«Արմենիա տոբակոյի» աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ «Հայաստան» դաշինքի հավաքին չգնալու համա՞ր. ինչ է ասում ՍՊԸ-ն

«Հայկական ժամանակի» խմբագրություն է դիմել քաղաքացի Հարություն Թովմասյանը, որը 2019 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է «Արմենիա տոբակո քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ որպես պահեստապետ, սակայն 2021 թվականի օգոստոսին հեռացվել է աշխատանքից, ըստ իրեն, քաղաքական հայացքների պատճառով:

Թովմասյանի պնդմամբ՝ 2021 թվականի հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքը անցկացրել է նախընտրական ամփոփիչ հանրահավաք և «Արմենիա տոբակո քոմփանիի» ղեկավարությունը պարտադրել է աշխատակիցներին, որ նրանք մասնակցեն տվյալ հավաքին, սակայն Հարություն Թովմասյանը և նույն ընկերության աշխատակից Վոլոդյա Ավետիսյանը մերժել են:

«Ես հրաժարվել եմ մասնակցել հանրահավաքին, որից հետո աշխատավայրում սկսեցին արհեստական խնդիր ստեղծել ինձ համար: Աշխատակիցներին ասում էին, թե այս ֆիրմայում եք աշխատում, ով ձեզ վարձատրում է ու չեք ուզում ֆիրմայի ղեկավարությանը սատարեք: Բանը հասավ նրան, որ 2021 թվականի օգոստոսի 13-ին ինձ և Ավետիսյան Վոլոդյային, որը արտադրամասի հերթափոխի պետն էր, հեռացրին աշխատանքից՝ մեղադրելով գողություն կատարելու համար՝ իբրև թե ծխախոտ ենք գողացել պահեստից։ Առանց ինձ կանչելու, օրենքի կոպիտ խախտմամբ, իմ նյութական պատասխանատվության տակ գտնվող միջոցները գույքագրում են արել, հանձնում-ընդունում են արել, ու եթե պակաս միջոցներ կային, այդ դեպքում ինչո՞ւ վերջնահաշվարկի գումարից պահում չեն արել»,- պատմում է Թովմասյանը:

Նրա խոսքով՝ դեպքից հետո անցել է բավականին ժամանակ, սակայն վերջիններս այդպես էլ չեն կարողանում աշխատանք գտնել, քանի որ, իրենց կարծիքով, նախկին գործատուն շարունակում է խոչընդոտներ ստեղծել: «Երկուսս էլ բարձրագույն կրթություն ունենք, 10-ից ավելի տարվա փորձ՝ երկրի լավագույն ընկերություններում, բայց չենք կարողանում աշխատանք գտնել, ենթադրում եմ, որ նախկին գործատուն շարունակում է խոչընդոտներ ստեղծել: Դիմել ենք մի շարք կազմակերպությունների, հարցազրույցների փուլը շատ լավ անցել ենք, հետո՝ մերժում ստացել: Ամենայն հավանականությամբ գործատուները զանգահարում են մեր նախկին աշխատավայր՝ կարծիք հարցնելու, նրանք էլ սխալ տեղեկություններ են տալիս մեր մասին: Այս պատճառով մենք ստիպված ենք արտագնա աշխատանքի մեկնել, ընդհուպ մինչև ընդմիշտ ընտանիքով տեղափոխվել, թռիչքի տոմսն արդեն գնել եմ, քանի որ դատական համակարգն էլ չի գործում հօգուտ քաղաքացիների»,- ասում է նա:

Զրուցակիցը նշում է՝ ազատվելուց հետո՝ 2021-ի սեպտեմբերի 14-ին, «Արմենիա տոբակո քոմփանի» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու, զրպարտության և վիրավորանք հասցնելու համար փոխհատուցում տալու պարտավորեցնելու պահանջներով:

«Քաղաքացիական գործը ներկայացվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը մակագրվել է դատավոր Ազատ Դունամալյանին: Սեպտեմբերի 28-ին դատավորը հայցը վերադարձրել է՝ մերժելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը և պահանջել է վճարել պետական տուրքը՝ առանց հստակ նշելու դրա չափը: 2021 թվականի նոյեմբերի 1-ին՝ 120 հազար դրամ պետական տուրքը վճարելուց հետո, հայցադիմումը կրկին ներկայացրել ենք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և այս անգամ գործը մակագրվել է դատավոր Հասմիկ Ջալալյանին: Նա էլ նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել, որ մեր՝ արդեն իսկ վճարած 120 հազար դրամ պետական տուրքի գումարը պետք է լինի 128 հազար դրամ և հայցը վերադարձրել է, որպեսզի եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվեն:

2022 թվականի հունվարի 19-ին՝ 8000 դրամ պետական տուրքը վճարելուց հետո, հայցադիմումը կրկին ներկայացրել ենք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և գործը միայն մեկ ամիս անց՝ փետրվարի 11-ին, մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանին, որը փետրվարի 22-ին որոշում է կայացրել հայցադիմումը կրկին վերադարձնել: Պատճառաբանության մեջ նշվել է, որ իբր թե հայցադիմումի սկզբնամասի, բովանդակության և եզրափակիչ մասերի ուսումնասիրությունից հստակ չէ, թե ո՞ւմ դեմ է պահանջներ ներկայացվել դատարանի քննությանը, և պարզ չէ, թե ո՞վ է պատասխանողը»,- պատմում է քաղաքացին:

Հարությունի խոսքով՝ այդ դեպքից հետո՝ 2022 թվականի մարտի 16-ին, իրենք բողոքարկել են Արման Օհանյանի որոշումը և դիմել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

«Ապրիլի 15-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանը մեր բողոքը բավարարել է և Արման Օհանյանի կայացրած որոշումը վերացրել՝ որոշման մեջ էլ նշելով, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բողոք բերող անձանց ձևական նկատառումներով զրկել է իր իրավունքների դատական պաշտպանության իրականացման հնարավորությունից: Հիմա գործը կրկին Արման Օհանյանի մոտ է, ցավոք սրտի, ով այդպես էլ նիստերի օր չի նշանակում: Երբ մենք փորձում ենք կապ հաստատել և հասկանալ՝ որն է դրա պատճառը, հեռախոսին պատասխանում է մի աղջիկ, որը ներկայանում է որպես քարտուղարուհի և ամեն անգամ մի բան ասում է՝ «շատ ինֆորմացիա չեմ կարող տալ, ես տեղյակ չեմ, դատավորը արձակուրդ է, դատավորը զբաղված է, նա տեղում չէ», և այսպես շարունակ»,- նշում է նա:

Քաղաքացիները կարծում են՝ դատավոր Արման Օհանյանի՝ ոչ իրավաչափ և ձևական նկատառումների հիման վրա կայացրած որոշումը կապված է «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի սեփականատերերի՝ դատավորի վրա ունեցած հնարավոր ճնշումների կամ գուցե կոռուպցիոն մեխանիզմներ առկա լինելու հետ:

Վերջինս նշում է՝ հարցին լուծում տալու համար դիմել են տարբեր պատկան մարմինների, սակայն՝ ապարդյուն. «Բազմաթիվ նամակներ ենք հղել ՀՀ գլխավոր դատախազին (-խմբ. Արթուր Դավթյան) արդարադատության նախարարին, ոստիկանության պետին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, Դատավորների միություն, ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, բայց արդյունավետ պատասխան չենք ստացել»:

«Դիմել եմ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որն էլ կապ էր հաստատել գործարանի հետ, չեմ կարող ասել, թե կոնկրետ ո՞ւմ հետ էր խոսել, քանի որ չգիտեմ, բայց նրանք սպառնացել էին, որ մեզ ներում չի լինելու ու գոհ թող լինեն, որ ոստիկանություն չենք կանչել, այլ ուղղակի ազատել ենք: Ես դիմել եմ նաև Արդարադատության նախարարություն՝ դատավոր Օհանյանի՝ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրված լինելու հարցով, սակայն այնտեղից էլ պատասխան եմ ստացել, որ այս հարցի քննարկումը դուրս է նախարարության իրավասությունների շրջանակից: Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից էլ, իմ դիմումին ի պատասխան, հայտնել են, որ Արման Օհանյանը համապատասխանում է դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկել դատական իշխանությունը»:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանին, որը մեր զրույցում հայտնեց, որ Հարություն Թովմասյանից իրենք նույնպես դիմում ստացել են՝ դատավոր Արման Օհանյանի վերաբերյալ, և հանձնաժողովը եզրակացրել է, որ Թովմասյանի թվարկած արարքները չեն համարվում կարգապահական խախտում, և հետևանքների բացակայության հանգամանքով կասկածի տակ չի կարող դրվել դատավորի համապատասխանելիությունը դատավորի կարգավիճակին:

Մենք կապ հաստատեցինք նաև «Արմենիա տոբակո քոմփանի» ՍՊԸ՝ հարցի վերաբերյալ ընկերության դիրքորոշումը իմանալու: Ընկերությունից խնդրեցին հարցերը ուղարկել գրավոր տարբերակով: Ի պատասխան՝ ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Բաբայանը հայտնել է, որ Հարություն Թովմասյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը և դրանով արատավորում է ՍՊԻ-ի գործարար համբավը:

Նկատենք, որ 2020 թվականին fip.am-ն անդրադարձել էր «Արմենիա տոբակո քոմփանի» ՍՊԸ-ին՝ պարզելով, որ, իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան և Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ և համարվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավոր շրջապատի անձինք: Իսկ Լիլիթ Աբրահամյանը Նիկոլայ Գաբրիելյանի՝ «Գազի Կոլյայի» դուստրն է։ «Արմենիան տոբակո քոմփանիի» գլխավոր տնօրենն էլ Արմեն Ունանյանն է. վերջինիս անունը մամուլում հայտնվել է 2018-ի մայիսին՝ ԱԱԾ-ի՝ հանցավոր սխեմա բացահայտելու ժամանակ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
52097 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել