Երևան
12 °C
Այսօր միասնական քննությունների վերջին օրն էր: Հանրապետության 15 քննական կենտրոններում 1314 դիմորդներ միասնական քննություն հանձնեցին «Ռուսաց լեզու» եւ «Քիմիա» առարկաներից, իսկ արդեն կարճ ժամանակ անց՝ երկրորդ փուլում, քննություն հանձնելու իրավունք կունենան զինվորական ծառայությունից զորացրվածները, քոլեջի, ուսումնարանների շրջանավարտները, սփյուռքի, Ջավախքի դիմորդները եւ այն դիմորդները, որոնք առաջին փուլին հիմնավոր պատճառներով չեն մասնակցել։
Երեւանի համար 189 ավագ դպրոցում դիմորդները քննություն էին հանձնում քիմիա առարկայից։ Այս դպրոցում դիմորդների թիվը 118 էր, որոնցից ներկա էին 106-ը։ Քիմիայի այսօրվա քննությունը ավելի շատ վճռորոշ է լինելու բժշկական համալսարան ընդունվողների համար, հատկապես որ այս բուհ ընդունվելու համար անհրաժեշտ մյուս՝ կենսաբանություն առարկայի քննության արդյունքները այնքան էլ հուսադրող չէին (կենսաբանություն առարկայի քննությունից անբավարար էր ստացել դիմորդների 21.2 տոկոսը)։ Ուստի այսօր քիմիա հանձնող շատ դիմորդների մոտ, ինչպես եւ սպասվում էր, հուզմունքն ու անհանգստությունը մեծ էին։ Դպրոցի բակում մեզ հանդիպած մի աղջիկ ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել, աչքերը չէր կտրում իր հետ բերած շտեմարաններից եւ միայն վերջին րոպեին համարձակություն ստացավ մտնելու քննասենյակ։
«Բժշկական պիտի ընդունվեմ։ Էս տարվա կենսաբանության քննությունը ինձ համար դժվար էր, կային նաեւ արտաշտեմարանային հարցեր, տասներկու միավոր եմ ստացել, քիմիայից ավելի եմ վախենում, քանի որ սա ավելի դժվար է»,- անկեղծացավ նա։
«Տեսնես՝ մենակ էս տարի՞ ա սենց բարդ, թե՞ միշտ է այսպես եղել»,- ասաց աղջիկը՝ հարցականների մեջ փորձելով գտնել իրեն փոքր-ինչ հանգստացնող պատասխաններ։
Դիմորդներից Անուշն էլ անհանգստացած էր. տեսնես՝ կհասցնի՞ լուծել բոլոր խնդիրները, որովհետեւ, ըստ իր հաշվարկի, փորձնական թեստերը միշտ 3 ժամում է ավարտում: Նրա խոսքով՝ թեպետ լարվածություն կա, սակայն համեմատած առաջին քննության՝ այսօր ավելի հանգիստ է:
Ապագա ատամնաբույժ Արսենն էլ, որը կենսաբանություն առարկայից 17 միավոր էր ստացել, վստահ էր, որ դրական միավոր ստանալու դեպքում անպայման կընդունվի Հերացու անվան բժշկական համալսարան։ Արդեն հաշվարկել էր, որ կենսաբանության քննության պես գուցե դիմորդների 20 տոկոսից ավելին քիմիայից անբավարար գնահատականներ ստանա, իսկ դրական անցողիկ գնահատականներ ստացողները հաստատ կընդունվեն։ Նա, սակայն, բուհ ընդունվելու իր բանաձեւն առաջարկեց. «Ուրիշների «կտրվելուց» ենք ուրախանում, որ մենք հեշտ ընդունվենք,- անկեղծ ասաց դիմորդը, բայց հետո անմիջապես ավելացրեց,- չէ՛, բժշկական ընդունվելը պիտի դժվար լինի, այլ ոչ թե երկու ութով ընդունվես»։
Նա գտնում էր, որ բուհը պիտի սահմանի տրամաբանական անցողիկ միավոր. բժշկականի համար, օրինակ, ապագա բժիշկը առաջարկում էր երկու առարկայից առնվազն 30 միավոր ունենալ, իսկ ավելի ցածր միավորը, ըստ նրա, ուղղակի ամոթ է։ «8 միավորով ընդունված դիմորդը ի՞նչ բժիշկ պիտի դառնա»,- ասաց տղան եւ արժանացավ ոմանց, հատկապես շուրջը խմբված ծնողների խիստ հայացքներին։
Դիմորդներից ոմանք դժգոհ էին այս շոգ եղանակին դիմակներով քննության ներկայանալուց, որովհետեւ, ըստ ապագա բժիշկների, տոթ տարածքում երկար ժամանակ դիմակով մնալը թթվածնաքաղց է առաջացնում, որը ազդում է նաեւ ուղեղի աշխատանքի վրա:
Քննական կենտրոնի ղեկավար Վարդան Պարսամյանի խոսքով՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար սահմանված բոլոր պահանջների պահպանելը իրենց համար առաջնահերթ է, խոսքը վերաբերում է նաեւ նստարանների միջեւ սահմանված անհրաժեշտ սոցիալական հեռավորությանը. դիմորդները պարտավոր են դիմակները դնել, երբ խախտեն այդ հեռավորությունը, օրինակ՝ մոտենան ստորագրելու, քննասենյակից դուրս գան եւ այլն:
Պարսամյանը նշեց, որ այս տարի ինքը տարբեր քննական կենտրոնների ղեկավար է եղել եւ համարում է, որ ընդհանուր առմամբ այս տարվա քննաշրջանը հանգիստ է անցել, առանց արտառոց միջադեպերի։ Իսկ, առհասարակ, գիտի, որ եղել են որոշ դեպքեր, երբ հեռախոսից օգտվելու պատճառով դիմորդը հեռացվել է քննությունից:
Ծնողներից մեկն էլ հարց ուղղեց քննական կենտրոնի ղեկավարին՝ գյուղի երեխաները ինչո՞ւ քննությունները չեն հանձնում Երեւանում։ Ծնողին ավելի շատ մտահոգում էր այն, որ, ըստ իր լսած տեղեկության, որոշ գյուղական կամ մարզային համայնքներում հսկողությունը պատշաճ չի կազմակերպվում, դիմորդները կարողանում են օգտվել հեռախոսներից, որի մասին են վկայում քննություններից ստացած գնահատականների մեծ տարբերությունը։
Վարդան Պարսամյանը, սակայն, բացառեց նման դեպքերը։ Ըստ նրա՝ քննական կենտրոնների ղեկավարները շրջում են բոլոր մարզերում, գործընթացը վերահսկվում է ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում, ու, ըստ քննական կարգի, գյուղի երեխաները քննությունները հանձնում են մարզկենտրոնում:
Դպրոցի բակում իրենց երեխաներին անհամբերությամբ սպասող ծնողներից շատերն էլ, որ իրար հասցրել էին ճանաչել դեռ կենսաբանության քննությունից, քննարկում էին երեխաների ապագա ծրագրերը, դժգոհում միասնական քննությունների անցկացման ձեւաչափից, արդյունքներից եւ այլն:
Ծնողների մի մասը կարծում էր, որ միասնական քննությունները ընդհանրապես պետք է հանվեն, դրանք անիմաստ լարվածություն են առաջացնում թե՛ դիմորդների, թե՛ ծնողների մոտ։ Դրան հակառակ՝ առաջարկում էին, որ երեխաները, դպրոցից կրեդիտներ հավաքելով, անմիջապես բուհ ընդունվեն: Մի մասն էլ դեմ էր դրան, որովհետեւ դպրոցի օբյեկտիվության նկատմամբ այնքան էլ մեծ հավատ չունեին։ Նշում էին նաեւ, որ դպրոցի տված գիտելիքն էլ այնքան բավարար չէ, որ երեխաները կարողանան առանց կրկնուսույցի մոտ պարապելու ընդունվեն իրենց ցանկացած բուհը:
Քննության ավարտից մեկ ժամ շուտ դուրս եկած մի տղա էլ, գլուխը թափահարելով, մորն ասաց, որ մեծ մասը պատահականության սկզբունքով է նշել։ «Մի մեշոկ փող ենք տվել, որ պատահական նշե՞ս»,- դժգոհելով ասաց մայրը:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT