Արձակուրդ գնալը՝ պարտադիր, սեռական ոտնձգության դեմ՝ լրացուցիչ պաշտպանություն. աշխատանքային օրենսգիրքը թարմացվում է

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են սպասվում․ 260 հոդվածից 120-ը ենթարկվելու է փոփոխությունների։ Նախաձեռնությունն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է, որը սրանով նպատակ է հետապնդում աշխատող-գործատու հարաբերություններն ավելի համակարգված դարձնել, բոլոր կողմերի իրավունքները հավասարապես լինեն պաշտպանված:

Ոլորտի պատասխանատուների պնդմամբ՝ դաշտը կարգավորող փաստաթղթի տրամաբանությունը հիմնովին փոխվելու է: 2 տարուց ավելի այն քննարկվում է, տարբեր առաջարկներ են լինում, ընդունված որոշումները նորից փոփոխվում կամ լրացվում են։ Նկատենք՝ աշխատանքային օրենսգրքում 2015 թվականից ի վեր նման փոփոխություններ առաջին անգամ են իրականացվում։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները հիմված են գործնական ոլորտում արված ուսումնասիրությունների և դրանց ժամանակ բացահայտված կամ առաջացած խնդիրների հիման վրա։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատգամավորը նկատում է՝ նախաձեռնությամբ հնարավորություն կտրվի աշխատողին բարձրաձայնել իր իրավունքների ոտնահարման խնդիրները, իսկ գործատուին՝ է՛լ ավելի կառուցողական աշխատանքային հարաբերություններ հաստատել աշխատող անձի հետ։

«Առաջին հերթին այս փոփոխությունները նախաձեռնվեցին՝ իրավակիրառ պրակտիկայում բացահայտված խնդիրները կարգավորելու նպատակով: Նախագիծը վաղուց մշակվել էր։ 2022 թվականին մեկ ամսով դրված էր հանրային քննարկման։ Քննարկումների ժամանակ առաջարկներ են ներկայացրել նաև քաղհասարակության ներկայացուցիչները: Նրանց համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր աշխատող բավականաչափ իրազեկված լինի, կարողանա պայքարել իր իրավունքների համար և իմանա՝ ո՞ւմ դիմել։ Ակտիվ էին շատ կանանց և աշխատանքային իրավունքներով զբաղվող ՀԿ-ները»,- ասում է նա:

Սակայն այլ բան է մշակել և ունենալ օրենք, մեկ այլ բան՝ դրա պահպանումն ու իրագործումը։ Ըստ Տիգրանյանի՝ մեր օրերում իրենց իրավունքներից ավելի շատ տեղեկացված և իրազեկված են գործատուները, իսկ աշխատող անձինք հաճախ լռում են՝ թույլ տալով խախտել աշխատանքային իրավունքները․ «Այդ մասով պետք է փորձենք հզորացնել արհմիությունները, կա նաև դրանց օրենսդրությունը բարեփոխելու նախագիծ։ Արհմիություններին աշխատանքային վեճերին միջամտելու հնարավորություն կտանք, որպեսզի աշխատողը չլինի անպաշտպան։ Այսինքն՝ նրա իրավունքների խախտման դեպքում ամեն ինչ ի նպաստ աշխատողի կարգավորվի, այլ ոչ թե ի վնաս»։

Խնդիրներ կան նաև այն պարագայում, երբ աշխատողը գիտի, թե ինչպես պաշտպանի իր իրավունքները, սակայն խուսափում է դրանց պաշտպանման հարցը բարձրաձայնել, որպեսզի գործատուի մոտ չդառնա անցանկալի աշխատող, ասում է պատգամավորը:

«Աշխատողները խնդիրը բարձրաձայնում են վերջին պահին, երբ որ աշխատանքից ազատվում են և նորից աշխատանքի վերականգնվելու համար դիմում դատարան։ Իրենց աշխատանքային իրավունքների խախտման դեպքում աշխատող անձինք պետք է դիմեն արհմիություններին, սակայն դրանք կա՛մ չկան, կա՛մ էլ անձը վստահ չէ, որ ունեն այնպիսի գործիքակազմ, որով կարող են ազդել գործատուի վրա։ Բողոքի համար կարող են դիմել համապատասխան տեսչական մարմին, իսկ եթե աշխատանքի վերականգման հարց է, ապա՝ դատարան»,- մանրամասնում է պատգամավորը:

Աշխատողների համար իրենց իրավունքների իրազեկման աշխատանքներ ևս տարվում են, վստահեցնում է պատգամավորը։ Աշխատանքային օրենսգրքի փոփոխության այն տարբերակը, որը դրված է իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում՝ e-draft–ում, տարբերվում է այն տարբերակից, որն այժմ կա, քանի որ այնտեղ արդեն ներառվել են հանրային քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունները և փոփոխությունները։

Տիգրանյանը կարևորում է հատկապես այն փոփոխությունը, որը սահմանվել է աշխատանքի վայրում սեռական ոտնձգության կամ բռնության ենթարկվելու մասով։

«Կան հետազոտություններ, որ աշխատավայրում երբեմն նման դեպքեր են լինում, սակայն սեռական ոտնձգությունը լավ չեն պատկերացնում կամ անլուրջ են դրան վերաբերվում։ Հիմա այդ մասով օրենսգրքում ավելացրել ենք սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնություն բառերը: Նախատեսում ենք նաև լրացուցիչ պաշտպանության կետ սեռական ոտնձգության ենթարկված անձանց համար»,- ասում է նա։

Թե վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ինչպիսի՞ պատկեր է ՀՀ-ում, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշում է՝ միայն իրենց կազմակերպությունն իրականացրել է 2019-2021 թթ-ին դատարաններ մուտքագրված շուրջ 500 դատական գործի ուսումնասիրություն՝ կապված աշխատանքային իրավունքների վերաբերյալ վեճերի հետ։

Ըստ նրա՝ դատարաններ թե՛ մասնավոր և թե՛ պետական կառույցների դեմ հիմնականում տարվում են հայցեր աշխատանքից անհիմն ազատման, կարգապահական տույժերի ենթարկվելու համատեքստում խախտումների, վերջնահաշվարկներ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և այլ հարցերի վերաբերյալ։

«Արձանագրվել են փաստացի աշխատանքային հարաբերությունների պարագայում այլ տեսակի պայմանագրերի կնքման խնդիրներ՝ խուսափելու աշխատողին աշխատանքային օրենսգրքով սահմանված երաշխիքները տրամադրելուց, կամ որոշակի ժամկետով պայմանագիր կնքելն այն դեպքում, երբ բացակայում են դրա հիմքերը և այլ հարցեր։ Իսկ ԱԱՏՄ քննած գործերը վերաբերում են հիմնականում վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատավարձի վճարման կանոնները չպահպանելուն, աշխատանքային պայմանագրի կնքման կարգը չպահպանելուն և այլն»,- մանրամասնում է նա։

Աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, կազմակերպությունը չի ուսումնասիրել, ընդգծում է Հակոբյանը, սակայն դատական պրակտիկայի շրջանակներում դիտարկվել է 5 գործ, որոնց ընթացքում բարձրացվել է համավարակով պայմանավորված սահմանափակումների արդյունքում աշխատողին աշխատանքից ազատելու խնդիրը։ Օրինակ՝ հաստիքների կրճատման, աշխատանքի չներկայանալու և այլ պատճառներով, որոնցից բավարարվել են ներկայացված հայցերը։

«Բացի վերը նշվածից՝ դատարաններն արձանագրել են, որ գործատուները թույլ են տալիս շատ խախտումներ հատկապես աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելիս և այդ հիմքով անձին աշխատանքից ազատելիս, օրինակ՝ չեն պահպանվում կարգապահական տույժի ենթարկելու կանոնները, կամ խախտումներ են թույլ տալիս հաստիքների կրճատման հիմքով աշխատողին աշխատանքից ազատելիս, օրինակ՝ չեն ապահովում ծանուցումները, այլ աշխատանք չեն առաջարկում, կամ կրճատումներն ունենում են ձևական բնույթ՝ անձից ձերբազատվելու համար»,- նշում է նա։

Աշխատանքային օրենսգրքում նախատեսված որոշ փոփոխությունները իրավաբանը բովանդակային առումով գնահատում է դրական, չնայած դրան, մի շարք դրույթների մասով համարում է, որ վերանայման կարիք կա:

«Օրինակ, ինչպես նշեցի, դատարանում շատ խնդիրներ են արձանագրվում կարգապահական տույժերի առումով, որոնք հաճախ կապված են օրենսդրության անկատարության հետ, կամ այլ, օրինակ՝ հստակեցված չեն գործատուի անհատական ակտերին ներկայացվող պահանջները և այլն։ Աշխատանքային օրենսգրքում պարբերաբար նախաձեռնվում են փոփոխություններ, որոնց նախագծերը դրվում են շրջանառության մեջ, քննարկվում են նաև քաղաքացիական հասարակության հետ, ինչը դրական եմ համարում»,- ասում է նա՝ հավելելով, որ, միևնույն է, խնդրահարույց է այն, որ հատկապես աշխատանքային ոլորտում քննարկվող նախագծերը մեծ մասամբ մնում են քննարկման կամ լրամշակման փուլում, աշխատանքային օրենսգրքում տեղ չեն գտնում, ինչի արդյունքում առկա խնդիրները չեն կարգավորվում, և պարբերաբար ավելանում են նորերը։

Աշխատանքային պարտականությունների և իրավունքների պահպանման մասով, ըստ Հակոբյանի, թե՛ աշխատողների, թե՛ գործատուների իրազեկվածության հետ կապված խնդիրներ կան։ Վերջինս նկատում է՝ աշխատող անձն իր իրավունքները փորձում է վերականգնել այն ժամանակ, երբ արդեն աշխատանքից ազատվում է։ Մյուս կողմից խնդիրների զգալի մասը ծագում է գործատուների՝ իրենց վերաբերելի օրենքների պահանջներին չտիրապետելու պատճառով։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս և ո՞ւմ դիմի աշխատող անձը, որպեսզի վստահ լինի՝ իր աշխատանքային խախտված իրավունքը կարող է վերականգնվել, զրուցակիցն ասում է.

«Աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության նպատակով կարող են դիմել դատարան, կարող են դիմել նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ և՛ թեժ գծին՝ միանալով /81-07/, և՛ էլեկտրոնային եղանակով՝ https://www.hlib.am/, եթե գործատուն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին է, կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին»:

Բացի այդ, մշակվել է էլեկտրոնային հարթակ, որի միջոցով անձինք կարող են իրենց աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն հայտ ներկայացնել և ստանալ անվճար խորհրդատվություն, ինչպես նաև՝ դատական պաշտպանություն՝ ըստ անհրաժեշտության, կայքի հղումը՝ https://azdarar.mdi.am/#/։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին՝ 2022 թվականի ընթացքում տեսչական մարմնում ստացված դիմում-բողոքների մեծ մասը վերաբերել են աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կատարվող՝ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մի մասին կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջում։

Առաջարկվող փոփոխությունների մի մասն էլ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ փոփոխություններից մեկի համաձայն՝ արձակուրդ գնալը դառնալու է պարտադիր։

Եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։ Օրենքի համաձայն՝ արձակուրդ գնալու համար անհրաժեշտ է աշխատողի դիմումը, որից հետո գործատուն տրամադրում է արձակուրդ:

«Բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատողը չի ներկայացնում դիմումը: Վերականգնվելու համար անհրաժեշտ ժամանակը չի օգտագործում, դա էլ ազդում է աշխատանքի արդյունավետության վրա: Մենք հիմա հնարավորություն ենք տալիս, որ եթե աշխատողը 2,5 տարվա ընթացքում չի ներկայացնում արձակուրդ գնալու դիմում, ապա գործատուն իր ցանկությամբ կորոշի, թե աշխատողը երբ գնա արձակուրդ»,- նշել է Սարգսյանը:

Միաժամանակ առաջարկվում է գործատուի՝ աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ:

Փոխնախարարի խոսքով՝ առաջին անգամ սահմանվում է նաև ուսումնական արձակուրդ, որով աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով՝ ուսումնական արձակուրդ ձևակերպել․ «Շատ դեպքերում գործատուները դեմ չեն, որ իրենց աշխատողները գնան սովորելու, վերապատրաստվելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու: Գործող օրենսդրությամբ նման դեպքում գործատուն հարկադրված է դադարեցնել աշխատանքային հարաբերությունները: Առաջարկվող փոփոխությամբ գործատուն, եթե ցանկանում է, ապա կարող է պահպանել աշխատողի աշխատատեղը»:

Աշխատող անձին հնարավորություն է տրվելու ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնել մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերել անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնել դրանք: Այդ ընթացքում աշխատողը չի վարձատրվում, պահպանվում է միայն նրա աշխատատեղը:

Տպել
2478 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան