Երևան
12 °C
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի նկատմամբ այսօր դատական սանկցիա կիրառվեց. նա հեռացվեց նիստերի դահլիճից՝ դատարանի, դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր հետազոտվեցին քրեական գործում առկա բոլոր տեսանյութերը, ինչի ընթացքում կողմերը դրանց վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ արեցին՝ պարբերաբար իրար դեմ ուղղված որակումներ տալով: Չնայած դատավոր Դավիթ Հարությունյանի հորդորներին՝ նիստն ընթացավ լարված մթոնոլորտում:
Հիշեցնենք՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Արամայիս Պետրոսյանը եւ Հրաչյա Խլղաթյանը մեղադրվում են «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող, քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանին 2019 թվականի մարտի 4-ի գիշերը բռնության գործադրմամբ առեւանգելու համար: Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Միջադեպից հետո խմբի անդամները հայտարարել են, որ փորձել են Մալյանին աղբը նետել՝ ի պատասխան իրենց հասցեին նրա կողմից հնչեցված վիրավորական, այդ թվում՝ հայհոյանքներ պարունակող հայտարարությունների: Հարուցված քրեական գործով Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող:

Ամբաստանյալներն ու պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Կարեն Մեժլումյանը
Այսօրվա դատական նիստի ընթացքում հետազոտվեցին դեպքի վայրի տեսագրությունները, դատավարության մասնակիցների՝ սոցիալական ցանցերում հրապարակված հոլովակները: Դրանց վերաբերյալ հայտարարություն անելիս տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ ակնհայտ է այն, որ եղել է ծրագրված առեւանգում, դերերի բաշխում եւ մեկը մյուսին լրացնող գործողությունների կատարում: Հակադարձելով տուժող կողմին՝ պաշտպանական կողմը բացառեց առեւանգման հանգամանքը: Մասնավորապես, ամբաստանյալների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դիրքորոշում հայտնեց՝ ասելով, որ տեղի է ունեցել ակցիա, որի նպատակը եղել է Նարեկ Մալյանին աղբարկղը նետելը: Հայտարարություն արեց նաեւ ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ տեսանյութերից մեկի՝ իրենց կողմից հրապարակված տարբերակում լսելի է իրենց խոսքը՝ աղբամանը գցելու մասին. «Եղել է պլանավորված աղբահանության ակցիա, ոչ թե առեւանգման»,- ասաց նա: Դատավորը կոչ արեց ամբաստանյալին որակումների մեջ զուսպ լինել: Դավիթ Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ տեսանյութերում երեւում է, որ ողջ ընթացքում իրենց հետեւում են մի կին ու մի տղամարդ, որոնք, իր տեղեկություններով, ԱԱԾ-ի աշխատակիցներ են, սակայն քրեական գործով հայտնաբերված եւ հարցաքննված չեն:
Հաջորդ տեսանյութի վերաբերյալ հայտարարություն արեց տուժող Նարեկ Մալյանը՝ ասելով, որ երբ ինքը այդ տեսանյութից հատված էր հրապարակել, Դավիթ Պետրոսյանը հայտարարել էր, թե այն գործի նյութերում չկա, եւ իրեն է փոխանցվել զարտուղի ճանապարհով. «Ես ուզում եմ արձանագրել, որ Դավիթ Պետրոսյանը հերթական անգամ ստում էր, եւ այս տեսանյութը փոխանցվել է ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմին»,- ասաց նա: Այս անգամ էլ դատավորը նրան կոչ արեց դատական նիստերի դահլիճում լինել հնարավորինս հարգալից եւ զերծ մնալ որակումներից:
Տեսանյութում, որի մասին խոսվում էր, երեւում էր ամբաստանյալներից մեկի՝ Արամայիս Պետրոսյանի ավտոմեքենան՝ կայանած Ամիրյան փողոցում: Նարեկ Մալյանը պնդեց, որ այդ հանգամանքը եւս վկայում է նախապես ծրագրված առեւանգման մասին, քանի որ կայանատեղիից մի քանի մետր այն կողմ գտնվում է իր տունը, եւ ինքն ինչպես էլ գար, տեսանելի էր լինելու խմբի անդամներին. «Դեռեւս նախաքննությունից պաշտպանական կողմն այն թեզն էր առաջ տանում, որ մեքենան կայանված է ամբաստանյալի տան մոտակայքում, բայց ամբաստանյալը բնակվում է Խորենացի փողոցում, իսկ սա Ամիրյան փողոցն է, դրանք որեւէ կերպ չեն հատվում»,- ասաց նա: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով, որ Արամայիս Պետրոսյանը բնակվում է ոչ թե Խորենացի, այլ Մաշտոցի պողոտայի վրա. «Եւ ինչպես գիտեք՝ Կենտրոնը գերծանրաբեռնված է, եւ կարող է Մաշտոցի բնակիչը Ամիրյանում կայանել, որեւէ տեսանյութում չի երեւում, որ Մալյանին տեղափոխում են կայանած մեքենայի ուղղությամբ. մեքենան մի մայթին է, իսկ Մալյանին տեղափոխում են այլ մայթ»,- ասաց Պետրոսյանը:

Ձախից՝ Նարեկ Մալյանը, Տիգրան Աթանեսյանը
Տեսանյութերի հետազոտումն այդ պահին ընդհատվեց. ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ Նարեկ Մալյանը դատական նիստի ժամանակ սոցիալական ցանցում իրենց վերաբերյալ ոչ հարգալից հերթական գրառումն է արել: Դրան ծանոթանալով՝ դատավորը Մալյանից հետաքրրվեց՝ մի՞շտ է նիստի ընթացքում սոցիալական ցանցերում գրառումներ անում, ինչին Մալյանը պատասխանեց, որ առաջին անգամն է, երբ նիստի ընթացքում հենց ամբաստանյալների վերաբերյալ գրառում է անում: Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե գրում է, նշանակում է՝ նույնը կարող է արտաբերել, ինչին արձագանքելով՝ Մալյանն ասաց. «Սրանից հետո հայհոյանք պարունակող գրառումները նիստից հետո կանեմ»: Դատավորը նրան կոչ արեց դատավարության մասնակիցների վերաբերյալ հայհոյանք պարունակող գրառումներ չանել ոչ նիստից առաջ, ոչ հետո: Ավելի ուշ, Մալյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալներից մեկը եւս վիրավորական գրառում է արել: Ծանոթանալով դրան՝ Դավիթ Հարությունյանն այդ վարքագիծն առհասարակ անթույլատրելի համարեց՝ ասելով, որ եթե առանց գրառումներ անելու կողմերը չեն կարող նիստին մասնակցել, ապա նիստից առաջ հեռախոսները կհանձնեն:
Այնուհետեւ Դավիթ Պետրոսյանը դատարանին խնդրեց հետազոտել դեպքից օրեր առաջ նկարահանված մի տեսանյութ, որը, թեեւ գործի նյութերում որպես ապացույց ներառված չէ, սակայն իրենց գնահատմամբ՝ էական նշանակություն ունի: Պետրոսյանի խոսքով՝ այդ տեսանյութում Մալյանն իրենց մեղադրում է նախ Ալիեւի հետ համագործակցության մեջ, ապա՝ հնչեցնում վիրավորանքներ, սեռական բնույթի հայհոյանքներ. «Այդ հայհոյանքների պատճառով բանակում տեղի են ունենում ինքնասպանություններ, ինքնախեղումներ, երկրում ձեւավորվում է այսպիսի մթնոլորտ, այդ հայհոյանքի պատճառով մենք արել ենք այդ ակցիան, այս ամբողջ գործի էությունը նրանում է, որ մեզ տրվել է սեռական բնույթի հայհոյանք՝ ծնողի հետ կապված, եւ մենք չենք լռել, նրան նետել ենք աղբամանը»,- ասաց նա՝ դատավորի հարցին ի պատասխան՝ նշելով, որ որքան էլ տհաճ լինի, տեսանյութը պետք է դիտել: Տուժող կողմը եւս առաջարկեց այն դիտել ամբողջությամբ, իսկ դատախազ Սեւակ Պողոսյանն ասաց, որ եթե խոսքը պարզապես վիրավորանքների մասին է, եւ տուժողն այդ տեսանյութի հանգամանքը չի վիճարկում, դիտելու կարիք չկա: Մի քանի րոպե դիտելուց հետո դատավոր Դավիթ Հարությունյանը տուժողից հետաքրքրվեց՝ հերքո՞ւմ է արդյոք այն, որ տեսանյութում ինքն է խոսում, եւ այն նկարել է կամավոր. «Ոչ, չեմ հերքում, ես եմ խոսում, իմ ֆեյսբուքյան էջում էլ այն տեղադրված է»,- ասաց Մալյանը: Դատավորը հարց բարձրացրեց, թե որն է այդ բնույթի տեսանյութն ամբողջությամբ վերարտադրելու իմաստը, եթե մեղադրանքի կողմը, առավել եւս տուժողը, այն չեն վիճարկում: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենց համար պարտադիր չէ այն ամբողջությամբ դիտելը, բայց ինքը կասկած ունի, որ դատախազն այն չի նայել, քանի որ ասում է, թե հնչել են «ուղղակի վիրավորանքներ». «Շնորհակալություն, որ չեք թողնում նայենք, բայց այս ամենը պտտվել է համացանցում, բոլորը նայել են, եւ ոչ դատախազությունը, ոչ ոստիկանությունը, ոչ մեկը ոչինչ չի արել»: Նույն կարծիքը հայտնեց նաեւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը՝ ասելով, որ դա անհրաժեշտ է հետագայում տեսանյութին հղում կատարելու համար:

Դատավոր Դավիթ Հարությունյանը, ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը
Մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ իր համար անհասկանալի է, թե դատախազությունն ինչ պիտի աներ. «Եթե խոսքը վիրավորանքը վիճարկելու ընթացակարգերի մասին է, փաստաբանները կբացատրեն, ինչ վերաբերում է նայելուն, ոչ միայն դատախազն է նայել, այլ վարույթն իրակնացնող մարմինը հետազոտել է եւ գտել, որ գործի հետ առնչություն չունի, ես էլ գտնում եմ, որ երբ որ անձինք նստած են, մի քիչ գեղեցիկ չէ նրանց վերաբերյալ այդպիսի արտահայտությունները վերարտադրել, եթե նրանք իրենց վատ չեն զգում, թող ամբողջությամբ լսեն»:
Դատախազի այս վերջին արտահայտությունը հունից հանեց պաշտպանական կողմին, եւ նրանց միջեւ ընդհարում տեղի ունեցավ. «Դե այդ նույնը քեզ կասեն, կտենաս»,- ասաց Դավիթ Պետրոսյանը: Դատավորի դիտարկմանը, որ դատախազը ճիշտ էր, Պետրոսյանը հայտարարեց, որ այդ դեպքում ինքը նույնը դատախազին է ասում, ինչին դատախազը պատասխանեց՝ ասելով, որ գնա, իր մորն ասի: Կողմերի միջեւ բանավեճը մի քանի վայրկյան շարունակվեց՝ չնայած դատավորի՝ լռելու եւ հանդարտվելու բազմաթիվ կոչերին: Ի վերջո դատավոր Դավիթ Հարությունյանը դատական սանկցիա կիրառեց Դավիթ Պետրոսյանի նկատմամբ. նիստերի դահլիճից հեռանալիս Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը չի հարգում այդ դատարանը:
Պետրոսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ դատախազին նկատողություն չանելու համար: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ այն որակեց սադրանք՝ ասելով, որ նուրբ թեմա է, եւ կարելի էր խոսքը այլ կերպ ձեւակերպել: Դատավոր Դավիթ Հարությունյանը, սակայն, դատախազի վարքագծում հակաիրավական գործողություն չտեսավ. «Դատախազի ասածի տրամաբանությունն առնվազն այն է, որ եթե հայհոյանք է պարունակում, հաճելի չէ դա վերարտադրել, ավելի վաղ նույնն ասաց նաեւ դատարանը, այն հանգամանքը՝ տուժողը հայհոյանք տվել է թե ոչ, կարող է էական նշանակություն ունենալ բացառապես մեկ հարցի համար. եթե ամբաստանյալները ենթարկվեն քրեական պատասխանատվության, պետք է քննարկվի նաեւ տուժողի հնարավոր հակաբարոյական եւ հակաիրավական վարքագծի արդյունքում դա կատարված լինելու հարցը»,- պարզաբանեց դատավորը: Դատախազ Սեւակ Պողոսյանն էլ իր հերթին պարզաբանեց. «Ես ուզում էի ասել, որ տեսանյութը դիտել եմ, եւ չեմ պնդում, որ այն վերարտադրվի, որովհետեւ դա տհաճ է, իսկ պաշտպանի հայտարարությունը, թե դա սադրանք էր, պարզապաես անթույլատրելի է»,- ասաց նա:

Ձախից՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատախազ Սեւակ Պողոսյանը
Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին Դավիթ Պետրոսյանից պարզաբանում լսելուց հետո կքննարկվի դատական սանկցիայի ժամկետի երկարաձգման կամ նրա գործողություններին այլ գնահատական տալու հարցը: Հաջորդ դատական նիստին նախատեսվում է նաեւ տուժողի հարցաքննությունը: Այն նշանակվեց նոյեմբերի 4-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք
ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել
Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը
Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին
Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա
Կոնգրեսից «սրտիկ» ՀՀ վարչապետին. Ստեփան Սարգսյան
Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար
Անդրազգային կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամ հափշտակություն, փողերի լվացում. 1 անձի գործը դատարանում է
Գյուղոլորտի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է. թիրախը գերակատարված է. Մանավազյան
ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան
Վարչապետն ու Աբդելսալամին հույս են հայտնել՝ մրցանակը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին
Հանցավոր խումբը ծրագրել է սպանություններ և հարձակում, ձեռք է բերել մեծաքանակ զինամթերք. կան ձերբակալվածներ
ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ. տեսանյութ
Ծնունդի, մահվան գրանցումը, հայրության ճանաչումը, ամուսնություն/ամուսնալուծությունը հասանելի են առցանց եղանակով
2018 թվականից հետո մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել․ Թորոսյան
Անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան
ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի, ջրային ոլորտներին առնչվող հարցեր. Խուդաթյան
Կարելի է պատկերացնել ընդդիմադիր ուժի վիճակը, եթե ֆեյքերի և ԱԲ քոմենթ գրողների հարցումով Փաշինյանը 33% է ստացել
Վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանցը. Գալյան
Քաղաքացուն ծեծում է և հայհոյում. Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել
Երևանում մայրն ու մանկահասակ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Ճապոնիայում առատ ձյան պատճառով 35 մարդ է մահացել. տեսանյութ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հրապարակել. լուսանկարներ
ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների աջակցությանը
Գավառի մանկատան հաշվին տնօրենը կազմակերպել է իր մտերիմների սրճարանի ջեռուցումը. նախաքննությունն ավարտվել է
Առաջիկա ամիսներին ՀՀ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի. Գալյան
Դատախազությունը ներկայացրել է 2025-ին պետությանը և համայնքներին վերադարձված անշարժ գույքերը՝ ըստ մարզերի
Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ
Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները
Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել
Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին
Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է
Աբու Դաբիում հանդիպել են ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT