«Բոլոր մարդիկ վախենում են վիրահատությունից, խենթը կարող է չվախենալ». հարցազրույց Մոսկվայից Հայաստան եկած վիրաբույժի հետ

Մասնագիտությամբ վիրաբույժ Պյոտր Դրևալը, որը երկար տարիներ ապրել և աշխատել է Մոսկվայում՝ տարբեր կլինիկաներում, վեց ամիս առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, իսկ վերջին չորս ամիսն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. թորակոսկոպիկ ծառայության ղեկավարն է:

Բժշկի խոսքով՝ թեև ինքը փոխել է երկիրն ու միջավայրը, սակայն դա չի խանգարում թե՛ աշխատանքի մեջ, թե՛ անձնական փոխհարաբերություններում ու շփումներում:

«Դժվարությունների ընդհանրապես չեմ հանդիպել: Շատ եմ հավանում այն, որ այստեղ մասնագիտական պատրաստվածության ու տեխնիկական հագեցվածության առումով շատ լավ վիճակ է, իսկ հիվանդությունները բուժելու մոտեցումները գրեթե նույնն են թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, այնպես որ խնդիրների չեմ հանդիպել: Շատ ուրախ եմ, որ իմ գործընկերների մեծ մասը խոսում է ռուսերեն, որն ինձ մի կողմից օգնում է աշխատանքում, մյուս կողմից՝ խանգարում՝ հայերենը սովորելու. ծուլանում եմ»,- անկեղծանում է Պյոտր Դրևալն ու ծիծաղում, որ կես տարվա ընթացքում հասցրել է սովորել շատ պարզ մի քանի բառ. «Ողջույնին ու հրաժեշտին հատուկ բառեր գիտեմ միայն»:

44-ամյա բժիշկը շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ունի, որի ընթացքում աշխատել է հարյուրավոր հիվանդների հետ:

Օրդինատուրայում սովորել է ընդհանուր վիրաբուժություն, հետո հմտացել՝ որպես կրծքային վիրաբույժ: Զուգահեռ աշխատել է Մոսկվայի քաղաքային տուբերկուլյոզի դեմ պայքարի գիտագործնական կենտրոնում՝ որպես կրծքային վիրաբույժ։ Մի քանի տարի աշխատել է Քաղաքային օնկոլոգիական հիվանդանոցում՝ որպես թորակալ վիրաբույժ, օնկոլոգ, ղեկավարել է նաև Պլետնյովի անվան օնկոլոգիական բուժկենտրոնի օնկոթորակալ վիրաբուժության բաժանմունքը։

Դրևալն ասում է՝ յուրաքանչյուր վիրաբույժ վախենում է վիրահատությունից, դրանից առաջ միշտ անհանգստանում, սակայն կան կամային ու անձնական հատկանիշներ, որոնք օգնում են հաղթահարել այդ վախերն ու անհանգստությունները:

«Վախն ու անհանգստությունը բնական է, քանի որ հեշտ վիրահատություններ չեն լինում: Սակայն պետք է կարողանալ ճիշտ հաշվարկել ամեն ինչ և մտածել երկու քայլ առաջ, ինչպես շախմատում: Այսինքն՝ հստակ պետք է իմանաս՝ ինչ անել: Բոլոր դժվարին և վտանգավոր պահերին պետք է կարողանաս քեզ ապահովագրել, իմանալ, թե ինչ միջոցներ ես ձեռնարկելու՝ իրավիճակը շտկելու համար: Կարճ ասած՝ միշտ պետք է ունենալ երկրորդ պլան»,- կարծում է վիրաբույժը:

Ծանրաբեռնված աշխատանքն ու բարդ բժշկական գրաֆիկը մեկ անգամ չէ, որ խանգարել են կյանքի մնացած հարցերին ու որակին, ասում է նա:

«Շատ դժվար է, երբ հարազատներդ բժշկական ոլորտից չեն, սակայն տարիների հետ բոլորը սովորում ու հարմարվում են դրան: Իհարկե, տանը երբեմն լինում են վեճեր, կոնֆլիկտներ, սակայն դրանք կարողանում ենք հարթել զրուցելու ու միմյանց հասկանալու արդյունքում: Իհարկե, առավելագույնս փորձում եմ լրացնել այդ բացը և մնացած ամբողջ ժամանակս անցկացնել ընտանիքիս, երեխաներիս հետ»,- նշում է Դրևալը:

Հայաստանում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, բժիշկն արդեն մի քանի բարդ վիրահատություններ է իրականացրել։ Ընդ որում, այնպիսի վիրահատություններ, որոնք մեծ մասամբ մեր երկրում կտրվածքով կամ բաց եղանակով են արվում, իսկ ինքը գործի է դնում թորակոսկոպիան: Բժշկի խոսքով՝ փակ եղանակով վիրահատություններն օգնում են պացիենտին հետվիրահատական շրջանն ավելի արագ ու անվտանգ անցնել:

«Ակտիվ աշխատում ենք ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք օր օրի զարգանում են: Թորակոսկոպիկ սարքավորումների միջոցով այսօր վիրահատություններ կարելի է անել մեկ կամ մի քանի ծակոցով՝ առանց բացվածքի, որը, իհարկե, վիրաբույժի աշխատանքը շատ է բարդացնում, քանի որ մենք էկրանի միջոցով տեսնում և կառավարում ենք վիրահատությունը: Սակայն դրա առավելություններից մեկն այն է, որ եթե ոչ վիրահատության, ապա հաջորդ օրը հիվանդին կարելի է դուրս գրել: Անգամ հիվանդները երբեմն չեն հավատում, որ վիրահատվել են: Երբ հասկանում եմ, որ թորակոսկոպիկ վիրահատությունը հիվանդի համար կարող է լինել դժվար և բարդ, միայն այդ դեպքում եմ վիրահատում սովորական՝ բաց մեթոդով»,- նկատում է զրուցակիցը:

Երեխաների հետ վերջինս չի աշխատում, քանի որ, ինչպես ինքն է ասում, բոլոր հասուն բժիշկները «վախենում են» նրանցից. «Երեխաների դեպքում պատասխանատվությունն է շատ ավելի մեծ, և հետո անձամբ ես ավելի շատ եմ անհանգստանում նրանց համար, նրանց հետ աշխատելիս: Եվ այդ չափից շատ անհանգստությունը կարող է խանգարել»:

Դժվար ու հիշվող վիրահատություններ բժիշկն իր պրակտիկայում շատ է ունեցել, սակայն առանձնացնում է առաջին և այն վիրահատությունները, երբ ստիպված է եղել վիրահատել ընկերներին՝ հարազատներին. «Իհարկե, ոսկե կանոն կա՝ երբեք չվիրահատել հարազատներին ու բարեկամներին, բայց Մոսկվայում երկու նման դեպք եմ ունեցել, որոնք շատ ավելի բարդ են տևել, քան միանման հազարավոր այլ վիրահատությունները»:

Հայաստանում հիմնականում բժշկին դիմում են թոքերի նորագոյացությունների ու տարբեր օնկոլոգիական գանգատներով: Նա արձանագրում է, որ թորակոսկոպիկ վիրաբուժության համար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը խիստ հագեցած է: Համեմատելով Մոսկվայի հետ՝ ասում է՝ նույնիսկ նման հագեցվածություն այնտեղ ոչ բոլոր կլինիկաներում կա: Սակայն բժիշկը մի բան է նկատել, որի մասին անկեղծանում է.

«Բժիշկների հանդեպ որոշակի անվստահություն կա, որը չգիտեմ՝ որտեղից է գալիս: Գալիս են ինձ մոտ, խորհրդատվություն ստանում, հետո ստուգում են այդ ստացված ինֆորմացիան, այցելում ևս մի քանի բժիշկների, խորհրդակցում բարեկամների ու հարևանների հետ: Դա անսովոր է, քանի որ Մոսկվայում, եթե ընտրել ես բժիշկ, պինդ կառչում ես նրանից, մինչև հիվանդությունը չնահանջի: Իսկ այստեղ երբեմն այնքան են ուշացնում, որ հիվանդությունը լրիվ այլ փուլ է մտնում, քան նախնական զննման տարբերակում էր»,- նշում է նա:

Նրա խոսքով՝ ցանկացած մարդ վախենում է վիրահատությունից, և դա նորմալ է, միայն խենթը կարող է չվախենալ. «Անգամ ես, լինելով վիրաբույժ, լարվում եմ, վախենում, երբ հարցն իմ առողջությանն է վերաբերում: Հիվանդներիս միշտ ասում եմ, որ վախենալ պետք է ոչ թե բուժվելուց, այլ հիվանդությունից: Իհարկե, բուժումը կարող է դժվար լինել, միջամտությունը՝ երբեմն վախեցնող և ռիսկային, սակայն այդ ռիսկերը անհամեմատելի փոքր են այն ամենի հետ, ինչ կարող է լինել հիվանդությունը չբուժելու և բարդանալու դեպքում»:

Թե ապագայի ի՞նչ պլաններ ունի, վերջինս չի շտապում պատասխանել, քանի որ կյանքն այնքան անկանխատեսելի է: Ըստ նրա՝ եթե մեկ տարի առաջ ասեին, որ ապրելու և աշխատելու է այստեղ՝ Հայաստանում, հնարավոր է՝ անգամ ծիծաղեր: Իսկ թե որքա՞ն ժամանակ է պատրաստվում մնալ և աշխատել, ևս անհայտ է, բայց մարդկանց վերաբերմունքն այստեղ բժիշկը շատ է հավանում, որոշ դեպքերում՝ անգամ զարմանում:

«Մարդիկ չափազանց բարեհամբյուր են, լավն են, որոնց հետ միշտ կարելի է հեշտությամբ մտնել կոնտակտի մեջ: Ինձ համար բացահայտում էր, որ անգամ կարող եմ երեխաներիս ոչ երկար ժամանակով թողնել անծանոթ մարդկանց մոտ ու վստահ լինել, որ նրանց հետ ոչինչ չի պատահի: Ես դրան շատ երկար վարժվեցի»,- ասում է Պյոտր Դրևալն ու նշում նաև երևույթներ, որոնք իրեն դուր չեն գալիս.

«Կուզեի որ Հայաստանի բնակիչները հոգ տանեին իրենց շրջակա միջավայրի, հասարակական վայրերի մասին, որը կյանքի որակի վրա շատ է ազդում: Ինձ շատ է տխրեցնում, որ բոլորը ու բոլոր վայրերում ծխում են: Անգամ գետնանցումներից ծխախոտի հոտ է գալիս, եթե անգամ այդ պահին ոչ ոք չի ծխում: Ծուխն այստեղ շատ է»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39456 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս