Երևան
12 °C
Գյումրու ներքաղաքական խառնաշփոթը այժմ նաև փոթորկված է: Անորոշության ալիքներն ինքնահոսի մատնված քաղաքն ու մարդկանց մինչ այս տանում էին մեկ իրենց ուզած, մեկ էլ՝ քամու փչած ուղղությամբ, դեկտեմբերի 6-ից արդեն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմերիզի:
Այս տերմինի գաղափարը ընկալած ու սխեման վերջապես իրենց համար պարզեցրած քաղաքապետացուներն անցել են գործի, կարգախոսներ հորինել, քաղաքացիներին ներկայանալու իրենց տարբերակները մշակել:
Տուն՝ քաղաք Գյումրի. Դավիթ Առուշանյան

Այս կարգախոսը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանին մշտապես է ուղեկցում:
Առուշանյանը հավատում է, որ համատեղ հնարավոր է հասնել մեծ արդյունքների՝ օգտագործելով Գյումրու ներուժը, տաղանդավոր մարդկանց աշխատանքն ու պատմական ժառանգությունը։
Ինչպիսի՞ քարոզարշավ է նախատեսում նա:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ այս նախնական ընտրությունները պետք չէ շփոթել քաղաքապետի հիմնական ընտրությունների հետ. բուկլետներ, պաստառներ չի ունենա:
«Ակտիվ հանդիպումներ եմ ունենալու քաղաքացիների հետ, զրուցելու եմ։ Քարոզարշավի պաստառներ չեն լինի, սոցցանցերում եմ ակտիվ լինելու։ Դեկտեմբերի 6-ին կզբաղվեմ դրանով, իսկ արդեն դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի օրն է, ու, բնականաբար, չեմ անի քարոզարշավ»,- ասում է Առուշանյանը:
Քաղաքի նախկին փոխքաղաքապետը Գյումրիում տեսանելի աշխատանք ունի մատնանշելու, նկատում է՝ մշտապես եղել, ներկա պահին էլ բազմաթիվ խնդիրներ են ծառացած քաղաքի առաջ, որոնք պետք է լուծել:
Ինչո՞ւ պետք է գյումրեցին ընտրի Դավիթ Առուշանյանին
«Հուսով եմ՝ գյումրեցին ինձ սիրում է, ընդունում, նաև տեսել է իմ աշխատանքը, որն արել եմ որպես Գյումրու փոխքաղաքապետ, նաև այն աշխատանքը, որն արդեն 2 տարի կատարում եմ ԱԺ-ում՝ ի շահ Գյումրու և Հայաստանի Հանրապետության: Գյումրեցին է որոշելու՝ ում տա իր ձայնը: Ես շնորհակալ կլինեմ և՛ ինձ ձայն տվողներին, և՛ չտվողներին: Կուզենամ, որ բոլորը, ում դուռը պատահականության սկզբունքով թակեցին, մասնակցեն ընտրություններին»,- նշում է Առուշանյանը:
Գուզեմ օր միշտ խնդաս իմ սրտի քաղաք. Կարեն Սարուխանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կարգախոսն է: Պատգամավորը քարոզարշավը սկսել է սոցցանցում, նաև ուղիղ հանդիպումների, բակային այցերի կողմնակից է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ հընթացս կներկայացնի իր ծրագրերը, իր կողքին կանգնած մարդկանց անելիքները, հնարավորություններն ու նպատակները:
Ինչո՞ւ պետք է գյումրեցին ընտրի Կարեն Սարուխանյանին
«Ես փորձառու քաղաքական գործիչ եմ, կառավարման և կառավարչական փորձ ունեմ, ծնվել, ապրել եմ Գյումրիում, անգամ ԱԻՆ փոխնախարար եղած ժամանակ չեմ հեռացել Գյումրուց: Իմ քաղաքի հետ կապը միշտ պահել եմ ու առկա խնդիրներին խորապես տեղյակ եմ»,- վստահեցնում է պատգամավորը:
Սարուխանյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է և անձնական ամուր կապեր ունի, որոնք կարող է ծառայեցնել Գյումրու օգտին. «Ես գործ անող քաղաքապետ կլինեմ. ոչ թե ճառ ասող, այլ՝ զանգ կախող»:
ԳՅՈՒՄՐԻՆ անտեր չէ. Սարիկ Մինասյան

ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը հույս ունի, որ իր ունեցած աշխատանքային փորձը, կառավարման գիտելիքները և մարդկային որակները կօգնեն իրեն դառնալ հավասարապես բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը։
Իսկ ինչպե՞ս այս պահին անկուսակցական Մինասյանը դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաստատած՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու. «Հիմնականում մոտիվացիոն նամակս եմ ներկայացրել, 1-2 օրում զարգացման ծրագիր հնարավոր չէր ունենալ։ Եթե Կառավարությունը որդեգրել է օրենքի գերակայություն, զրո հանդուրժողականություն կոռուպցիային, արդարություն, էդ բոլոր գաղափարախոսությունները կիսում եմ, համախոհ եմ, մնացածն էլ Աստված ցույց կտա»:
Խոսակցություններ կան, որ Մինասյանի առաջադրմամբ մեծապես շահագրգիռ է ԱԺ նախկին պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը: Մինասյանն ասում է՝ ով իրեն ճանաչում է՝ շահագրգիռ է:
«Ցանկացած մարդ, ով Գյումրու հետ կապ ունի, ինձ ճանաչում է, այս հարցում իմ կողմնակիցն է: Առանձնացնելն իմաստ չունի: Արման Սահակյանն իմ ընկերն է: Կարող է վաղն էլ մյուս ընկերոջս անունը շրջանառվի»,- նկատում է Մինասյանը:
Ինչպիսի՞ քարոզարշավ է նախատեսում Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենը:
«Քանի որ ժամանակը քիչ է, ֆիզիկապես հնարավոր չէ բոլոր թաղերում լինել, դրա համար որոշել ենք սոցցանցերի, մեդիայի միջոցով դա կազմակերպել, որպեսզի ոչ մեկին չնեղացնենք: Կլինեն հարցազրույցներ, եթե հասցրինք՝ վիդեոռոլիկներ»,- նշում է նա:
Ինչո՞ւ պետք է գյումրեցին ընտրի Սարիկ Մինասյանին
«Գյումրեցիները կգնահատեն իմ աշխատանքային փորձն ու անցած ճանապարհը, որովհետև և՛ Գյումրու համայնքապետարանում, և՛ ՄՍԾ-ում իմ պարտականությունները կատարել եմ պատշաճ, քաղաքացիների հետ միշտ շփում եղել է, բոլորը գոհ են եղել իմ աշխատանքից»,- վստահեցնում է նա:
Արմատներով՝ հզոր, նոր շնչով՝ վստահ. Վահագն Մկրտչյան

Բնիկ գյումրեցի, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը լայնամասշտաբ քարոզարշավ, բակային այցեր չի նախատեսում ժամանակի սղության պատճառով:
«Քանի որ ժամանակը շատ կարճ է, ու չենք հասցնի սովորական քարոզարշավների նման այցելել թաղամասեր, հանդիպել ավելի մեծ թվով մարդկանց հետ, ուստի նախատեսել եմ տեսաուղերձների միջոցով խոսել իմ ծրագրերի, տեսլականի մասին, նաև ասել, թե ինչու եմ ցանկանում նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար։ Բայց եթե պահանջ լինի, որ մարդիկ ուղիղ հանդիպում ուզեն, բնականաբար, դա ևս կլինի»,- ասում է Մկրտչյանը:
Ինչո՞ւ պետք է գյումրեցին ընտրի Վահագն Մկրտչյանին
«Ես փոխքաղաքապետ եմ եղել, խորապես հասկացել եմ Գյումրու խնդիրները, մշակել եմ դրանց լուծման տարբերակաները, բացի դրանից՝ գիտեմ Գյումրու ներուժը և այն տարբերակներն ու գործիքակազմը, որով կկարողանանք համատեղ ջանքերով Գյումրին դարձնել մեր երազանքների քաղաքը»,- նկատում է նա:
Գյումրեցին՝ ավելի լավ Գյումրու համար. Շավարշ Արամյան

«Ավելի շեն ու բարեկարգ Գյումրի»,- ասում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը՝ շարունակելով. «Մեր թիմի նախաձեռնությունները տեսանելի են. մի մասը՝ ավարտված, մյուս մասը՝ ընթացքի մեջ, և դեռ շատ նոր գաղափարներ սպասում են իրականացման: Մենք հիմա գնում ենք Գյումրու կառավարման ճգնաժամը լուծելու, գյումրեցու բնականոն կյանքն ապահովելուն: Ժամանակը շատ կարճ է, ու բազմաթիվ խնդիրներ կան արդեն Գյումրիում առաջացած: Իմ քարոզարշավը սոցցանցերի միջոցով է, անհատական հանդիպումների միջոցով: Էնքան է եղել, որ քաղաքացիները մոտեցել, ասել են՝ դո՞ւք եք Շավարշ Արամյանը, ասել եմ՝ հա»:
Ինչո՞ւ պետք է գյումրեցին ընտրի Շավարշ Արամյանին
«Ես 3 տարիների ընթացքում, որ ավագանի եմ, իմ կատարած աշխատանքի համար ինձ պետք է ընտրեն, դրան գումարած՝ 18-19 տարի պետական համակարգում աշխատանքային փորձ ունեմ, շփվել եմ բազմաթիվ գյումրեցիների հետ տարբեր բնագավառներում, աշխատել եմ ԲԸՏՄ-ում, Բնապահպանական տեսչությունում, Սեյսմիկ ծառայությունում տարբեր պաշտոնների: Գյումրեցին ծանոթ է իմ աշխատանքային գործունեությանը: Հենց գյումրեցին ստիպեց, որ առաջադրվեմ»,- ասում է Արամյանը:
Միասին ստեղծենք Գյումրու դրական պատկերը. ԼևՈՆ Անանյան

33-ամյա Լևոն Անանյանը ևս թեկնածուների թվում է: Ասում է՝ խորը պատասխանատվությամբ և վճռականությամբ որոշել է առաջադրվել Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում։
Քարոզարշավի տարբեր մեթոդներ ու միջոցներ է օգտագործելու նա՝ փողոցում կմոտենա գյումրեցիներին, կխոսի, կներկայացնի իր տեսլականը:
«Հետաքրքիր մեթոդներ եմ օգտագործելու, ուղղակի ժամանակն է քիչ, և պետք է հասցնենք: Մարդկանց ասելու եմ, որ միասին պետք է ստեղծենք Գյումրու պատկերը, քաղաքը պետք է ունենա դրական տեսլական»,- նկատում է Անանյանը:
Ինչո՞ւ պետք է գյումրեցին ընտրի Լևոն Անանյանին
«Այս օրերի շփումներից հետո մարդիկ ինձ մոտեցել, հայտնել են իրենց աջակցությունը, համաձայն են իմ տեսլականին: Չեմ կարծում, այլ վստահ եմ, որ հաջողություն կունենամ: Գյումրին ուզում է լինել զարգացած քաղաք, դրա համար գյումրեցին հավատում է ինձ և կընտրի, որովհետև ինքն էլ է համակարծիք հետս՝ ունենալ զարգացած Գյումրի»,- ասում է թեկնածուն:
Եկել է մեծ փոփոխությունների ժամանակը. Էմմա Բարսեղյան

28-ամյակը դեկտեմբերի 5-ին բոլորած Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու Էմմա Բարսեղյանը Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետն է, նաև՝ դասախոս:
ՔՊ անդամն ասում է՝ ինքնանպատակ չի ինքնառաջադրվել:
«Առաջադրվեցի, որովհետև Գյումրու առջև ծառացած են անսահմանափակ խնդիրներ, և ես փորձելու եմ սահմանափակ ռեսուրսով, որպես տնտեսագետ, վերլուծել այդ խնդիրները: Ունեմ լուծումների հստակ սխեմա: Որպես պաշտոնակատար՝ փորձելում եմ կարճաժամկետ խնդիրները նախ լուծել: Ինքնառաջադրման մյուս պատճառն էլ այն է, որ պարբերաբար հնչում է կարծիք, թե Գյումրիում ՔՊ-ն, բացի էդ 3 պատգամավորից, էլ մարդ չունի: Իրականում կան բազմաթիվ մասնագետներ, նվիրյալներ, և իմ ընտրվելու պարագայում մարդիկ կտեսնեն նաև նրանց աշխատանքը»,- ասում է Բարսեղյանը:
Ինչո՞ւ պետք է գյումրեցին ընտրի Էմմա Բարսեղյանին
«Ես բավական պատասխանատու անձ եմ, խիստ և նպատակասլաց: Իրականում իմ սպասելիքներն այնքան էլ մեծ չէին, բայց իմ նկատմամբ այն արձագանքը, որ Գյումրիում այսօր առկա է, շատ ոգևորիչ է, մանավանդ որ միակ կին թեկնածուն ես եմ, դա ավելի պարտավորեցնող դարձրեց: Մարդիկ մտածում են, որ կանայք ավելի լավ կառավարիչներ կարող են լինել, քան տղամարդիկ: Էս առումով դեռևս խնդիր չունեմ»,- նկատում է նա:
Այս գործընթացներին արդեն կողքից է հետևում Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ Արտյոմ Թումանյանը: ՔՊ վարչության նիստում նրա թեկնածությունը մերժվել է:
Թե ով ինչ հաջողություն կունենա, ժամանակը ցույց կտա: Ընտրվելու դեպքում պատգամավորները կզրկվե՞ն մանդատից, ՄՍԾ տնօրենը՝ պաշտոնից, իհարկե, առաջիկա օրերի հստակեցման հարց է: Ընտրությունն այս պահին պաշտոնակատարի համար է, որը փորձելու է ելքեր գտնել և հաղթահարել «Բալասանյան դաշինք»-ի պատճառով հանրապետության երկրորդ քաղաքում ստեղծված ծայրահեղ ծանր վիճակն ու հասցնել կայունացման: Բոլոր դեպքերում գյումրեցին ընտրություն կատարելիս չպետք է նաև մոռանա վարչապետի խոսքերի ամենակարևոր հատվածը, այսինքն՝ այն, որ ժամանակավոր թեկնածուն, ամենայն հավանականությամբ, Գյումրու արտահերթ ընտրությունների հիմնական թեկնածուն կլինի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի կունենան նախնական ընտրություններ, միջազգային տերմինով ասած՝ փրայմերիզի տարբերակ կկիրառվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT