Երևան
12 °C
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր ուժեղացված հսկողություն էր. դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ մեկնարկում էր Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության կողմից ներկայացված բողոքների քննությունը:
Դատախազությունը բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոփոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:
Ռոբերտ Քոչարյանը դատարան ժամանեց հիմնական մուտքով, սակայն հեռացավ ծառայողական մուտքից: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ «ոչ այսօր»,- ասաց նա: Սույն գործով առաջին անգամ դատարան էր եկել նաեւ Քոչարյանի ֆրանսիացի պաշտպան Սեւակ Թորոսյանը:
Նիստի մեկնարկից քիչ անց դատարան ժամանեցին նաեւ սույն գործով մեղադրող դատախազներ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը եւ Կարեն Բիշարյանը:
Դատական նիստին մասնակցում էին նաեւ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Սեդա Սաֆարյանը, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Մոտ 2 ժամ տեւած նիստից մեկ ժամը «նվիրվեց» կազմակերպչական աշխատանքներին՝ սեղան բերել-տանելուն, լրագրողներին տեսա եւ լուսանակարահանում թույլատրելուն, դատարանի դահլիճում լռություն պահպանելուն, Խաչատուրովի եւ ֆրանսիացի պաշտպանի համար թարգմանիչ ներգրավելուն: Դատարանը դատավարության կողմերին հայտնեց, որ գործով 102 տուժողներին տեղյակ է պահել նիստի մասին: «102 տուժողներին տեղյակ է պահվել, կգան՝ բարով գան»,- հայտարարեց դատավոր Դանիելյանը՝ ընդգծելով, որ դատարանը ջանասիրություն է ցուցաբերել բոլոր կողմերին ծանուցելու առումով:
Նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ու Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, սակայն, հայտարարեցին, որ իրենք ծանուցագիր չեն ստացել նիստի վերաբերյալ, ինչին ի պատասխան դատավորը նշեց, թե դատարանը չի պնդում, որ նրանց ներկայությունը պարտադիր է:
Ինքնաբացարկի միջնորդություն՝ դատավորին
Մինչ բողոքի քննությանն անցնելը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:
Ալումյանը նշեց, որ սույն թվականի հունիսի 3-ին դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ ընթացակարգով է երկու վերաքննիչ բողոքների քննությունը հանձնարարվել այս դատավորին, իսկ այն դեպքում, եթե դրանք հանձնարարվել են համակարգչային բաշխման (մակագրման) ընթացակարգի կիրառման արդյունքում, ապա խնդրել է էլեկտրոնային կրիչով իրեն տրամադրել համակարգչի հիշողության մեջ առկա այն տեղեկատվությունը, որը վերաբերում է նշված բողոքների բաշխման (մակագրման) ողջ գործընթացին:
«Ի պատասխան գրությանս, 07.06.2019 թվականին ստացել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունը, որում հղում է կատարված Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ.` «Դատավորների միջեւ գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները եւ կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձեւավորելու կարգը եւ դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման հավելված 1-ի 23-րդ կետին, որի համաձայն՝ միեւնույն գործով դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները հանձնվում են միեւնույն դատական կազմի նախագահող դատավորին:
Այս ձեւակերպումից հետեւում է, որ կանոնը չի տարածվում միեւնույն գործով տարբեր դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքներին: Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարի 04.06.2019 թվականի գրությամբ պատասխան չտրվեց մեր գլխավոր մտահոգությանը, թե ինչպե՞ս է երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնարարվել հենց հատկապես ձեզ»,- ներկայացնելով միջնորդությունը՝ ասաց Ալումյանը: Նա հավելեց, որ եթե հիմք ընդունեն այն, որ նույն գործով կայացված տարբեր դատական ակտերը պետք է քննվեն նույն դատավորի կողմից, ապա դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու բողոքների քննությունը այս դատավորին հանձնարարելը (մակագրվելը) ըստ պաշտպանի՝ էլ ավելի կասկածելի է դառնում: «Մինչեւ այժմ պարոն Քոչարյանի գործով բերվել են բազմաթիվ վերաքննիչ բողոքներ եւ չի եղել մեկ դեպք, որ բողոքներից մեկն ու մեկը քննվի այն դատավորի կողմից, որը նույն գործով մինչ այդ մեկ այլ բողոք է քննել: Ավելին՝ հենց այն ժամանակ, երբ դատախազ Պետրոսյանի վերաքննիչ բողոքները մուտքագրվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նույն դատարանում, մեկ այլ դատավորի վարույթում, արդեն իսկ քննվում էր նույն գործով պաշտպանների կողմից բերված մի վերաքննիչ բողոք (խոսքը վերաբերում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու գործով ներկայացված բողոքին-հեղ.): Այսինքն՝ եթե հետեւենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարի 04.06.2019 թվականի գրության մեջ տված պարզաբանման տրամաբանությանը, ապա դատախազ Պետրոսյանի վերաքննիչ բողոքներից որեւիցե մեկը չէր կարող հանձնարարվել ձեզ»,- ասաց Ալումյանը: Հաշվի առնելով սույն միջնորդության մեջ մատնանշված հանգամանքները՝ Ալումայնը գտավ, որ սույն դատարանի կազմը ձեւավորվել է կամայականորեն: «Դուք սույն գործով բողոքները քննելու համար պատշաճ դատավոր չեք, իսկ ձեր նախագահությամբ դատարանը չի կարող համարվել «օրենքի հիման վրա ստեղծված» դատարան»,- ասաց նա եւ միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնել:
Ռոբերտ Քոչարյանը միացավ ինքնաբացարկի միջնորդությանը՝ նշելով, որ միջնորդությունը ցույց է տալիս, որ կան խիստ կասկածներ դատարանի օրինական կազմավորման վերաբերյալ. «Մոտ մեկ շաբաթ առաջ մեկ դատավոր ինքնաբացարկ հայտնեց՝ հաշվի առնելով, որ կան կասկածներ եւ եթե որեւէ մի կողմ լուրջ կասկածներ ունի, ապա ինքը ընդունեց այդ եւ ինքնաբացարկ հայտնեց»,- ասաց Քոչարյանը՝ նկատի ունենալով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն:
«Ես ուղղակի հորդորում եմ ձեզ՝ հասկանալ, որ այս գործով կան կասկածներ, դրանք չափազանց կարևոր են փարատել, դրանց փարատելը հնարավոր չէ՝ առանց ինքնաբացարկի, ես ծանոթ եմ կրիչի նյութերին, դա ուղղակի նկարված բան է, մեկը նստել է, հավաքել է եւ ներկայացրել է, համակարգչային...: Նույնիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու է այդ համակարգչի մեջ, եւ հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվել, հորդորում եմ ձեզ, առանց անձնավորելու խնդրում եմ՝ ինքնաբացարկ հայտնել,- հայտարարեց Քոչարյանը:
Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը առարկեց ներկայացրած միջնորդության դեմ՝ նշելով, որ որեւէ հիմք որպես այդպիսին չվկայակոչվեց: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հավելեց. «Կասկածներով փորձել դատարանին տանել ինքնաբացարկի, կարող ենք ցանկացած գործով անել, եթե անլրջացնենք ուղղակի գործընթացը»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ, դիմելով դատավորին, ասաց, որ իրեն բացարկելու ավելի հիմնավոր փաստարկներ կան. «Այս բացարկի միջնորդությունն ավելի ձեւական բնույթ ունի: Իրականում ենթադրությունների վրա հիմնված բացարկ է, Դուք որպես դատավոր, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եք նշանակվել եւ պետք է որ այդ տեսանկյունից կասկածներ չլինեն: Մեզ համար պետք է դա մտահոգություններ առաջացներ: Մեր ձեռքի տակ չկա մակագրման գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը ինքը չի միանում:
Այնուհետեւ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց իրենց տրամադրել ինքնաբացարկի միջնորդության պատճենը եւ դրա վերաբերյալ տվյալները այն պատճառաբանությամբ, որ միջնորդության մեջ առերեւույթ հանցագործության տվյալներ են ներկայացվել:
Այս առնչությամբ պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ գործը Արմեն Դանիելյանին մակագրելու միակ շահագրգռվածությունը եղել է դատախազությանը. «Չեմ բացառում, որ դատախազությունն այս առիթն օգտագործի, քննություն նախաձեռնի եւ դա ավարտի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ, որպեսզի հետո, ինչպես պարոն Քոչարյանն ասաց, տարիներ հետո, երբ այս բոլոր հարցերը կանգնեն, արդեն համապատասխան քրեական գործ հարուցելը կլինի բացառված, քանի որ 2019-ին արդեն կայացված է եղել քրգործ հարուցելը մերժելու մասին որոշում»:
Արթուր Դավթյանը ի պատասխան Ալումյանի հնչեցրած հայտարարության ասաց. «Դատախազությունը շատ լավ գիտի իր անելիքը նմանատիպ հաղորդումների վերաբերյալ եւ դատախազությունն իր գործառույթները նաեւ այս փուլում իրականացնելու է բացառապես օբյեկտիվ: Հույս ունեմ, որ մեր գործընկերները, ում հայտնի են այդ արձանագրության վերաբերյալ տեղեկություններ, քրեական օրենսգրքով նախատեսված կարգով պարտք համարեն ներկայանալ եւ այդ տեղեկությունները հայտնել իրենց բոլոր իրավական հետեւանքներով, թե մեկ ամիս հետո, թե հինգ տարի, թե տասը տարի հետո»:
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը եւ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեցին, որ իրենք գործի մակագրման գործընթացին, ինչպես նաեւ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ նյութերին ծանոթ չեն, ուստի խնդրեցին դիրքորոշում հայտնելու համար իրենց տրամադրել այդ նյութերը: Այս պատճառով դատարանը խորհրդակցական սենյակ չհեռացավ եւ հետաձգեց նիստը՝ ժամանակ տրամադրելով պաշտպաններին՝ ծանոթանալու նյութերին: Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 10:30-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին
Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը
Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն
Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան
Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել
Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան
Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ
Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան
Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան
«Չոռնի Անոն» և մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու կասկածանքով
Կարծում էինք՝ դրոշմանիշերի հաշվառումը և որակը կասկածի տեղ չի թողնում, արդեն դա էլ միարժեք չէ. Իոաննիսյան
ՆԳՆ-ն ամփոփել է մինչ 16։00-ն ստացած ահազանգերն ու խախտումների մասին հաղորդումները
Առևանգման վերաբերյալ հաղորդում և նման փաստ չկա. ՆԳՆ-ն մեկնաբանել է «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունը
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել, դիմել ենք իրավապահներին. հանձնաժողովի նախագահ
Պարեկները տուգանել են Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին
Գրություններ ենք կազմում բոլոր կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար․ Ալեքսանյան
Ինչպիսին է քվեարկության ակտիվությունը Գյումրիում և Փարաքարում՝ 14:00-ի դրությամբ
Մխչյան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է նաև մեքենա. լուսանկար
«Մարդ բերել» արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին. Նազելի Բաղդասարյան
Զերծ մնալ քարոզչությունից. թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբ
Մոսկվայում բռնկվել ու այրվել է ՌԴ նախագահին սպասարկող կառավարական լիմուզինը
Հստակ երևում է՝ ընտրողը խնդիր է տեսել քվեախցիկի հետ, և ինքն է խնդրում ստուգել այն. Ալեքսանյանը՝ ահազանգի մասին
«Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից. հաղորդում կներկայացվի
Եթե մեր քվեաթերթիկը 1-ն է, ի՞նչ անենք, կարո՞ղ է գտնում եք, որ առհասարակ ՔՊ-ի թերթիկը տալ պետք չէ. Ալեքսանյան
Երևանում և մարզերում սպասվում են կարճատև անձրևներ, քամու ուժգնացում
Սերժսարգսյանական և ռոբերտքոչարյանական ամբողջ լրատվադաշտը լծված է Գյումրիում ՔՊ-ի դեմ հակաքարոզին. Ալեքսանյան
Ընտրական գործընթացների վերաբերյալ քանի ահազանգ է ստացել ՆԳՆ-ն և ինչ աշխատանք է արվել ժամը 12:00-ի դրությամբ
Ինչպիսին է քվեարկության ակտիվությունը Գյումրիում և Փարաքարում՝ ժամը 11:00-ի դրությամբ
Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանն էլ է հերքել այդ տեղեկությունը. Սարիկ Մինասյան. տեսանյութ
Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Լյուդվիգ Գյուլնազարյանը կատարել է քաղաքացիական պարտքը. լուսանկարներ
Քաղաքացիները կարող են ընտրախախտումների վերաբերյալ հայտնել թեժ գծին. ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է հրապարակել
Գյումրիում և Փարաքարում ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
2 տեղամասում նիստն ուշացել է, 3-ում՝ խախտում եղել. ինչ իրավիճակ է Գյումրիում և Փարաքարում՝ 9:30-ի դրությամբ
Թաթոյանը բոլորին կոչ էր անում պատասխանատու լինել խոսքերում, վե՞րջ, այդ սկզբունքն այլևս չի՞ գործում. Սաֆարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT