Երևան
12 °C
Վայոց ձորի մարգարիտը համարվող Ջերմուկ համայնքը ծվարել է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերեւույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։
Ձախափնյակ եւ Աջափնյակ հատվածների բաժանված առողջարանային հայտնի համայնքը դեռեւս 2008 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն։ Պատմական Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի տարածքում գտնվող Ջերմուկի հանքային ջրերը հնուց օգտագործել է ինչպես հասարակ ժողովուրդը, այնպես էլ Սյունյաց իշխանները՝ բուժիչ, կազդուրիչ նպատակներով։
Երեւանից 173 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շուրջ 9400 բնակչություն ունեցող կուրորտային համայնքը, հիշեցնենք, խոշորացվել է՝ ընդգրկելով Գնդեվազ եւ Կեչուտ բնակավայրերը։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին, ի թիվս ՀՀ այլ համայնքների, Ջերմուկում նույնպես կայացան ՏԻՄ ընտրություններ, համայնքապետ ընտրվեց Վահագն Արսենյանը։
«Հայկական ժամանակի» թղթակիցը օրերս այցելել է Ջերմուկ, զրուցել տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների հետ, ֆիքսել ուշագրավ կադրեր։
Հունիսյան Ջերմուկն այցելուներին մատակարարում է ոչ միայն թարմ ու փոքր-ինչ սառը, այլեւ սոսիների բաց դեղին ծաղկափոշով հարստացած օդ։ Այս սեզոնին ըմպելասրահի (հայտնի՝ որպես Գալերիա) տարածքում կրպակներ ունեցող վաճառականները ձեզ կառաջարկեն մասուրի ու հատկապես սեզոնային բարիքի՝ «շիշկայի» մուրաբա՝ մուգ դարչնագույնին տվող թանձր հյութով, եւ անպայման կթվեն այն հիվանդությունները, որոնք բուժում է քաղցրահամ այդ պահածոն։ Կառաջարկեն նաեւ սարերից հավաքած ուրց ու ծիթրոն, երիցուկ ու ճարճատուկ, անթառամ ու մայրամախոտ, «վալերիանայի» արմատներ, հուլունքի պես թելին շարված «կյանքի արմատ»՝ ժենշեն, այլազան դեղաբույսեր ու դրանցից պատրաստված փնջեր՝ «խառը թեյի» սիրահարների համար։
Քաղաքում մեր այցելության ընթացքում մայթեզրերի վերանորոգման, մի հատվածում էլ՝ փողոցների ասֆալտապատման, ջրագծի փոփոխման աշխատանքներ էին ընթանում։ Բանվորներից մեկը, տեղեկանալով, որ քաղաք հյուր ենք եկել, ներողություն խնդրեց փոշի անելու, շինտեխնիկայի առաջացրած աղմուկի համար։ «Կներեք, որ ձեր հանգիստը խանգարում ենք, բայց ձեր ոտքի տակն ենք հարթեցնում, որ քայլելուց լավ զգաք»,- «արդարացավ» նա:

Դեպի Գալերիա տանող արահետի կրպակներից մեկի վաճառողուհին տիկին Օֆելյան է, որի ազգանունը թեեւ Խաչատրյան է, բայց տիկինն անցորդներին ներկայանում է որպես Օֆելյա Համբարձումյան՝ պատվելով նույնանուն հայտնի ժողովրդական երգչուհուն։
Դեղաբույսերից, մուրաբաներից բացի՝ ծնունդով վայքեցի, Ջերմուկ հարս եկած տիկին Օֆիկը իր ձեռքով գործած բրդյա ու ակրիլից գուլպաներն է վաճառում։ Մի զույգ բրդյա գուլպան արժե 3-5 հազար դրամ։ Հարցնում ենք՝ գո՞հ է առեւտրի ծավալից, օրական եկամուտն ինչքա՞ն է։ «Չնչին»,- արձագանքում է տիկինն ու տրտնջում՝ շաբաթական լավագույն դեպքում 5-7 հազար դրամի առեւտուր է անում։ Գլխին ամուսին չունի, դստեր հետ աշխատում ու մի կերպ գոյատեւում են։

Մեր զրույցի ընթացքում տիկին Օֆելյային մոտեցավ կողքի կրպակի վաճառողուհին՝ 60-ին մոտ հմայիչ մի տիկին՝ 5 հազար դրամանոցը մանրելու։ Տիկին Օֆիկը մի կողմ դրեց շյուղերը, որոնցով հերթական գուլպան էր գործում եւ փութկոտ մանրեց՝ ասելով, որ թոշակը նախօրեին է ստացել, դրա համար էլ ձեռքին այդքան մեծ գումար կա։ Փողը մանրել խնդրած տիկինն էլ կատակեց․ «Օֆիկ տոտա, ճիշտ կհաշվես, անցած անգամվա պես հազար դրամ ավել չտաս։ Չնայած, որ տաս էլ, գիտես, կորած տեղ չի, հետ կտամ ավելը»։
Վառ կապույտ աչքերով ու աչքերի գույնի հետ սազեցրած աշխատանքային շապիկով Ավագ Ավագյանը Գալերիայի շրջակայքի նստարաններն էր ներկում։ Համայնքապետարանի կոմունալ բաժնում աշխատող պարոն Ավագյանն ասաց, որ նստարանների ներկն ամեն տարի թարմացնում են։ Հարցնում ենք՝ այցելունե՞րն են քերում-վնասում, պատասխանում է․ «Չէ, եղանակը, տաքն ու հովը»։
Պարոն Ավագյանը համայնքապետարանում աշխատելուն զուգահեռ նաեւ իր հիմնական մասնագիտության՝ դերձակի աշխատանքով է հավելյալ եկամուտ ստանում։ «Կանացի շորեր էլ եմ կարում, տղամարդու էլ, չհաշված՝ նեղացնելը, լայնացնելը, կարճացնելը։ Հիմնականում անկողնու սպիտակեղեն եմ կարում, մեծ է պահանջարկը»,- ասում է նա ու շտապում նստարանին փակցնել «ներկված է» գրությունը։

Նստարաններից մեկին ձեռնափայտը պտտեցնելով նստած, հայացքը իրիկնային բացվող տեսարանին հառած՝ առողջարանային մեկ այլ քաղաքից՝ Տուափսեից, եկած սոլիդ տարիքի կինը տիկին Զինաիդան է։ Շատ է հավանում Ջերմուկը, սուր ու բծախնդիր աչք ունի, կանաչադարջնագույն աչքեր։ Ազգությամբ հայուհի տիկինը պատմում է, որ նախկինում էլ շատ անգամներ է եղել Ջերմուկում, ունի շատ ծանոթներ ու ընկերներ։ Ինքն էլ հարկային ոլորտի երկարամյա աշխատակից է։ Տիկնոջն ուղեկցող նրա համշենահայ ընկերուհին ասում է՝ եղանակը Ջերմուկում փոփոխական է՝ առավոտյան սառն է, ցերեկը՝ ջերմ, երեկոյան՝ քամոտ ու զով։ Մյուս ընկերուհին էլ արձագանքում է՝ այո, փոփոխական, ինչպես հայի բնավորությունը։ «Հայի՞, տարակուսում է տիկին Զինան ու վրա բերում․ «Դա ինձ չի վերաբերում։ Ես երբեք չեմ փոխում ո՛չ կարծիքս, ո՛չ տպավորություններս, ո՛չ էլ սերս»։
Ի դեպ, մեր այցելության ժամանակ հանդիպեցինք ՌԴ-ից եկած բազմաթիվ այլ զբոսաշրջիկների։ Առողջարանում, որտեղ մենք էինք իջեւանել, ՌԴ-ից ժամանած եւս մի քանի ընտանիքի հանդիպեցինք։ Տպավորված էին ե՛ւ տեղանքի բնությամբ, ե՛ւ հյուրընկալությամբ։ Նովոսիբիրսկից ժամանած մի երիտասարդ, որը, մեծ ուսապարկը մեջքին, պատրաստվում էր արշավի գնալ տեղի էքսկուրսային տաքսիներից մեկով, երբ իմացավ, որ Երեւանից ենք, ասաց՝ երանի ձեզ, մոտ եք ապրում Ջերմուկին։ Հակադարձեցինք՝ մոտ 180 կիլոմետր հեռու է մայրաքաղաքից, ի՞նչն է մոտ։ «Հաշվեք, թե քանի կիլոմետր հեռու է Նովոսիբիրսկից, եւ կպարզվի, որ համարյա ձեր քթի տակ է այս հրաշալի կուրորտը»,- իր հերթին հակադարձեց երիտասարդն ու շտապեց դեպի իրեն սպասող արշավորդները։
Ջերմուկի այցելուներին ըմպելասրահի մերձակա տարածքում՝ եղեւնիների սյուքի տակ, այս սեզոնին իր վրձնած գեղանկարների ցուցադրություն-վաճառքն է կազմակերպում Սամվել Ենոքյանը։ Դասավանդում է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում, շուրջ 15 տարի է՝ ամառային արձակուրդները անցկացնում է Ջերմուկում, իրեն արդեն ջերմուկցի է համարում։ Ս․ Ենոքյանը նաեւ մաստեր-կլասներ է կազմակերպում նկարել սովորել ցանկացողների համար։ Երեխաների ամառային արձակուրդները կտավի ու ներկերի ընկերակցությամբ, գույների աշխարհով լցնելու համար նկարչության պարապմունքները հոյակապ միջոց են։

Որպես մանկավարժ՝ նկատում է՝ սերունդը փոխվել է, ավելի ճիշտ՝ նրանց աշխարհայացքն ու նախասիրություններն են փոխվել, որը հետեւանք է հեռախոսի ու համակարգչի դարաշրջանի։ Ասում է՝ նախկինում սովորողները պարապմունքների էին գալիս մեծ հետաքրքրությամբ, նոր ու շատ բան քաղելու ձգտումով, ավելի բանիմաց էին։ Իսկ այժմ շատերը նույնիսկ հայ մեծանուն նկարիչների անունները չգիտեն, ինչը մտահոգիչ է։ Սրտնեղում է՝ լավ ձեռք, շնորհք ունեցող կադրեր էլ կան, որոնք, ցավոք, նկարչությունը թողնում եւ այլ գործով են զբաղվում։ Հարցնում ենք՝ ջերմուկյան ցուցադրության ժամանակ շա՞տ են վաճառվում իր կտավները, եւ ովքեր են գնորդները՝ տեղի՞, թե՞ դրսի զբոսաշրջիկները, ասում է՝ ոչ միշտ, բայց վաճառվում են, հիմնականում գնում են տեղացիները, դրսի զբոսաշրջիկները քիչ են գնում տեղափոխման խնդրի պատճառով։
Ֆիդայիների պուրակում հանդիպեցինք տեղի մաքրությունն ապահովող, բարեկիրթ շարժուձեւով Վլադ Վարդանյանին, որն այս գործին է արդեն 20 տարի։ Բաքվից է, 1989 թվականին է ընտանիքով Ջերմուկ տեղափոխվել, փոխանակել է Բաքվի իր բնակարանը տեղի բնակարաններից մեկի հետ, ապրում է Ձախափնյակ թաղամասում։ Ասում է՝ Բաքվում ապրելու տարիներին երբեք չի փոխել իր ազգանունը։ «Շատերը փոխեցին՝ լավ գործի, պաշտոնի անցնելու նպատակով, բայց ես մինչեւ վերջ մնացի Վարդանյան։ Ստայանկայի պետ էի աշխատում, շատ ադրբեջանցի ընկերներ ունեի»,- ասում է մեր հարցերին սիրալիր պատասխանող Վլադ պապիկը։

Ամիսը 90 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ասում է՝ գոհ է գործող ղեկավարությունից, շատ է սիրում Հայաստանը, իրեն ամուր է զգում, լավատեսությամբ է լցված մեր երկրի ապագայի հանդեպ։ Վլադ պապի հետ զրույցը ծավալվեց ու հանգեց քաղաքականությանը։ Որպես նախկին բաքվեցի ինչպե՞ս է վերաբերում խաղաղության օրակարգին, Ադրբեջանն ընդունա՞կ է հայերիս հետ խաղաղ գոյակցել։
«Իմ միակ ուզելիքն էն է, որ էլ կռիվ չլինի, ոչ մի ջահել չզոհվի։ Հերիք ա։ 30 տարի ա՝ թշնամի ենք, հո մինչեւ մեր գոյության վերջը չե՞նք կարող թշնամություն անել։ Հարեւանիդ հետ ինչքան էլ թշնամի լինես, մի օր հաշտվելու ես՝ ստիպված, թե քո կամքով։ Մի նայեք-տեսեք՝ սաղ Բաքուն հայերն են սարքել, մեր ինտելիգենցիան Բաքվում միշտ էլ ազդեցիկ է եղել, իսկ ադրբեջանցիք լավ առեւտուր անողներ են։ Պիտի ճանապարհները բացվեն, մարդիկ գնան-գան, թշնամության մթնոլորտը վերանա։ Նաեւ պիտի օրենք դնեն՝ ոչ մի ադրբեջանցի իրավունք չունի հայի սպանի, ոչ մի հայ էլ՝ ադրբեջանցու, սպանողներին էլ պիտի ամենախիստ պատիժը տան՝ կախաղան»։
Իսկ եթե խաղաղություն հաստատվի, կգնա՞ք Բաքու։ Արձագանքում է․ «Չէ՛, ծերացած եմ, արդեն 70 տարեկան եմ, էն հասակում չեմ, որ գնամ։ Համ էլ շատ ընկերներ հաստատ էլ չկան, գնացել են էն աշխարհ, եսիմ, թող ջահելները գնան»։
Ջերմուկում հանդիպեցինք նաեւ մեր խաղաղ հանգիստը, ցերեկն ու գիշերն ապահովողին ու երաշխավորողներին՝ Ջերմուկի զորամասում ծառայող զինվորներից մի քանիսին, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին, եղել մարտական գործողությունների թեժ կետերում։ Մի քանի ժամով արձակվել էին ծառայությունից, իրենց խոսքով ասած՝ «ուվալնենի» էին ստացել, շրջում էին քաղաքում։ Ասացին, որ մոտ երկու շաբաթից զորացրվելու են։ Երբ շնորհակալություն հայտնեցինք իրենց ծառայության համար, բոլորով միասին արձագանքեցին՝ կարիք չկա շնորհակալության, քանի որ կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, պատերազմի օրերին էլ արել են ուժերի ներածը՝ պատրաստ լինելով տալ նաեւ իրենց կյանքը։

Երբ առաջարկեցինք լուսանկարել իրենց, սիրով համաձայնեցին, բայց մի քանի վայրկյան խնդրեցին՝ իրենց կոկիկ տեսքն է՛լ ավելի կոկիկ դարձնելու՝ օձիքներն ու գոտիները շտկել-ձգելու համար։ Լուսանկարվելուց հետո էլ նրանցից մեկը կատակեց, թե՝ երբ նյութը պատրաստ լինի ու թողարկվի, հնարավո՞ր է այնպես անել, որ իրենց հեռախոսահամարները նույնպես ինչ-որ կերպ հրապարակվեն․ գուցե գեղեցիկ աղջիկները տեսնեն իրենց ու զանգելու ցանկություն ունենան։
Պատրաստեց Հեղինե Մանուկյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT