ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: Այս մասին հայտնում են ֆակուլտետից:

Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները՝ Հայ բանասիրության ֆակուլտետը իր խոր մտահոգությունն է հայտնում այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ, ինչպես նաև իր անվստահությունը՝ աշխատանքային խմբին և անվերապահ մերժում ծրագրերը հիմնավոր պատճառներով:

«Ֆեյսբուքյան տիրույթներում հեղինակային խումբը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես տեղեկացրին, որ կատարվում են փոփոխություններ հրապարակ նետված սևագրության մեջ (խմբի անդամների բնորոշումն է), և շուտով հանրության դատին կներկայացվեն նոր՝ փոփոխված և լրամշակված չափորոշիչ ու ծրագիր: Սակայն, ինչպես և սպասելի էր 9-ամսյա ժամկետում միայն սևագրություն կազմելու հմտություն ունեցող խմբից, հրամցվեց երկրորդ՝ լրամշակված սևագրությունը՝ միայն մասնակիորեն փոփոխված «Գրականության» ծրագրով: Արդեն իսկ բացահայտ է, որ հեղինակային խումբը հարկադիր համառությամբ կա՛մ ցանկություն չունի, կա՛մ ի զորու չէ ընդառաջ գնալու հանրության զգալի մեծամասնության պահանջին: Ավելին՝ առանց բազմակողմ մասնագիտական քննարկումների, օտար չափորոշիչների ապաշնորհ թարգմանությամբ ստացված ծրագրի տեղայնացումից ծնված անտեղի ոգևորությամբ ակնհայտորեն փորձ է արվում հայագիտության մեջ անուրանալի վաստակ ունեցող գիտնական մտավորականներին «դասդասելու» հնի և նորի կեղծ սահմանաբաժաններում:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, ձեռնպահ մնալով հարցի այդօրինակ քննարկումներից, ներկայացնում է ծրագրերը մերժելու մի շարք հիմնավոր պատճառներ:

Ա) Գրականության նախագիծը ամբողջությամբ մերժելի է հետևյալ պատճառներով.

1. Ավելի քան մեկ դար՝ սկսած Հայաստանի առաջին հանրապետության շրջանից (1918-1920) մինչև օրս, Հայաստանի հանրակրթական դպրոցում եղել է «Հայ գրականություն»։ Միջին դասարաններում աշակերտներին դասավանդվել է «Գրականություն» առարկա, որն իբրև բնագրեր ներառել է նաև համաշխարհային գրականության նմուշներ։ Իսկ բարձր դասարաններում (նախկինում՝ 9-10-րդ, վերջին շրջանում՝ 10-12-րդ) դասավանդվող առարկան կոչվել է «Հայ գրականություն», որն ընդգրկել է միայն հայ դասական գրականության կարևոր հեղինակներին և նրանց ընտիր գործերը։

Ներկա նախագծով նախատեսված է առարկայի անվանումից հանել «հայ» բառը և համապատասխանաբար անցնել նաև համաշխարհային գրականության երկեր։ Դրանով կրճատվում են հայ գրականությանը հատկացվող ծավալն ու ժամաքանակը, նվազում է ուսուցման խորության աստիճանը, և հայ գրականությունը տարրալուծվում է ոչ լիարժեք համաշխարհային գրականության մեջ. եվրոպական ու ամերիկյան մի քանի գրողների երկերի ներառումը ծրագիր, առանց Արևելքի և ռուս գրականության, չի կարող ներկայացվել իբրև համաշխարհային գրականություն: Այս ծրագրով ու չափորոշիչներով փաստորեն վերանում է «Հայ գրականություն» առարկան՝ իբրև դպրոցական կրթության նպատակային բաղադրիչ, որով նվազեցվում, աղճատվում է կրթության ազգային բովանդակությունը, ինչը հակասում է պատերազմող երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը և ընդհանուր ռազմավարությանը: Մինչդեռ հայ դպրոցն իրավունք չունի առանց ազգային նկարագրի «աշխարհաքաղաքացիներ» դաստիարակելու, ինչն առաջարկվում է հրամցվող ծրագրով ու չափորոշիչներով:

2. Առանց պատճառաբանության և հիմնավորման արմատապես փոխվել է հանրակրթական դպրոցում գրականության դասավանդման մեթոդաբանությունը. ժամանակագրական մեթոդը փոխարինվել է գրականության սեռաժանրային ուսուցմամբ, որն անընդունելի է:

3. 7-12-րդ դասարաններում ամբողջ հինգ տարի աշակերտները նույն գործն են անելու, հայ և արտասահմանյան գրականությունը վերլուծելու են բանաստեղծության, դրամատուրգիայի և արձակ երկերի համադրությամբ կամ հակադրությամբ, լեզվի, ոճի, պատկերի, բառապաշարի և տեքստային այլ հատկանիշների բացահայտմամբ: Այսինքն՝ չնչին տարբերությամբ, ըստ գրական երկի տված հնարավորության, դուրս չեն գալու նույն շրջանակներից:

4. Այս փոփոխությունն արդեն իսկ հնարավորություն չի տալիս ծրագրերում ներառելու հայ հին ու միջնադարյան գրականությունը, որը չի ենթարկվում վերոնշյալ սեռաժանրային բաժանմանը: Ուստի այն հայտարարությունը, թե այդ հարցն արդեն շտկվել է, անհնար է սույն համակարգի պայմաններում:

5. Ժամանակագրական մեթոդը թույլ է տալիս պահպանելու ազգային հիշողությունը, որն արտահայտվում է և՛ պատմության, և՛ գրականության մեջ, մինչդեռ առաջարկվող համակարգը խառնում է ժամանակներն ու ազգությունները: Կամա թե ակամա դա վերացնում է նաև հնագույն քաղաքակրթություն ունեցող ազգերի և նորերի տարբերությունը՝ չեզոքացնելով հների ներդրումը համաշխարհային մշակույթի պատմության մեջ: 5-րդ դարի մեր պատմագրության բարձր արժեքը մեծապես պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է հենց 5-րդ և ոչ թե 15-րդ դարում, երբ ժամանակակից ազգերից ու պետություններից շատերը դեռևս չկային:

6. Արմատապես սխալ է ոմանց այն հայտարարությունը, թե այդպիսով իբր դպրոցն ուզում են դարձնել բանասիրության ֆակուլտետ: Դպրոցական և բուհական ծրագրերն ունեն ուսուցման խորության բոլորովին տարբեր աստիճաններ: Մի՞թե պարզ չէ, որ բուհական ծրագիրը ենթադրում է 5-րդ դ. մատենագրության և միջնադարի տաղերգության ավելի խոր՝ մասնագիտական յուրացում՝ նախապես միասնաբար դրսևորված պատմագրության և գեղարվեստական պատկերավորման յուրահատկությունների տարբերակումով:

7. Ամենակարևորը. նոր չափորոշիչները հնարավորություն չեն տալիս որևէ գրողի մասին ամբողջական պատկերացում ստեղծելու: Օրինակ՝ Թումանյանի «Փարվանան» և «Թմկաբերդի առումը» նախատեսված է անցնել 8-րդ դասարանում, «Սասունցի Դավիթ» պոեմը՝ 9-րդում, 10-րդում՝ «Անուշը», 11-րդում՝ քառյակները: Այդպես նաև մյուս գրողները: Որևէ գրող չի ներկայանում իր ամբողջական դիմանկարով:

8. Այս շիլաշփոթն ունի մեկ հիմնավորում՝ դաստիարակել ինքնուրույն մտածող, ինքն իրեն ճանաչող, վերլուծող, տրամաբանող, ընդհանուր առմամբ սոցիալապես ակտիվ անհատ: Դա, անշուշտ, լավ է, բայց ինչո՞ւ այս եղանակով:

9. Չափորոշիչները կազմված են անորոշ ու ճապաղ՝ դասարանից դասարան կրկնվող սահմանումներով։ Նկատվում են գրականագիտական տերմինների անպատեհ կիրառություններ («տեքստը տեքստում», «միջտեքստայնություն», «նարատոր» և այլն), որոնք ծրագիրը մոտեցնում են գրականագիտության բուհական դասընթացներին։

10. Շատ թերի, խառնիխուռն ու անորակ են հայ և համաշխարհային գրականությունից վերցված ցանկերը։ Բացակայում են դրանց ընտրության սկզբունքները։ Ակնհայտ է, որ երկերն ընտրված են ոչ թե մասնագիտական բազմակողմ գնահատման արդյունքում, այլ ընդամենը հանձնառու խմբի նախասիրությամբ, պահի տպավորությամբ և ՀՀ քաղաքացու փոխարեն աշխարհաքաղաքացի կերտելու անիմաստ նպատակադրումով:

11. Դրական է ժամանակակից գրողների և գրականության՝ ծրագրերում ներառելու խնդիրը: Դրական է աշակերտներին կենդանի գրականության հետ կապելու, ժամանակի գրողներին ճանաչելու իմաստով: Բայց սա թերևս ամենաբարդ խնդիրն է երկու իմաստով: Նախ՝ նոր գրողներին ծրագրերում ներառելու համար պետք է կրճատել դասականներին, ինչը վաղ թե ուշ անհրաժեշտություն է դառնալու: Բայց պետք է նոր եկողները արժանի լինեն հների տեղը կամ առնվազն նրանց կողքին տեղ գրավելու: Ապա՝ նոր գրողներին ներառելու համար պետք է հաշվի առնել գրողների միության, գրականագետների կարծիքը և, անշուշտ, նրանց ստեղծած գրական արժեքը: Նոր անուններին կարելի է ծանոթանալ միջին դպրոցում, գրական խմբակներում, արտադասարանական ընթերցանության միջոցով:

12. Ծրագրում չնչին չափով է ներկայացված հայ դասական գրականության կարևորագույն մի հատվածը՝ սփյուռքահայ գրականությունը, որը ծանր հարված է մեր ժողովրդի և հայրենիք-սփյուռք միասնության գաղափարին։

13. Ուսուցչին տրվում է անկառավարելի ազատություն. նա իր ցանկությամբ կարող է ընտրել և մատուցել հայ և արտասահմանյան գրողների երկերը։ Իսկ եթե ուսուցիչն ու աշակերտը իրենց ճաշակով ընտրեն միայն արտասահմանյան գրողների՞ն, և հայ գրողներն ու նրանց լավագույն երկերը դո՞ւրս մնան: Այս դեպքում ինչպե՞ս են կազմակերպվելու գիտելիքի ստուգումները ավարտական դասարաններում, ազատ տրված գիտելիքի ո՞ր շրջանակն է լինելու պարտադիր ստուգելի:

14. Հանձնախմբի անդամները, իբրև իրենց «բարեփոխումների» հիմնական փաստարկ, բերում են այն հիմնավորումը, որ նոր չափորոշիչներով երեխան ոչ թե պետք է կարդա հանրահայտ վերլուծությունները, սովորի և հետո կրկնի դրանք, այլ կարողանա կատարել ինքնուրույն վերլուծություններ: Շատ հետաքրքիր է՝ ինչու պետք է ինքնուրույն վերլուծության հմտությունը կիրառվի հենց գրականության վրա. ի՞նչ է, գրականությունը այդքան հեշտ կամ սուբյեկտիվ ոլո՞րտ է: Այդ դեպքում չէր լինի գիտություն գրականության մասին՝ գրականագիտություն: Դա նույնն է, որ հայոց պատմության դրվագները թույլ տանք ինքնուրույն վերլուծել ու մեկնաբանել կամայականորեն: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Ճիշտ հակառակը, գրականության ուսուցումը պետք է դնել գիտական լուրջ հիմքերի վրա, աշակերտին ուղղորդել, բացատրել այս կամ այն գրողի կատարած դերը մեր ազգային գրականության և գեղարվեստական մտածողության զարգացման մեջ: Ինչպե՞ս պետք է երեխան իմանա, թե ինչպիսի կարևոր դեր է կատարել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» մեր նոր գրականության ձևավորման և զարգացման գործում, ինչպե՞ս է ազդել հետագա շրջանի հայ գրողների ամենատարբեր սերունդների վրա, եթե դասագիրքը նրան չուղղորդի: Ինչու չէ, նաև անուրանալի ճշմարտություններ պետք է հաղորդել, որոնք աշակերտը նախ պիտի սովորի, հետո ինքնուրույն մեկնաբանի:

15. Դեռևս Աստվածաշնչից եկող միտք է, որ օգտագործում է նաև Հրանտ Մաթևոսյանը, թե նախ՝ պարտվում են մշակույթները, հետո՝ միայն պետությունները: Առաջարկվող նախագիծ-ծրագիրը պարտության տանող ծրագիր է: Այն, ինչ կարող է թույլ տալ հզոր պետությունը, ասենք ԱՄՆ-ն, որի կրթական ծրագրերի ազդեցությունն առկա է այս ծրագրում, չի կարող թույլ տալ փոքրաքանակ (ոչ փոքր, թող սխալ չհասկացվի) ժողովուրդը, որի համար մշակույթը և առաջին հերթին կրթությունն ունեն ռազմավարական, ազգապահպան նշանակություն: Ըստ այսմ՝ հայ դասականների զգալի մասին ծրագրերից դուրս մղելը, հայ գրականության «հայ» բառի վերացումը մեծապես վնասում են ազգի շահերին:

Բ) Հայոց լեզվի նախագիծը խոտելի է հետևյալ պատճառներով.

1. Անհիմն է նախագծի արդիականության հիմնավորումը (բառագործածության անճշտությունները չենք քննարկում): «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակրթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Լեզուն բացարձակ արժեք է և անկախ մասնագիտությունների հարգի կամ վերացող լինելուց` գոյություն է ունենալու:

2. Նախագծում գիտությամբ կամ անգիտությամբ աղճատվել է լեզվի դերը: Լեզուն ոչ միայն մտածողության միջոց է, այլև ու նախ և առաջ ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչ, ազգային-հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք. նախագծում ոչ մի կերպ արտահայտված չէ այս գաղափարը, մինչդեռ հենց դա պետք է դրված լիներ չափորոշիչների հիմքում. ՀՀ հանրակրթական դպրոցում հայոց լեզուն պետք է ուսուցանվի այս ելակետով և այս հիմունքով։

3. Եռաչափ կրթական համակարգի ներդրում ասվածը կասկածելի «նորույթ» է: Ավելացվել է հասկացություն հասկացակարգը: Նախկին գիտելիք-հմտություն ձևաչափից անցում է կատարվում հասկացություն-գիտելիք-հմտություն/ կարողություն ձևաչափին: Իսկ մի՞թե ցանկացած գիտելիքի մատուցում, ճանաչում, յուրացում չի սկսվում հասկացությունների մեկնաբանությունից:

4. Հայոց լեզվի և հայ գրականության ուսումնառության հայեցակարգերը նույն չափանիշներով և նույն հիմնավորումներով ներկայացնելը անընդունելի է. Հայոց լեզուն և Հայ գրականությունը տարբեր առարկաներ են (և ուսումնասիրվում են տարբեր գիտակարգերում), հետևաբար որոշակիորեն տարբեր են նաև դրանց ուսուցման նպատակներն ու մեթոդները։ Հայոց լեզուն պետք է նկարագրվի և ներկայացվի որպես առանձին առարկա։ Մինչդեռ ակնհայտ է, որ հայոց լեզվի և գրականության նախագծերը կազմվել են գրեթե նույն սկզբունքներով և որոշ ընդհանրություններ ունեն անգամ բնագիտական առարկաների նախագծերի հետ: Հասկանալի է, որ կիրառվել են միջազգային կրթական ծրագրերին հարմարեցնելու ինչ-ինչ գործիքներ, սակայն դրանք գործածվել են սխալ և անպատեհ: Ընդհանրություններով հանդերձ՝ սրանք էապես տարբեր առարկաներ են, և չափորոշիչներն էլ պետք է շատ հստակ տարբերվեն ոչ միայն բովանդակությամբ, այլև վերջնարդյունքների և նպատակների սահմանումներով: Խոտելի է նախագծի ելակետային միտքը, թե «հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է»։

5. Նշվում է, որ աշակերտը ուսուցչի հետ միասնաբար պետք է կազմի դասի պլանավորումը՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով: Խիստ վիճելի պահանջ է: 12-17 տարեկան երեխաների հետաքրքրության շրջանակը, արժեքային համակարգի ընկալումներն ու պատկերացումները դժվար թե համընկնեն ծրագրային պահանջներին. այդ տարիքում և դեռևս նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին աշակերտը հաստատապես չի կարող ըստ ամենայնի ճանաչել և արժևորել, օրինակ, քերականության կամ ոճաբանության կարևորությունը: Սա հանրակրթական ծրագիր է, և ուղղորդողները նախ և առաջ չափորոշիչներն են, դասագիրքը, ուսուցիչը:

6. Աղքատիկ է ծրագրի լեզվական-բովանդակային մասը. նախագիծը չի ենթադրում հայոց լեզվի վերաբերյալ բավարար գիտելիքների մատուցում։ Վերջնական նպատակը՝ գրավոր և բանավոր հաղորդակցմանը ըստ ամենայնի տիրապետելը, եթե համարենք «ազնիվ», միևնույնն է, և՛ գրագետ հաղորդակցվելու, և՛ ազդեցիկ խոսք կառուցելու, և՛ ստեղծագործական միտքը զարգացնելու համար սովորողին նախ և առաջ պետք է մատուցել լեզվական անհրաժեշտ բավարար գիտելիքներ։ Հետո միայն ստացած գիտելիքները պետք է վերածել կարողության ու հմտության։ Ծրագիրը այս խնդիրը լուծում է մասամբ։

7. Պակասում են կամ թերի են ներկայացված մի շարք թեմաներ.

• Լեզվի հնչյունական համակարգը նեղ իմաստով միայն ուղղագրությունը և ուղղախոսությունը չէ։ Նախորդ տարիներին (մինչև 7-րդ դասարան) ուսուցանվող նյութը բավարար չէ։ Հնչյուն, շեշտ, վանկ, տառադարձություն, հնչյունափոխություն թեմաները հանգամանորեն պետք է ներկայացված լինեն նաև միջին դպրոցում, ապա առավել խորությամբ՝ ավագ դպրոցում։ Հնչյունափոխական իրողությունների ուսուցումը անչափ կարևոր է գրագետ, բարեհունչ և գեղեցիկ խոսք կառուցելու, ճիշտ խոսելու համար։

• Տարտամ ու անորոշ նկարագրություն ունի լեզվի կարևոր բաժիններից մեկը՝ բառագիտությունը։ Նախագծում տեղ է գտել արտառոց մի ձևակերպում, ըստ որի՝ լեզվի երեք մակարդակներից մեկը ոչ թե բառագիտությունն է, այլ բառակազմությունը («Լեզվական համակարգ՝ հայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգեր»)։ Եվ, ըստ այդմ, 5-6 տարիների ուսումնառության ծրագրում բառագիտությունը (իմաստաբանություն, բառակազմություն, բառապաշար, դարձվածաբանություն, բառարանագրություն) ներկայացված է ցաքուցրիվ ու հատվածական։

• Ծրագիրը չի նախատեսում բայի սեռի ուսուցում. մինչդեռ նյութը չափազանց կարևոր է՝ բայական համակարգը և բայի գործառական հնարավորությունները հասկանալու, շարահյուսական կառույցներում կողմնորոշվելու և ճիշտ ու արտահայտիչ, նպատակային խոսք կազմելու համար։

• Քիչ ժամաքանակ է հատկացված անկանոն և պակասավոր բայերի ուսուցմանը, ընդամենը՝ 6 ժամ։ Մինչդեռ սա բայական համակարգի առանցքային թեմաներից է (նախորդ ծրագրից հանիրավի վտարված էր). դրա իմացությամբ նույնիսկ կարելի է չափել մարդու գրագիտությունը։ Թեմայի մասին նախ պետք է ընդհանուր գիտելիք տրվի միջին դպրոցում, ապա թեման առավել մանրամասն պետք է ուսուցանվի ավագ դպրոցում։

• Պահպանված չէ թեմաների ուսուցման համամասնությունը, հաշվի չեն առնվել թեմայի կարևորությունն ու բարդությունը, օրինակ՝ կապին և շաղկապին տրվում է ընդամենը 4-5-ական ժամ, մակբային՝ 8 ժամ, անկանոն և պակասավոր բայերին՝ 6 ժամ (7-րդ դ.), պատկերավորման և արտահայտչական միջոցներին՝ 4 ժամ (11-րդ դ.)։ Մինչդեռ անհարկի ուռճացված է որոշ թեմաներին տրվող ժամաքանակը. հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ գոյականներ՝ 10 ժամ (7-րդ դ.), մեջբերվող ուղղակի խոսք՝ 28 ժամ (9-րդ դ.), ուղղագրություն՝ 18 ժամ (10-րդ դ.) և այլն։

• Ձախողված է ոճագիտության մատուցումը (ըստ նախագծի՝ «ՈՃԵՐ»): Ծրագրի այս հատվածը կազմված է առանձնահատուկ անիմացությամբ: Անընդունելի է գործառական ոճերը միմյանցից հեռացնելու ծրագրային «որոշումը»: Դրանք, տարբերություններով հանդերձ, ունեն զգալի ընդհանրություններ, հետևաբար պետք է ուսուցանվեն հաջորդական միասնությամբ։

8. Այն ճշմարտությունը, որ մեզանում ավագ դպրոցը ժամավաճառության օջախ է (և որ օր առաջ պիտի հրաժարվել դրանից), հաստատվում է նաև այս նախագծով. երեք տարի շարունակ՝ 10-11-12-րդ դասարաններում, նույն կամ գրեթե նույն բովանդակությամբ և սաստիկ համառությամբ կրկնվում է հայոց լեզվի բովանդակային նյութը։ Ըստ որում, շեշտադրվում են միայն որոշակի թեմաներ՝ ուղղագրություն, ուղղախոսություն, «ոճեր»՝ այն էլ խիստ պարզունակ պահանջներով՝ ճանաչել և տարբերակել գործառական ոճերը, Ճանաչել բառերի ձևաիմաստային տեսակները, դարձվածքները, իմանալ և տարբերակել խոսքի մասերը ըստ խոսքիմասային առանձնահատկությունների, խոսքի մասերը դասակարգել ըստ օրինաչափությունների՞՞ և նման բաներ։ Եվ այդ բոլորը՝ առանց համակարգության, առանց զարգացման միտումների։

9. Հատուկ պետք է ընդգծել և շեշտադրել գործնական աշխատանքների կարևորությունը և դերը։ Ծրագիրը «կենտրոնացել է» տեքստ ու փաստաթուղթ կազմելու և էսսե (գրական՞՞ տեքստ) գրելու գործի վրա, բայց դա բնավ էլ ստեղծագործական միտքը մշակելու ուղիղ ճանապարհը չէ, մանավանդ երբ չեն բացատրվում շարադրանք կազմելու հնարներն ու ձևերը: Սա նաև նյութը սերտողաբար յուրացնել տալու թաքնված ճանապարհ է, քանի որ, ըստ հեղինակային խմբի պարզաբանումների, որոշակի դասարաններում աշակերտը ուսուցչի օգնությամբ կկազմի «գրական տեքստեր» ընտրված հեղինակների երկերի վերաբերյալ: Իսկ ավարտական դասարանում գիտելիքի ստուգումը ենթադրում է արդեն մշակված և պատրաստի «գրական տեքստերի» անգիր շարադրանք:

10. Միջառարկայական կապերի մատուցումը՝ հաճախ ուղղակիորեն պատճենված արևմտյան նմանատիպ փաստաթղթերից, ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Դա առավել հստակ երևում է նաև վերջնարդյունքների, երբեմն գործնական առաջադրանքների ձևակերպումներում: Հատկապես վերջիններում ակնհայտ են նաև մասնագիտական լուրջ թերացումներ և բացթողումներ:

11. Գիտելիքների ստուգման այն ձևը, որը հրամցվում է 12-րդ դասարանում, սկզբունքորեն անընդունելի է. շարադրանքի միջոցով ստուգումը հանգեցնելու է կամայականությունների և սուբյեկտիվ գործելաոճի:

12. Այս փաստաթուղթը, մեղմ ասած, գրագետ շարադրանքի տիպար օրինակ չէ (9 ամիսը քիչ ժամանակ չէր փաստարկված և գրագետ շարադրանք ունենալու համար). նրանում առկա են բազմաթիվ սխալ ձևակերպումներ, անճիշտ դատողություններ, սխալ բառագործածություններ, տերմինների շփոթ, վրիպակներ։ Բավարարվենք մեկ-երկու օրինակով. «Չափորոշչային պահանջները ձևավորվում են՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները….» (պահանջնե՞րն են ինչ-որ բան հաշվի առնում); «Տեխնիկայի՞՞ և գիտության սրընթաց զարգացումը….»; «….ուսումնասիրվում է հայոց լեզվի քերականությունը՝՞՞ ձևաբանություն և շարահյուսություն բաժիններով՝ շեշտադրելով՞՞….» (քերականությո՞ւնն է ինչ-որ բան շեշտադրում); «….Հայոց լեզվի ուսումնառության՞՞ համար սահմանվել են հետևյալ հիմնական՞՞ և ենթահասկացությունները՞՞»; «լեզվաքերականություն՞՞» և այլն, և այլն:

Ցավալի է, որ ԿԳՄՍ նախարարությունը հանրությանը ներկայանում է այսօրինակ փաստաթղթով»։

Տպել
4005 դիտում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 ուղևորի դին, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ