Ինքնասպանություն գործած տղաների քայլը ոչ թե ելք է, այլ բոյկոտ առկա կարծրատիպերի դեմ. Սաթեն Գրիգորյան

Մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի կարծիքով՝ 16 եւ 21-ամյա տղաների ինքնասպանության դեպքի շրջանառությունը մեդիայում այնքան լայն ընդգրկում ունեցավ, որ տղաներն ակամայից հայտնի դարձան, ուստիեւ՝ վարքային մոդել թելադրողներ: 

«Հայկական ժամանակ»-ը Գրիգորյանի հետ զրուցել է կատարվածի ենթադրյալ պատճառների, մեդիայում դեպքի լուսաբանման սխալների եւ այլ հարցերի շուրջ:

- Տիկին Գրիգորյան, մի քանի օր է՝ համացանցը ողողված է երկու երիտասարդ տղայի միաժամանակ ինքնասպանության մահվան լուրով, այդ քայլին գնալու վերաբերյալ՝ տարատեսակ մեկնաբանություններով: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նրանք եղել են նույնասեռականներ: Կխնդրենք՝ մասնագիտական տեսանկյունից մեկնաբանել տղաների քայլը եւ հայ հանրության հակառակ բեւեռների, այսինքն՝ տղաների մահվան համար ցավողների եւ նրանց մահվան վրա «հրճվողների» վարքագիծը:

- Այս թեմայի հարցում անհանդուրժողականությունը Հայաստանում շատ ավելի խոր արմատներ ունի, քան առաջին հայացքից տեսանելի է: Ակնհայտ է, որ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ կարծիքները լուրջ փոփոխությունների են ենթարկվել վերջին տարիներին, մասնավորապես՝ երիտասարդների շրջանում: Տարիներ առաջ այս երեւույթը շատ ավելի լուրջ հակազդեցության էր արժանանում, քան այսօր. պատճառը տեղեկատվական հոսքերն են, մարդկանց անկաշկանդ վարքը սեփական սեռական կողմնորոշման մասին խոսելիս: Բնական է, որ թեման, պայմանավորված սպեցիֆիկ առանձնահատկությամբ, միջին սերնդի ներկայացուցիչների շրջանում չի կարող ունենալ միեւնույն արձագանքը, ինչպես երիտասարդների, քանի որ առաջինների դեպքում անհանդուրժողականության ֆոնն առավել ակնառու է:

Ինքնասպանության դիմած տղաների քայլը մեկնաբանել կդժվարանամ, քանի որ կան չպարզված հանգամանքներ, սակայն ակնհայտի վրա հիմնվելով՝ կարող եմ ասել, որ անելանելի վիճակն է վերջիններիս դրդել այդ քայլին: Յուրաքանչյուր ինքնասպանություն որոշակի իմաստ ունի. կա հոգեբանական տեսություն՝ մարդն ապրում է՝ կյանքի համար ունենալով որոշակի իմաստ: Վերցրու նրանից իմաստը, եւ նրա ապրելու ձգտումը դադարում է: Շրջանառվում են բազում տեսակետներ, վարկածներ, կարծիքներ, սակայն փաստ է այն, որ կա ինքնասպանություն գործած երկու անձ: Էական չեն հանգամանքները, էական չեն պատճառները, էականն այն է, որ երկու երիտասարդ ինքնասպանություն է գործել:

- Կատարվածի վերաբերյալ ինչպե՞ս կգնահատեք մեդիայի անդրադարձը, եւ ո՞րն է այն կարմիր գիծը, որ հաճախ հատվում է։

- Մեդիայի անդրադարձն այս թեմային առավել ցավալի է, քանի որ ոչ թե փաստ արձանագրվեց, այլ ինքնասպանության հիմքում դրվեց տղաների սեռական կողմնորոշումը՝ թիրախավորելով այն: Ինքնասպանության վերաբերյալ լուսաբանումներն ունեն առանցքային առանձնահատկություններ, եւ անհրաժեշտ է լավագույնս ծանոթ լինել դրանց՝ լուսաբանելու համար: Մի կողմ թողնելով բոլոր հանգամանքները՝ մեդիահոգեբանական վերլուծություն անելիս չեմ կարող չնշել, որ ինքնասպանության հիմքում չպետք է դրվեր տղաների՝ սեռական այլ կողմնորոշում ունենալու փաստը, պարզապես լուսաբանվեր ինքնասպանության դեպքը՝ առանց ավելորդ մանրամասնությունների: Սակայն հրապարակվեցին նկարներ, հոլովակներ, գրառումներից առանձին հատվածներ, արդյունքում ստացվեց՝ եթե կան նույնասեռական անձինք, որոնց ընտանիքի անդամները, կամ հասարակությունը չեն ընդունում, տարբերակ ունեն դիմելու նույն մեթոդին:

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մեդիան միայն լրատվամիջոցը չէ, չեմ կարող չառանձնացնել այն, որ շատ մեդիահրապարակումներ ոչ թե ուսումնասիրություն են, այլ ինչ-որ մեկի մեկնաբանությունը, որը վերածվել է «լրագրողական» նյութի՝ շոկ կոնտենտ ապահովելու նկրտումներով: Տվյալ հրապարակումների մեկնաբանություններն առավել մտահոգիչ են, քանի որ մի մեծ մաս քննադատում է ինքնասպան եղած անձանց՝ նշելով կատարած քայլի ճիշտ լինելը եւ ուղղորդելով մյուս՝ այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց գնալ նույն ճանապարհով:

Հիմա պատկերացնենք՝ տվյալ նյութը՝ համապատասխան մեկնաբանություններով, կարդում են դեռահասներ, որոնք ունեն սեռական այլ կողմնորոշում (եւ էական չէ՝ դիրքորոշումը հաստատո՞ւն է, թե՞ փոփոխման ենթակա) եւ ծնողների, ընկերների, մտերիմ մարդկանց հետ քննարկելու փոխարեն որոշում են դիմել նույն ելքին՝ վախենալով հետագա ընթացքից: Ողբերգությունն անդառնալի կլինի: Այս դեպքը ՀՀ-ում նախադեպային էր, քանի որ նախկինում նմանօրինակ փորձ չի եղել, ավելին՝ խորքային դիտարկման ենթարկելիս ակնառու է, որ այն ոչ թե ելք է, այլ բոյկոտ առկա կարծրատիպերի եւ ստիգմատիզացված երեւույթների դեմ: Մարդիկ տեսնում են միայն այսբերգի ակնհայտ՝ իրենց ձեռնտու մասը, իսկ ամենաէականն ու կոնտրաստայինը շարունակում է մնալ ստվերում:

- Գաղտնիք չէ, որ Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար մարդիկ հաճախ են ենթարկվում շրջապատի անարգանքին, էլ չենք խոսում ավելի զարհուրելի դեպքերի մասին: Ըստ Ձեզ՝ անհանդուրժողականության այս իրավիճակը մեղմելու համար ի՞նչ քայլեր պետք է արվեն, ո՞վ պետք է նախաձեռնի, ի՞նչ մեխանիզմներ պետք է գործադրվեն:

- Երբ խոսվում է սեռակրթության մասին, շատ ծնողներ բոյկոտում են, հայտնում իրենց անհամաձայնությունը թեմայի շուրջ, իսկ սեռական դաստիարակության արդյունքում երեխաներին հասանելի են դառնում գիտելիքներ ինչպես ոչ ավանդական սեռական նախընտրություն ունեցած անձանց, այլեւ ինքդ քեզ հասկանալու, հաճախ նաեւ՝ օգնելու վերաբերյալ: Ի վերջո, չկան ճիշտ եւ սխալ նախընտրություններ, կան սխալ ու ճիշտ պատկերացումներ գոյություն ունեցող երեւույթների շուրջ, որոնք, իմիջիայլոց, միշտ գոյություն են ունեցել, պարզապես ինֆորմացիոն հսկայական արտահոսքով պայմանավորված՝ այսօր դրանք քննարկվում են ավելի շատ, քան նախկինում, քննարկման արդյունքում էլ ինֆորմացիան հասնում է շատ ավելի մեծ թվով մարդկանց, քան նախկինում կարող էր հասնել:

Սեռական դաստիարակությունն առանցքային կարեւորություն ունի այս հարցում, որ նմանօրինակ անձինք չպիտակավորվեն՝ թեկուզ իրենց լավագույն շահից ելնելով: Ի վերջո, եթե մարդն այդպիսին է, քննադատությունները նրան չեն փոխելու, պարզապես դարձնելու են հասարակությունից կտրված կամ առավել ագրեսիվ: Իսկ երբ ագրեսիան ուղղվում է ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս՝ սեփական անձին, որպես ելք հաճախ բախվում ենք հենց ինքնասպանությանը: 

- Համարո՞ւմ եք, որ նույնասեռական անձինք գտնվում են խոցելի խմբում եւ հատուկ պաշտպանության կարիք ունեն:

- Չեմ կարծում՝ հատուկ պաշտպանության կարիք ունեն, քանի որ վերջին տարիներին ՀՀ-ում կան մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ: Վերջիններիս իրավունքների պաշտպանությունը բարձր մակարդակի վրա է, շատ ավելին, քան որոշ դեպքերում ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները, կանանց եւ երեխաների իրավունքները: Պատճառներն առավել քան ակնհայտ են, իսկ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ բնական ու աշխարհում առկա իրավիճակին համապատասխան:

- Վերոնշյալ ողբերգական դեպքից հետո խիստ քննադատության ենթարկվեց նաեւ ինքնասպանության դիմած անչափահաս տղայի մայրը, մասնավորապես՝ հրապարակվում էին վերջինիս ենթադրյալ նամակներն ու մեկնաբանությունները, որտեղ նա զայրացած հանդիմանում էր որդուն: Խնդրում ենք մեկնաբանել ծնողի այս վարքագիծը՝ հայ իրականության մեջ ծնող-երեխա հարաբերությունների, չհասկացվածության, հասարակության ազդեցության համատեքստում:

- Նախեւառաջ, անհրաժեշտ է ընդունել, որ հայ ծնողի համար բավականին դժվար է տեսնել նույնասեռական նկար՝ սեփական որդու մասնակցությամբ, ուստի աֆեկտիվ ու իմպուլսիվ արձագանքն էլ բնական է: Շատերը թիրախավորեցին նաեւ ընտանեկան իրավիճակը, որն իրականում որեւէ մեկի խնդիրը չէր: Ստացվեց՝ ունեցանք իրավիճակ, որտեղ ինքնասպանությունը մնաց ստվերում՝ կոնտրաստի հանելով սեռական կողմնորոշումը, անչափահասի մոր գրառումն ու տղայի՝ տնից որոշ ժամանակ բացակայելու հանգամանքը: Այսինքն՝ հիմնական ողբերգությունը թողած՝ քննարկվեց շատ ավելի, քան կարիք կար:

Նշեմ նաեւ, որ 21-ամյա ազգությամբ ռուս երիտասարդի մասով գրեթե ոչինչ չասվեց, նրա ինքնասպանության հանգամանքը մնաց ստվերում:

Իհարկե, հեշտ է խոսել ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին, տալ հստակ վարքային ձեւաչափ, սահմանել կարելիի եւ չի կարելիի սահմանը, սակայն հենց հերթը հասնում է սեփական երեխային, ծնողը կանգնում է դժվար իրավիճակի առջեւ, հատկապես՝ Հայաստանում: Սակայն, այս ամենից զատ, կա նաեւ հուզական ինտելեկտի խնդիր. ծնողը երեխայից մեծ է, ավելի մեծ կյանքի փորձ ունի եւ պետք է հաշվի առնի բոլոր ռիսկերը, որոնց կարող է բախվել երեխայի դաստիարակության ընթացքում, ուստի նմանօրինակ լուրջ հարցերի դեպքում իմպուլսիվությունը միայն խանգարում է, վնասում եւ թույլ չի տալիս հասկանալ մեկմեկու: Արդյունքում ունենում ենք իրավիճակ, երբ ծնողը սեփական երեխայի անձնական մեդիայից է իմանում վերջինիս կյանքի շատ կարեւոր հարցի մասին, շատ դեպքերում շատ ուշացած ու անդառնալիորեն ցավալի ձեւով…

- Խոսեցիք ինքնասպան եղած 21-ամյա տղայի չբացահայտված լինելու մասին, բայց «Տիկտոկ» սոցիալական ցանցում տարածվում էր մի տեսանյութ, որտեղ օգտատերերից մեկը վստահեցնում էր՝ այդ տղայի եղբայրը եւս մոտ երկու տարի առաջ դիմել է նույն քայլին: Ըստ ոչ պաշտոնական վարկածի՝ նրանք ազգությամբ հայ չեն եղել: Այս փաստերը հոգեբանական վերլուծություն կատարելիս ո՞ւր են տանում: Ձեր դիտարկումները:

- Առհասարակ, ինքնասպանությունների լուսաբանումը բավականին նուրբ եզրեր ունի, եւ դրանով պետք է զբաղվեն համապատասխան վերապատրաստում անցած եւ մասնագիտական գիտելիքներ ունեցող լրագրողները: Այն նաեւ մի շարք վտանգներ է պարունակում, քանի որ, ինչպես արդեն նշեցի, մոդելը կարող է ընդօրինակվել կյանքում նմանօրինակ իրավիճակի առջեւ կանգնած անձանց կողմից: Գոյություն ունի «Վերթերի ֆենոմեն» երեւույթը, ըստ որի՝ լուսաբանվող ինքնասպանությունները կարող են վարքային կրկնօրինակման մոդել հանդիսանալ թիրախային խմբի համար, իսկ որքան հայտնի է ինքնասպանության դիմած անձը, այնքան մեծամասշտաբ ընդօրինակում կարող է ունենալ երեւույթը:

Մեդիայում այս դեպքի շրջանառությունն այնքան լայն ընդգրկում ունեցավ, որ տղաներն ակամայից հայտնի դարձան, ուստիեւ՝ վարքային մոդել թելադրողներ: Ըստ սուիցիդոլոգիայի՝ եթե ընտանիքում նախկինում գրանցվել է ինքնասպանության դեպք, տվյալ ընտանիքը ռիսկի խմբում է, եւ հավանականությունը, որ նույն ընտանիքում կրկին ինքնասպանության դիմող կլինի, ավելի մեծ է, քան մյուս դեպքերում: Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ ինքնասպանությունների վերաբերյալ տեղեկատվությունը մատուցելուց առաջ վերջինիս մշակումը առանցքային նշանակություն ունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4590 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը