Երևան
12 °C
Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Նա Հայաստանում ընդամենը մեկ անգամ էր եղել. 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ որպես դիտորդ: Վերջինիս խոսքով՝ այն ժամանակ նա նույնիսկ չէր պատկերացնի, որ այս երկրում կհայտնվի որպես դեսպան:
«Մենք տանն ենք», - ասաց Սերգեյ Պավլովիչի տիկինը, երբ առաջին անգամ զբոսնում էին Երեւանում:
Հայաստանը պարոն Կոպիրկինը նույնացնում է ոչ այնքան արեւոտ եղանակի, որքան հյուրասիրության հետ, որը հասցրել է լիարժեք վայելել:
Սերգեյ Պավլովիչը դժվարանում է առանձնացնել մեր խոհանոցի նախընտրած ճաշատեսակը, քանի որ հայկական խոհանոցը համարում է բազմաթիվ ավանդական համեղ եւ յուրատեսակ ճաշատեսակներով հարուստ երկրի այցեքարտերից մեկը:
Ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս իրենց արձակուրդն այնպես կազմակերպել, որ հասցնեն այցելել հնարավորինս շատ վայրեր Հայաստանում, որոնցից յուրաքանչյուրը անկրկնելի է:
-Սերգե՛յ Պավլովիչ, շուրջ մեկ տարի առաջ՝ հայկական իրադարձությունների ժամանակ, ռուս լրագրողներից ու քաղաքագետներից շատերը համոզված էին, որ Հայաստանում տեղի է ունենում գունավոր հեղափոխություն՝ ի վնաս Ռուսաստանի շահերի: Հայաստանում իշխանափոխությունից հետո անցել է ավելի քան մեկ տարի. ինչ եք կարծում՝ այդ մտավախությունները փարատվե՞լ են:
-Կարծում եմ՝ պետք չէ դիտարկել Մոսկվայի քաղաքականությունը լրագրողների ու քաղաքագետների տեսանկյունից. այն «հեռարձակում» են պետության պաշտոնատար անձինք: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է. բոլոր քաղաքական գործընթացները պետք է տեղի ունենան օրենքին խիստ համապատասխան, խաղաղ երկխոսության միջոցով եւ առանց որեւէ արտաքին միջամտության: Լինելով ռազմական դաշնակիցներ՝ մենք շատ զգուշորեն ենք վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին եւ քաղաքացիների ընտրությանը. չէ՞ որ մեզ համար կարեւոր է մեր եղբայրական երկրի ճակատագիրը: Եթե հիշում եք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմին շնորհակալություն հայտնեց նման դիրքորոշման համար՝ այն անվանելով «հարգելի»:
Շատ կարեւոր է, որ մենք կարողացանք պահպանել հարաբերությունների շարունակականությունը, եւ այսօր ունենալով ավելի քան 200 պայմանագրերից ու համաձայնագրերից բաղկացած ամուր հիմք՝ մենք շարունակում ենք միասին ամրապնդել ու զարգացնել մեր ռազմավարական համագործակցությունը: Ակտիվ է բարձրագույն մակարդակով քաղաքական երկխոսությունը: Արդյունավետ աշխատում են միջկառավարական, միջխորհրդարանական եւ միջգերատեսչական կապերը: Շարունակում են զարգանալ նաեւ ռուս-հայկական տնտեսական հարաբերությունները:
Գոհունակությամբ ենք նշում սերտ երկկողմ փոխգործակցությունը մեր ընդհանուր ինտեգրացիոն նախաձեռնությունների շրջանակներում: Ընթացիկ տարում Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ ղեկավար մարմիններում, եւ մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ Հանրապետության ղեկավարությունը գործադրում է Միության հաջող աշխատանքի համար:
Ամրապնդվում են անվտանգության ոլորտի շփումները, այդ թվում՝ նաեւ ՀԱՊԿ-ի ձեւաչափով, որտեղ երկխոսության միջոցով կարողանում ենք գտնել փոխադարձ ընդունելի որոշումներ կոնսենսուսի հիման վրա:
Չեմ կարող չնշել նաեւ մեր կապերի մշակութային հումանիտար ուղղությունը: Մենք գտնվում ենք միեւնույն սոցիոմշակութային տարածությունում՝ մեկ մեծ եվրասիական ընտանիքում, եւ սրանով է պայմանավորված ընդհանուր արժեհամակարգի եւ շատ նման մշակութային կոդի առկայությունը:
Ուստի, ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ մեր կապերը ամուր են եւ զարգանում են դաշնակցային ոգով: Ավելին՝ ակնհայտ է՝ երկու կողմերը հասկանում են, որ մեր բարեկամությունը, դաշնակցությունը բխում է ռազմավարական շահերից՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:
-Այդ նույն փորձագետները կանխատեսում էին, որ նոր գործընկերների հետ համագործակցությունը անխոչընդոտ չի լինի Ռուսաստանի համար: Ինչ եք կարծում՝ այսօր առկա՞ են նոր իշխանության ներկայացուցիչների հետ երկխոսությունը ծանրացնող որեւէ կոնկրետ նրբություններ:
-Ինչպես գիտենք, Հայաստանի արտաքին քաղաքականությունը «բազմավեկտոր» է: Առավել կարեւոր ուղղություններից մեկը, որը բազմիցս շեշտվել է պաշտոնական հայտարարություններում, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդումն է եւ համատեղ ինտեգրացիոն նախագծերի զարգացումը:
Այս մոտեցումը հաստատվում է թե՛ Հանրապետության նոր ղեկավարության հստակ քայլերով, թե՛ հանրային հայտարարություններով, թե՛ համապատասխան պաշտոնական փաստաթղթերով: Օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովի՝ 2019թ. փետրվարի 14-ին հաստատած Կառավարության 2019-2023թթ. ծրագրում ամրագրված է «Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր ոլորտներում ռազմավարական դաշինքը զարգացնելու ձգտումը՝ այդ նպատակը դիտարկելով ի թիվս այլ գերակայությունների»: Նաեւ նշված է Երեւանի մտադրությունը. ակտիվորեն մասնակցել ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին եւ ԱՊՀ-ին:
Անդրադառնալով այլ երկրների հետ հարաբերություններին՝ նշենք, որ Հայաստանը, լինելով ինքնիշխան պետություն, ընդունում է այս կամ այն արտաքին քաղաքական որոշումները՝ ղեկավարվելով բացառապես իր ազգային շահերով: Մենք մեր կողմից ելնում ենք նրանից, որ Երեւանի համագործակցությունը, մասնավորապես, արեւմտյան գործընկերների ու կազմակերպությունների հետ չպետք է վնասի Հայաստանի պարտավորություններին՝ ինչպես երկկողմ առումով, այնպես էլ մեր ընդհանուր ինտեգրացիոն նախագծերի եւ անվտանգության բազմակողմ կառույցների շրջանակներում: Իհարկե, այս սկզբունքը մենք կիրառում ենք նաեւ մեր նկատմամբ:
-Պարո՛ն դեսպան, կարո՞ղ եք նշել երկկողմ հարաբերությունների ասպեկտներ, որոնք դեռեւս անբավարար են եւ պետք է լրջորեն լրամշակվեն:
-Ինչպես ասում են, կատարելությունը սահման չունի: Բազմակողմ ռուս-հայկական հարաբերությունների զարգացման լրացուցիչ ռեզերվներ, իհարկե, կան: Աշխարհի դինամիկ զարգացմանը համընթաց անհրաժեշտ է, փայփայելով ձեռք բերվածը, փնտրեն փոխգործակցության նոր ոլորտներ, մեր կապերի ընդլայնման եւ էլ ավելի ամրապնդման ուղիներ ու հնարավորություններ, դրա հետ մեկտեղ՝ հարգելով միմյանց շահերը:
Ինձ թվում է, այսօրվա դրությամբ առկա է ոչ լիարժեք բացահայտված ներուժ, օրինակ, մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորումների նախագծերում:
-Այսօր բոլոր հնարավոր մակարդակներում մեզ փորձում են համոզել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում ամեն ինչ լավ է, ոչինչ չի փլուզվում, շարունակվում է բնականոն հաղորդակցությունը եւ արդյունավետ աշխատանքը տարբեր պետական գերատեսչությունների ու կառույցների միջեւ, բայց, միեւնույն է, դատելով երկու երկրների տեղեկատվական ֆոնից՝ լսարանն օդից կախված ինչ-որ լարվածություն է զգում: Եթե մտավախությունները իրական հիմք չունեն, նշանակում է՝ ինչ-որ մեկին ձեռնտո՞ւ է նման պատկեր ստեղծելը:
-Ժամանակակից ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են Հանրապետությունում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին: Նոր մարդիկ են եկել իշխանության: Բարեփոխվում է պետական համակարգը: Անշուշտ, ընտելացման որոշակի ժամանակահատված անհրաժեշտ էր: Այսօր այն մեծ մասամբ անցյալում է: Մեր հարաբերություններն այլեւս վերականգնման կարիք չունեն. չէ՞ որ ոչինչ չի փլուզվել: Պարզապես պետք է հետեւողականորեն զարգացնել համագործակցությունը՝ ելնելով մեր հնարավորություններից ու կարիքներից:
Ինչպես արդեն հիշատակել եմ, ռուս-հայկական քաղաքական երկխոսությունը բարձրագույն եւ բարձր մակարդակով, ինչպես եւ նախկինում, ինտենսիվ բնույթ է կրում. միայն այս տարի Վ. Վ. Պուտինը եւ Ն. Վ. Փաշինյանը երկու անգամ հանդիպել են, եւ շուտով կհանդիպեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երեւանում: Նրանք նաեւ 4 հեռախոսազրույց են ունեցել: Շարունակվում է միջգերատեսչական փոխգործակցությունը, մշակութային, մարդասիրական փոխանակումները, արդյունավետ շփումները միջխորհրդարանական գծով, կրթության եւ գիտության ոլորտում: Համակարգում ենք մեր դիրքերը եւ սերտորեն համագործակցում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների «հարթակներում»: Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական եւ ներդրումային գործընկերը, իսկ ռուսական բիզնեսը Հանրապետությունում՝ խոշորագույն հարկատուներից մեկը:
Անշուշտ, ռուս-հայկական համագործակցության մեջ լինում են այս կամ այն խնդիրները: Դա բնական է, քանի որ նույնիսկ դաշնակիցները կարող են տարբեր շահեր, արտաքին հանգամանքներ, ներքին առանձնահատկություն ունենալ: Մենք ջանում ենք լուծել ծագող հարցերը կառուցողական եղանակով, փոխշահավետ հիմունքներով: Իսկ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ու Հայաստանի քաղվերնախավերում գերակա է մեր պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը այլընտրանք չունենալու ըմբռնումը՝ նրանց անվտանգության, կայուն սոցիալ-տնտեսական զարգացման, եթե ուզում եք, մրցունակության ապահովման համար:
-Առաջատար ռուսական լրատվամիջոցների, փորձագետների, վերլուծաբանների եւ նյուզմեյքերների տեսանկյունից՝ հայ հասարակությունը հաճախ փորձում է որսալ պաշտոնական Մոսկվայի ինտոնացիաները, իսկ այդ ինտոնացիաները, անկեղծ ասած, հաճախ տարբեր առիթներով լինում են ոչ այնքան չափավոր եւ զգալի ազդեցություն են ունենում հասարակական ընկալման վրա: Հասկանալի է, որ խոսքի ազատությունը կարեւոր է, բայց չե՞ք կարծում, որ նման մոտեցումը կարող է արգասաբեր հող դառնալ՝ հայ հասարակության մեջ ռուսաֆոբ տրամադրություններ սերմանելու համար:
-Կրկնեմ՝ պետք չէ փորձել գտնել Մոսկվայի քաղաքականությունը առանձին փորձագետների դատողություններում: Դրա համար գոյություն ունեն պաշտոնատար անձինք: Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած ռուսաֆոբ տրամադրություններին, ապա հայտնի ուժերը փորձում են դրանք դարձնել յուրատեսակ ժամանակակից մի «թրենդ»: Նրանք այդ նպատակով օգտագործում են ցանկացած տեղեկատվական առիթ եւ հրահրում հակառուսական հռետորաբանությունը: Բայց վստահ եմ, որ հազարամյա պատմություն ունեցող հայ ժողովուրդը բավականաչափ իմաստուն ու խորաթափանց է, որ իրատեսորեն գնահատի տեղի ունեցող իրադարձությունը եւ չդառնա օտար շահերի, հաճախ՝ ոչ պրոֆեսիոնալ եւ միակողմ մեկնաբանությունների «պատանդ»:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք ձեռնարկել, որ լրատվամիջոցները, մեծ հաշվով, նպաստեն մեր երկրների միջեւ կառուցողական երկխոսությանը, ոչ թե հակառակը:
-Ըստ իս՝ ամեն ինչ կախված է անմիջապես հենց զանգվածային լրատվամիջոցներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խմբագրային քաղաքականությունը: Ցավոք, ինչպես արդեն ասացի, որոշ լրատվամիջոցներ բառացիորեն նպատակաուղղված են ռուս-հայկական հարաբերությունների տեղեկատվական «տորպեդավորմանը». Յուրաքանչյուր ԶԼՄ այսօր կարող է այս կամ այն կերպ ազդել տեղեկատվական դաշտի վրա, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ թելադրել նրա ընդհանուր տոնը: Այդ կապակցությամբ մեծանում է նաեւ պատասխանատվության այն աստիճանի կարեւորությունը, որով թե՛ թերթերը, թե՛ գործակալությունները եւ թե՛ հեռուստաալիքներն աշխատում են տեղեկատվության հետ: Ցավոք, ներկայումս մեդիայում ավելի ու ավելի հաճախ կարող ես հանդիպել «լցոնումներ» կամ «fakenews», որոնք դարձել են ոմանց նախընտրած հնարքը:
Ուստի կարեւոր է, ըստ իս, մնալ սեփական գործի մասնագետ, դրան մոտենալ լիարժեք պատասխանատվությամբ: Չընկնել սենսացիայի հետեւից, այլ ստուգել հրապարակվող նյութերի հավաստիությունը եւ, իհարկե, կառուցել սեփական աշխատանքը՝ հենվելով իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման սկզբունքին: Եվ, իհարկե, մեր հարաբերությունները պետք է հնարավորինս շատ տեղեկատվական առիթներ տան:
-Ակնհայտ է ռուսական կողմի ուշադրությունը Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ: Որոշ ռուս քաղաքական գործիչներ պնդում են, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում, Ռուսաստանի առաջատար հեռուստաալիքները հաճախ մի տեսակ միակողմանի են լուսաբանում այդ դատավարությունը, տարբեր փորձագետներ պարբերաբար պնդում են, որ Վլադիմիր Պուտինը չի խրախուսում այս դատավարությանը, իսկ երբ Դուք վերջերս հանդիպեցիք Ռոբերտ Քոչարյանի հետ, հայ լսարանի մոտ այլեւս ոչ մի կասկած չմնաց, որ վերոնշյալ փորձագետների խոսքն անհիմն չէ: Ինչ եք կարծում՝ հնարավոր չէ՞ սպասել դատական գործի վերջնական արդյունքին, որ խուսափեինք անտեղի բարդացումներից, եւ իրականում կարո՞ղ է այդ հարցը բարդացնել երկու երկրների հարաբերությունները՝ լայն իմաստով:
-Պատասխանելով ձեր հարցի առաջին մասին՝ ընդգծեմ, որ պաշտոնական ռուսական դիրքորոշումը լավ հայտնի է: Այն ներկայացվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը 2018թ. հուլիսի 31-ին Մոսկվայում ԶԼՄ-ի համապատասխան հարցին տրված պատասխանում: Ակնհայտ է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Ս. Քոչարյանի գործով դատավարության թեման մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում: Միաժամանակ այն, ցավոք, դարձել է տարբեր մեկնաբանությունների, զրպարտությունների ու շահարկումների առարկա, որոնք արտացոլվում են հայկական ԶԼՄ-ներում:
Մենք բազմիցս բախվել ենք այնպիսի իրավիճակների, երբ որոշ լրատվամիջոցներ, որոնք ձգտում են ստվեր գցել եղբայրական ռուս-հայկական հարաբերությունների վրա, նպատակաուղղված հրահրում են այս թեման՝ ելնելով սեփական շահերից: Նման քաղաքականության մի օրինակ էր իմ հանդիպումը Ռ. Ս. Քոչարյանի հետ: Ինչպես արդեն ասել եմ, խոսքը բնականոն մասնագիտական շփումների մասին է իմ՝ որպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանի՝ կացության երկրում տարբեր քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ շփման շրջանակներում: Բացի այդ, Ռ. Ս. Քոչարյանը Հայաստանի նախկին ղեկավարն է, որը 10 տարվա ընթացքում աշխատել է հանուն մեր երկրների միջեւ հարաբերությունների հիմքի ամրապնդման:
Եվս մեկ օրինակ՝ շահարկումները, որոնք առաջացրել են Ռ. Ս. Քոչարյանի հասցեին վերջինիս հոբելյանի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինի շնորհավորանքը: Իմ հայ գործընկեր, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վ. Ս. Տողանյանը, կարծում եմ, տվել է սպառիչ գնահատական՝ նշելով, որ նշված շնորհավորանքի մեջ «ոչ մի արտառոց բան» չկա, եւ որ առավել եւս «խոսք էլ չի կարող լինել Հայաստանի ներքին գործերին որեւէ միջամտության մասին»:
Ուստի կարծում եմ, որ արհեստականորեն է բարդացվում: Դրանից ելնելով՝ կարող ենք պնդել, որ լայն իմաստով այս հարցը խոչընդոտ չէ մեր երկրների միջեւ ռազմավարական զարգացման ճանապարհին:
-ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությունը Հայաստանի քաղաքացի Միհրան Պողոսյանին արտահանձնելու մասին, որը քրեական հետապնդման է ենթարկվում, ՌԴ Գլխավոր դատախազությունը համարվել է անհնարին, եւ քանի որ միջնորդության մերժման կոնկրետ պատճառներ չեն ներկայացվել, կարծիք կա, որ ռուսական իշխանությունները քաղաքական որոշում են ընդունել այս հարցի վերաբերյալ: Ինչ եք կարծում՝ այս կարծիքը իրական հիմքեր ունի՞:
-Որքան ինձ հայտնի է, ռուսական կողմը չի հայտարարել Մ. Ս. Պողոսյանին հանձնելը մերժելու մասին: Ռուսաստանի Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական գերատեսչությունը դիմել է Հայաստանի Գլխավոր դատախազությանը՝ լրացուցիչ փաստաթղթեր ու հիմնավորումներ տրամադրելու համար: Այսինքն՝ վերջնական որոշում առայժմ չկա: Տվյալ փուլում իրավաբանական գործընթաց է ընթանում:
Ուզում եմ նշել, որ ես չեմ նկատում Ռուսաստանում այն մարդկանց կողմից ապաստան ստանալու որեւէ «միտում», որը շահարկվում է տեղի մամուլում, որոնք Հայաստանում մեղադրվում են որեւէ իրավախախտում կատարելու մեջ: Եթե նրանցից ոմանք գտնվում են Ռուսաստանի տարածքում, դա դեռ չի նշանակում, որ նրանց ապաստան է տրամադրվել: Շատերն են ցանկանում այս հարցում ինչ-որ մեսիջ տեսնել, որը Մոսկվան իբր ուղարկում է Հանրապետության նոր ղեկավարությանը: Իսկ ես ոչ մի «թաքնված ուղերձ» չեմ տեսնում: Ընդհանրապես այս թեման քաղաքականացնելու փորձերը հակաարդյունավետ եմ համարում, քանի որ այն գտնվում է, առաջին հերթին, իրավական հարթությունում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Հայաստանի նոր իշխանություններին ուղղած «քաղաքական ազդանշանին», ապա այն շատ հստակ է. մենք ռազմավարական գործընկերներ ենք, դաշնակիցներ, եղբայրական երկրներ ու ժողովուրդներ: Տվյալ դիրքորոշումը ոչ մի փոփոխություն չի կրել: Որքան ինձ հայտնի է, սա համապատասխանում է Հայաստանի նոր ղեկավարության սկզբունքներին:
-Պարո՛ն դեսպան, ինչ եք կարծում, պատմականորեն ո՞րն է Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների առավել նշանակալից, ճակատագրական ժամանակաշրջանը:
-Կարծում եմ՝ դարերի խորքից սկիզբ առած մեր հարաբերությունների յուրաքանչյուր ժամանակաշրջան յուրովի ճակատագրական էր. մի կողմից ունենալով իր դերը հայ ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծման, մյուս կողմից՝ ռուսական պետության կյանքում հայկական համայնքի դերի ամրապնդման գործում: Իրապես ճակատագրական է մեր ընդհանուր հաղթանակը Մեծ հայրենական պատերազմում, երբ մեր ժողովուրդները, ուս ուսի տված պայքարելով, միլիոնավոր կյանքերի գնով փրկեցին աշխարհը «շագանակագույն ժանտախտից»: Բոլորին հայտնի են մարշալներ, Խորհրդային Միության հերոսներ՝ հայկական հողի զավակների անունները: Այսօր մենք միասին պայքարում ենք մեր ընդհանուր պատմությունը ի շահ քաղաքական կոնյունկտուրայի մեկնաբանելու ու կեղծելու փորձերի դեմ: Միասին ջանքեր գործադրում հետագա սերունդներին մեր նախնիների սխրագործության մասին իրական պատմական հիշողությունը փոխանցելու համար:
Ընդհանուր առմամբ, խորհրդային շրջանը, չնայած երբեմն ձեռնարկվող՝ այն սեւացնելուն ուղղված փորձերի, մեր ժողովուրդներին շատ բան է տվել: Դրանք սրընթաց զարգացման տասնամյակներ էին, երբ բոլոր միութենական հանրապետությունները համատեղ ջանքերով հասնում էին ընդհանուր նպատակների: Այն յուրահատուկ դեր է ունեցել հայ ազգի ներուժի իրագործման ու պետականության կայացման գործում: Ընդ որում, այսպես կոչված «խորհրդային ժառանգության» գլխավոր տարրերից են այսօր իրապես եղբայրական հարաբերությունները մեր ժողովուրդների միջեւ, մեր մշակույթների փոխկապվածությունը, ընդհանուր արժեհամակարգը: Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների միջեւ սերտ, ջերմ, յուրահատուկ հարաբերությունները երկկողմ դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման գրավականն է:
-Եվ վերջին հարցը: Նշեք, խնդրում եմ, հայազգի մի պատմական անձնավորության, որը, Ձեր կարծիքով, իր հետքն է թողել Ռուսաստանի պատմության մեջ:
-Մեր երկրների պատմությունն ու մշակույթները սերտաճած են: Ուստի գոյություն ունեն բազմաթիվ գործիչներ՝ տարբեր բնագավառներից, լինի քաղաքականություն, պետական կառավարում, զինվորական գործ, մշակույթ, գիտություն եւ այլն, որոնք իրենց լուման են ունեցել մեր ժողովուրդների պատմությունում: Կարող ենք հիշել Մ. Տ. Լորիս-Մելիքովին, մարշալ Հ. Ք. Բաղրամյանին, հայտնի կոմպոզիտորներ Ա. Ա. Բաբաջանյանին եւ Ա. Ի. Խաչատուրյանին, հայտնի սովետական հետախույզ ամուսիններ Գ. Լ. Վարդանյանին եւ Գ. Ա. Վարդանյանին, Միկոյան եղբայրներին՝ պետական գործչին եւ ավիակոնստրուկտորին: Չենք կարող չնշել ռուսական արեւելագիտության զարգացման գործում Լազարեւների (Եղիազարյանների) ընտանիքի ավանդը: Ցանկը կարելի շարունակել ու շարունակել: Նրանք բոլորն էլ թողել են իրենց հետքը ոչ միայն Ռուսաստանի պատմության, այլեւ մեր ընդհանուր պատմության մեջ, մեր ընդհանուր ժառանգության ստեղծման գործում:
ՆԱԻՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍոչիից Անթալիա թռիչք կատարած ինքնաթիռը վայրէջք կատարելիս բռնկվել է. տեսանյութ
Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. վարչապետ (տեսանյութ)
Անհնա՞ր է որսալ. ինչ է հայտնի Պուտինի ներկայացրած ու մեծ աղմուկ հանած «Օրեշնիկ»-ի մասին և ինչու այն կիրառվեց
Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած
Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը
Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի
Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է
Բուքինգհեմյան պալատը մի քանի տարի փակ կլինի
Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է
Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան
1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել
Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ
Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր
ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան
Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը
Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում
Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք
Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու
Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է
Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ
Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում
ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին
Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT