Երևան
22 °C
Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում, հատկապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման, արդեն յոթ ամսից ավելի ձգվող բլոկադայի հետեւանքով առկա է կառավարման ճգնաժամ, ինչին ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում որոշ պաշտոնանկությունների, հայտարարությունների տեսքով։ Այդ ճգնաժամի ամենաաղմկահարույց դրսեւորումներից էին մասնավորապես ԼՂ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունները։
Այսօր էլ հայտնի դարձավ, որ ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն է հրաժարական տվել, ինչի մասին խոսվում էր վերջին մի քանի օրերին։
«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին։ Մինչեւ վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին»,- մասնավորապես ասված է արդեն նախկին խոսնակի ուղերձում։
Նշենք, որ երեկ ԼՂ ԱԺ-ն ԼՂ նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նստաշրջան։ Քննարկած հարցերի օրակարգում էր նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունների իրականացումը, որոնք, ինչպես նշված է ԼՂ ԱԺ պաշտոնական կայքում, «պայմանավորված են Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրման հետ»:
Գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել էր դրական եզրակացություն, 21 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվել է որպես օրենք: Մասնավորապես, ըստ փոփոխության, ԱԺ նախագահ կարող է ընտրվել ԱԺ արտահերթ նիստում. գործող կանոնակարգի դեպքում Ազգային ժողովի նախագահի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում:
Հավելենք նաեւ, որ, ըստ կանոնակարգի, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում վերջինիս լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: ԱԺ նախագահն ունի մեկ տեղակալ, որը «Միասնական Հայրենիք» խմբակցությունը ներկայացնող Գագիկ Բաղունցն է: Գործող կանոնակարգը սահմանում է՝ ԱԺ նախագահի ընտրությունն անցկացվում է նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում, 10-օրյա ժամկետում։ ԱԺ պատգամավորների կազմից՝ ԱԺ նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:
Նշենք, որ մամուլում եւ ԼՂ ԱԺ կուլիսներում, որպես խորհրդարանի նոր հավանական ղեկավար, քննարկվում է ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Վերջինս, հիշեցնենք, 2020 թ․կայացած ԼՂ նախագահի ընտրություններում հավակնում էր նախագահի պաշտոնին եւ մեկն էր 14 թեկնածուներից։ Այդ ժամանակ պատգամավորի կարգավիճակ ունեցող Իշխանյանը, նկատենք, ԿԸՀ ներկայացրած իր գույքի եւ եկամուտների հայտարարագրում պատկառելի ունեցվածք էր հայտարարագրել։
Մասնավորապես՝ 152 քառակուսի մետր տարածքով սեփական տուն եւ 1200 քառակուսի մետր հողամաս Մարտունու Աշան գյուղում, 172 քառակուսի մետր տարածքով բնակարան, կես հեկտար հող, 33 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ Ստեփանակերտում, համատեղ սեփականությամբ 3,5 հեկտար հող Աշան գյուղում եւ 1,8 հեկտար սեփական հողամաս Ստեփանակերտում, 180 քառակուսի մետր տարածքով անասնաֆերմա Աշանում, 2000թ․արտադրության Honda-CRV ավտոմեքենա, 1992թ․արտադրության Нива-ВА32121 ավտոմեքենա: Ունի 5 միլիոն դրամ եւ 8000 դոլար խնայողություն:
Ի՞նչն էր Թովմասյանի հրաժարականի պատճառը
Համաձայնեք՝ շրջափակման հետեւանքով ի հայտ եկած գերլարված իրավիճակում նման պատասխանատու՝ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալը պետք է որ ունենա ծանրակշիռ պատճառներ։ Թովմասյանի հրաժարականի պատճառները, ըստ շրջանառվող տեղեկությունների, մի քանիսն են՝ սկսած առողջական վիճակից (նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ) մինչեւ ԱԺ-ն կառավարելու անկարողություն, լեզվական կոպիտ սայթաքումներ (նախորդ շաբաթ Թովմասյանն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, թե «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք կողքի») ընդհուպ նաեւ այն, որ իշխող ուժի ներկայացուցիչը մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցության փաստացի ղեկավար, ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ազդեցության տակ է եւ իր գործողությունները համաձայնեցնում է վերջինիս հետ։ «Ազատ Հայրենիք»-ն ու «Միասնական Հայրենիքը», հիշեցնենք, դաշինք էին կազմել, իսկ 44-օրյա պատերազմի ավարտից հետո դաշինքի միջեւ կնքված համագործակցության հուշագրի գործողությունը դադարեցվեց։
Նշենք, որ հրաժարական տված Թովմասյանը ամիսներ առաջ ինքն էր պահանջում հրաժարական՝ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի։ ԱԺ հերթական նիստի ժամանակ (մայիսի 18-ին) Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր․
«Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Դուք գիտեք, նաեւ վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ, որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են: Պարո՛ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետեւյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն: Ինչո՞ւ, հարցեր մի տվեք: Պարո՛ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որեւէ անձի ցավ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց, ես էլ եմ հեռանալու»:
Հարությունյանը, ինչպես հայտնի է, իր վստահության հարցը չշտապեց դնել հանրաքվեի, իսկ Պաշտպանության պետական կոմիտեի փոխարեն ձեւավորվեց նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդ։ Կոմիտեի ստեղծման գաղափարի մասին, սակայն, իրենց կարծիքը արտահայտեցին Սամվել Բաբայանը եւ Ռուբեն Վարդանյանը։
Առաջինը, որը հանրահավաք էր հրավիրել ու առաջարկում էր իրեն պետնախարար նշանակել, ասաց՝ սկզբունքորեն դեմ չէ Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու եւ այդ մարմնում իրեն ընդգրկելու գաղափարին, իսկ երկրորդն այսպես արձագանքեց․ «Մենք հիմա մեր Սահմանադրությունից ոչ մի քայլ չենք կարող շեղվել։ Եթե մեզ թույլ տանք կասկածի տակ առնել, թե ում իշխանությունն է լեգիտիմ, իսկ ումը՝ ոչ, ապա հենց վաղը թշնամին օգուտ կքաղի դրանից։ Ուստի կոչ եմ անում բոլորին՝ պետության ղեկավարին, խորհրդարանի ղեկավարին, կուսակցությունների ու քաղաքական ուժերի առաջնորդներին եւ անգամ ինքս ինձ չտրվել զգացմունքներին եւ չփնտրել որեւէ անսպասելի լուծումներ իրավական դաշտից դուրս։ Իշխանությունն Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել»։
Խոսակցություններ կային, որ Կոմիտեի ստեղծման գաղափարը, որը, փաստորեն, վիժեցվեց, Թովմասյանի շուրթերով բարձրաձայնել էր հենց ինքը՝ Ս․ Բաբայանը։ Նշենք նաեւ, որ շրջափակումից մեկ ամիս անց՝ ս․թ․ հունվարին, այն ընթացքում, երբ Ռուբեն Վարդանյանը պետնախարար էր, Թովմասյանը ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան՝ չէր բացառել ԼՂ-ում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն ու նշել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Նրա այս հայտարարությունը նույնպես բուռն արձագանքի արժանացավ մասնավորապես հենց պետնախարարի կողմից, որը անընդունելի էր համարել ԼՂ-ում առկա իրավիճակում իշխանության փոփոխությունը։
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել եւս՝ ստեղծված իրավիճակում։ Միեւնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետեւաբար՝ նաեւ խորհրդարանի հնարավոր հրաժարականը»,- գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում՝ շեշտելով. «Այս իրավիճակում ադրբեջանական օրակարգը սպասարկելու եւ հանձնվելու իրավունք չկա»:
Ինչպես գիտենք, այս հայտարարությունից շաբաթներ անց Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից։
Արթուր Թովմասյանի սկանդալային հարցազրույցը
Արթուր Թովմասյանը, նշենք, 44-օրյա պատերազմից հետո սկանդալային հարցազրույց էր տվել կայքերից մեկին եւ ի պատասխան հարցի՝ «Եթե չստորագրվեր եռակողմ հայտարարությունը, ի՞նչ կարող էր լինել», Թովմասյանը ասել էր․ «Մեր տվյալներով՝ շուրջ 6 հազար թուրք պետք է մտներ Ստեփանակերտ, այնուհետեւ՝ Ասկերան ու Մարտունի։ Ամբողջ տարածքը շրջափակման մեջ կընկներ։ Սա արդեն կլիներ ցեղասպանություն»։
ԱՀ ԱԺ նախագահը նաեւ մի չափազանց ուշագրավ դիպված էր հիշել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից։
«Բոլոր ժամանակներում բանակցային սեղանին դրված փաստաթղթերը՝ Քի Վեսթ, «Փարիզյան սկզբունքներ», «Մադրիդյան սկզբունքներ», Կազանը, «Լավրովի պլանը», չեն արտահայտել ոչ միայն Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլ նաեւ համայն հայության։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ միասին հանդիպել էր մոտ 22 պատգամավորների հետ։ Այդտեղ մենք ասացինք, որ «Մադրիդյան սկզբունքները» չեն արտահայտում մեր ժողովրդի արմատական շահերը, եւ այսօր Արցախում եւ Հայաստանում չկա մի քաղաքացի, որ հաշտվի այդ շրջանների վերադարձի հետ։ Բայց բանակցային գործընթացի՝ տվյալ պահին ամբողջ ծանրությունը հասկանալու համար գոնե մեկ օր պետք է մասնակցած լինես այդ բանակցություններին։
Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում խառնաշփոթ էր։ Թուրքերն արդեն Շուշի քաղաքում էին։ Այդ խուճապային պայմաններում մեր խմբակցությունների նախագահները տեղեկացրին, որ շատ պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կառավարության անդամներ ուզում են հեռանալ քաղաքից: Ես նրանց ասացի, որ պետք է քննարկեմ նախագահի հետ։ Երբ խոսեցի նախագահ Ա. Հարությունյանի հետ, նա ասաց, որ ինքը չի հեռանալու Ստեփանակերտից։ Ես ասացի, որ մայրաքաղաքը կլքեմ միայն իրենից հետո, եւ, ի պատիվ մեր խմբակցությունների ղեկավարների, քաղաքում մնացած պատգամավորների, նրանք էլ ասացին, որ իրենք նույնպես չեն հեռանա քաղաքից։ Դա նոյեմբերի 9-ին էր, երբ Ստեփանակերտում քիչ մարդ էր մնացել։ Այդ օրը ես հիշեցի մի քանի տարի առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասած խոսքը՝ դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք «Մադրիդյան սկզբունքներից», ապա ցանկություն ունեք լսելու «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» ե՞րգը։ Շատ կոշտ ասաց»,- հիշյալ աղմկահարույց հարցազրույցում պատմել էր Թովմասյանը։
Նա, ի դեպ, մշտապես կողմ է արտահայտվել ՀՀ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչմանը։ 2018-ին՝ հեղափոխությունից որոշ ժամանակ անց, իր հարցազրույցներից մեկում նա նշել էր, թե «Ադրբեջանին իսկական տեղը ցույց տալու համար ՀՀ ԱԺ-ն Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ պետք է ընդգրկի լիագումար նիստի օրակարգում եւ ընդունի այն պահին, երբ Ադրբեջանը նորից պատերազմ սկսի»։
Իսկ արդեն 2020 թ․սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցում Թովմասյանը արդեն վերահաստատեց իր միտքը․ «Եթե պատերազմը երկարեց, ապա Արցախի Հանրապետության ԱԺ-ն գտնում է, որ ՀՀ ԱԺ-ում պետք է քննարկվի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։ Ի՞նչ է տալու դա մեզ։ Եթե ԱԺ-ում դա քննարկվի, դա զսպաշապիկ կլինի Ադրբեջանի Հանրապետությանը, որ պատերազմը շարունակելու դեպքում ընդամենը մնում է քվեարկել»։
Նա նաեւ հիշեցրել էր, որ 23 տարի առաջվա պայմանավորվածությունը, ըստ որի՝ պատերազմի դեպքում ՀՀ ԱԺ-ն ճանաչելու է ԼՂ անկախությունը։ «Միայն մի բան ունեմ ասելու, որ ՀՀ ԱԺ-ն Արցախի անկախության ճանաչումը բաց է թողել մի քանի անգամ»,- ընդգծել էր Թովմասյանը։ Այս վերջին միտքը, ի դեպ, նա մի քանի անգամ կրկնել է նաեւ պատերազմից հետո՝ իր ունեցած ելույթներում։
Հեղինե Մանուկյան
Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև. Արման Եղոյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին
Անհրաժեշտ է հրատապ կերպով Լեռնային Ղարաբաղում ապահովել միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը. Ժոզեպ Բորել
ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերի բուժօգնությունը, այդ թվում՝ հիվանդանոցային, կիրականացվի անվճար. ինչպես դիմել
Մեր նպատակն է բոլոր վիրավորներին ուղղաթիռներով ԼՂ-ից ՀՀ տեղափոխել․ Ավանեսյան
Այս պահին 23 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստանում. Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ԼՂ-ի պայթյունից տուժածներին
Հակարիի կամուրջի հերթի մեջ երեխա է ծնվել. արցախցի երգիչ Լյոկա
Երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս, չենք գտնում. Մանե Գրիգորյանը լուսանկար է հրապարակել
ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան
ԼՂ-ի պայթյունից տուժածներին օգնելու համար Հայաստան կժամանի բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ Սթիվ Ջեֆերին
ՀՀ ՄԻՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Կոռնիձորի Հումանիտար կայանում ծանոթացել են ընթացող աշխատանքին
Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով. Տիգրան Խաչատրյան
Ազատում Կադաստրի կոմիտեում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ
Մոբիլիզացվում են մարզերի հյուրանոցներն ու հյուրատները, հումանիտար կենտրոնն աշխատում է 24/7 ռեժիմով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովը 5 միլիոն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց աճող կարիքների բավարարման համար
Ժեստերի լեզվով հաղորդակցվող բռնի տեղահանվածները Գորիսի թատրոնում ստանում են անհրաժեշտ ծառայություններ. նախարարություն
Երբ կկայանա Լատվիա-Հայաստան հանդիպումը, և ինչպես ձեռք բերել խաղի տոմսերը. մանրամասնել է ՀՖՖ-ն
ԵՊՀ-ն հետևողական է բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերի բացահայտման հարցում
Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել
Էրդողանը մանրամասնել է, թե ինչ է ասել վերջին հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին
Հավաքի մասնակիցը նստել է անցնելու փորձ կատարած մեքենայի վրա, ոտքերով և ձեռքերով հարվածել փողոցը բացող տարեց կնոջը. ՔԿ
Եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն անցնելու է Իրանի տարածքով. Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար. Սամանթա Փաուեր
Պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը. Անդրեասյան
Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում. ԼՂ առողջապահության նախարարությունը՝ պայթյունից տուժածներին ՀՀ տեղափոխելու մասին
Ընդդիմությունը սկսեց հետաձգել հանրահավաքները. այսօր այն չի կայանա
Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել
Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների տվյալների ճշտման համար գործում է հեռախոսահամար
Մի մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. Հակոբ Արշակյանը զգուշացնում է
Սամանթա Փաուերը կայցելի Ադրբեջան
ՌԴ-ն միանշանակ գնում է, ինչ գին ենք վճարում դրա դիմաց, ցավալի է, բայց մեր երազանքը մոտ է իրականությանը. Միսկարյան
ԼՂ-ից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
Ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից և վերադառնալ, պետք է տրամադրվի անվտանգ անցում. Միլլեր
Ադրբեջանը հրապարակել է ԼՂ ՊԲ-ից առգրավված զինամթերքի ցանկը
Ռուսաստանի դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին չբորբոքել հակառուսական տրամադրություններ Հայաստանում
ՀՀ տեղափոխվել ցանկացող ԼՂ քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում
ԼՂ-ում պայթյունից տուժած 7 քաղաքացի Երևանում է. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնել նրանց վիճակի մասին
Ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 66 մասնակից. ՆԳՆ
Ադրբեջանական բանակն ունի գրեթե 200 զոհ. Meydan TV
Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ
© 2023 Հայկական ժամանակ