Գերեզմանների վրա միայն թվեր են գրված, միլիոնավոր մարդկանց ինքնությունն անհայտ է. Էրդողանը կօգտվի դրանից. թուրքագետ

«Դեռևս շատ վաղ է օբյեկտիվ այնպիսի կանխատեսում անել, որը մոտ կլինի իրականությանը»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայում մայիսի 14-ին սպասվելիք նախագահական ընտրություններին:

«Թուրքիայում իրավիճակը բավական տուրբուլենտ է, շատ անհասկանալի երևույթներ կան, և, մյուս կողմից, այն հարցումների արդյունքները, որ հրապարակվում են, քաղաքականապես շատ երանգավորված են: Ընդդիմության արդյունքներն ակնհայտ նրանց ազդեցության տակ գտնվող կենտրոնների հարցումների ցուցանիշներն են, իսկ իշխանությունների հրապարակած արդյունքները՝ իշխանամետ կենտրոններինը, և տարբերությունը շատ մեծ է»,- նշում է Սաֆրաստյանը:

Վերջինս ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Թուրքիայում հզոր երկրաշարժից 11 մարզ է տուժել, տեղի բնակչության զգալի մասը թողել է այդ բնակավայրերը, տեղափոխվել այլ շրջաններ: Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ խոսքը միլիոնավոր մարդկանց մասին է, որոնք չեն կարողանալու մասնակցել ընտրություններին. «Բացի դրանից՝ Թուրքիայում չկա ըստ բնակության վայրի հաշվառման համակարգ, և դրա համար շատ ընտանիքներ ուղղակի վերացել են. սոցցանցերում նոր ստեղծված գերեզմանների լուսանկարներ են հրապարակվում, դրանց վրա միայն համարներ են նշված, մարդկանց անուններն ու ինքնությունն անհայտ են մնում: Մեծ խառնաշփոթ է ստեղծվել»:

Թուրքագետի խոսքով՝ արևմտյան վերլուծաբանների շրջանում այժմ ընթանում են այն քննարկումները, թե այս իրավիճակից ինչպե՞ս կարող է օգտվել իշխանությունը. ընտրակեղծիքների վտանգը մեծանում է:

«Պարզապես մի օրինակ բերեմ. վերջերս պարզվեց, որ երկրաշարժից հետո ստացված օգնությունը և դրանց բաժանումն ըստ տարբեր շրջանների իրականացվել է հիմնականում թուրքական հետախուզական ծառայության և դրա ղեկավար Հաքան Ֆիդանի անմիջական ղեկավարությամբ: Այսինքն՝ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ներգրավված է ներքին խնդիրներում, և հիմա հարց է առաջանում՝ արդյոք այն չի՞ ներգրավվի նաև նախընտրական և ընտրական գործընթացներում: Ֆիդանն Էրդողանի նեղ շրջանակից է, և չի բացառվում, որ նա կարող է ստանալ նմանատիպ հրաման Էրդողանից, քանի որ սոցիալական ցանցերից արդեն ակնհայտ է դառնում, որ անգամ այդ օգնության բաշխումը կատարվել է ոչ համաչափ և անարդարացի: Օգնության այդ հոսքերը, որ գնացել են Թուրքիա, փորձել են Ֆիդանի ղեկավարությամբ ուղղել այնպիսի տեղանքներ, բնակավայրեր, որոնք գտնվում են իշխող ուժի կառավարման ներքո, այսինքն՝ ՏԻՄ մարմինները նրանց ներկայացուցիչներն են»,- նկատում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիայում լայնածավալ ընտրակեղծիքներ վերջին անգամ եղել են 1950 թվականի ընտրությունների ժամանակ, հիշեցնում է թուրքագետը. «Հիմա Էրդողանը կենաց-մահու պայքար է մղում իր՝ որպես ղեկավարի՝ վերընտրվելու համար, դրա համար չի կարելի բացառել ընտրակեղծիքները»:

Սաֆրաստյանն առանձնացնում է մի կարևոր հանգամանք ևս. Էրդողանն ունի հստակ ընտրազանգված, որը կազմում է ընտրողների մոտավորապես 25-30 տոկոսը, և այդ մարդիկ Էրդողանին ձայն կտան բոլոր դեպքերում. «Աշխարհն էլ քանդվի, Թուրքիան էլ քանդվի՝ նրանք իրենց ձայնն Էրդողանին կտան: Դա այն խավի ներկայացուցիչներն են, որոնց կրթական ցենզը ցածր է, իսլամամետ են, հիմնականում բնակվում են գյուղական շրջաններում կամ խոշոր քաղաքների արվարձաններում: Գուցե հենց այդ ընտրազանգվածի շնորհիվ էլ կարողանա հաղթել»:

Թուրքագետը նաև նկատում է՝ պատահական չէ, որ Էրդողանը որոշեց ընտրություններն անցկացնել մայիսի 14-ին:

«Տրամաբանորեն պետք է ավելի ուշ անցկացվեր, որպեսզի կարգավորված լիներ իրավիճակը, բայց նա չգնաց այդ քայլին: Ինչո՞ւ: Քանի դեռ բնակչությունը շոկի մեջ է՝ կապված երկրաշարժի հետ, և քանի դեռ լայնածավալ վերականգնողական աշխատանքները չեն սկսվել, որի ընթացքում կերևան ներկայիս իշխանության բացերը, որոշեց հիմա անցկացնել և օգտվել պահից»,- ասում է նա:

Թուրքիայի բնակչության գրեթե մեկ հինգերորդ մասը կազմող քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրի, որը, թուրքագետ Սաֆրաստյանի խոսքով, կարևոր խաղաքարտ է, ինչը կարողացել է ձեռք բերել իշխող կուսակցությունը և մեծ առավելություն ընդդիմության համար, քանի որ այդ կուսակցությունը 10-15 տոկոս ձայն ունի Թուրքիայում. «Դա մեծ ռեսուրս է, և նրանց համագործակցությունը մեծապես ավելացնում է ընդդիմության շանսերը: Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը և ընդդիմության վեց կուսակցությունները չեն հայտարարում կոալիցիայի և համագործակցության մասին և ոչ ուղղակի են փորձում համագործակցել»:

Ըստ Սաֆրաստյանի՝ Էրդողանը, հասկանալով, որ այդ կուսակցության հետ համագործակցումը կարող է ընդդիմության շանսերը բարձրացնել, փորձում է իր «խաղը խաղալ» քրդերի հետ: «Նա համագործակցում է մի այլ իսլամամետ, քրդամետ կուսակցության հետ, իհարկե, շատ ավելի փոքր: Ցանկանում է քրդերի մի փոքր հատվածին տանել իր հետևից: Այնպես որ, Թուրքիայում քաղաքական պայքար է քրդական գործոնի հետ կապված»,- կարծում է նա:

Թուրքագետի խոսքով՝ այս ընտրություններն առանձնահատուկ են նաև նրանով, քանի որ ունեն մեծ աշխարհաքաղաքական նշանակություն. «Այո՛, Արևմուտքը մեծապես դժգոհ է Էրդողանից և իր հիմնական թեկնածուին համարում է ընդդիմությանը, այնպես որ սա էլ ամենայն հավանականությամբ իր դերը կխաղա»:

Զրուցակցի դիտարկմամբ՝ եթե Էրդողանը հաղթի, նրա վրա ճնշումն Արևմուտքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, ուժեղանալու է, քանի որ, թուրքագետի ընկալմամբ, մեծ ներդրումներ են պետք Թուրքիայում երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար, որն արդեն պաշտոնապես 100 միլիարդից ավելի է գնահատվում, իսկ իրականում ավելի մեծ է:

Նա հիշատակում է Լիսաբոնում՝ գիտաժողովի ժամանակ որոշ մասնակիցների տեսակետները, թե «Էրդողանն իրեն շատ վատ է պահել, և եթե անգամ հաղթի ընտրություններում, պետք է որոշակի գին վճարի դրա համար»: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ թուրքագետը կարծում է, որ ճնշման հետևանքով որոշակիորեն ավելի մեղմ կլինի Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով, քանի որ ԱՄՆ-ն կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Եթե ընդդիմությունը գա իշխանության, նա էլ որոշակի առումով մեղմ կլինի, ավելի ճկուն»:

Զրուցակիցը, սակայն, ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված Թուրքիայի դիրքորոշումը մշակվել է 30 տարի առաջ, և դա ընդհանուր թուրքական վերնախավի մոտեցումն է:

«Դրա էությունը հետևյալն է, որ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանն ավելի շատ է շահագրգռված, քան Թուրքիան, և դրա համար Հայաստանը պետք է «գին վճարի»: Այս մոտեցումը կիսում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Իսկ գինն այն նախապայմաններն են, որ Թուրքիան դրել է 25 տարի շարունակ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով: Դա հրաժարումն է ցեղասպանության ճանաչման գործողություններից, միակողմանի զիջումներն Արցախի հիմնահարցում, Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ճանաչումը, որին ավելացավ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը»,- մանրամասնում է Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիան այս ամենը ոչ թե միանգամից է պահանջում, այլ փուլ առ փուլ. «Կարծում եմ՝ ներկա փուլում Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միակողմանի պահանջների հիման վրա»:

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Հայաստանը վճարելու այդ գինը, թուրքագետն ասում է՝ մինչև հիմա չի վճարել, և կարծում է՝ չի էլ վճարի:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47583 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ