լպստում է» այն գրատախտակից։
-Չէ՛, չէ՛, հանգստացեք։ Ոչ մի այդպիսի բան չի գնա։ Մենք բոլորս ուսուցիչներ ենք եւ շատ լավ գիտենք՝ ինչ է աշակերտին պետք տալ։
-Դա փաստացի նախագծում կա։
-Կրկնում եմ՝ դա սեւագիր տարբերակն է։ Մենք հո դա միանգամից չե՞նք իջեցրել դպրոց։ Մենք խնդրել ենք հանրության օգնությունը։ Եթե պիտի հանրությունը մեզ խանգարեր, ոչ թե օգներ․․․ Իհարկե, փառք ու պատիվ մի խումբ ընտրյալ մասնագետների, որ ոչ թե հրապարակային գրեցին, այլ գրեցին մեզ անձնական նամակներով ու հիանալի դիտարկումներ արեցին։ Եվ մենք դրանք հաշվի ենք առնում։ Դպրոց չի գնա այնպիսի ստեղծագործություն, որ լինի հակադաստիարակչական։
-Կարո՞ղ եմ նշել, որ հենց այս գործը չի ընդգրկվելու ծրագրում։
-Ո՛չ, ոչինչ մի նշեք։ Հիմա ամեն ինչ վերանայվում է։ Գրականագետները աշխատում են, Գրիգն ու Անի Պապոյանը հենց հիմա նստած դա են անում։ Եկեք թույլ տանք մարդիկ աշխատեն։ Մենք շատ մանրակրկիտ անդրադառնում ենք ամեն ինչի։ Եթե նույնիսկ այդ գործը չենք հիշում, նորից նստում կարդում ենք վեցով միասին, քննարկում ենք։ Մենք շատ լավ ենք հասկանում, որ շատ կարեւոր գործ ենք անում եւ պատահական մարդիկ չենք մանկավարժության ոլորտում։
-Ի՞նչ երաշխիքներ կարող եք տալ, որ մասնագետների դիտարկումները հաշվի են առնվելու, քանի որ շատերը նշում են, որ Կառավարությունում մեծամասնություն ունեցող ուժը կարող է եւ մասնագիտական դիտարկումները չներառել, եւ նախագիծն այսպես էլ մտնի դպրոց։
-Ես մեր խմբի, մեր վեց հոգու անունից հայտարարում եմ, որ որեւէ քաղաքական կողմի չենք սատարում, իմ ամբողջ կյանքում որեւէ քաղաքական կողմի չեմ պատկանել, ես ծառայում եմ հային։
-Ե՞րբ քննարկման կդրվի վերջնական աշխատանքային տարբերակը, ոչ այս սեւագիրը, այլ այն, որն իմաստ կունենա մասնագիտական վերլուծության ենթարկել։
-Իմ խորհուրդը բոլորին, նախեւառաջ, թող կարդան վերջնարդյունքները, ոչ թե բեւեռվեն ծրագրի վրա։ Եթե մենք նշել ենք բանավոր հաղորդակցում, մենք ցանկ ենք տվել հսկայական։ Ինքը թող ամբողջ մի կիսամյակ Նարեկացի սովորեցնի, բայց թող երեխան տարվա վերջում կարողանա լսարանի առջեւ ելույթ ունենալ, իր կարծիքները գրել, տեսակետները շարադրել, տարբեր տեքստեր համեմատել, տեքստերից դուրս գրել իրեն դուր եկած արտահայտությունները, դրանք օգտագործել իր խոսքում, որովհետեւ մեր նպատակների նպատակն այն է, որ աշակերտը, ի վերջո, լսի, կարդա, գրի, խոսի։ Վերջնարդյունքները թողած՝ քրքրում են ծրագիրը։
-Ե՞րբ կլինի փաստաթուղթը։
-Չեմ կարող ասել։ Հիմա պիտի ամբողջացնենք դիտարկումները եւ աշխատենք դրա վրա։ Երբ կլինի, դուք կիմանաք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին
Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT