Երևան
12 °C
Թուրքիայի Հանրապետության վճռաբեկ դատարանը վերջերս վավերացրել է 2011 թ. ապրիլի 24-ին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպանված պոլսահայ Սևակ Բալըքչիի դատական գործի վերաբերյալ վճիռը: Մեղադրյալ Քըվանչ Աղաօղլուն կանխամտածված սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման և հենց նիստի ժամանակ էլ կալանավորվել: Ավելի վաղ՝ 2013 թ., Աղաօղլուն ռազմական դատարանում դատապարտվել էր 4 տարի 5 ամիս ազատազրկման: Բալըքչը ընտանիքի, փաստաբանի և յուրայինների համառ ջանքերի շնորհիվ 2018 թ. փետրվարին քաղաքացիական դատարանում գործն սկսել էր նորից քննվել:
Հիշեցնենք, որ Սևակ Շահին Բալըքչին սպանվել էր Ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը Թուրքիայի Հանրապետության Բաթման նահանգում զինակից ընկերոջ՝ Աղաօղլուի արձակած կրակոցից: Սևակի ծառայության ավարտին մնացել էր 20 օր: 2011 թվականի ապրիլքսանչորսյան Զատկի կիրակին Թուրքիայում կրկին խոսվեց հայի ինքնության մասին։ Իսկ Զատկի տոնին ընդառաջ Սևակի մայրիկը որդու հետ զինվորություն անող տղաներին զատկական չորեկ՝ կարկանդակ էր պատրաստել և ուղարկել. փոխարենը նրան ուղարկել էին սպանված որդուն։
.jpg)
Փաստաբան Ջեմ Հալավուրթի համոզմամբ՝ վճռաբեկ ատյանի հաստատումը տեղին է, թեև ուշ, սակայն արդարությունն ապահովված է:
Թուրքական «Գազեթե Դուվարի» սյունակագիր Ումիդ Քըվանչն այս առիթով իր՝ «Սևակին սպանելու պատիժը» հոդվածում գրում է. «Սևակի՝ բանակում հանցանքին զոհ գնալը, ոճրագործի նվազագույն պատժով սպրդելու համար իրավասու անձանց մոբիլիզացումը, սույն գործով դատավարության այսքան երկարաձգվելը և կանխամտածված սպանության արդյունքին հասնելու չափ չափազանց քիչ դեպքեր կան: Այն ոչ միայն ամոթալի է, այլ միևնույն ժամանակ չափ է: Չափող դեպք էլ կարող ենք ասել: Անպատվության և արժանապատվության չափն է...»։
Սևակի մահվանից տասը տարի է անցել. ես այցելում եմ Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատուն, որտեղ ամփոփված է Սևակի աճյունը: Գերեզմանատանը Սևակի մանկության սիրած խաղալիքն է՝ ավտոմեքենան, որն անձրևի կաթիլներից թրջվել ու ասես պատսպարվել է աշնանային խոտ ու թփի տակ․ հաղորդագրությունն այնքան ցավոտ է՝ երեխայի են սպանել՝ մե՛ր երեխային են սպանել: Լուսանկարեցի շիրիմը և ուղարկեցի Սևակի՝ սպանությունից հետո ընտանիքով Հայաստանում հաստատված քույրիկին՝ Լեռնային՝ առաջարկելով զրուցել:
Հարցազրույց Սևակ Բալըքչիի քրոջ՝ Լեռնա Բալըքչի Օզդերի հետ
«Սևակի մահվանից տասը տարի է անցել, նույնիսկ չգիտեմ՝ ինչպես են անցել այդ երկար թվացող տարիները: Դժբախտաբար, առաջին երեք տարիներն այն դաժան ժամանակներն էին, երբ ինքներս մեզ կորցրել էինք: Հետո մեր կյանքն ուրիշ ընթացք ստացավ: Շատ դժվար էր, որովհետև մայրիկիս ու հայրիկիս ցավին գումարվել էր իմ ցավը։ Այդ ամենն այնքան խառն էր: Երբեմն այնքան շատ էինք կարոտում Սևակին՝ չէինք հասկանում՝ ինչպես ենք ապրում, այսքան շատ բան անում, երբեմն էլ մեր արածներին չէինք հավատում: Հաշտվեցի՞նք, թե՞ ոչ, նա դեռ այնտե՞ղ է, թե՞ այնտեղ չէ: Սրանք բոլորն էլ օդում կախված անպատասխան հարցեր են. ոչ մի բան հայտնի չէ:
Այո՛, մենք 1915-ի հետ կրկին առերեսվեցինք: Գուցե ամենասկզբից չէինք հասկացել, քանի որ Սևակի՝ զինվորական ծառայության ավարտին քսան օր էր մնացել: Ինչպե՞ս էր հնարավոր նման բան, նույնիսկ այդ ժամանակ չգիտեինք՝ ինչ մտածել: Այդ պահին մտքովս անցածը հետևյալն էր. հեռուստացույցով դիտածդ կարող է քե՛զ հետ էլ պատահել, դո՛ւ ևս կարող ես մի օր դրա մեջ լինել՝ ապրել ու գիտակցել, որ քեզ հետ էլ դա պատահեց»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ցավով հիշում է Սևակի քույրը՝ Լեռնան։
Տեղեկացնենք, որ Բալըքչը ընտանիքը Սևակի սպանությունից մի քանի տարի անց մշտական բնակություն հաստատեց Հայաստանում։ Լեռնայի որդին՝ ութամյա Օդինը, ցավալի կորստից հետո ընտանիքը ոտքի պահող հույսն ու սյունը դարձավ։ Այժմ Օդինը մեծանում է հայրենիքում, նաև ՀՀ քաղաքացի է և սովորում է «Արեգնազան» կրթահամալիրում։ Հայրենիքում նա ընկերների հետ ազատ խաղում է իրենց տան բակում։

- Սիրելի՛ Լեռնա, տասը տարի անց Թուրքիայի Հանրապետության վճռաբեկ դատարանը վավերացրեց Սևակի դատական գործի վերաբերյալ վճիռը, և հանցագործը ձերբակալվեց։ Մի՞թե ցավը մեղմացավ։ Այս դեպքից հետո պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող կամ այլ ճանապարհներ փնտրող Թուրքիայի քաղաքացի հայեր կա՞ն։
- Հանցանքը գործողը տասը տարի հետո պատժվե՞ց, թե՞ ոչ, էական չէ, միայն կասեմ, որ մեր վերքին պարզապես ջուր ցանեցին․ Սևակին հետ բերել չենք կարող։ Իհարկե, կատարված հանցանքը կանխամտածված սպանություն է, բայց Քըվանչ Աղաօղլուն այդ տասը տարիներին արդեն ազատության մեջ էր։ Դատավարությանը ոճրագործի հետ կողք կողքի շատ ենք նստել․ նույնիսկ նրա շունչը զգալ չէի ուզում։ Չէի ուզում պատկերացնել, թե ինչպես էր այդ ձեռքերով նման բան արել։
Անկեղծ ասած՝ Սևակի հետ պատահածից հետո Թուրքիայի քաղաքացի հայերը գնո՞ւմ են զինվորության, թե՞ ճանապարհներ են փնտրում, որ խուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից, քաջատեղյակ չեմ: Այն, որ հանցագործին պատիժ սահմանվեց, գուցե փոքր-ինչ հանգստացրեց մարդկանց․ իրականում չգիտեմ այս նյութի շուրջ հայերի մտածումները։
- Ի՞նչ երազանքներ ուներ եղբայրդ:
- Սևակը շատ երազանքներ ուներ: Նա նախնական կրթությունն ստացել էր Ստամբուլի Քարագյոզյան հայկական վարժարանում՝ ուսումը շարունակելով Մաչկա Անադոլու բարձրագույն դպրոցում: Հետագայում ուսանել էր Ստամբուլի «Յըլդըզ տեքնիկ» համալսարանի պլաստիկ արվեստներ բաժնում: Սևակը բազմաշնորհ էր. նկարում էր, մատանիներ պատրաստում, աշխատում հայրիկի հետ: Բանակից հետո երազում էր իր սեփական գործը ստեղծել: Միևնույն ժամանակ, սրճարան բացելն էր երազանքը, որովհետև միասին նման մի բան էինք ուզում անել: Գուցե ընտանեկան ավանդույթն էր պատճառը. մեր տանը միշտ հյուրերն անպակաս էին, ուտեստներ էինք պատրաստում և նրանց հետ համտեսում: Սևակն էլ էր սիրում պատրաստել: Ամբողջը կիսատ մնաց...

Նախ և առաջ, ոչ մեկին չեմ ցանկանա զավակի կորուստ ապրել: Մայրիկինս զավակի կորստյան ցավ է, իմը՝ եղբոր: Արդյոք երկուսը մեկը մյուսից տարբե՞ր են, գուցե, այո՛, տարբեր են: Սևակն իմ ցանկությամբ է լույս աշխարհ եկել, ես նրան շատ եմ նայել: Այժմ ես էլ եմ մայր և երբ մայրիկիս եմ նայում, ասում եմ՝ դու այդ ցավին ինչպե՞ս ես դիմացել։ Հիմա ես էլ եմ մայր դարձել, երբեմն տարակուսանքով եմ լցվում, իմ ներսում վախեր կան: Ինչպես Սևակը երազանքներ ուներ, մայրս նույնպես Սևակի հետ կապված երազանքներ ուներ: Ցավոք, ամբողջը կիսատ մնաց:
- Տարիներ առաջ ընտանիքով Հայաստան տեղափոխվեցիք, իսկ Սևակի՝ սրճարան ունենալու երազանքը Երևանում իրագործեցի՞ք: Ի՞նչ ապրումներ, մտածումներ ունեցաք Հայաստանում։
- Իհարկե, այժմ համավարակն ու Արցախյան պատերազմը մեծ ազդեցություն թողեցին և շատ բան փոխեցին մեր կյանքում, սակայն իմ մտածումները գուցե հակասական թվան: Տարիներ առաջ հայրենիքում ամուսնուս հետ «Cosi e la Vita» սրճարանը բացեցինք՝ իրականացնելով Սևակի երազանքներից մեկը: Երևանի սրտում չորս տարի անընդմեջ ընտանիքով այդ սրճարանն աշխատեցրինք: Սրճարանը՝ իբրև հայրենիքում մի ընդհանուր հավաքույթի վայր ստամբուլահայերի ու սփյուռքահայերի համար, մինչ օրս էլ փափագելի է: Նրանք ինձ գրում են այդ մասին, և ես ուրախանում եմ: Ասում են՝ առաջինը դա դո՛ւ արեցիր: Երեսուն տարի իրար հետ կապ չունեցող մարդիկ միմյանց հետ կապ հաստատեցին հայրենիքում՝ մեր սրճարանում: Ստացվեց այնպես, որ Սևակի շնորհիվ շատ ընկերներ ձեռք բերեցինք, լավ մարդկանց ճանաչեցինք ու ընկերացանք: Նրանց հետ հանդիպումները, ՀՀ անձնագիր ստանալու ցանկության գործընթացը մեր աչքի առաջ անհավատալիորեն նոր թափ առան: Ավելին՝ այդ տարիներին թուրքական «Հյուրիեթում» իմ մասին պատմող ռեպորտաժ հրապարակվեց՝ «Սա մի դառը պատմություն է» առաջաբանով... Թուրք լրագրողի հետ իմ զրույցը, անկասկած, Թուրքիայում շատերի հոգին էր տակնուվրա արել: Ես նրանց ուղիղ հարցրի՝ ապրիլի քսանչորսը մեզ հիշեցնելով՝ ձեռքներդ ի՞նչ անցավ:
Միևնույն ժամանակ, մի հեռուստատեսային խոհարարական ծրագիր հյուր եկավ Թուրքիայից և նկարահանվեց Երևանի իմ սրճարանում: Ուշագրավ ծանոթություն սկսվեց․ իմ պատրաստած ուտեստը Թուրքիայում հայտնվեց մի խոհարարական գրքում: Բոլորովին անծանոթ մարդկանց հետ ընկերացանք: Այդ ժամանակ դեռևս Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթ կար:
Շատ մոտ երկու մշակույթ, բայց իրարից շատ հեռու ժողովուրդ (սահմանով մոտ)...
Այո՛, ես՝ իբրև 1915-ը մինչ օրս ապրող մեկը, անկասկած, հայերի անունից ճանապարհների բացվելն ուզում եմ։ Սակայն այս շրջանը շատ կարևոր է, քանի որ այսպիսի մի բան կա. Հայաստանն ինքն էլ պիտի ապաքինվի, որովհետև շա՛տ վիրավոր է: Հաստատ հեշտ չէ: Ես թշնամու հետ ընկերություն անելու կողմնակիցներից եմ, որովհետև ես ճանաչելու կողմնակիցն եմ: Այսքան վրեժ, արյուն, ինքն իրեն մեկուսացնելը չեմ կարծում, թե Հայաստանի վրա շատ ավելի լավ կանդրադառնան: Դրա համար էլ Հայաստանն իր սահմանած օրենքների և մտքի ուժով որոշ բաներ պետք է հաղթահարի: Շատ դժվար ընթացք է, բայց սեփական շահի համար պետք է քայլ անել։

Միգուցե խոսելով, միգուցե լավ լինելով՝ նրանց որոշ բաներ կկարողանա՞նք բացատրել, բայց փախչելով ու չխոսելով՝ չեմ կարծում, թե կկարողանանք որևէ բան տեղ հասցնել:
Ընտանիքս թուրքերի հետ կապված ավելին ոչինչ չէր խոսում, և մեզ համար բավական էր մարդու մարդ լինելը․ ինչ-որ խտրականություն չկար: Ինչ խոսք, մենք մեր ներսում փակ համայնք էինք, ինչ-որ ձևով այդպես էինք դաստիարակվում։ Թուրքական դպրոց չգնա՛ք, համալսարան չգնա՛ք և այլն: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ ապրած լինեինք այդ առումով, ինչը հաստատ մայրս և հայրս ապրել են:
- Այնուամենայնիվ, Սևակը Թուրքիայում դարձավ ապրիլքսանչորսյան աղաղակող աղավնին, այդպես չէ՞։
- Այո՛, Սևակն ապրիլի քսանչորսի գոռացող աղավնին է․ ամեն ապրիլի քսանչորսին Ստամբուլում և աշխարհի չորս ծագերում հիշում ենք Սևակին։ Մտածում եմ՝ մենք թշնամի չէինք․ նույն օդը, հացն ու ջուրը, հողն էինք միասին կիսում, և ինչո՞ւ նման բան եղավ։ Իբրև մեկը, որն այնտեղ է ապրել և հիմա այստեղ է ապրում, որոշակի սահմանների մեջ երկու ժողովուրդների հարաբերությունների կողմնակիցն եմ, որովհետև երկու կողմերում էլ դրա կարիքը կա: Ես թշնամանքը ընկերության հասցնելու կողմնակիցն եմ, որովհետև ես շատ թուրք ընկերներ ունեմ, նույնիսկ այս պատերազմի ընթացքում նրանցից շատերը սրտացավ վերաբերմունք են դրսևորել, փորձել են օգնել։
- Այժմ, երբ Թուրքիան բացահայտ Հայաստանին է դիմում հարաբերություններն սկսելու հարցում, հետաքրքիր է, Դուք ի՞նչ եք մտածում նյութի շուրջ։
- Անկասկած մեր լավի համար սպասում եմ այդ հարաբերությունների վերսկսմանը և, իհարկե, կանոններով կարգավորումն եմ փափագում։ Մենք ամբողջ ընտանիքով մարդուն սիրում ենք: Այո՛, ճի՛շտ է, մեզ հետ Սևակի պատմությունը պատահեց, բայց որպեսզի Սևակի մասին պատմեմ, ես կարիք ունեմ խոսելու։ Ես, ինձ մեկուսացնելով, չեմ կարող Սևակի մասին պատմել կամ պատմելու հնարավորություն ունենալ։ Եվ սրճարանն առիթ դարձավ, որ պատմեմ։ Քանի որ միայն Ստամբուլի հայերը կամ սփյուռքահայերը չեկան, այլ այդ ընթացքում՝ նաև թուրքերը, ինչպես, օրինակ, ճաշի գրքի պատմությունը կամ «Հյուրիեթի» լրագրողի Հայաստան այցը։ Եթե այդ երկխոսությունները չստեղծեինք, ինչպե՞ս կպատմեինք Սևակի մասին, ինչպե՞ս կճանաչեին Սևակին Թուրքիայում։ Այն, որ մենք էլ մարդ ենք, վատը չենք, ե՛ս պատմել եմ ուզում։ Բայց մենք լավն ենք և մեր հանդեպ տեղի ունեցած մի անարդարություն կա՝ իմ հանդեպ է՛լ, ընտանիքիս հանդեպ է՛լ, ազգիս հանդեպ է՛լ: Եվ որպեսզի դա կարողանամ պատմել, պետք է նախ խոսեմ ու ներկայացնեմ պատահածը:
Մեկ ընդհանուր կետի շուրջ հանդիպման կողմնակիցն եմ, որովհետև ուզում եմ հավատալ, որ կարող է այդպես լավ լինել։ Մարդիկ իրենց արածների հետ պարտավոր են առերեսվել, վատին վատով հաղթելու կողմնակիցը չեմ, դրանից ոչ մի օգուտ չկա․ եթե նույնիսկ դիմացինդ թշնամիդ է, եթե դու գիտես, որ արդար ես, պետք է խոսես: Հակառակ դեպքում չես կարողանա քեզ ներկայացնել, իսկ նրան էլ՝ ինչ անարդարություն է արել՝ չես կարող բացատրել։
Ինչպես այստեղ թուրք բառը լսելու ցանկություն չկա, մյուս կողմում էլ հայ բառը լսել չեն ուզում, որովհետև երկու տեղերում էլ այն դարձրել են հայհոյանք։ Գուցե եկել է հայհոյանքը սրբագրելու ժամանակը․․․
Լիլիթ Պողոսյան, Թուրքիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT