Երևան
12 °C
Սերժ Սարգսյանն ակնհայտորեն գերդոզավորում է ստացել՝ ընդդիմության քարոզչական նարատիվներն անընդհատ լսել-կրկնելով, եւ առանձնակի հաճույքով է «թութակում» հատկապես այն թեզերը, որոնցում հղում կա իր սիրելի դասականի՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի խոսքին։
Օրերս կրկնելով նրա մտքի արգասիքներից մեկը՝ Սարգսյանն ազդարարել է՝ ՀՀ գլխավոր բանակցողը պետք է փոխվի, քանի որ Ալիեւը նրան հրապարակավ անվանել է «հարբած ծաղրածու» եւ «կեղտոտ լաթ»։
Ըստ Սերժ Սարգսյանի տրամաբանության՝ գլխավոր բանակցողը պետք է հեռանա ոչ թե այն պատճառով, որ, ուշադրություն, վատ, անարդյունավետ, ոչ պրոֆեսիոնալ բանակցող է, այլ․․․ քանի որ հակառակորդ կողմը՝ Ալիեւը, նրա հասցեին «փիս-փիս» բաներ է ասել։ Հետեւապես, ըստ սերժսարգսյանական տրամաբանության, նրա փոխարեն պետք է գա մի նոր՝ «սթափ ու մաքուր» բանակցող ու բանակցությունները, ինչպես ասում են, տեղը գցի։
Ինչն է ուշագրավ՝ Սերժ Սարգսյանը, խոսելով նոր բանակցողի մասին, կանխավ շեշտում է, որ ինքը չի հավակնում լինել այդ՝ ենթադրյալ բանակցողը՝ հավանաբար հաշվի առնելով այն պարամետրերը, որոնց պետք է բավարարի վերջինս՝ «սթափ եւ մաքուր»։ Համաձայն ենք՝ Սերժ Սարգսյան, բանակցող, սթափություն, մաքրություն հասկացությունները հակոտնյա են, եթե չասենք՝ օրգանապես անհամատեղելի։
Ի դեպ, քանի որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները սիրում են Ալիեւին ցիտել, մենք էլ վարվենք նրանց պես ու մեջբերենք Ադրբեջանի նախագահի մտքի արգասիքներից այս մեկը․ 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Բաքվում՝ Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողովում, Ալիեւը հայտարարել էր, թե ստերի թվով Սերժ Սարգսյանը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Որպես օրինակ՝ նա նշել էր, թե քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանը հետ է վերադարձրել ոչ թե 800 հեկտար տարածք, ինչպես Սերժ Սարգսյանն է պնդում, այլ՝ 2000 հեկտար:
Բացի այդ, Ալիեւի խոսքով, Ադրբեջանը դրա շնորհիվ վերահսկողություն է հաստատել վիթխարի տարածքների նկատմամբ: Ալիեւը մեկ այլ բացահայտում էլ էր արել՝ նշելով, թե Սերժ Սարգսյանը Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ ստել է՝ ասելով, որ Ադրբեջանն է խնդրել Ռուսաստանին միջնորդել ռազմական գործողությունների դադարեցման համար:
«Ադրբեջանը Ռուսաստանից ոչինչ չի խնդրել: Ադրբեջանը հակահարձակման ընթացքում հետ է գրավել իր տարածքները, իսկ Հայաստանը 2-3 օր փորձում էր հետ վերադարձնել այդ տարածքները: Այնուհետեւ Հայաստանը խնդրանքով դիմել է ՌԴ-ին։ ՌԴ գլխավոր շտաբը տեղեկացրեց, որ Հայաստանը խնդրում է դադարեցնել ռազմական գործողությունները»,-հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։
Եթե շարժվենք նույն՝ Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ, ապա ինքը՝ որպես գլխավոր բանակցող, հաշվի առնելով իր հասցեին Ալիեւի հնչեցրած կոմպլիմենտները՝ ստերի գծով Գինեսի ռեկորդակիր, վաղուց պետք է լքած լիներ «բանակցային առաջնագիծը»՝ հրաժարական տար եւ անցներ ընդհատակ, որքան հնարավոր է, խորը։ Բայց՝ ոչ, Սերժ Սարգսյանը Ալիեւի հիշյալ հայտարարությունն իր հերթին որակեց «ցինիկ որակումներով», «նախագահի հասցեին անձնական վիրավորանքներով լի» ելույթ, «ժամանակավոր ինչ-որ խնդիր» եւ «տղայություն», շարունակեց բանակցողի կարգավիճակում իր անվրդով ընթացքը մինչեւ 2018-ի հեղափոխություն։
Իսկ թե ինչպիսի բանակցող էր Սերժ Սարգսյանն ու ինչպիսի «հոյակապ» բանակցային ժառանգություն ավանդեց հաջորդ իշխանությանը, պարզ է դառնում 2018-ին ԱԺ-ում վարչապետ ընտրվելիս նրա արած հետեւյալ՝ թերեւս միակ ճշմարիտ հայտարարությունից․ «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած՝ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է»։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի՝ «բանակցողը պետք է փոխվի, քանի որ․․․» հայտարարությունը շարունակություն էլ ունի։ «Մենք, իրականության մեջ, ադրբեջանցիների հետ չենք բանակցել, մենք բանակցել ենք միջնորդների հետ, որովհետեւ ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք՝ իրանք ուզում են, որ ամբողջը իրենց լինի, հլը մի բան էլ ավել։ Իսկ միջնորդները ինչպե՞ս պետք է վերաբերվեն մարդուն, որ մեկ այստեղ ա թռչում, մեկ այնտեղ, մեկ՝ աջ, մեկ՝ ձախ, մեկ՝ Պրագա, մեկ՝ Մոսկվա։ Դա փոխլրացման քաղաքականություն չի, դա «եւ-եւ»-ի քաղաքականություն չի, դա ճնշման տակ, կախված ճնշման ազդեցությունից կարծիքի փոփոխություն ա։ Այնպես որ, ես մնում եմ իմ կարծիքին՝ բանակցողը պետք է փոխվի»,- խրոխտ հայտարարել է նա:
Վերջինիս այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ցուցմունք ընդդեմ միջնորդների, աշխարհաքաղաքական կենտրոնների։ Ինչ է ստացվում՝ եթե Սերժ Սարգսյանը ադրբեջանցիների հետ չի բանակցել, այլ, ինչպես ինքն է վկայում, միջնորդների, ԼՂ կոնֆլիկտն էլ մնացել է չլուծված եւ հանգեցրել 2016-ի ապրիլյան, ապաեւ՝ 44-օրյա պատերազմին, ուրեմն, ստացվում է, միջնորդներն են վիժեցրել բանակցությունները, այլ ոչ թե «ամեն ինչ մերն ա, հլը մի բան էլ ավելին» ասող Ալիեւը։
Արդ, եթե Սերժ Սարգսյանը այսքանն ասել է, ուրեմն մնացածն էլ պետք է ասի՝ բացահայտի ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից հանդես եկած եւ, փաստորեն, կոնֆլիկտի լուծմանը խոչընդոտած միջնորդներին։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը համաձայն էր տարածքների զիջմանը՝ «դուրս գալ ադրբեջանական 7 շրջաններից», Ադրբեջանը նույնպես համաձայն էր դրան, Կազանում ուր որ է՝ պետք է ստորագրվեր համապատասխան փաստաթուղթը, սակայն․․․ միջնորդները կարողացել են վերջին պահին ազդել Ալիեւի վրա, սա էլ ճնշման ազդեցության տակ փոխել է իր կարծիքը, եւ, ինչպես Սերժ Սարգսյանն էր հետագայում վկայում, գրպանից հանել է մի թուղթ, որի վրա գրված էր 10 նոր առաջարկ․․․ Հավանաբար միջնորդներն էին (Սերժ Սրագսյանից թաքուն), կուլիսներում թելադրել այդ նոր առաջարկները․․․
Անդրադառնանք Սերժ Սարգսյանի մտքի մյուս փայլատակմանը՝ «մեկ Պրագա, մեկ Մոսկվա» թռչելուն։ Եթե նման բան ասեր, ասենք, ՀՀԿ-ի հայտնի տատիկը, ըմբռնումով կմոտենայինք՝ կարծելով, թե գուցե տիկինը տեղյակ չէ, որ ուկրաինական պատերազմից հետո Արեւմուտք-ՌԴ դիմակայության համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ միջնորդական հարթակ, սառեցրել է իր գործունեությունը, կամ, ինչպես միջնորդ երկրներից մեկի ԱԳ նախարար Լավրովն էր հայտարարել՝ «մահացել է»։ Հետեւապես, ԼՂ խնդիրն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները ՀՀ-ն ստիպված է քննարկել տարերայնորեն ի հայտ եկած միջնորդական երեք հարթակներում՝ Բրյուսելում, Մոսկվայում, ԱՄՆ-ում եւ համապատասխանաբար թռչել համապատասխան ուղղություններով, քանի որ այդ երեք միջնորդները նախկինի պես միասնաբար հանդես չեն գալիս։
Եթե Սերժ Սարգսյանը լիներ «գլխավոր բանակցողը», նա, փաստորեն, չէր թռչելու «մեկ աջ, մեկ ձախ», նստելու էր Բաղրամյան 26-ի իր կաբինետում եւ, հայտնի ասացվածքի տրամաբանությամբ, «սարերն էին գալու Մուհամեդի մոտ»՝ ԼՂ խնդրի կարգավորման ու խաղաղության պայմանագրի մի-մի հոյակապ առաջարկ թեւների տակ դրած։
Մի քանի խոսք էլ «ե՛ւ-ե՛ւ»-ի, «փոխլրացման» քաղաքականության եւ «ճնշման տակ կարծիք փոխելու» մասին. Սերժ Սարգսյանի «ճնշումների չենթարկվող», «հավատարիմ տղամարդ» տեսակը բացահայտող ամենապերճախոս վկայությունը «մեկ գիշերվա մեջ» ԵՄ-ից ԵԱՏՄ ցատկելու նրա ոդիսականն է։ Վկայակոչենք մի քանի փաստ։ Դեռ 2011-ին, երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, Հայաստանը բազմիցս հայտարարել էր, որ չի կարող Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության իրավանախորդ) մաս կազմել:
2013-ի մարտի 18-ին Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով այն մտահոգություններին, թե ՌԴ-ն կարող է ՀՀ-ին պարտադրել մաս կազմել Մաքսային, հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը, ազդարարեց․ «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան: Չկա՛: Քանի անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար»:
Ամիսներ անց՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ նույն՝ «ճնշման չենթարկվող» Սերժ Սարգսյանն արդեն ԵԱՏՄ-ին միանալու փաստաթուղթ էր ստորագրում եւ ավետում․ «Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը եւ ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացին»:
Հետագայում Սերժ Սարգսյանը անուղղակիորեն խոստովանեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է «մեկ գիշերում»՝ Մոսկվայում, իսկ որոշ ժամանակ անց իրեն հատուկ ոճով հերքեց ՀՀ-ին ստիպողաբար ԵԱՏՄ քարշ տալու մասին պնդումները՝ դրանք անվանելով ««անհիմն եւ պարզապես ծիծաղելի»:
2013 թվականի սեպտեմբերի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոքը հայտարարեց, որ Մաքսային միությանը անդամակցելու մասին որոշումը Հայաստանի նախագահը կայացրել է Ռուսաստանի ճնշման ներքո:
«Մենք գիտենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի աննկարագրելի ճնշման ներքո Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա բարդ իրավիճակի պատճառով: Հայաստանի նման փոքր երկրին շանտաժի են ենթարկել նման որոշում կայացնելու համար»,- ասել էր գերմանացի խորհրդարանականը:
Առաջ անցնելով՝ նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ ԵՄ Ասոցացման համաձայնագրի կնքումը, այսպիսով, դարձավ անհնարին, քանի որ երկիրը չի կարող միաժամանակ գտնվել երկու մաքսային եւ առեւտրային գոտիներում:
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից
Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
Սպիտակ տունը վերսկսում Է Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ աշխատանքը
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. Սուրենյանն ասել է՝ երբ կդադարեն տեղումները
Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբուխչյանը պարզաբանել է՝ ինչ կապ ունի հրդեհված «Լեքսուս»-ների հետ
Երևանում գովազդի նոր չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր վահանակները հանվելու են, արտոնյալներ չկան. Խաչատրյան
Գեղամ Նազարյանը «շակալների» մեջ է, պետք է դուրս գա «Հայաստան» դաշինքից, դառնա անկախ պատգամավոր. Մկրտչյան
Ինչո՞ւ է ԵԱՏՄ նիստը նախագահող Հայաստանի խնդրանքով այն անցկացվելու ՌԴ-ում. ԱԳՆ-ն պարզաբանել է
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են
Ցավում ենք «հեռադիտակ-շոուի» համար. Ադրբեջանը սպառնացել է հայ-ադրբեջանական սահման այցելած Լեհաստանի նախագահին
Եթե սահմանազատում ենք մեր սահմանը, դիտորդ դուրս կգա, տուրիստ, թե ով, ոչ մեկի գործը չէ. Մեհրաբյան (տեսանյութ)
Կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել ծառին. պարզվում են Գյումրիում երթուղային «Գազել»-ի վթարի հանգամանքները
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը
ՊՆ-ն հերքել է Ջերմուկի մոտակա դիրքերից նահանջելու վերաբերյալ տարածվող լուրերը
Ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել Լեհաստանի նախագահին և տիկնոջը (լուսանկարներ)
Հույս ունենք, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցության, մեր դռները բաց են. Զախարովա
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. «Մեղրու սար» հատվածում մառախուղ է
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես բենց»-ը բռնկվել է. կա տուժած
Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր նշանակումներ ԶՈՒ-ում. նախագահը հրամանագրեր է ստորագրել
Վլադիմիր Պուտինը պետական այցով Ղազախստանում է
Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում
Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վասիլիս Մարագոսի հետ
Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, որոշ հատվածներում առկա է մերկասառույց
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Պաշտոնանկություն ֆինանսների նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել
Արմեն Ղազարյանը նոր պաշտոն ունի
Wildberries-ում Իդրամ կա
Մինչեւ 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. օրինախախտները կտուգանվեն (տեսանյութ)
Արգելափակումից 63 մեքենա է դուրս բերվել, օգնություն է ցուցաբերվել 100-ից ավել քաղաքացու
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի հաստատումը. ԱԳՆ
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դիտորդների հետ (տեսանյութ)
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 27-ին
17-ամյա տղայի սպանությունից հետո փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը. կա 4 կալանավորած, 1 հետախուզվող
Լեհաստանում Պուտինի մասին ֆիլմ է նկարահանվել. կիրառվել է «դիպֆեյք» տեխնիկա (տեսանյութ)
Վրաստանի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մանդատներից
Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա մնացել է խցանման մեջ՝ չկարողանալով տեղաշարժվել
ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT