Երևան
12 °C
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ դեռ «հեղափոխական էյֆորիան» թեւածում էր ամենուր, կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած Նիկոլ Փաշինյանն ազդարարեց՝ «ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու, գողերի ժամանակներն անցել են, ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրալիաներից լինի՝ գտնելու ենք, բերենք իրենց եւ իրենց գողացած ամեն մի լուման, ամեն կոպեկն ու դոլարը»։
Այս խոսքերը մեծ ցնծությամբ ընդունեց հանրությունը, եւ ակնկալվում էր, որ խոստումը, որը ստանձնել էր Կառավարության ղեկավարը, կդրվի գործողության մեջ, պետական համապատասխան կառույցներն իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ կձեռնարկեն «գողերին» հայտնաբերելու, պատասխանատվության կանչելու եւ պետությունից գողացվածը պետությանը վերադարձնելու ուղղությամբ։
Այս հայտարարությունից մեկ տարի անց Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հայտարարել․ «Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետեւ ամբողջ իրավապահ համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի, միշտ պատճառ կա՝ փորձաքննությունը, էն մեկը ցուցմունք չի տալիս, էն մեկը փախավ, էն մեկը չփախավ, էն մեկը ուզում է փախչի»։
Վարչապետն այնուհետեւ ազդարարեց․ «Եվ եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է, եւ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ: Որովհետեւ ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ եւ մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա»։
Վարչապետի՝ մոտ 4 տարվա վաղեմության այս խոսքերը արդիական են նաեւ այսօր՝ հաշվի առնելով պետական համակարգում դեռեւս չկոտրված, դեռեւս թպրտացող այն դիմադրությունը, որը ցուցաբերում են տարբեր պատկան կառույցներ, ինչի հետեւանքով հետեւողականորեն խժռվում են հեղափոխական խոստումներն ու հիասթափություն հարուցում հանրության շրջանում։
Հեղափոխությունից հետո, նկատենք, հայրենի իրավապահ մարմինների ձեռքից «պլստացին» եւ տարատեսակ «փորացավերով» ու մահանաներով երկիրը լքեցին, պայմանական ասած, մի շարք «մկներ» եւ «ձկներ»։ Օրինակ՝ Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանը, որին առնչվող քրեական գործով ՀՀ դատախազությունը պետությանը պատճառված 5.6 մլրդ դրամի չափով բռնագանձում կատարելու հայցադիմում է ներկայացրել դատարան, որն ընդունվել է վարույթ:
Կաշառքի օժանդակություն կատարելու համար մեղադրվող Սամվել Մայրապետյանը, հիշեցնենք, բուժման նպատակով Գերմանիա էր մեկնել եւ մինչ այժմ չի վերադարձել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Դատախազությունից օրերս «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էին, թե գործարարի նկատմամբ հետախուզմանն ընթացք չի տվել Գերմանիայի ինտերպոլի ազգային բյուրոն։ Պատճառը, սակայն, դատախազությունը չի նշել։
Իրավապահների ձեռքից «ակուրատնի» պլստացած հաջորդ «ձուկը» ԴԱՀԿ-ի հռչակավոր Միհրանն է կամ՝ «Քեթրինի Միհրանը», նույն ինքը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը, վերջին տվյալներով, ՌԴ-ում է: Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն՝ վերջինս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում 568 միլիոն 830 հազար դրամի կամ շուրջ 1.3 մլն դոլարի չարաշահում է կատարել՝ հարկեր չվճարելով։ Իսկ հետո այդ գումարները «լվացել է» իր հետ կապված ընկերությունների միջոցով՝ դրանք ձեւակերպելով որպես փոխառություններ։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Պողոսյանի ու նրա հետ փոխկապակցված յոթ անձանց, մասնավորապես՝ կնոջ, դստեր դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ։ Օրերս էլ հայրենի իրավապահ համակարգի երեսին հասցված շառաչուն ապտակի մասին հայտնի դարձավ․ Ֆրանսիան, որտեղ հայկական արդարադատությունից թաքնվում է մեկ այլ նախկին պաշտոնյա՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մերժել է արտահանձնել վերջինիս։
ՀՀԿ-ի օրոք պաշտոնավարած «սյունյաց բդեշխի» համբավ ունեցող նախկին մարզպետը, որի շուրջ աղմկահարույց պատմություններն անպակաս են եղել, մեղադրվում է իր լիազորությունների շրջանակից դուրս գալու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ անձանց ապօրինի կարգադրություն տալով՝ առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2019-ից, նա եւս բուժում էր ստանում սրտերկրում։
Այսքանը «պլստալու» մասով. (պետությունից գողացած, հետո պետությունը լքածների ցանկը, ցավոք, այսպիսով չի սահմանափակվում)։
Իսկ այժմ դիմադրության մասին, որը երեւակվեց մասնավորապես վերջին շրջանում տեղի ունեցած կամ բացահայտված մի շարք իրադարձությունների բերումով։ Դիմադրության ցցուն դրսեւորման ականատես եղանք օրերս, մասնավորապես երբ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրվեց մեկը, որն ասոցացվում է կոռուպցիայի եւ դատական ամենաթողության հետ։ Խոսքը Մացոյի՝ Մնացական Մարտիրոսյանի մասին է։ Դիմադրություն ցուցաբերած, այսինքն՝ սույն դատավորին ընտրած կառույցը Բարձրագույն դատական խորհուրդն էր, որի անդամների մեծ մասը, վստահ ենք, 5 մատի պես գիտեին, թե ով է իրենց ընտրյալ դատավորը, որի բարեվարքության վերաբերյալ, ի դեպ, բացասական գնահատական է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ ԲԴԽ-ի ներգրաված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոյը։
ԲԴԽ՝ Մ․ Մարտիրոսյանին կողմ քվեարկած անդամների մեծ մասը, նկատենք, այդ պատասխանատու պաշտոնն ստանձնել է հեղափոխությունից հետո (ԲԴԽ անդամներից երեքն էր դեմ քվեարկել Մարտիրոսյանի թեկնածությանը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան, Երանուհի Թումանյանց եւ Վիգեն Քոչարյան)։
Պլստացել է նաեւ Վաչոն.
Այսօր էլ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ուշադրություն հրավիրեց պետական համակարգի դիմադրության հերթական դրսեւորման վրա։ Դիմելով նիստին ներկա ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին՝ Քոչարյանը հարց հղեց պաշտպանության նախկին նախարար, երկիրը ուսման նպատակով լքած, այժմ ԱՄՆ-ում գտնվող Վիգեն Սարգսյանի (որի վրա կան գույքային խնդիրներ եւ քրեական գործ) եւ «Վիվառո» ընկերության միջեւ տեղի ունեցած գործարքի մասին:
«Ես կխնդրեի, որ ԱԱԾ-ն ուսումնասիրի նման երեւույթները, որոնք արդեն կրկնվող են: Վերջերս էլ պարզ դարձավ, որ այլ գործով էլի անհայտ մարդ կարողացել է լքել Հայաստանը, որից հետո պարզ է դառնում, որ էստեղ մենք էլի խնդիրներ ունենք. Վաչոն գնացել է, ո՞նց է էդպես լինում: Մենք բազմաթիվ բաներ ենք անում, որ այդ պաշտոնյաների պատճառած վնասները վերականգնվեն, եւ ցավալի է, որ պաշտպանության նախկին նախարարների հետ են անընդհատ նման պատմություններ լինում: Այնպիսի տպավորություն է, որ Վիգեն Սարգսյանը Բոստոնում բնակարանը գնել է շատ ավելի վաղուց, եւ այդ գումարների գործարքը տեղի է ունենում մի ընկերության հետ, որը շատ հրատապ՝ մեկ օրվա ընթացքում, գումարներ է փոխանցում ՀՀ սահմաններից դուրս: Իսկ դա նշանակում է մի բան, որ տվյալ ընկերության եւ պաշտպանության նախկին նախարարի միջեւ, բացի գույքային այս պատմությունից, կան նաեւ այլ պատմություններ, որն արժե ուսումնասիրել: Ես կխնդրեի, որ ազգային անվտանգությունը նման խնդիրներին ավելի ուշադիր լինի, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ ձեր կառույցը շատ դեպքերում կարողանում է շատ ավելի էֆեկտիվ կանխել, քան մեր ուժային կառույցներից որոշները»,- ասել էր Քոչարյանը:
Պաշտպանության նախկին նախարար Վ․ Սարգսյանի բնակարանի գործարքին օրերս անդրադարձել էր civilnet.am-ը՝ եզրակացնելով. «Հայաստանի իրավապահ մարմինները շարունակում են կանխամտածված եւ/կամ անփույթ գործողություններով օգնել բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին իրենց ունեցած գույքերը երրորդ անձանց օտարելու գործարքներում։ Ընդ որում, այդ գույքերը վաճառվում են այնպիսի պայմաններում, երբ դրանց ծագման վերաբերյալ քննվում է քրեական գործ»։
Նշենք, որ Վիգեն Սարգսյանը իրավապահների տեսադաշտում էր դեռեւս 2018-ի վերջից․ ԱԱԾ-ն 2018-ի դեկտեմբերից քննում է քրեական գործ՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հատկանիշներով։ 2020-ի հոկտեմբերին ԱԱԾ-ից գործն անցնում է Քննչական կոմիտեին։ Շուրջ երկու տարի փողերի լվացման առարկա հանդիսացող բնակարանների նկատմամբ ՔԿ-ն կալանք չէր կիրառել։ Այդ մասին որոշում կայացվել էր միայն այն ժամանակ, երբ նախկին նախարարը վաճառել է բնակարանը։ ՔԿ-ի այդ ժամանակվա նախագահը, հիշեցնենք, Հայկ Գրիգորյանն էր։ Հարկ է նշել, որ երեք տարի քննվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել։
Վերը արձանագրվածի համատեքստում հարկ է հիշեցնել վարչապետի մեկ այլ՝ մոտ մեկ ամսվա վաղեմության խոսք, որի տողատակում կարծեք կրկին ահազանգվում է պետական համակարգում պահպանվող «դիմադրության միտումների» մասին։
Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ վարչապետն առաջարկեց, որ ինքներս մեզ հարց տանք՝ գո՞հ ենք մեր երկրում վարվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքներից եւ արդյունավետությունից:
«Պիտի արձանագրենք, որ մենք, մեծ հաշվով, չենք կարող ասել, որ դժգոհ ենք, բայց մյուս կողմից նաեւ չենք կարող ասել, որ գոհ ենք։․․․ Ես, կոնկրետ, որպես Կառավարության ղեկավար, որպես ժողովրդի մանդատը ստացած պաշտոնյա, արձանագրում եմ, որ մենք այլեւս չունենք ասելու՝ վա՛յ, գիտեք օրենքի այս կետը կարծես, բանկային գաղտնիքը, դատական համակարգը եւ այլն: Հակակոռուպցիոն համակարգ է ձեւավորվել, պետք է այս մեխանիզմը լիարժեք աշխատի, եւ կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի»:
Սա, ինչպես Կառավարության ղեկավարն ընդգծեց, քաղաքական նպատակահարմարության խնդիր չէ, այլ մեր պետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության ապահովման կարեւորագույն գործիքներից։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT