Գիտությունը զարգանալու առաջին պայմանը ֆինանսների ավելացումը չէ. ակադեմիկոս Հանրի Ներսիսյան

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հանրի Ներսիսյանն այն կարծիքին չէ, թե մեր գիտությունը զարգանալու առաջին պայմանը ֆինանսավորման ավելացումն է: 2019 թվականի պետական բյուջեի նախագծով գիտությանը հատկացվող գումարների աճ նախատեսված չէ, ինչպես որ չի եղել ընթացիկ տարում: Ընդունված է համարել, որ գիտությունը կարող է առաջընթաց ունենալ, եթե այդ ոլորտին հատկացվում է ՀՆԱ-ի 1 տոկոսը: Մեր երկրում այդ գումարները մեկ քառորդի սահմաններում են:

- Պարոն Ներսիսյան, նախ ինչպիսին է ձեր գնահատականը մեր գիտության ներկայիս վիճակի վերաբերյալ:

- Գիտության վիճակն այնպիսին է, որ անկասկած անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Ես տեսնում եմ, որ վերջին տասնամյակներին գիտական կառույցները, ինչպես եւ Հայաստանի շատ այլ կառույցներ, փաստորեն ունեն մաֆիոզ բնույթ: Իշխանությունները իրենց դրածոների միջոցով ստեղծել էին, կարելի է ասել, գիտական թայֆաներ, որոնք գրեթե բոլոր գիտական ասպարեզներում դեռեւս իշխում են: Գործը հասել է նրան, որ կոռուպցիան ներխուժել է նույնիսկ Գիտությունների ազգային ակադեմիա: Դա, իհարկե, նորություն չէ եւ ես նախկինում դրան անդրադարձել եմ նաեւ իմ հոդվածներում:

Աշխարհում ընդունված գիտական բարոյականության նորմերը և գիտական էթիկան խախտվում են գրեթե ամեն քայլում: Ցույց ես տալիս, որ կոպիտ սխալներ կան, անգրագետ աշխատանք է, համարում են թշնամություն, երբեմն հարաբերությունները խզվում են: Մթնոլորտը ծանր է:

- Գալիք տարվա բյուջեի նախագծով եւս գիտությանը հատկացվող գումարների ավելացում նախատեսված չէ: Գիտական հանրությունն ավանդաբար պահանջում է ավելացնել ֆինանսավորումը՝ արդյունավետ աշխատելու համար, կառավարություններն էլ, որպես կանոն, մատնացույց են անում գիտական արդյունքի անբավարարությունը: Ու ստացվում է փակ շղթա...

- Ոչ մի փակ շղթա չկա: Իհարկե, խնդիրը շատ բարդ է, եւ գիտության հարցը առանձին չէ: Անկասկած է, որ մեր երկրում դպրոց-համալսարան-մասնագետ շղթան կարելի է ասել լիովին ժանգոտել է: Մասնագետներ մենք համարյա չենք ստանում, որտեղի՞ց գիտնականներ գան (չէ՞ որ գիտնականները մասնավոր տիպի մասնագետներ են): Ֆինանսների պակասությունը ազդում է ամբողջ երկրի վրա: Ես չեմ ուզում անդրադառնալ՝ ինչու եւ այլն, բայց փաստորեն նոր իշխանությունները պետք է այս հարցը լուծեն ընդհանուր: Որտե՞ղ են ֆինանսները բավարար: Ես չեմ տեսնում այդպիսի ասպարեզ: Բայց մենք շատ ավելի ծանր վիճակում ենք եղել, երբ Հայաստանի Հանրապետությունը նոր ստեղծվել էր, ես ու իմ գործընկերները աշխատում էինք շատ ավելի չնչին աշխատավարձով: Գիտնականը, ինչպես երգահանը, նկարիչը, բանաստեղծը, չի կարող չստեղծագործել, եթե իսկական գիտնական է: Ես չեմ ասում, որ մեզ պետք է ինչքան ասեք՝ քիչ գումար տան: Ո՛չ: Պետությունը այնքան է տալիս, ինչքան որ հարկ է համարում, բայց որքան ես հասկանում եմ, տվյալ դեպքում բյուջեն կազմվել է հիմնականում հին ձեւով: Պատճառները պարզ են: Հիմա ես տեսնում եմ, որ մեծ սպասումներ կան՝ կապված այս նոր իշխանության հետ: Եվ որպեսզի այդ սպասումները իրականացվեն, գիտնականների կարծիքները կարեւոր են, որովհետեւ հիմնականում երիտասարդներն են ղեկավարում գիտության ոլորտը, որը շատ լավ է, բայց այստեղ կա մի վտանգ, որ այդ երիտասարդները այնքան էլ փորձ չունեն, նրբություններին հաճախ ծանոթ չեն: Իսկ գիտությունը շատ ծանր հիվանդ վիճակում է: Բժշկության մեջ ծանր հիվանդությունը բուժելու համար կոնսիլիում է հրավիրվում: Ախտորոշում պետք է արվի: Դժվար խնդրի առաջ են կանգնած ղեկավարները, նրանք պետք է որոշում ընդունեն, թե ինչպես այս վիճակից դուրս գալ: Դրա համար կարեւոր է գիտության ներսից կարծիք լսելը: Որքան էլ մարդիկ լինեն շահագրգռված, ոչ օբյեկտիվ կամ երկերեսանի, մեկ է, այդ ինֆորմացիան շատ կարեւոր է: Նոր իշխանությանը պետք է փորձել օգնել դուրս գալ այս վիճակից:

- Խոսեցիք դպրոց-բուհ-գիտություն կապի ժանգոտվածության մասին: Դա նշանակո՞ւմ է, որ կարծում եք՝ գիտության խնդիրները պետք է լուծել դպրոցից:

- Իհարկե: Գուցե կան խնդիրներ՝ կառուցվածքային եւ այլն, որոնք կարելի է համեմատաբար շուտ լուծել, բայց կա ընդհանուր խնդիր, որը, ի վերջո լուծվում է, այսպես ասած, ինտեգրալ ձեւով: Ես հիշեցնեմ՝ Խորհրդային Միությունը ինչ երկիր էր: Միլիոնավոր մարդիկ ոչնչացվում էին հենց այնպես, գյուղացիները իրավունք չունեին անձնագիր ունենալ, բայց մյուս կողմից հիմք դրվեց շատ բարձր կարգի դպրոցական եւ համալսարանական ուսուցման, եւ պատրաստվեցին մասնագետներ, որոնք համաշխարհային մակարդակ ունեին: Եթե գյուղերի դպրոցների վիճակը մնա այնպիսին, ինչպիսին հիմա է, եթե դպրոցներում աշակերտները փաստորեն չստանան բավարար կրթություն, կնշանակի երկրի ներուժը լիովին չենք օգտագործում: Գալով համալսարաններին՝ եթե չեմ սխալվում, մենք ունենք 40-50 մասնավոր համալսարան: Ու՞մ է դա պետք: Որպես կանոն դրանք միայն ձեւական թուղթ են տալիս: Պետական համասլարաններում խղճուկ վիճակ է: Եթե դասախոսին ասում են՝ ինչու ես ուսանողին անբավարար գնահատական նշանակում, որ ստիպված լինենք հեռացնել նրան, չէ որ նա վճարում է բուհին, ի՞նչ ապագա գիտնականի մասին է խոսքը: Ռացիոնալիզացիայի եւ օպտիմիզացիայի հարցը միշտ է դրված ե՛ւ կյանքում ե՛ւ գիտության մեջ: Նախորդ իշխանությունները դրանով փաստորեն չեն զբաղվել: Նրանք օպտիմալացրել են իրենց իշխանությունը, իրենց մենաշնորհը:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով կարծիք է հայտնել, որ մեր երկրում գիտությունը կտրված է իրականությունից ու տնտեսությունից: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

- Այդտեղ, իհարկե, հարցեր կան, եւ Հայաստանում գործը լավ չէ: Նույն բաները ասել են ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ հաջորդ երկու նախագահները: Դա իմաստ ուներ, որովհետեւ մենք տեսնում ենք, թե առաջատար երկրներում ինչպես է կիրառվում գիտությունը տարբեր ամենաժամանակակից ասպարեզներում: Միգուցե զարմանալի լինի, բայց իմ տեսակետը այլ է՝  այս համագործակցությունը տնտեսական աճի ածանցյալն է: Երկրի մեջ պետք է ստեղծվի ճիշտ մրցակցային մթնոլորտ, երկիրը պետք է դառնա կայուն՝ տնտեսական տեսակետից, որպեսզի ծնվի այդ կապը: Այլ կերպ հնարավոր չէ, դա չի կարելի առանձին կազմակերպել ոչ բռնի, դեմոկրատական մեթոդներով: Ես բերեմ շատ հասարակ օրինակ. օրերս իմացա, որ Հայաստանում բացվում է շաքարի գործարան: Մենք շատ լավ գիտենք, թե շաքարը ինչպես էր մեզ հասնում: Եթե այս նոր սեփականատիրոջ գործերը լավ գնան, ապա անկասկած ապագայում պետք է մտնի մրցակցության մեջ ուրիշ շաքար արտադրողների հետ: Եթե նա ուզենա դառնալ լուրջ գործարար, ունենալ պատենտներ, չի կարող չօգտագործել ժամակակից տեխնոլոգիաները, քիմիկոսների, կենսաբանների, տնտեսագետների հնարավորությունները, իսկ այդ դեպքում աշխատանքի չի վերցնի, ասենք, մի հարուստ մարդու եղբորը, որը դիպլոմ ունի, բայց գիտելիք՝ չէ: Բիզնեսը, գիտությունը, տեխնոլոգիաները զարգանում են միայն փոխադարձ շահավետ, ազատ մրցակցության ճանապարհին: Կարծում եմ, մեր նոր իշխանության ամենահրատապ խնդիրներից մեկն է այդպիսի մթնոլորտի ապահովումը:

- Պարոն Ներսիսյան, Կրթության եւ գիտության փոխնախարարը վերջերս կարծիք էր հայտնել, որ գիտնականների աշխատավարձերի հիմքում, որի ցածրությունից շարունակ դժգոհություն կա, պետք է արդյունավետության ցուցանիշները դնել: Դա համարո՞ւմ եք  ճիշտ:

- Իհարկե, ճիշտ չեմ համարում, դա մեր պայմաններում կբերի  կամայական որոշումների: Արդյունքը ո՞վ է  գնահատելու: Վաղուց կա արտահայտություն՝ իսկ ովքե՞ր են դատավորները: Որակն է հիմնական չափանիշը, ոչ թե քանակը: Բայց որակր չափազանց դժվար է գնահատել: Մենք տասը տարուց ավելի է՝ ունենք Գիտության կոմիտե, որը մշակում է այդ հայտանիշները՝ գնահատում է, օրինակ՝ քանի աշխատանք եք գրել այսինչ ժամանակահատվածում եւ այլն: Ամեն տարի Հայաստանի հարյուր ամենաարդյունավետ գիտնականների ցուցակը հրապարակվում է, եւ նրանք հավելավճար են ստանում: Բայց այդպիսի արդյունավետությունը կախված է նաեւ նեղ մասնագիտությունից: Մեզ մոտ կան գիտնականներ, որոնք 500-ից ավելի աշխատանք ունեն: Իսկ օրինակ ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը ուներ, կարծեմ, ընդամենը 23 աշխատանք, ակադեմիկոս Նորայր Առաքելյանը ունի մոտավորապես 70: Մաթեմատիկայի ոլորտում գիտական աշխատանքների ամենամեծ քանակը ուներ ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանը՝ մինչեւ 200: Այսօր շատերը տարին տասը աշխատանք են գրում: Կարելի է 20-նն էլ գրել: Բայց ի՞նչ աշխատանք: Գիտության կոմիտեն այդպիսի և այլ կարևոր հանգամանքները հաշվի չի առնում: Որքան ինձ հայտնի է, գիտնականները կիրառվող չափանիշների մեծ մասը արդար չեն համարում: Չափանիշներ մշակելու համար միակ ճիշտ մոտեցում կա՝ պետք է անկախ մարդիկ դրանով զբաղվեն: Գոնե տվյալ հանձնաժողովի կեսը: Մեր դեպքում դա հեշտ է, խնդրեմ, սփյուռքում ինչքան ասեք՝ գիտնականներ ունենք: Չեն արել, հեշտ ճանապարհ են ընտրել:

Հույս ունեմ, որ մենք կունենանք, կներեք միամիտ խոսքերիս համար, արդար պետություն: Բայց հարցերը լուծելիս սկզբում պետք է նախորդ ղեկավարների ավգյան ախոռները մաքրել: Հատկապես դա վերաբերվում է գիտությանը, որի անկման պատճառները անհրաժեշտ է բացահայտել առանց շտապողականության, հավասարակշռված և թափանցիկ եղանակով: Ես երբեմն նախանձում են իմ թոռնիկին, որն ապրում է Շվեյցարիայում: Ինչքան արդար, իմիջիայլոց՝ ուղիղ դեմոկրատիայի հիման վրա գործող պետություն է: Եվ որպես հետեւանք, հարուստ է, եւ որպես հետեւանք կա այդքան ցանկալի դաշնակցությունը գիտության եւ տնտեսության միջեւ: Մենք արժանի ենք նման ապագայի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3796 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան