«ԵԼՔ» դաշինքն այսօր բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու ՀՔԾ քննիչի որոշումը

24/08/2017 schedule10:34

«ԵԼՔ» դաշինքն այսօր բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը։ Բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ստորեւ ներկայացնում ենք բողոքն ամբողջությամբ՝

 ՀՀ Գլխավոր դատախազ
պարոն Արթուր Դավթյանին

Բողոքող – ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար

Նիկոլ Փաշինյանից
ՀՀ, ք. Երեւան, Բաղրամյան 19

Բ Ո Ղ Ո Ք

(ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ա. Մխիթարյանի կողմից թիվ 62211317 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ)

2017 թվականի հուլիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մխիթարյանը, քննարկելով թիվ 62211317 քրեական գործով նյութերը, որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին: Նշված որոշումը Նիկոլ Փաշինյանը չի ստացել եւ միան 2017 թվականի օգոստոսի 16-ին Փաշինյանի կողմից ուղարկված թիվ Ե-020 գրությանն ի պատասխան 2017 թվականի օգոստոսի 18-ին ստացել է որոշումը:

Դեպքի հակիրճ նկարագրությունը.

«ԵԼՔ» դաշինքը, ստանալով ահազանգեր համախոհների կողմից այն մասին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական շտաբներում մարդկանց մեծ կուտակումներ են առաջանում եւ որ կան մարդիկ, ովքեր շտաբի տարածքին էին մոտենում ինչ-որ համարներով, իրականացրել է արագ արձագանքում․ մասնավորապես, ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ԵԼՔ դաշինքի կողմից ավագանու թեկնածու առաջադրված Հարություն Բաբայանի եւ Սուրեն Անանյանի հետ 2017թ. մայիսի 12-ին, ժամը 13:00-ի սահմաններում ժամանել են Կոմիտաս 56 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբ, որտեղ առկա է եղել մարդկանց կուտակում։ Վերջիններս տարածքից հեռացել են այն ժամանակ, երբ պարոն Գորգիսյանը մոտեցել է եւ սկսել իր հեռախոսով նկարահանել տարածքում առկա մարդկանց: Միեւնույն ժամանակ շտաբի դռների մոտ ավելացվել է վերջինի անվտանգությունը հսկող անձանց քանակը:

Գեւորգ Գորգիսյանը 13:25-ի սահմաններում լքել է շտաբի տարածքը, սակայն Հ. Բաբայանն ու Ս. Անանյանը մնացել են շտաբի տարածքում` իրականացնելով հետագա դիտարկում, երբ 13:30-13:40-ի սահմաններում նկատել են, որ ընտրական շտաբ է մուտք գործում մաքրություն իրականացնելու համար նախատեսված համազգեստ կրող կին, ով շատ կարճ ժամանակ անց դուրս է եկել շտաբից` ձեռքում ունենալով սեւ պոլիէթիլենային տոպրակ։ Այն կիսով չափ եւ ավել լցված է եղել։ Շտաբի դռների դիմաց գտնվող աղբամանների պարունակությունը կինը դատարկել է տոպրակի մեջ, ավլել  շտաբի դիմացի հատվածը, աղբը լցրել ձեռքի տոպրակը եւ այն գցել շտաբի մոտ գտնվող աղբամաններից մեկի մեջ: Հ. Բաբայանի խնդրանքով՝ Ս. Անանյանն ուշադիր հետեւել է` տեսնելու համար, թե ո՞ր աղբամանն է կինը գցում տոպրակը, ապա մոտեցել է աղբամանին եւ ծխախոտի գլանակով ծակել այն սեւ պոլիէթիլենային տոպրակը (նշան անելով վերջինիս վրա), որը կինն արդեն իսկ նետել էր աղբամանը: Որոշակի ժամանակ սպասելով, որպեսզի իրենց նկատմամբ ուշադրությունն այլեւս կորչի, Հ. Բաբայանը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւիկ Խաչատրյանի ուղեկցությամբ մոտեցել է Անանյանի մատնանշած աղբամանին եւ այնտեղից հանել նշված տոպրակը:  Պոլիէթիլենային տոպրակն իր բաղադրությամբ տեղափոխվել է ԵԼՔ դաշինքի ընտրական շտաբ եւ ենթարկվել զննության, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ տոպրակում առկա սպիտակ մի քանի տոպրակների մեջ տեղադրված են եղել պատառոտված եւ ճմրթված փաստաթղթեր, որոնց նախնական ուսումնասիրության եւ դրանց վերականգնման  արդյունքում ակնհայտ դարձավ, որ այդ փաստաթղթերը ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառքի բաժանման գործընթացի կազմակերպման նպատակով մշակված նյութեր են: Մասնավորապես դրանք են.

  1. Մարդկանց ցուցակներ, որոնք պարունակում են անձանց հասցեներ, ինչպես նաեւ մարդկանց թվաքանակ, որը ենթադրաբար այն մարդկանց ցուցակների մի մասն է, ովքեր հանդիսանում են «տան ակտիվիստը» եւ ցուցակագրվել են ընտրակաշառք ստանալու համար եւ ում հետ, ըստ ստորեւ նշված ուղեցույցի, պետք է կապ հաստատեին շտաբի ներկայացուցիչները` ընտրակաշառք փոխանցելու նպատակով: Ուշագրավ է, որ այդ ցուցակում «մեկնաբանություն» վերտառման ներքո առկա են նշումներ կապված գրչի հետ, օրինակ «գրիչ Հայկ»: Հաշվի առնելով ԵԼՔ դաշինքի դիմումի հիման վրա 7/51 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքները՝ կարելի է ենթադրել, որ դրանք հենց այն ցնդող գրիչների տրամադրման մասին նշումն է կամ, ինչպես այդ մասին ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները բազմից հայտարարել էին տարբեր ԶԼՄ-ներով, ինչպես նաեւ ԿԸՀ ներկայացված դիմումում, ընտրողներին գումարի տրամադրման հետ միասին համատարած բաժանվում էին գունավոր գրիչներ` պահանջելով քվեարկել այդ գրիչներով` մարդկանց քվեարկությունը վերահսկելու կամ նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով` միտում ունենալով պարտավորեցնել անձին կատարել կաշառք տվողին տրված խոստումը` իր օգտին քվեարկություն կատարելու մասին: Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ իրականցվել է հակաօրինական արարք, որի նպատակն էր կա՛մ կեղծել քվեաթերթիկը` դիտավորյալ կերպով վերացնելով այնտեղ արվող նշումը, կա՛մ գունավոր գրիչով քվեարկված քվեաթերթիկների առկայությունը ստուգելու միջոցով` այսկերպ տեղեկանալ անձի կողմից տեղամասում կատարված քվեարկության արդյունքների վերաբերյալ:
  2. Ընտրողների ցուցակներ, որոնք պարունակում են նաեւ գումարի չափ, ինչպես նաեւ «+» եւ «-» նշանով տարանջատում, ինչն իրականացվում է գործողության կատարված/չկատարված տարբերակումն իրականացնելու համար: Ինչպես նաեւ փաստաթղթում առկա են գրառումներ այն մասին, որ կոնկրետ անձանց հարկավոր է կանչել 5000 դրամ վերադարձ ապահովելու համար:
  3. Առանձնակի ուշագրավ է, որ այս ցուցակներում առանց վերնագիր թողնված սյունակի ներքո կատարված է նշում «փարոս»: Ինչպես հայտնի է ՀՀ-ում Փարոս (ներկայումս՝ Ընտանեկան նպաստ) ծրագիրը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության տրամադրման ծրագրերից է, որի շահառուներ են հանդիսանում առավել խոցելի խավերը: Հետեւաբար, տեղի է ունեցել առնվազն վարչական ռեսուրսի չարաշահում եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀԿ ընտրական շտաբին տրամադրել է Փարոս ծրագրում գրանցված անձանց ցուցակները, որպեսզի ընտրակաշառքի բաժանումը կազմակերպվի թիրախավորված: Այնուամենայնիվ, Փարոս նշումը կարող է ենթադրել, որ տվյալ անձին խոստում է տրվել իրեն հաշվառել Փարոս ծրագրում կամ սպառնալիք է եղել հանել Փարոս ծրագրից` ցանկալի ձեւով չքվեարկելու դեպքում:
  4. Մեկ այլ ցուցակից ակնհայտ է դառնում, որ որպես ընտրակաշառք մատուցվել են ծառայություններ կամ տրվել են խոստումներ ծառայություններ մատուցելու վերաբերյալ․ վերեւում նշված է ընտրատեղամասի համարը եւ ենթադրաբար պատասխանատուի անունը, ստորեւ ներկայացված են շենքերի հասցեներ, երկու ամսաթիվ, ապա կատարման ընթացքի մասին տեղեկություն կամ անձի անուն, ով ենթադրաբար պետք է զբաղվի այդ հարցով կամ պատասխանատուն է այդ գործողության իրականացման համար: Այսպես օրինակ, «Սունդուկյան 23 շենքի հետնամուտքի ոռոգման ջուրը միացնել – միացված է», «Սունդուկյան 29շ-ի վերջին մուտքի բորդյուրը վերանորոգել – 10.05.2017թ. – զակազը գրված է»:
  5. Ուղեցույց կուսակցության շտաբի ներկայացուցչի համար` բնակչին գումար հանձնելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այս ուղեցույցը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել հստակ համակարգված եւ կազմակերպված ընտրակաշառքի բաժանում` ըստ նախնական կազմված ցուցակների:
  6. Տեղի է ունեցել վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում (թաղապետարան), քանի որ առկա ցուցակներից մի քանիսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 եւ Վարչական ռեսուրսի ցուցակ 2) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են պետական մարմինների աշխատակիցներ, մասնավորապես` պաշտոնյա – վերահսկիչ պալատ, պաշտոնյա – քաղաքապետարան, թաղապետարանի տարբեր բաժիններ, մասնավորապես` ընդհանուր բաժին, իրավաբանական բաժին, առեւտրի եւ սպասարկման բաժին, եկամուտների բաժին եւ այլն, եւ յուրաքանչյուր հաստատության անվան դիմաց նշված է մարդկանց քանակ:
  7. Տեղի է ունեցել նաեւ կրթական հաստատությունների ներգրավում նախընտրական քարոզչությանը, քանի որ առկա ցուցակներից երկուսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 եւ Վարչական ռեսուրսի ցուցակ 3) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են դպրոցներ, մանկապարտեզներ (առանց մասնավորեցման ուսումնական հաստատությունների համարները) եւ յուրաքանչյուր հաստատության անվան դիմաց նշված է մարդկանց քանակ:
  8. Ոստիկանության աշխատակիցների ներգրավումը նախընտրական քարոզարշավում ապացուցվում է ֆաքսի միջոցով ստացված (010)27-02-02 հեռախոսահամարից, որը գրանցված է Արաբկիրի ոստիկանության անվան ներքո, հաղորդագրություն է ուղարկվել` «հանձնել Արշակ Գեւորգյանին» նշումով, որտեղ ներկայացված է ՊՊԾ անձնակազմը` յուրաքանչյուրի անունի ու պաշտոնի դիմաց թվանշումով:
  9. Գումարի տրամադրման ձեւաթուղթ ըստ տեղամասերի, որտեղ նշվում է շտաբի պատասխանատուի անունը` Արմեն Ազոյան, ապա լրացման ենթակա են մնում «ՀՀԿ ձայներ» եւ «Գումար» տողերի բովանդակությունները, ինչը խոսում է այն մասին, որ նշված ձեւաթղթում լրացվում է այն ձայների քանակը, որն անձը պետք է ապահովի 4/01 տեղամասի համար եւ դրա դիմաց ստանա համապատասխան ընտրակաշառք: Առկա է նաեւ նմանատիպ ստացականի ձեռագիր տարբերակը:
  10. Ձայների բավարար քանակի չապահովման դեպքում գումարի վերադարձի ձեւաթուղթ, որը եւս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ կուսակցությունն ընտրակաշառք է տվել հասցեական անձանց ու սահմանել նախապայման` ապահովել որոշակի քանակությամբ ձայներ, իսկ պայմանավորվածությունը չկատարելու դեպքում՝ իրականացնել գումարի վերադարձ: Ավելին, այս ձեւաթուղթն ուներ հստակ պատասխանատու անձ եւ ակտի մի կողմը հայտնի սուբյեկտ է, ով հանդիսանում է շտաբի պետ Ա. Ազոյանը:

Կարեւոր է նկատել, որ նշված շտաբի հարեւանությամբ գտնվում է Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի մասնաճյուղ, որի դրսի հատվածում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսանելիության դաշտում էին գտնվում շտաբի մուտքն ու հարակից տարածքը:

Ուշագրավ է նաեւ այն, որ 2017թ. մայիսի 14-ին www.1in.am լրատվականի կայքում հրապարակված «Կրակն ընգանք, որ լրագրող եք. Գոռ Վարդանյանն իրեն զգում է կինոյում[1]» վերտառությամբ հոդվածին կից տեսագրությունում առկա է դրվագ, երբ օպերատորի խցիկի տեսադաշտում է հայտնվում Կոմիտաս 56 հասցեում գտնվող ՀՀԿ ընտրական շտաբի համակարգչի էկրանը, որի վրա հստակ երեւում են վերեւում նկարագրված ցուցակների էլետրոնային տարբերակները, որոնք պարունակում են նույն անունները, ինչ հետագայում աղբամանում հայտնաբերված ցուցակները:

Գտնում եմ, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մխիթարյանի քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն անհիմն է եւ ենթակա ամբողջությամբ վերացման՝ հետեւյալ պատճառաբանությամբ եւ հիմնավորմամբ.

Նախ, որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ սույն քրեական գործը հարուցվել է 2017թ. մայիսի 12-ին «armtimes.com» եւ «News.am» էլեկտրոնային կայքերում հրապարակված նյութերի եւ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութերի հիման վրա: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 2017 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին ուղարկվել է հաղորդում հանցագործության մասին` կից հավելվածներով, սակայն այդ հադորդմանը փաստորեն ընթացք չի տրվել, այնինչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ...», նույն օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին. 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին. 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»: Ըստ էության, վերոհիշյալ հաղորդման քննարկման մասին որեւէ տեղեկություն հասանելի չէ եւ նշված որոշումներից եւ ոչ մեկն էլ չի կայացվել Ն. Փաշինյանի կողմից ուղարկված հանցագործության հաղորդման վերաբերյալ, այնինչ հաղորդմանը կից ուղարկված հավելվածների դատախազությունից ՀՔԾ փոխանցման եւ դրանց հետազոտման մասին բազմիցս հիշատակումներ արվում են նշված որոշման մեջ:

Երկրորդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ « Քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան:...»: Թեեւ այս նորմը հայեցողական է, սակայն անհասկանալի է մնում այն հանգամանքը, թե ինչու քննիչը կայացնելով կամայական որոշում, չի իրականացրել առերեսում Հարություն Բաբայանի եւ Անժելա Կիրակոսյանի, ինչպես նաեւ Սուրեն Անանյանի ու Անժելա Կիրակոսյանի միջեւ, այնինչ առերեսման իրականացումը հնարավոր է տար գլխավոր հարցերից մեկի` խնդրո առարկա սեւ պոլիէթիլենային պարկի հայտնվելու վերաբերյալ հարցի պատասխանը: Առանցքային է, որ Հարություն Բաբայանի եւ Սուրեն Անանյանի պնդմամբ՝ մաքրություն իրականացնող կնոջ կողմից շտաբից դուրս է բերվել կիսով չափ լցված պարկը, որի վրա ավելացվել է շտաբի մուտքի մոտ աղբամանների պարունակությունն ու մայթի ավլած աղբը, ինչը մերժվել է Անժելա Կիրակոսյանի կողմից եւ արդյունքում, անհասկանալիորեն քննիչի կողմից ավելի արժանահավատ է գտնվել Ա. Կիրակոսյանի ցուցմունքը` առանց տվյալ հարցի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության իրականացման:

Երրորդ, Թեեւ Ն. Փաշինյանի կողմից ներկայացված հաղորդման մեջ մատնանշվում, իսկ քննիչի կողմից նաեւ հարցաքննությունների ընթացքում շոշափվում է 2017թ. մայիսի 14-ին www.1in.am լրատվականի կայքում հրապարակված «Կրակն ընգանք, որ լրագրող եք. Գոռ Վարդանյանն իրեն զգում է կինոյում[2]» վերտառությամբ հոդվածին կից տեսագրությունում առկա այն դրվագը, երբ օպերատորի խցիկի տեսադաշտում է հայտնվում Կոմիտաս 56 հասցեում գտնվող ՀՀԿ ընտրական շտաբի համակարգչի էկրանը, որի վրա հստակ երեւում են վերեւում նկարագրված ցուցակների էլէետրոնային տարբերակները, որոնք պարունակում էին նույն անունները, ինչ հետագայում աղբամանում հայտնաբերված ցուցակները, այնուամենայնիվ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մխիթարյանի կողմից միջոցառումներ չեն ձեռնարկվել պարզելու համար, թե www.1in.am լրատվականի որ լրագրողների կողմից է կատարվել այդ նկարահանումը, ինչի արդյունքում էլ նրանք չեն հարցաքննվել, այլապես հնարավոր է, որ վերջիններս արժեքավոր տեղեկություններ տրամադրեին իրենց տեսախցիկի կադրում հայտնված ցուցակների եւ դրանց հետ աշխատող անձանց մասին:

Չորրորդ, Ուշագրավ է, որ նախաքննության ընթացքում նախընտրական շտաբի սրահում տեղադրված համակարգչում առկա տեղեկություններն ստուգելու նպատակով՝ առգրավվել է Հրայր Անտոնյանին պատկանող համակարգչի պրոցեսորը, որն ուղարկվել է դատահամակարգչատեխնիկական փորձաքննության եւ համաձայն թիվ 37301706 եզրակացության՝ ներկայացված համակարգչում տեղակայված կոշտ սկավառակից հայտնաբերված տեղեկատվության թվում բացակայում են վարույթն իրականացնող մարմնի համար հետաքրքրություն ներկայացնող բովանդակության ֆայլերը: Այստեղ ուշագրավ է այն, որ թեեւ Հ. Անտոնյանն իր ցուցմունքում նշել էր, որ շտաբում առկա են եղել մի քանի համակարգիչներ, որոնք պատկանել են տարբեր անձանց, այնուամենայնիվ առգրավվել է միայն Հ. Անտոնյանի համակարգիչը, իսկ մյուս համակարգիչներում առկա տեղեկատվությունը չի ստուգվել: Ինչպես նաեւ Հ. Անտոնյանն իր ցուցմունքում նշել է, որ ընտրություններից հետո նա ջնջել է համակարգչում առկա տեղեկությունները, սակայն փորձաքննության ընթացքում հետազոտվել է միայն կոշտ սկավառակի վրա առկա տվյալները` չիրականացնելով ջնջված ֆայլերի վերականգնում, ինչը ենթադրում էր, որ բնականաբար հետաքննության մարմնին հետաքրքրող որեւէ տեղեկատվություն առկա չի լինի սկավառակի վրա:

Միեւնույն ժամանակ հարցաքննությունների արդյունքում այդպես էլ չի պարզվել, թե ով է աշխատել շտաբի սրահում տեղադրված համակարգչի վրա, քանի որ ըստ Հ. Անտոնյանի՝ այդ համակարգչից օգտվել են շտաբի բոլոր անդամերը, իսկ Գեղանուշ Մանուկյանը, Վարսիկ Խաչատրյանը, Լուսինե Գրիգորյանը եւ Աիդա Հովհաննիսյանը հայտնել էին, որ իրենք են հանդիսանում շտաբի համակարգչային օպերատորները եւ սրահում դրված համակարգչից իրենք չեն օգտվել:

Հինգերորդ, Նախընտրական շտաբում տպիչ սարքի առկայության մասին որեւէ տեղեկատվություն առկա չէ, իսկ վերջինիս առկայության դեպքում հասկանալի չէ, թե ինչու չի հետազոտվել տպիչ սարքը, որի հիշողությունը կրում է այն փաստաթղթերի մասին տեղեկատվությունը, որը տպվել է այդ սարքի միջոցով: Փաստաթղթաբանական համալիր փորձաքննության շրջանակում նաեւ չի հետազոտվել, թե փորձաքննության ներկայացված փաստաթղթերն ինչ տպիչ սարքով են տպագրվել: Նմանապես առկա չէ որեւէ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք նախընտրական շտաբում առկա է եղել թուղթ կտրատող սարք, առկա չէ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք հետազոտվել են սարքով մանրացված թղթերը` պարզելու համար թե ինչ տիպի սարքով են դրանք մանրացվել:

Վեցերորդ,  Փաստաթղթաբանական համալիր փորձաքննության թիվ 37431701 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Համակիրների ցանկ ներկայացնող անձ Բեգլարյան Երվանդ» տպագիր եւ ձեռագիր գրառումներով սկսվող եւ «093-96-13-96 AN0462943» թվային գրառումներով ավարտվող, «Փարոս» տպագիր գրառմանը հաջորդող աղյուսակից աջ` «դուրս հանել փարոսից», «4/01 Շտաբի պետ Արմեն Ազոյան ՀՀԿ ձայն` գումար», «SAS GROUP» տպագիր գրառումներից ներքեւ «ենթադրյալ/Բաղեյան անձնագիր Xerox գրառման /ենթադրյալ/ վարձի» ձեռագիր եւ թվային գրառումները չեն կատարվել Արմեն Ազոյանի, Երվանդ Բեգլարյանի, Հրայր Անտոնյանի, Լուսինե Գրիգորյանի, Աիդա Հովհաննիսյանի, Գեղանուշ Մանուկյանի, Վարսիկ Խաչատրյանի, Թաթուլ Կարապետյանի, Վանիկ Միրզոյանի կողմից, այլ կատարվել են տարբեր անձանց կողմից: Անհասկանալի է, թե ինչ սկզբունքներից կամ հիմնավորումներից ելնելով է քննիչը որոշում կայացրել միայն վերոհիշյալ 9 անձանց ձեռագրերի նմուշները վերցնել հետազոտության համար եւ չեն համադրվել շտաբի անդամ-աշխատակիցներ ներկայացող Կարեն Գալստյանի, Գեւորգ Կարապետյանի, Արտավազդ Մելքոնյանի, Գուրգեն Առաքելյանի, Վարդան Բանգոյանի, Ռուբեն Մարտիրոսյանի, Վարդան Զաքարյանի, Էմիլ Նազարյանի, Յուրի Յավրյանի, Կառլ Աթոյանի, Լիլիթ Միրոյանի, Նվարդ Բաղդասարյանի, Արմեն Բորեցյանի, Էդգար Պետրոսյանի, Գեւորգ Պետրոսյանի, Դավիթ Ազատյանի, Պետրոս Ավանյանի, Արսեն Մինասյանի, Ռազմիկ Ալեքսանյանի, Արթուր Սարգսյանի, Հովհաննես Սարգսյանի, Հայկ Սարգսյանի, Հրաչյա Հովհաննիսյանի ձեռագրերի նմուշները: Արդյունքում չեն պարզվել այն անձինք, ում ձեռագրով կատարվել  են վերոհիշյալ նշումներն ու գրառումները:

Յոթերորդ,  Ն. Փաշինյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված փաստաթղթերի մեջ նշված են անձանց անձնագրային տվյալներ, օրինակ` AN0462943: Քննիչի կողմից չի պարզվել, թե նշված անձնագրային տվյալները ինչպես են հայտնվել այդ ցուցակներում, ով, ում եւ ինչ նպատակով են այդ տվյալները տրամադրվել, ինչը հնարավոր կլիներ անել հարցաքննելով այն անձանց, ում պատկանում են տվյալ անձնագրային տվյալները: 

Ութերորդ, Ն. Փաշինյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված փաստաթղթերի շարքում առկա է գումարի տրամադրման ձեւաթուղթ ըստ տեղամասերի, որտեղ նշվում է շտաբի պատասխանատուի անունը` Արմեն Ազոյան, որում լրացման ենթակա են մնում «ՀՀԿ ձայներ» եւ «Գումար» տողերի բովանդակությունները, ինչը խոսում է այն մասին, որ նշված ձեւաթղթում լրացվում է այն ձայների քանակը, որն անձը պետք է ապահովի 4/01 տեղամասի համար եւ դրա դիմաց ստանա համապատասխան ընտրակաշառք: Առկա է նաեւ նմանատիպ ստացականի ձեռագիր տարբերակը: Քննիչի կողմից չի պարզվել այդ ձեւաթղթի ծագումնաբանությունն ու որեւէ բացատրություն չկա, թե ով, երբ ու ինչ նպատակով է այդ ձեւաթուղթը կազմել:

Իններորդ, Քննիչի կողմից չի պարզվել, թե արդյոք մատուցվել են այն ծառայությունները, որոնք գրանցված են եղել Ն. Փաշինյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված փաստաթղթերում, մասնավորապես՝ «Սունդուկյան 23 շենքի հետնամուտքի ոռոգման ջուրը միացնել», երբ են այդ ծառայությունները մատուցվել եւ ում կողմից, ինչը հնարավոր կլիներ, եթե հարցաքննվեին նշված հասցեի բնակիչները:

Տասներորդ, Քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշման մեջ նշված է, որ Կոմիտաս 56 հասցեում գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ արտաքին տեսանկարահանման սարքերի 2017 թվականի մայիսի 12-ի ձայնագրությունները չեն պահպանվել: Սակայն անհասկանալի է, թե՝ ա). ինչու չեն պահպանվել ձայնագրությունները եւ բ) չեն պահպանվել բացառապես միայն 2017 թվականի մայիսի 12-ի ձայնագրությունը, իսկ դրան նախորդող ու հաջորդող օրերի ձայնագրությունները առկա՞ են, թե ոչ: Մասնավորապես պարզ չէ, թե արդյո՞ք բանկի անվտանգության ծառայության կանոնակարգերով կամ այլ նորմատիվներով սահմանված է այն նվազագույն տեւողությունը, որի ընթացքում պետք է պահպանվեն բանկի արտաքին տեսանկարահանման սարքերի ձայնագրությունները, արդյոք այդ ձայնագրությունների չպահպանվելը պայմանավորված է այդ ժամկետի ավարտով, թե ոչ, արդյո՞ք միայն մայիսի 12-ի ձայնագրությունն է բացակայում, թե այլ օրերի ձայնագրություններ եւս բացակայում են: Հասկանալի չէ, թե քննիչի կողմից երբ է հարցում արվել` վերոհիշյալ ձայնագրությունների ստացման համար, օրինակ քննիչը սույն գործի հարուցման պահից հետո անմիջապես փորձե՞լ է ստանալ այդ ձայնագրությունները` ենթադրելով, որ գուցե դրանց պահպանման կարճ ժամկետ կա սահմանված, թե օրինակ սպասել է եւ նման հարցում ուղարկել երկար ժամանակ անց, երբ այդ տեսագրություններն ակնհայտորեն ջնջված կարող էին լինել:

Տասնմեկերորդ, Նախաքննության մարմինը չի պարզել, թե ՊՊԾ ծառայողների անուններով ֆաքսը որ հեռախոսին է ուղարկվել։ Թղթի վրա երեւում է, որ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժնից, սակայն չի պարզվել, թե ում է ուղարկվել։ Քննիչը պետք է պարզեր, թե որ համարին է ուղարկվել, որտեղ է գտնվում այդ համարը, ինչ հիմնարկ է եւ այլն։

Տասներկուերորդ, Քննիչի կողմից չի պարզվել թե ինչպես է ՊՊԾ գնդի աղբաման նետված թուղթը հայտնվել Կոմիտաս 56 հասցեի մոտ գտնվող աղբամանում՝ մի շարք այլ ընտրական փաստաթղթերի հետ միասին:

 

Այսպիսով, վերոշարադրյալ հանգամանքների պարզված չլինելու պարագայում եզրահանգել այն մասին, որ առկա են քրեական գործի վարույթը կարճելու հիմքեր, սխալ է, մինչդեռ ընդհակառակը՝ սույն գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները բավարար են եզրակացնելու համար, որ աղբամանից դուրս բերված արկղում առկա փաստաթղթերը, որոնցում առկա են Կոմիտաս 56 հասցեում տեղակայված ՀՀԿ ընտրական շտաբի անդամ-աշխատակիցների անունները, ուղղակի կապ ունեն նշված շտաբի աշխատանքների հետ, որի ընթացքում ՀՀԿ ընտրական շտաբից բաժանվել է ընտրակաշառք, մատուցվել են որոշակի ծառայություններ, կիրառվել են վարչական լծակներ, որոնք հանգեցրել են հետեւյալ խախտումների.

  1. ՀՀ Սահմանադրության հոդված 2, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
  2. ՀՀ Սահմանադրության հոդված 7, որի համաձայն «Ազգային ժողովի եւ համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»:
  3. ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 19-ի մաս 5, որի համաձայն «Արգելվում է նախընտրականքարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` 1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս. 2) ... ոստիկանությունում, ... ծառայողներին, ...»:
  4. ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածը, որը նախատեսում է, որ. «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաեւ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»:
  5. ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածը, որը նախատեսում է, որ. « Քաղաքացու ընտրական ... իրավունքի ազատ իրականացմանը ... խոչընդոտելը, ... պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա: 2. Նույն արարքները, որոնք՝ 1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, 2) կատարվել են նյութապես շահագրգռելով, 3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, 4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով, 5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ 6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
  6. Ընտրական օրենսգրքի հոդված 154.2 մաս 2, որը նախատեսում է. «Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»:

Տվյալ պարագայում, գտնում եմ, ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ա. Մխիթարյանը նշված հանգամանքները անտեսել եւ հանգել է սխալ եւ անհիմն որոշման:

Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածը՝ խնդրում եմ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ա. Մխիթարյանի կողմից թիվ 62211317 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն ամբողջությամբ վերացնել:

Բողոքին կից ներկայացնում եմ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ա. Մխիթարյանի կողմից թիվ 62211317 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման լուսապատճենը:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 

ԵԼՔ խմբակցության ղեկավար

24.08.17

[1] https://www.facebook.com/1in.am/videos/1386410858086160/

[2] https://www.facebook.com/1in.am/videos/1386410858086160/

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6740 դիտում

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել