ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 100-օրյա պաշտոնավարման արդյունքները՝ ըստ ուղղությունների։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ վերանայման փուլում է «Կրթության զարգացման 2021-2025 թվականների ռազմավարությունը, որի աշխատանքներն առկախվել էին պատերազմի պատճառով: Միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի և Յունիսեֆի փորձագիտական աջակցության շնորհիվ փաստաթղթի գործունեության պլանը ներառում է ինչպես ֆինանսական գնահատական, այնպես էլ գործողությունների հստակ ժամանակացույց՝ մշտադիտարկման և գնահատման պլանով:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտ
- Ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
- Լրամշակվել և շրջանառության մեջ են ՀՀ կառավարության որոշումների համապատասխան նախագծերը, որոնցով նախատեսված են բակալավրի կրթական աստիճանով ընդունելության նոր մոտեցումների և մեխանիզմների ներդրում, ինչպես նաև 2021/2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության մուտքային պահանջների հստակեցում (դիմորդները կհանձնեն միայն մասնագիտական քննություն):
- Մշակվել են բարձրագույն կրթության մի շարք ոլորտների որակավորումների բնութագրերը: Կհստակեցվեն նախատեսվող 7 որակավորումների ոլորտային շրջանակները, և կկազմվեն համապատասխան աշխատանքային խմբեր՝ ուսումնառության վերջնարդյունքների հիմքով բնութագրերը մշակելու համար:
- Կառավարության որոշմամբ՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներին, մասնակից անձանց սովորող երեխաներին և սովորող ամուսնուն՝ ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորելու պարագայում: Ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել շուրջ 1400 ուսանողի, փոխհատուցվելու է ևս շուրջ 2840 շահառուի ուսման վարձ /590 440.6 հազար դրամ/:
- «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հետ համագործակցությամբ նախաձեռնվել է բուհերում անվճար տեղերի բաշխման ուսումնասիրությունը, որի հիման վրա կվերանայվի ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցմամբ տեղերի քանակն ըստ պետության կարիքի, ռազմավարական թիրախների, աշխատաշուկայի ներկայիս և ապագայի պահանջների: Ուսումնասիրության արդյունքները պետական քաղաքականության հիմքում կներդրվեն 2022-2023 ուսումնական տարվանից:
- Անցկացվել է «Լավագույն ուսանող» մրցույթը, որի շրջանակում 2020 թ․-ի արդյունքներով հաղթող ճանաչված 38 ուսանող պարգևատրվել է հավաստագրերով, ԿԳՄՍ դրամաշնորհներով հրատարակված գրքերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով՝ 1-ին տեղ` 41000, 2-րդ տեղ՝ 305.000 և 3-րդ տեղ՝ 220.000 ՀՀ դրամ:
Գիտության ոլորտ
- Մշակման փուլում է «Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման 2021-2025 թթ. ռազմավարությունը», որն ակներևաբար ներառելու է պատերազմի իրողությամբ պայմանավորված վերանայումներ:
- Մշակվում է «Գիտության ոլորտում բարեփոխումների և պետական ներդրումների ճանապարհային քարտեզը», որի շրջանակում նախատեսվում է, հստակեցնելով ֆինանսական կարիքները, մշակել ոլորտի զարգացման գործողությունների պլանը:
- Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման նպատակով հայտարարվել է 4 մրցույթ, որոնց մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 760 հայտ. դրանք գտնվում են փորձաքննության փուլում:
- Ամփոփվել է կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված գիտական թեմաների ընտրության մրցույթը, որի արդյունքում 2020 թ. դեկտեմբերից ֆինանսավորվում են 4-5 անձից բաղկացած 15 գիտահետազոտական խմբեր։
- Ամփոփվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հայտարարած գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության մրցույթը, որի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 38 գիտական ծրագիր։
- «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում լրացուցիչ ֆինանսավորման է երաշխավորվել 7 հայտ, որով նախատեսվում է ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացում:
- Ամփոփվել է «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» մրցույթը:
- Առաջիկայում կհայտարարվի Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության հետ կնքված համաձայնագրի շրջանակում կազմակերպվող գիտական ու գիտատեխնիկական համատեղ նախագծերի աջակցության երրորդ մրցույթը:
- Ընթացքի մեջ է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2021-2025 թվականների ռազմավարական ծրագրի մշակումը: «Horizon Europe» հետազոտության և նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի ասոցացման ուղղությամբ ընթանում են տեխնիկական բանակցություններ:
- 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի մարտ ժամանակահատվածում բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել և մուտքագրվել է գիտական աստիճանի 44 որակավորման գործ: Հանձնվել է 52 գիտական աստիճանի վկայագիր, որից` 7 դոկտորի և 45 թեկնածուի: Մերժվել է 1 գիտական աստիճանի և քննարկման է ուղարկվել 4 որակավորման գործ: Հանձնվել է գիտական կոչման 19 դիպլոմ, որից` 2 պրոֆեսորի, 17 դոցենտի:
- Բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել է գիտական կոչման 54, օտարերկրյա պետություններում շնորհված գիտական աստիճանի համապատասխանեցման 4 որակավորման գործ: Ըստ այդմ` տրվել է 3 գիտության թեկնածուի գիտական աստիճանի համապատասխանեցման հավաստագիր:
- Վերանայվել է ընդունելի գիտական պարբերական հրատարակությունների ցուցակը: Ստուգվել և թվայնացվել է 52 ատենախոսություն:
- Ընթացքի մեջ է որակավորման քննությունների ծրագրերի մշակումն ըստ ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկի:
Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտ
- Հաստատվել է «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգը:
- Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կազմվել է ՄԿՈՒ ոլորտի օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որը քննարկվել է կազմակերպված համաժողովի ընթացքում։ Քննարկման արդյունքներով պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
- Միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում հուշագրեր են ստորագրվել Շիրակի մարզի ՄԿՈԻ 4 հաստատության և բիզնես ընկերությունների միջև, մշակվել են ՀՀ-ում ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների վավերացման համակարգի բարելավման վերաբերյալ երաշխավորությունները, «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում. ՄԿՈՒ համակարգում պրակտիկայի բարելավում» և «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատում» հայեցակարգերի նախագծերը:
- Իրականացվել է «Հեռավար ուսուցման մեթոդաբանություն և կիրառվող գործիքակազմ» կարճաժամկետ ուսուցման ծրագիր՝ տնօրենների, դասախոսական և վարչական անձնակազմի համար, ինչպես նաև շարունակվել է դուալ ուսուցման փորձնական ծրագիր իրականացնող հաստատությունների ուսումնաարտադրական բազայի համալրումը:
- 2021 թ.-ին նախատեսվում է ՆՄՄԿ պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում /12 հատ/ և վերանայում /20 հատ/, ինչպես նաև ՆՄՄԿ համակարգի տնօրենների, մանկավարժական անձնակազմի, չափորոշիչներ մշակող փորձագետների, ՄԿՈՒ համակարգին առնչվող աշխատակիցների վերապատրաստումներ /1035 անձ/:
Նախադպրոցական կրթության ոլորտ
- Հաստատվել են նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը՝ նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերում այլընտրանքային մոդելներով համապատասխան ծառայությունները ապահովելու համար։
- Մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ հաստատման են ուղարկվել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը, ինչպես նաև օրինակելի կանոնադրությունը:
- Մշակվել և ներկայում շրջանառվում է «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- Մշակվել և ներկայում շրջանառվում են «Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները և գործակիցները հաստատելու մասին» և «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը։
Հանրակրթության ոլորտ
- Փոփոխության են ենթարկվել և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության կարգը և օրինակելի կանոնադրությունը։
- Փոփոխության է ենթարկվել ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը, որի համաձայն՝ նախատեսվում է 3000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների ուսումնական հաստատությունների համար ձևավորել միացյալ խորհուրդ՝ դրանով իսկ հնարավոր դարձնելով խուսափել փոքր համայնքներում խորհուրդների ձևավորման ընթացքում շահերի բախման ռիսկերից: Միաժամանակ ներդրվել են ռոտացիոն կարգեր մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչ-անդամների համար՝ այդ կերպ նպաստելով առավել մասնակցային խորհուրդների ձևավորմանը:
- Հաստատվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը:
- Փոփոխությունների է ենթարկվել «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվել է ըստ հաստատության տիպի՝ իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների սահմանվող հաշվարկով։
- Մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ իրականացվող 0,75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հեռավար կրթության հարթակի մշակման տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որը նախաձեռնվել է ԿԳՄՍ-ի հետ խորհրդակցաբար՝ Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթության զարգացման նպատակով: Վերջինիս շրջանակում ԱԶԲ-ի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ համագործակցությամբ մշակվել է Հեռավար ուսուցման պլատֆորմի մշակման և գործարկման համար անհրաժեշտ խորհրդատվական կազմակերպության տեխնիկական առաջադրանքը, որին համապատասխան ԱԶԲ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցույթում հաղթած կոնսորցիումի կողմից սկսվել են հեռաուսուցման հարթակի մոդելավորման և նախագծման աշխատանքները: Նախատեսվում է, որ հարթակի ստեղծումը կտևի շուրջ մեկ տարի և կծառայի ինչպես կրթական, այնպես էլ Հայաստանի վերափոխման ռազմավարությունից բխող այլ նպատակադրումների:
- Հաստատվել է «Կրթության միջազգային գործընկերության» («Global Partnership for Education (GPE)») միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության ներկայացրած ծրագրային հայտը՝ 522695 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցության ծավալով: Դրամաշնորհային միջոցների հաշվին տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ 2021 թվականի ընթացքում իրականացվելու են հանրակրթության ոլորտի տարբեր բաղադրիչների ծավալուն ուսումնասիրություններ՝ նախանշելու հետագա բարեփոխումների ուղղությունները: Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է մասնակցային հիմունքներով՝ ի դեմս այդ նպատակներով ստեղծված տեղական կրթական խմբի, որի մեջ, նախարարությունից զատ, ներառված են կրթության հիմնախնդիրներով շահագրգիռ միջազգային գործընկեր կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: GPE-ի ծրագրի ընթացակարգի համաձայն՝ տեղական կրթական խմբի կողմից մասնակցային հիմունքներով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ճանաչվել է որպես ծրագրային հայտի դրամաշնորհի գործակալ, իսկ Ասիական զարգացման բանկը՝ համակարգող գործակալություն: Նախարարության կողմից տվյալ նախաձեռնությունը կարևորվում է նաև նրանով, որ հանրակրթության բարեփոխումներում ապահովվել է մասնակցային գործընթացի ինստիտուցիոնալացումը:
- 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգը, որով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են առավել բարենպաստ պայմաններ։ Ստեղծվել է kadrer.emis.am կայքը, որով նախարարությունը կվարի մասնագետների էլեկտրոնային շտեմարան՝ թվայնացնելով գործուղման գործընթացը։
- 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, որով բարելավվել են ծառայություններից օգտվելու պայմանները։
- 2020 թվականին մեկնարկած 16 համայնքներում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների համար մոդուլային շենքերի կառուցման գործընթացը կավարտվի 2021 թվականին։ Ուսումնասիրվել և կազմվել է ևս 30 համայնքների ցանկ, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցների կառուցում հաջորդ փուլում։ Աշխատանքներն ընթանում են 16 համայնքներում։ Նախատեսվում է փոքրաքանակ աշակերտական համակազմով համալրված համայնքներում մոդուլային դպրոցների թիվը 2024 թ.-ին հասցնել 63-ի:
- ՀՀ պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը 10 պետական հանրակրթական ուսումնական հաստատության տրամադրել է 23 մլն 722 հազար դրամ դրամաշնորհ: Աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման և դպրոցների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցմանն օժանդակելու նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել 8 դպրոց՝ առաջնահերթություն տալով սահմանամերձ համայնքների դպրոցներին, որտեղ տեղադրվել են հակահրդեհային անվտանգության ազդանշանային համակարգեր, ձեռք են բերվել հակահրդեհային վահանակներ ու կրակմարիչներ, անցկացվել է հակահրդեհային ջրամատակարարման ներքին ցանց, տեղադրվել է թեքահարթակ, անցկացվել են առաջին օգնության դասընթացներ և այլն: Հաշվի առնելով 2020 թվականին կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները՝ նախատեսվում է առաջիկա տարիներին ծրագիրը շարունակաբար ընդլայնել։
- «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են 13 ավագ դպրոցներ, որոնցից 5-ի աշխատանքներն ավարտվել են. ևս 8-ինը կավարտվի այս տարի:
- 2021 թ.-ին Արարատի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, իսկ սեպտեմբերից նաև Գեղարքունիքի և Լոռու մարզերի տարրական դասարանների երեխաները կօգտվեն «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից: Հետազոտություն է իրականացվելու` հասկանալու Երևանում և խոշոր քաղաքներում դպրոցական սննդի կազմակերպման հնարավորությունները, այդ թվում՝ ծախսարդյունավետ մոդելի կիրառմամբ:
- ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հանրակրթական պետական չափորոշիչը: Մինչև ապրիլ ամսվա վերջ կհաստատվեն առարկայական ծրագրերը և չափորոշիչները:
- Կրթության բովանդակային բարեփոխումներում հատուկ կարևորություն է տրվում ԲՏՃՄ առարկաներին։ Այս տեսանկյունից կշարունակվի ինժեներական լաբորատորիաների հիմնումն ու հետագա գործարկումը հանրակրթական դպրոցներում։ Վերանայված բոլոր, այդ թվում՝ ԲՏՃՄ առարկաների ծրագրերի և չափորոշիչների փորձարկումը նախատեսվում է իրականացնել 2021-2022 ուսումնական տարվանից սկսած։ Չափորոշիչներն ամբողջությամբ կներդրվեն 2023 թվականից՝ փորձարկումների արդյունքում ըստ անհրաժեշտության լրամշակելով։
- Երևանի և մարզերի ավագ դպրոցները 2020-2021 թթ. երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում: 99 դպրոցներում ստեղծվել են ֆիզիկայի 87, քիմիայի՝ 84, կենսաբանության՝ 84 և աշխարհագրության 48 լաբորատորիաներ: Եվս 8 ավագ դպրոցի բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կամփոփվի 2021 թ.-ին՝ դրանց հիմնանորոգման ավարտից հետո:
- Հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի հավելավճարի տրամադրման միջոցով ուսուցիչների վարձատրությունը մոտեցնել երկրի միջին աշխատավարձին:
- Վերանայվել են հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման չափորոշիչը և ծրագիրը, մշակվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը և ներկայացվել ՀՀ կառավարություն:
- Հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը, որը հնարավորություն կընձեռի ուսուցիչների մասնագիտական զարգացման և կատարելագործման, ինչպես նաև ատեստավորման արդյունքում դիմել որակավորման տարակարգի համար։
- Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը հնարավորություն կընձեռի միջգերատեսչական համագործակցությամբ իրականացնել նշված երեխաների հայտնաբերումն ու արդյունավետ ընդգրկումը դասապրոցեսի մեջ։
- Հաստատվել են պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության և ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգերը: Ամբողջությամբ վերանայվել և հաստատվել է ուսուցչի մրցույթի հարցաշարը՝ ընդգրկելով 70 % մանկավարժության, հոգեբանության բնագավառի հարցերը և 30 %` ուսուցչի գործառույթներին առնչվող օրենսդրության։
- Հանրակրթական տասնհինգ առարկաներից կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը:
- Ձևավորվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը»՝ ԿԶՆԱԿ-ը, որն իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:
- Ամփոփվել է ուսուցիչների շրջանում անցկացված «Տարվա լավագույնները» մրցույթը, որի հաղթող 56 ուսուցիչներ պարգևատրվել են հավաստագրերով և դյուրակիր համակարգիչներով։
- Հունվարի 15-ից մինչև մարտի 16-ը տեղի են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննություններ: Հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 500 հավակնորդ: Քննությունների արդյունքում հավաստագիր է ստացել 370 (74%) հավակնորդ, որոնցից 229-ը՝ գործող տնօրեն, 5-ը՝ տնօրենի պաշտոնակատար, 136-ը՝ փոխտնօրեններ և ուսուցիչներ:
Լիցենզավորման ոլորտ
- Իրականացվել է նախադպրոցական և հանրակրթական ծրագրերով լիցենզավորման գործընթաց, որի արդյունքում լիցենզավորվել են 19 ուսումնական հաստատություններ:
- Նախնական, միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր իրականացնող 32 ուսումնական հաստատությունների մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն է տրվել:
- Կասեցվել են նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման 2 լիցենզիաների գործողությունները:
- ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախադպրոցական կրթական ծառայությունները (մանկական ժամանցի կենտրոնները) այսուհետ կլիցենզավորվեն ԿԳՄՍ նախարարության կողմից: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել և ԱԺ է ուղարկվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որով նախատեսվում է վերոնշյալ փոփոխությունը։
- «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից հետո նախատեսվում է փոփոխություն կատարել լիցենզավորման կարգերում և հակահրդեհային ու ֆիզիկական անվտանգության պահանջները, սանիտարական նորմերը որպես պարտադիր պահանջ սահմանել ուսումնական հաստատությունների համար:
- 2021 թվականի հունվարին ԱԺ կողմից ընդունվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որով լիազորող նորմեր են սահմանվել լիցենզավորման ներդիրի և հաշվետվության ձևերի սահմանման համար։ Լիցենզավորման նշված փաստաթղթերը մշակվել են և կհաստատվեն սահմանված ժամկետում՝ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։
Զարգացման ծրագրեր
- Կազմվել է ՀՀ կառավարության ծրագրի, ինչպես նաև 2019-2023 թվականների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների 2020 թվականի կատարողականը, և լրամշակվել են 2021-2023 թթ. միջոցառումները:
- Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների ռազմավարությունների ու զարգացման քաղաքականության մշակման և լրամշակման նպատակով ուսումնասիրվել են նոր մոդելներ՝ հաշվի առնելով նաև համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված իրողությունները:
- Առաջիկա ծրագրերն են՝ ուսհաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի հաստատում և ռեգիստրի ներդնում, կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կատարելագործում, կրթության ոլորտի էլեկտրոնային համակարգերի ներդրում և այլն:
Միջազգային համագործակցության ոլորտ
- Ստորագրվել են համագործակցության 2 փոխըմբռնման հուշագրեր՝ ԿԳՄՍՆ և Բրիտանական խորհրդի միջև՝ Հայաստանում անգլերենի դասավանդման և ուսումնառության որակի բարձրացման ու մշակույթի ոլորտի զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ:
- Մշակվել և ստորագրման ընթացքում են համագործակցության 8 փաստաթղթեր, որից 1-ը՝ համաշխարհային կոնվենցիա, 1-ը՝ տարածաշրջանային կոնվենցիա, 3 ծրագրի նախագիծ, 2 համաձայնագրի նախագիծ և 1 փոխըմբռնման հուշագրի նախագիծ:
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բուհերում 2021-2022 ուսումնական տարում սովորելու համար իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ՀՀ 16 քաղաքացիներ գործուղվելու են Չինաստանի առաջատար բուհեր՝ համապատասխան մասնագիտություններով ուսանելու համար:
- Ընթացքի մեջ են Բուլղարիայի, Ռումինիայի, Վրաստանի և Հորդանանի բուհերում սովորելու նպատակով հայտարարված մրցույթները, որոնց արդյունքները կամփոփվեն մարտի վերջին:
- Առաջիկայում նախատեսվում է ստեղծել օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության, գրանցման և հետագա շարժի կառավարման էլեկտրոնային հարթակ, որը ոչ միայն կօպտիմիզացնի վարչարարությունը, այլև կնպաստի գործընթացի պարզեցմանը, հասանելիությանը և արդյունքում՝ ՀՀ կրթության միջազգայնացմանը:
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի հետ անցկացվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող շուրջ 100 ուսուցիչների մասնագիտական հմտությունների գնահատում:
- 2020 թվականին հաստատվել է ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության Խորհրդի նիստերի նախագահությունը, որը 2021 թվականին իրականացնելու է ԿԳՄՍ նախարարությունը:
- Ներկայում աշխատանքներ են տարվում «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային (եզրափակիչ) փուլի անցկացման ուղղությամբ:
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հովանու ներքո առցանց ձևաչափով կազմակերպվել է «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ» խորագրով հայ-ռուսական երիտասարդական համաժողովը:
- 2020 թ. ձեռք է բերվել շուրջ 35000 կտոր ուսումնական գրականություն: 26460 կտոր գրականություն տրամադրվել է սփյուռքի 11 երկրների 30 դպրոցներին: 2021 թ. շարունակվելու է սփյուռքի հայկական կրթօջախների համար դասագրքերի ձեռքբերման և տրամադրման գործընթացը: Նախնական պատվերների ձևավորումն առաջին անգամ փորձնական կերպով իրականացվելու է նորաստեղծ կայքի միջոցով:
- ԿԳՄՍՆ-ի հետևողական աշխատանքների արդյունքում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում կազմակերպվում է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդում, ինչպես նաև նախատեսվում է հայագիտական հետազոտությունների իրականացում: 2021 թ. նախատեսվում է ընդարձակել հայոց լեզու դասավանդող համալսարանների ցանկը՝ ավելացնելով ևս 2 համալսարան 2 տարբեր երկրներում:
- Նախատեսվում է ստեղծել սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել սփյուռքի հետ համագործակցային և նպատակային ծրագրերը: Հարթակի միջոցով հնարավոր կլինի ստանալու սփյուռքի կրթօջախների կարիքների և հնարավորությունների մասին բովանդակային տեղեկություն, որի գնահատման և վերլուծության արդյունքում կմշակվեն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում դրանց լուծմանն ուղղված հստակ գործողություններ:
Մշակույթի ոլորտ
- Մշակման փուլում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանման, պաշտպանման, զարգացման և փոխանցման 2021-2025 թթ. ռազմավարությունը», որը սահմանում է մշակութային քաղաքականության առաջնահերթությունները, ժամանակակից մեթոդների և համալիր ծրագրերի իրականացման սկզբունքները:
- Եվրոպական միության հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվել է «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնող փորձագիտական խումբը 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Ծաղկաձորում կայացած աշխատաժողովի ընթացքում, պետական թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարներին ներկայացրել է շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքները, ոլորտի բարեփոխման առաջարկությունների փաթեթը։
- Առկա ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման նպատակով իրականացվել է ժամանակակից արվեստի ոլորտի ՊՈԱԿ-ների կանոնադրությունների և հաստիքացուցակների վերանայման գործընթացը:
- 2020 թ. դեկտեմբերին իրականացվել և ամփոփվել են մի շարք ստեղծագործական ծրագրեր և նախագծեր` ուղղված դեբյուտային, արվեստի փորձարարական և նորարարական ձևերի խրախուսմանը։ Դրանցից են՝ «Արվեստանոց» ծրագիրը, «Առածանի» արտ-նախագիծը, «Digital Armsymphony», «Դասարան+Դասական», «Դաս Ա» նախագծերը:
- Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար ձեռք է բերվել 10 անուն շուրջ 7 տասնյակ երաժշտական գործիք: Նախարարության աջակցությամբ և Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ձեռք է բերել ճապոնական Yamaha ապրանքանիշի ռոյալ և այլ բարձրակարգ երաժշտական գործիքներ։
- Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների համար պետական պատվերով հրատարակվել է 10 ուսումնական ձեռնարկ: Անկախության շրջանում առաջին անգամ տպագրվել է Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. Կերպարվեստ. Գիրք I» ուսումնական ձեռնարկը: Հրատարակված գրականությունն անվճար տրամադրվել է երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներին:
- Ստեղծվել է «Շնորհալի-2020» մանկապատանեկան տեղեկատվական շտեմարանը, և երաժշտական, արվեստի, գեղարվեստի ու պարարվեստի դպրոցների վերաբերյալ հրատարակվել է «Տեղեկագիր»:
- Ստեղծվել են «Ընտրանի», «Օկտավա+», «Հայ երգը դարերից», «Թատրոնը էկրանից» խորագրերով մշակութային հաղորդաշարերը:
- Հայաստանի սահմաններից դուրս իրականացվել են հայկական մշակույթի ճանաչելիությանն ուղղված ծրագրեր։ 2020 թ. երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի» և 2021 թ. երիտասարդ ռեժիսոր Անգինե Իսանյանի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմերն ընդգրկվել են Կլերմոն ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի (Ֆրանսիա) մրցութային ծրագրում, կինոռեժիսոր Վագա Վարդանյանի «Առնո Բաբաջանյան. Սիրո դար» ֆիլմը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի 100 ամյա հոբելյանին, 2021 թ. հունվարի 23-ին ցուցադրվել է Ռուսաստանի պետական առաջին ալիքով։
- 2021 թ. կայացել է «Ռուբեն Հախվերդյան և ընկերներ» հոբելյանական համերգը՝ նվիրված անվանի երգահանի ծննդյան 70-ամյակին:
- Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյանական տարեդարձերը նշելու համար ստեղծվելու են կառավարական հանձնաժողովներ: Արդեն իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 18-ին հանդես է եկել մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգով: Համերգային ծրագիր է իրականացվել նաև կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին, նախատեսվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգային շրջագայությունը սահմանամերձ համայնքներում և Արցախում։
- 2021 թվականին շարունակվելու է «Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագիրը», որի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները հնարավորություն ունեն անվճար այցելելու երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն և համերգասրահ: Ծրագրին միացած է շուրջ 100 մշակութային հաստատություն:
- 2021 թվականի մարտի 5-ից մեկնարկել է նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագիրը, որը միտված է արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտի ձևավորման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պետական միջոցների բաշխման թափանցիկության, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:
- 2021 թվականին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը։ Հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում: Ստեղծվել է միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողով, որի կողմից հաստատվել է և համակարգվում է հոբելյանական ծրագիրը:
- 2021 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում (Փարիզ) կիրականացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» 2020-2021 թթ.-ի օրացույցում ներառված ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը և նույն հոբելյանի շրջանակում Հայաստանում կիրականացվի կինոժառանգության միջազգային գիտաժողով, որի ընթացքում կքննարկվեն նոր տեխնոլոգիաների ներդրման, հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված համագործակցության քայլերը:
- 2021 թ.-ին հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված աշխատանքների շրջանակում առաջին հերթին կիրականացվեն Ս․ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված նեգատիվ կադրերի թվայնացման և վերականգնման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև հայկական կինոժառանգության բացառիկ նմուշների ցուցադրություններ միջազգային հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը և «Լինկոլն» արվեստի կենտրոնը, Բրիտանիայի «Կինոկլասիկա» հիմնադրամը, Վաշինգտոնի Ազգային պատկերասրահը և այլն:
- Պատերազմի ընթացքում և ավարտից հետո ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար դիմել է մշակութային օբյեկտների պահպանության հարցերով զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին։ Մշակվել և համակարգվում է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանն ուղղված ծրագիր: Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ այն չի հրապարակվում:
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ նստաշրջանին գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը:
- Նախատեսվում է ստեղծել «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները, որոնց ստեղծման գործընթացը դադարեցվել էր պատերազմի պատճառով, իսկ հոկտեմբերին նախատեսվում է ստեղծել «Աղձք Արշակունիների դամբարան» պատմամշակութային արգելոցը:
- 2021 թվականին նախատեսված է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված զորամասերի գրադարանները համալրել հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ հանրամատչելի և գեղարվեստական գրքերով՝ ի նպաստ Հայոց բանակի կրթամշակութային դաստիարակության և մարտունակության բարձրացման:
- Մշակվել է «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային առարկաների մեկ միասնական հավաքածուի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացվել շահագրգիռ կազմակերպությունների կարծիքին:
- Շարունակվում են Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքները:
- Կազմվել և հաստատվել են Արա Սարգսյան, Հակոբ Կոջոյան թանգարանի (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ) վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
- Նախատեսվում է Եվրոպական երկրների գրադարանները համալրել հայագիտական, մշակութային, հանրամատչելի և գեղարվեստական գրականությամբ, որի արդյունքում արտերկրի գրադարաններում կավելանա հայագիտական և հայաթեմա ֆոնդը, կապահովվեն գրատարածման բնագավառում միջազգային համագործակցություն, կովկասյան տարածաշրջանով զբաղվող արտերկրի գիտնականներին՝ իրենց մենագրություններում հայագիտական գրականությանը հղում անելու հնարավորություն, կհանրահռչակվեն հայ գրականությունը, մշակույթը, պատմությունը:
- 2021 թվականին «Թարգմանական ծրագրեր և ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն» ծրագրով դրամաշնորհ կստանա 19 թարգմանիչ, ստեղծագործող ու հետազոտող:
- 2021 թվականին «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով արտերկրում կհրատարակվի 11 գիրք 8 լեզվով՝ սերբերեն, հունարեն, իսպաներեն, ռումիներեն, մակեդոներեն, վրացերեն, արաբերեն, ալբաներեն:
- 2021 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով նախարարությունը աջակցելու է ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային 6 լրատվամիջոցների, գրական՝ 11, մշակութային՝ 12 պարբերականի և կայքի նախագծերի:
- Ծրագրված է առանձին տաղավարով մասնակցել Մոսկվայի և Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսներին /եթե դրանք չչեղարկվեն՝ պայմանավորված «Քովիդ-19»-ի համավարակով/:
Սպորտի ոլորտ
- Մշակման փուլում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի 2021-2025 թվականների ռազմավարությունը:
- ԿԳՄՍ նախարարը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին:
- Նախաձեռնվել է Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալ-հոգեբանական ադապտացիայի մեթոդով սպորտում ներգրավելու նոր ծրագիր:
- Մշակվել և շրջանառության մեջ են «ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացումը վիտամինիզացիայի և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովման միջոցով» ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծ, որը թույլ կտա բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ ստանալ առանց պահումների:
- 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է՝ նախկին շուրջ 29 միլիոն դրամի համեմատ կազմելով շուրջ 104 միլիոն դրամ: Ավելացել է նաև շահառու կազմակերպությունների թիվը: Ավելացել է նաև պետական աջակցության շրջանակում անցկացվող ՀՀ առաջնությունների, միջազգային մրցաշարերի և մասնակիցների թիվը, մարզաձևերի քանակը:
- 2021 թվականին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի 44 մարզիկի, 7 բժշկի/մերսողի և 32 մարզչի ԿԳՄՍ նախարարի հրամանով հատկացվել է նպաստ՝ խաղերին լավագույնս պատրաստվելու համար:
- Շրջանառվել է «Հոգեբանական աջակցություն օլիմպիականներին» ծրագիրը (1-ին անգամ):
- Արցախում (Ստեփանակերտում) բացվելու է նոր մարզադպրոց (հրաձգություն, ըմբշամարտ և մենապայքարային ձևեր):
- Պարգևատրում է ստացել 12 մարզիկ, 12 անձնական մարզիչ, 6 հավաքական թիմի գլխավոր մարզիչ, 6 հավաքական թիմի երկրորդ մարզիչ և 2 բժիշկ:
- Համակարգվել է բարեգործական ծրագրով հեծանվային սպորտի զարգացման ասոցիացիային 26 մլն դրամ արժողությամբ մարզագույք հատկացնելու գործընթացը:
Երիտասարդական քաղաքականության ոլորտ
- Մշակվում է «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը», որի շրջանակում ԿԳՄՍՆ-ն փորձագիտական աջակցություն է ստանում ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունից։ Նախագիծը գտնվում է լրամշակման վերջնական փուլում և առաջիկայում կդրվի հանրային քննարկման:
- Երիտասարդության ոլորտի տեղեկատվության տարածման նպատակով վերագործարկվել է Երիտասարդական պորտալը (erit.am):
- Մեկնարկել են ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի աշխատանքները: 2021 թվականին երիտասարդական մայրաքաղաք Կապանում կիրականացվեն բազմաթիվ երիտասարդական միջոցառումներ:
- Շարունակվում է «100 գաղափար Հայաստանի Հանրապետության համար» համահայկական երիտասարդական նորարարական գաղափարների մրցույթի անցկացումը:
- Հոկտեմբերին նախատեսվում է երիտասարդական մայրաքաղաք Կապանում հյուրընկալել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամներին: Խորհրդի նիստին հաջորդելու է «100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթի եզրափակիչ փուլը, որն ԱՊՀ Երիտասարդության խորհրդի 2020 թվականի տարեվերջյան նիստի որոշմամբ այս տարի կայանալու է մեր երկրում։
- Շարունակվում է «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:
- Ընթացքի մեջ են երիտասարդական աշխատողների վերապատրաստման, ըստ սահմանված առաջնահերթությունների երիտասարդության ոլորտում նախաձեռնությունների խրախուսման դրամաշնորհային ծրագրերի նախապատրաստման աշխատանքները:
Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության ոլորտ
- Մշակվել և հաստատվել է Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության կանոնադրությունը։
- Վերսկսվել են ԿԳՄՍ նախարարի, նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելությունները, որոնք սահմանափակվել էին՝ համավարակով և պատերազմով պայմանավորված։
- ԿԳՄՍՆ վերջին 4 ամիսներին քաղաքացիներից և ԶԼՄ-ներից ստացել է գրավոր ու բանավոր շուրջ 1000 հարցումներ, թեժ գծով՝ շուրջ 1700 ահազանգեր, որոնց տրվել են համապատասխան պարզաբանումներ։
- ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում և գերատեսչության սոցիալական այլ հարթակներում հրապարակվել են շուրջ 500 տեղեկատվական նյութեր։
- ԿԳՄՍՆ ներկայացուցիչները ԶԼՄ տարբեր հարթակներում ներկայացրել են գերատեսչության քաղաքականության տարբեր ուղղություններին վերաբերող պարզաբանումներ՝ մեկնաբանություն, հեռուստառեպորտաժ, ռադիոհաղորդում, հարցազրույց և այլն։
- Կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ 2020 թ․-ին մարզական նշանակալի արդյունքներ արձանագրած մարզիկների, նրանց մարզիչների և համապատասխան ֆեդերացիաների ներկայացուցիչների, ուսումնառության ընթացքում 2020 թ․-ին լավագույնը ճանաչված ուսանողների հետ։
- Գիրք նվիրելու օրվա շրջանակում միջոցառում է կազմակերպվել Խնկո Ապոր անվան գրադարանում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում