Տղամարդկության մասին իմ պատկերացումը ռադիկալ տարբերվում է ԲՀԿ-ականներինից՝ մանավանդ վերջին ղազագրերից հետո. Ա. Մանուկյան

Պատերազմից հետո ստեղծված սոցիալ-տնտեսական, քաղաքական  ծանր իրավիճակից դուրս գալու ելքերի փնտրտուք. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպես բացատրեց ԱԺ-ում հրավիրված լսումների անհրաժեշտությունը:

Խորհրդարանական ուժերի եւ արտախորհրդարանական բազմապիսի կուսակցությունների ու անկուսակցականների մասնակցությամբ երեկ երկրի թիվ 1 ամբիոնից քննարկվեց՝ պե՞տք է հրաժարական տա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ: Սա լսումները հրավիրած «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրապարակած ճանապարհային քարտեզի մի կետն էր միայն: Մինչ քննարկումը սկսելը ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց 13 կետանոց ճանապարհային քարտեզն ամբողջությամբ:

«Առաջինը մենք արձանագրել ենք, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա։ Խորհրդարանական երկիր լինելով՝ մենք հասկանում ենք, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանում, այս դահլիճում, եւ խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ։ Խորհրդարանը պետք է ընտրի անցումային ժամանակաշրջանի վարչապետ, որովհետեւ հասկանում ենք, որ այս խորհդարանը չի կարող պաշտոնավարել մինչեւ իր սահմանադրական ժամկետի ավարտը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ անցումային վարչապետը պետք է աշխատի մինչեւ այն պահը, որ կազմակերպվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Անցումային շրջանի վարչապետը, ըստ Մարուքյանի, պետք է բանակցի Արցախի հարցով եռակողմ հայտարարության անորոշ դրույթների շուրջ, քանի որ, նրա խոսքերով, գործող իշխանությունը ունակ չէ դա անել։

Փաստաթղթով կարեւորվում է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների վերականգնումը: Անհրաժեշտ  է համարվում  զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովումը, արցախահայության  սոցիալական կարիքների անհապաղ լուծումը: Խմբակցությունը նաեւ առաջարկում է  վերաիմաստավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, նախաձեռնել Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանություն միջազգային դատական ատյաններում, մշակել  տնտեսության ու բանակի վերականգնողական ծրագիր եւ այլն:

Արձանագրելով, որ իրենց հրապարակած ճանապարհային քարտեզը իրագործելու համար անհրաժեշտ է խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի»  աջակցությունը, Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի ստանալ նրանց աջակցությունը.

«Մենք հրավիրել ենք, իրենք չեն եկել, բայց դա չի նշանակում, որ բոլոր հնարավորությունները սպառված են: Մենք պետք է շարունակենք աշխատանք տանել, որ իրենց բերենք կառուցողական շփման դաշտ, որի արդյունքով է միայն, որ կարող ենք այս որոշումները իրագործել»,- ընդգծեց Մարուքյանը: 

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ընդգծեց, որ Կառավարության հրաժարականի այն սցենարը, որ առաջարկում է ԼՀԿ-ն, ընդունելի չէ.

«Պատկերացնենք՝ դուք պահանջեցիք, եւ նա հրաժարական տվեց, որից հետո «Իմ քայլը» իր բացարձակ մեծամասնությամբ ընտրեց սեփական թեկնածուին, ի՞նչ է փոխվելու դրանից: Մենք այս սցենարով շարժվելու դեպքում եւս մեկ անգամ շարունակելու ենք այս ճգնաժամային իրավիճակը եւ նորից վտանգի տակ ենք դնելու արդեն Հայաստանի ճակատագիրը, որովհետեւ այդ ամբողջ խմբակցությունն է պատասխանատու այս իրավիճակի համար: Պետք է մի բան մտածել, որը կմեկուսացնի իմքայլականների գործողությունները»,- ասաց Արամ Սարգսյանը:

Արձագանքելով նրան՝ Մարուքյանը հայտարարեց. «Ձեր ասածի լույսի ներքո ուրեմն պետք է այսօր ցրվի այս խորհրդարանը, որ իմքայլական ոչ մի մարդ այդ պահին դերակատարում չունենա, ընտրություններ անենք, ձեւավորվի նոր խորհրդարան, որոշի՝ ում ընտրի: Բայց մենք ունենք կոնսենսուս, որ ոչ մի ընտրություն այս պահին չենք կարող անել: Ճի՞շտ եմ: Հետեւաբար, այդ 88 մանդատանոց իրողության հետ չենք կարող հաշվի չնստել: Եթե դուք կարող եք, դուք մի նստեք հաշվի: Ես չեմ կարող հաշվի չնստել: Այլ տարբերակ չկա: Ինչ Կառավարություն որ ձեւավորվի, ձեւավորվելու է այդ մեծամասնության քվեարկությամբ: Իրենք ո՞նց են գալու այդ դաշտ: Ես կարծում եմ՝ իրավիճակի եւ իրողությունների ճնշման ներքո գալու են այդ քննարկմանը»,- ասաց Մարուքյանը:

Նա դեմ չէ նաեւ, որ իշխող խմբակցությունը վարչապետի այլ թեկնածու առաջադրի: ԼՀԿ ղեկավարը վստահ է՝ իրար նկատմամբ ուլտիմատումներ դնելով՝ գնալու են բախումների:

 «Ուղղակի ես չեմ ուզում պատկերացնել մի իրավիճակ, որ նման խայտառակ փաստաթուղթ ստորագրելուց հետո մի հատ էլ մենք երկրի ներսում հանգենք քաղաքացիական բախումների, ինչի մասին վերջին օրերի ընթացքում անդադար խոսվում է»,- հավելեց Մարուքյանը։

ԼՀԿ-ի առաջարկած ելքերը նաեւ Գերագույն խորհրդի եւ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանի սրտով չէին:

«Հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան եւ բոլոր մեղքերը փորձում են բարդել նրա վրա». նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ամբիոնից իր ելույթը այսպես սկսեց Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը: 

Նրա խոսքով՝ հիմա ԱԺ-ում քննարկվում է մի փաստաթուղթ («Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը), որը առ ոչինչ է եւ ոչնչով չի տարբերվում գործադիր իշխանության ղեկավարի ստորագրած եռակողմ փաստաթղթից: «Ինչո՞ւ, որովհետեւ այս առաջարկությունների առաջին կետում չի գրված, որ ԱԺ-ն՝ հանձին հայ ժողովրդի, մերժում է միջազգային իրավունքի նորմերին հակասող այդ փաստաթղթի (եռակողմ հայտարարության-խմբ.) բովանդակությունն ամբողջությամբ»,- նշեց Խաչատրյանը եւ ավելացրեց,- Դա պատերազմի կբերի, թե չի բերի, ես դրան չեմ անդրադառնա: Համենայն դեպս ԱԺ-ն պետք է քննարկի այդ հարցը բաց նիստում: Պետք է խմբակցությունները փակ նիստեր անցկացնեն, գնահատեն դրա ռիսկերը»,- նշեց նախկին պատգամավորը:

Խաչատրյանը նաեւ երկրորդ առաջարկ ուներ՝ որոշել Արցախի կարգավիճակը. «30 տարի առաջ դավադրություն է տեղի ունեցել հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ: 30 տարի առաջ Հայաստանին վերամիավորված Արցախն անջատվել ու անկախացել է Հայաստանից: Կարճ կասեմ՝ դա մի բան է նշանակում. Հայաստանի իշխանությունները միջազգային իրավունքի վերմակը քաշել են իրենց վրա եւ Արցախին դուրս թողել»,- նշեց Խաչատրյանը:

Դավադրությունների մասին խոսեց նաեւ մշակութաբան, պարագետ Գագիկ Գինոսյանը: «Ի սկզբանե համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված խաղ էր՝ պատերազմը չսկսված, եւ այս վերջնական գիծը, ներառյալ՝ նաեւ Շուշին, նախօորոք որոշված էր, եւ ռուսական զորքերի ներկայությունն էլ վաղուց պլանավորված էր»,- անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին՝ հայտարարեց Գինոսյանը՝ հավելելով, որ, իր համոզմամբ, այս ամենը նեոսովետիզմ է, ինչը վտանգում է նաեւ Հայաստանի անկախությունը:

Քննարկվող մյուս հարցը այն էր, թե ինչու ԼՀԿ-ն չի միանում փողոցում Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ուժերին եւ նրանց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Ասաց՝ շատ հարգանքով են մոտենում ցանկացած ուժի վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, բայց ունեն սեփական թեկնածու:

«Պետք է նաեւ նայենք այս հարցին հետեւյալ կերպ․ օրինակ ո՞վ ավելի շանս կարող է ունենալ այս խորհրդարանում՝ վարչապետ ընտրվելու, օրինակ՝ դա, եւ էլի շատ հարցեր, բայց այդ քննարկումները ընթացքի մեջ են: Որեւէ մեկը որեւէ մեկին թող չբացառի եւ որևէ մեկը որեւէ ձեւով թող որեւէ բան չպարտադրի» ,- ասաց Մարուքյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ:

Լսումների ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում նա նաեւ հավելեց. «Սա ընդամենը մարդկանց կարծիքը լսելու փորձ էր։ Հաշվեք, որ սա մեր ցույցն ա, օրինակ։ Ով ինչ անում ա, որը կնպաստի վարչապետի հրաժարականին, թող անի»։

Խորհրդարանում ԼՀԿ-ի հրավիրած լսումներին ելույթ ունեցան նաեւ 17 ուժերի թվում Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրած ԲՀԿ-ականները: Միքայել Մելքումյանը իր խոսքում դիմեց իշխանական պատգամավորներին՝ հորդորելով օր առաջ վճռորոշ քայլ անել․ «Ես ասել եմ ամբիոնից՝ եթե դուք մնում եք այդտեղ, ուրեմն ձեր մեջ տղամարդ չկա, որ գա ասի՝ մենք պարտվել ենք, պետք է դուրս գանք։ Իրենցից պետք է դուրս գան, որ չկիսեն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ այն դավաճանական երեւույթի պատասխանատվությունը, որ կա։ Եթե մնում են, ուրեմն կիսում են։ Բայց դուրս են գալու անպայման։ Ստեղից նրանք են դուրս գալու, դրսում ճնշումը հանրային լինելու է, եւ անպայման էդ հրաժարականը լինելու է։ Դրանից հետո մենք իրավունք չունենք ստեղծելու նոր կուռքեր»։

«Գիտեք, ամեն մեկի պատկերացումը տղամարդկության մասին շատ տարբեր է, իմը ռադիկալ տարբերվում է ցանկացած ԲՀԿ-ականի պատկերացումներից՝ մանավանդ այն վերջին ղազագրերից հետո: Ինչպես եւ իրենցը իմից, մեզ մոտ փոխադարձ է այդ տարբերությունը: Այնպես որ ես կմնամ տղամարդկության մասին իմ պատկերացումներին, որոնք շատ թանկ են ինձ համար՝ անկախ նրանից, թե դրանց մասին ինչ կարծիք ունեն ԲՀԿ-ականները»,- արձագանքելով Մելքումյանին՝ ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ խմբակցությունը չէր մասնակցում ԼՀԿ-ի կազմակերպած լսումներին՝ պատգամավորը պատասխանեց, որ կոնկրետ ինքը ավելի կարեւոր գործեր ուներ.

«Ես չէի մասնակցում, որովհետեւ շատ ուրիշ գործեր ունեի, եւ էդ հացերը, որոնք քննարկվում էին, ինձ հետաքրքիր չէին: Փաշինյանը դավաճան է, թե դավաճան չի, պետք է հեռանա, թե ոչ՝ դա կեղծ օրակարգ է՝ լցոնված բոլոր տեսակի կեղծքիներով, ստով»,- նկատեց պատգամավորը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7086 դիտում

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան

Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան

Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել

Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել

ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան

160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է

Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ

Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին

Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան

Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին

Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ

Ներողություն եմ խնդրում ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար, ձեր ծնողներն ամենալավն են. Հակոբյան

Կրակել են Երևանի թիվ 13 դպրոցի ուղղությամբ