Երևան
12 °C
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀԺ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է Ղարաբաղի, հայ-թուրքական սահմանի բացման, Իրանի ու ՌԴ-ի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ ՀՀ-ում ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին:
- Պարոն դեսպան, Հայաստան ժամանեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այս օրերին ԱՄՆ-ում երկարաձգվեցին Իրանի դեմ պատժամիջոցները: Պատժամիջոցների երկարաձգումը կարո՞ղ է սահմանափակել հայ-իրանական հատկապես առեւտրատնտեսական կապերը, եւ ինչպե՞ս կազդի Իրան-«վեցնյակ» միջուկային գործարքի վրա:
- Այն, որ «միջուկային գործարքից» հետո Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացվեցին, Հայաստանի համար սա շատ լավ լուր էր: Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Իրանի հետ, իր բոլոր հարեւանների հետ: Ուստի մենք ցանկանում ենք առեւտուր, փոխադարձ այցելություններ եւ մշակութային շփումներ տեսնել: Հայաստանը կարող է նպաստել, որպեսզի Իրանում տեղի ունենան փոփոխություններ, եւ ավելի թափանցիկ գործելակերպ այնտեղ ձեւավորվի: Հայաստանի համար կարող են որոշակի հնարավորություններ բացվել, օրինակ՝ էներգետիկ ոլորտում: Դա Հայաստանին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրները: Ոչ մի երկրի համար շահեկան չէ, որ իր էներգետիկ ռեսուրսներով 90 տոկոսով կախվածության մեջ է գտնվում մեկ կամ երկու երկրից:
Ես Իրանի տնտեսության կամ հայ-իրանական տնտեսական կապերի փորձագետ չեմ: Իրանի հետ հարաբերություններում դրական հեռանկարը ես տեսնում եմ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով: Չեմ կարծում, որ այդ հարաբերություններում շատ շուտ կարելի է արդյունքներ տեսնել: Շատ տեղեկություններ չունեմ, բայց բիզնեսի որոշ ներկայացուցիչներից եմ լսել, ովքեր եղել են Իրանում: Իրանը որոշ ժամանակ կտրված էր միջազգային առեւտրային հարաբերություններից եւ ֆինանսական հոսքերից: Ուստի սկզբնական շրջանում Իրանի հետ հնարավոր է դժվար լինի հարաբերությունների ձեւավորումը: Այն պետք է վերաինտեգրվի միջազգային տնտեսությանը:
Ինչ վերաբերում է պատժամիջոցների երկարաձգմանը, ինչպես գիտեք, միջազգային պատժամիջոցները կիրառված էին Իրանի միջուկային ծրագրի հետ կապված: Այդ պատժամիջոցները վերացվել են, սակայն կան ԱՄՆ պատժամիջոցները, որոնք պայմանավորված էին մարդու իրավունքների, ահաբեկչության հարցերով: Այդ պատժամիջոցների առկայությունը սահմանափակում է ամերիկյան ընկերությունների գործունեությունն Իրանում: Նույնիսկ միաժամանակ իրանական եւ ամերիկյան ընկերությունների հետ գործունեություն վարող հայկական ընկերությունների համար կարող են հարցեր առաջանալ: Ես փորձագետ չեմ, եթե նման բան լինի, ապա հայկական ընկերությունը պետք է այցելի ԱՄՆ գանձապետարանի կայք, ծանոթանա պատժամիջոցներին, եւ եթե ամեն ինչ հստակ չլինի, կարող են հարցերն ուղղել մեզ:
Վերջերս ԱՄՆ կոնգրեսը, իհարկե, երկարաձգեց պատժամիջոցները, սակայն դրանք միջուկային համապարփակ համաձայնագրի վրա ազդեցություն չեն ունենա: Նախագահ Օբաման գտնում էր, որ լավ կլիներ այդ պատժամիջոցներն էլ վերացվեին, սակայն Կոնգրեսն այլ ուղղությամբ գնաց:
- Խոսեցիք Հայաստան-Թուրքիա սահմանի բացման կարեւորության մասին: Հաշվի առնելով Թուրքիայի ներսում տեղի ունեցող գործընթացները եւ սիրիական հակամարտության նրբություններով պայմանավորված՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների որոշակի սառեցումը, այժմ Վաշինգտոնը որեւէ քայլ կատարո՞ւմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
- Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ սահմանների բացումը Միացյալ Նահանգների կառավարության համար առաջնահերթություն է արդեն երկար ժամանակ: 2009-2010 թթ. պետքարտուղար Հիլարի Քլինթոնն աջակցում էր հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչման գործընթացին: Մեզ համար հուսախաբություն էր, որ արձանագրությունները հայտնվեցին այս վիճակում: Մենք թուրքական կողմին հորդորում ու հիշեցնում էինք, որ գնդակն իրենց դաշտում է, բայց քայլեր չկատարվեցին: Մենք, սակայն, աշխատանքները շարունակում ենք, եւ երկու կողմերում փորձում ենք ձեւավորել այնպիսի զանգվածներ, որոնք ցանկանում են այդ սահմանը բաց տեսնել: Օրինակ, մենք աշխատում ենք հայ եւ թուրք գործարարների համար ընդհանուր միջոցառումներ կազմակերպել, նրանց միասին աշխատելու համար փոխադարձ շփումներ ապահովել:
Այդ մարդկանց միջոցով երկու կողմերում կարող են ճնշումներ լինել սահմանի բացման ուղղությամբ: Մեր ծրագրերից մեկը տուրիզմի ոլորտին էր ուղղված, մյուսը՝ գյուղատնտեսությանը: Տուրիզմի մասով, օրինակ հայ եւ թուրք տուրօպերատորները ձեւավորում են միասնական զբոսաշրջային փաթեթներ, որոնց միջոցով նույն այցելուն ե՛ւ Հայաստանում է լինում, ե՛ւ Թուրքիայում: Նրանք այս ծրագիրն այժմ Վրաստանի տարածքով են իրականացնում, սակայն պարզ է, որ սահմանի բաց լինելու պարագայում հնարավորություն կընձեռվի ավելի շատ գումար վաստակել եւ գործն արդյունավետ կազմակերպել: Այս ընկալումները կարող են հանգեցնել նրան, որ երկու հասարակություններում ճնշում լինի սահմանի բացման համար: Հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս իրավիճակը, ես հասկանում եմ առկա դժվարությունները, սակայն հաղթահարելով դժվարությունները՝ մեր աշխատանքը փորձում ենք տնտեսության ոլորտում առաջ տանել, որտեղ երկկողմ հետաքրքրություն կա:
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է հարցը: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածության եկան շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել եւ այնտեղ մոնիտորինգ իրականացնող Անջեյ Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների քանակը կրկնապատկել: Սակայն այս պայմանավորվածությունները չեն կատարվում, ինչում հայկական կողմը մեղադրում է Ադրբեջանին: Մյուս կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳՆ ղեկավարները վերջերս Համբուրգում համատեղ հայտարարություն ընդունեցին եւ կողմերին կոչ արեցին վերադառնալ բանակցությունների սեղան: Ի՞նչ է ստացվում, կարելի՞ է վերադառնալ բանակցությունների առանց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման:
- Մենք ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Դրանք վերաբերում են կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը: Այս մասին դուք արդեն հարցում նշեցիք: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք տեսանք այն որոշումը, որ պետք է ընդլայնվի դեսպան Կասպրշիկի հանձնախմբի կազմը: Այն մոտավորապես կրկնապատկվում է: Սա դրական ու հուսադրող զարգացում է, եւ մենք աշխատում ենք մյուս համանախագահների եւ ԵԱՀԿ անդամների հետ, որպեսզի այս աշխատանքները ճիշտ կատարվեն: Բանակցային գործընթացն առաջ տանելու համար շատ կարեւոր է, որ կողմերից յուրաքանչյուրը գիտակցի, որ մյուս կողմը լրջորեն է վերաբերում հարցին: Վստահության ձեւավորման այս միջոցների իրականացումը ցույց կտա, որ այդ մտադրությունը կա:
- Վերջին հարցը: ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու Հայաստանի կառավարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին նոր սարքավորումներ ձեռք բերելու համար: Հայաստանում ձեռնարկվող քայլերից ԱՄՆ-ը տեսնո՞ւմ է այն քաղաքական կամքը, որպեսզի հաջորդ տարի ընտրություններն անցկացվեն իսկապես թափանցիկ, հավասար եւ մրցակցային պայմաններում:
- Սկզբում ուզում եմ ասել, թե ինչպիսի մեծ կարեւորություն ունեն ապրիլին կայանալիք ընտրությունները: Որպես ՀՀ բարեկամ եւ դիտորդ լիովին համաձայն եմ նախագահ Սարգսյանի այն ձեւակերպման հետ, որ այս ընտրությունները վճռորոշ կլինեն Հայաստանի առաջիկա տասնամյա ապագայի համար: Շատ կարեւոր է, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար, եւ շատ կարեւոր է, որ ՀՀ քաղաքացիները ընկալեն ընտրությունները հենց այդպիսին: Սա կարեւոր է նաեւ մեր հարաբերությունների համար: Մենք վերջին 10-20 տարիների ընթացքում բավականին միջոցներ ենք հատկացրել Հայաստանում ժողովրդավարական կառավարման ձեւավորման ուղղությամբ: Սա շատ կարեւոր է, քանի որ այդ ընտրությունները կլինեն այն առաջին դրվագը, որով ԱՄՆ նոր վարչակազմի ուշադրությանը կարժանանա Հայաստանը:
Առաջին լավ տպավորությունը շատ կարեւոր է մեր հետագա հարաբերությունների համար: Եթե հասարակությունը չընդունի այդ ընտրությունները որպես ազատ եւ արդար, եթե մենք խախտումներ տեսնենք եւ ստիպված լինենք կրկին այնպիսի հայտարարությամբ հանդես գալ, ինչպիսին արեցինք 2015 թ, դեկտեմբերին, դա չի կարող ԱՄՆ նոր վարչակազմի հետ լավ հարաբերությունների սկիզբ ազդարարել: Դրա հետ մեկտեղ ցանկանում եմ նշել, որ մենք պաշտպանում ենք այն համաձայնությունը, որ կայացել է ՀՀ կառավարության եւ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների միջեւ նոյեմբերին: Դա կարեւոր է, քանի որ առաջին անգամն էր, երբ կառավարությունը, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը միասին խոսում էին այն մասին, թե ինչ կարող են անել, որ ընտրություններն ավելի թափանցիկ եւ արժանահավատ լինեն հասարակության համար: Կառավարությունը, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունն ունեն պատասխանատվություն ընտրությունների մասով: Նրանք համատեղ աշխատանքով եւ կառուցողական մոտեցումներով պետք է ապահովեն ընտրությունների անցկացումը:
Սակայն ուզում եմ հստակ ասել, որ այս համաձայնությունը չի կարող ազատ եւ արդար ընտրությունների անցկացման երաշխիք հանդիսանալ: Այն կարող է օգնել թափանցիկության բարձրացմանը, կեղծիքների իրագործմանը խոչընդոտել, աջակցել դրանց բացահայտմանը, բայց եթե կառավարությունը չցանկանա, ապա ազատ եւ արդար ընտրություններն իրողություն չեն դառնա: Բեռը կառավարության ուսերին է, որպեսզի չկատարվեն այնպիսի քայլեր, ինչում նախկինում իշխանությունների հասցեին մեղադրանքներ են հնչեցրել: Դրանք են՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, պետական աշխատողների նկատմամբ սպառնալիքներ: Դրանք չպետք է լինեն, որպեսզի հասարակությունն ընկալի ընտրությունները որպես բաց եւ թափանցիկ:
Հավասարապես կարեւոր է ազատ եւ անկախ մամուլի առկայությունը, որ չլինեն ճնշումներ, եւ լրատվամիջոցներն ազատ կարողանան տեսակետներ ներկայացնել: Քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա իր անելիքն անել, հասարակության ուշադրությունը գրավել տարբեր մտահոգիչ հարցերի վրա, քննադատել թեկնածուներին: Իշխանության կողմից չպետք է լինեն գործողություններ, որոնք կսահմանափակեն քաղաքացիական հասարակության գործունեությունը: Հայաստանն ունի ամուր քաղաքացիական հասարակություն, եւ յուրաքանչյուր հայ կարող է դրանով հպարտանալ: Քաղաքացիական հասարակության թիրախում հայտնվում է կառավարությունը, հայտնվում ենք մենք, բայց չպետք է ձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք կսահմանափակեն նրանց կամ կնեղացնեն նրանց տիրույթը՝ հանգեցնելով մի իրավիճակի, ինչպիսին Ռուսաստանում է: Այնտեղ սեղմված է քաղաքացիական հասարակության դաշտը, ֆինանսական աղբյուրների հնարավորություններն են սահմանափակ, եւ քաղաքացիական հասարակությանը որակում են որպես օտարերկրյա գործակալներ: Այս ամենը չի կարող այստեղ տեղ ունենալ:
Վերջապես, ասեմ, որ այժմ ՀՀ կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների մեջ կա ցանկություն ազատ եւ արդար ընտրությունների ապահովման ուղղությամբ: Կարծում եմ՝ նրանք կգնան այդ ճանապարհով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT