Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը հովանավորչությամբ խլե՞լ է բիզնեսը․ տուժողները վերաքննիչ բողոք են ներկայացրել

2018 թվականի հուլիսի 25-ին՝ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ձեռնարկատերեր Զուրաբ Շամոյանն ու Կարեն Մարտիրոսյանը հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն այն մասին, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է հովանավորչություն՝ իրենց հիմնադրած «Մարսերալ» ՍՊԸ-ի գործունեության նկատմամբ։ 

Գործարարները նշել են, որ 2005-2007 թթ․ ընթացքում Նազարյանին յուրաքանչյուր ամիս տվել են 3000 դոլար, դրանից հետո մինչ 2009 թվականը՝ ամեն ամիս 7000 դոլար, իսկ այնուհետեւ մինչեւ 2010 թվականը՝ յուրաքանչյուր ամիս 12 հազար դոլար։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հացնագործությունների քննության բաժնում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) 2018 թվականի օգոստոսի վեցին հարուցվել է քրեական գործ։

Հատուկ քննչական ծառայության քննիչ Խ․ Մեջլումյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ՝ նշյալ քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է, եւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, Զուրաբ Շամոյանի, Կարեն Մարտիրոսյանի եւ Սերգեյ Մարտիրոսյանի («Մարսերալ» ընկերության բաժնետեր) նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, որ Ֆինանսական հարցերի շուրջ առաջացած վեճերի պատճառով գործընկերներ Զուրաբ Շամոյանի, Կարեն Մարտիրոսյանի եւ Սերգեյ Մարտիրոսյանի հարաբերությունները սրվել են: Երեւան քաղաքի քննչական վարչությունում 2017 թ. մարտի 17-ին քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով (ինքնիրավչություն) հարուցվել է քրեական գործ, եւ նույն տարվա հոկտեմբերի 30-ին քննիչ Գ. Գենջոյանը որոշել է վարույթը կարճել, Սերգեյ Մարտիրոսյանի արարքում Կարեն Մարտիրոսյանից եւ Զուրաբ Շամոյանից խարդախությամբ, յուրացմամբ գումար հափշտակելու դեպքի կապակցությամբ, ինչպես նաեւ՝ ինքնիրավչության, վաշխառություն կատարելու դեպքերի կապակցությամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Որոշվել է, որ նրանց միջեւ առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ:     

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Մարսերալ» ընկերության համահիմնադիրներից Կարեն Մարտիրոսյանի հետ, որը մանրամասներ է հայտնել տեղի ունեցած զարգացումներից։

Մեր զրուցակիցը պատմեց, որ Վրաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվող Զուրաբ Շամոյանի հետ ծանոթացել է 1998 թվականին, նրանից ձեռք է բերել քաղցրավենիք, այն ներկրել Հայաստան, վաճառել: Ընթացքում նրան օգնել է իր հորեղբորորդի Սերգեյ Մարտիրոսյանը:

Զուրաբ Շամոյանը «Նեստլե» ապրանքանիշի քաղցրավենիք ներմուծելու նպատակով Մարտիրոսյաններին առաջարկել է Հայաստանում համատեղ ընկերություն հիմնել: Ըստ այդմ՝ ստեղծվել է «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ն, որի հիմնադիր եւ տնօրեն է գրանցվել Կարեն Մարտիրոսյանը: Ձեռնարկատիրական այս գործունեությունն իրականացնելու նպատակով Զուրաբ Շամոյանը ներդրել է 100,000 դոլար: Կողմերը պայմանավորվել են, որ ստացված եկամուտը բաշխվելու է հետեւյալ կերպ. 50%-ը՝ Շամոյանին, 25%-ական տոկոս՝ Կարեն եւ Սերգեյ Մարտիրոսյաններին: 2000 թվականին սկսել են համատեղ գործունեությունը: ՍՊԸ-ի տարեկան շրջանառությունը կազմել է 150 մլն դրամից ավելի:

Կարեն Մարտիրոսյանը պատմեց, որ արդեն 2003 թվականին երեք գործընկերներով հիմնել են «Մարսերալ» ընկերությունը, որում ներդրումը կատարել է Շամոյանը, սակայն երեքն էլ բաժնետերեր են եղել: Եվ քանի որ Սերգեյ Մարտիրոսյանի կինը հաշվառված է եղել Երեւանում, ընկերության հիմնադիր Սերգեյ Մարտիրոսյանի առաջարկով գրանցել են կնոջը, տնօրենի պաշտոնում՝ իրեն:

Մեր զրուցակցի պնդմամբ՝ համատեղ աշխատանքի ընթացքում Սերգեյ Մարտիրոսյանը, օգտվելով տնօրեն լինելու հանգամանքից, իրեն դուրս է թողել բիզնեսից՝ հայտարարելով, որ ինքն այլեւս բաժնետեր չէ:

«Մարսերալ» ընկերությունը սկսել է զարգանալ, աճել են շահույթները: Սակայն հետո, երբ «Շտոլվերկ» ընկերության հետ «Մարտի Գրուպ»-ի կնքած պայմանագրի գործողությունների ժամկետը լրանալիս է եղել, եւ չեն կարողացել «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ապրանքներ ներմուծել, Զուրաբ Շամոյանը Մարտիրոսյաններին առաջարկել է Վրաստանում գործող իրեն պատկանող «Արգո» ընկերության միջոցով «Ալպեն Գոլդ» տեսակի քաղցրավենիք արտահանել Հայաստան:

Ըստ Կարեն Մարտիրոսյանի ներկայացրածի՝ քաղցրավենիք ձեռք բերելու եւ ՀՀ տեղափոխելու համար Շամոյանը ծախսել է 120,000 դոլար, որից 7000 դոլարը տրանսպորտային փոխադրումների համար առձեռն տվել է Սերգեյ Մարտիրոսյանին: 2005 թ. կատարվել է գույքագրում ու պարզվել է, որ ստացված շահույթը կազմել է 330,000 դոլար: Այդուհետ Շամոյանը սկսել է գրառումներ կատարել իր նշումների տետրում:

Որպես ընկերության գրասենյակ ու պահեստ՝ գործընկերները 170,000 եւ 300,000 դոլարով Երեւանում գնել են հողամասով շինություն: Մեկը ձեւակերպվել է Սերգեյ Մարտիրոսյանի կնոջ անունով, մյուսը՝ Շամոյանի:

2008 թ. Զուրաբ Շամոյանն ու Սերգեյ Մարտիրոսյանը Վրաստանում հիմնել են «Մաքսիմա պլյուս» ՍՊԸ-ն: Շամոյանը ներդրել է 150,000 դոլար, նույնքան էլ Կարեն եւ Սերգեյ Մարտիրոսյանները:

Կարեն Մարտիրոսյանը պատմեց, որ 2010-ից սկսած՝ մի քանի տարի Շամոյանն ինչ-ինչ պատճառներով նորմալ չի վերահսկել ընկերության գործունեությունը, 2013-ին ժամանակ առ ժամանակ Վրաստանից եկել է Երեւան՝ հաշվարկներ կատարելու, սակայն Սերգեյ Մարտիրոսյանը ամենատարբեր պատճառաբանություններով հետաձգել է դրանց կատարումը:

Մարտիրոսյանը մեր զրույցում ասաց, որ Շամոյանի եկամուտը 2010 թ. 2 միլիոն դոլարից ավելի է եղել, իսկ դրանից հետո ստացված շահույթը չի կարողացել հաշվել, քանի որ Սերգեյն իրեն տվյալներ չի ներկայացրել։

2014-ի գարնանը բեռնատարի վարորդը սովորականի պես կայանել է «Մարսերալ» ՍՊԸ-ին պատկանող տարածքում, բանալիները թողել ընկերության պահակակետում: Սերգեյ Մարտիրոսյանը բեռնատարը տեղափոխել է ընկերության տարածք եւ, ինչպես պնդեց մեր զրուցակից Կարեն Մարտիրոսյանը, հետագայում հրաժարվել այն հանձնել իրեն:

Ֆինանսական այս հարցերի շուրջ առաջացած վեճերի պատճառով, ահա, երեք գործընկերների հարաբերությունները սրվել են, եւ, ինչպես վերեւում նշել ենք, հարուցվել է քրեական գործ, որը կարճվել է:     

Գործի նյութերով պարզվել է, որ 2015 թ. ամռանը Սերգեյ Մարտիրոսյանը Զուրաբին եւ Կարենին հայտնել է, թե չի ցանկանում վերադարձնել նրանց պատկանող գույքը եւ պահանջել է այդ հարցը կարգավորելու համար դիմել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին (արդեն նախկին ոստիկանապետ), քանի որ նա է հանդիսացել իրենց ընկերության գործունեության հովանավորը: Կարեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ Սերգեյ Մարտիրոսյանից պահանջել են հանդիպում Ներսիկ Նազարյանի հետ, սակայն նա հրաժարվել է:

Մեր զրուցակիցը ներկայացրեց, որ ինքն ու Զուրաբ Շամոյանը հեռախոսով կապ են հաստատել Ներսիկ Նազարյանի որդու հետ։ Վերջինս հայտնել է, որ հայրը նշված հարցով չի ցանկանում հանդիպել, եւ ավելին՝ տեղեկացրել է, որ նրանց բիզնեսն արդեն իր հորն է պատկանում, քանի որ իրենք այն նվիրել են Նազարյանին: Մինչդեռ, Կարեն Մարտիրոսյանը մեր զրույցում հարց է հնչեցնում․ ի՞նչ է նշանակում նվիրել են իրեն, երբ ոչ նվիրատվության, ոչ էլ գոնե բիզնեսը վաճառելու փաստաթուղթ առկա չէ։

Կարեն Մարտիրոսյանը պատմեց, որ ինքն ու Զուրաբ Շամոյանը ցուցմունքներ են տվել, որ Ներսիկ Նազարյանին գումարներ են փոխանցել Ա. Շատվորյան ոմն մեկի միջոցով, որն այդ գումարները տվել է Նազարյանի օգնական Սարգսին, որն էլ գումարները տվել է Ներսիկ Նազարյանին:

Սերգեյ Մարտիրոսյանը, սակայն, հերքել է Կարեն Մարտիրոսյանի վերոնշյալ, եւ Զուրաբ Շամոյանի այն ցուցմունքը, թե ինքն ի սկզբանե բիզնեսը խաբեությամբ խլելու նպատակ է ունեցել։

Սերգեյ Մարտիրոսյանը նաեւ հերքել է, թե Ներսիկ Նազարյանը հովանավորել է իրենց բիզնեսը: Քննիչն էլ պարզել է, որ «Մարսերալ» ընկերությունը 2013 եւ 2016 թվականներին տասնյակ մլն դրամների չափով տուգանվել է, հետեւաբար՝ հովանավորչության մասին խոսք լինել չի կարող: Ըստ այդմ՝ քրեական հետապնդում չի իրականացվել:

Գործով տուժող Կարեն Մարտիրոսյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը բողոքներ է ներկայացրել Երեւան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանին՝ մատնանշել քննիչի թույլ տված սխալները, որոնք, նրա պնդմամբ, ազդել են գործի քննության վրա:

Ընդ որում, ինչպես նշեցին, ե՛ւ Կարեն Մարտիրոսյանը, ե՛ւ փաստաբան Գուրգեն Գրիգորյանն այս ողջ ընթացքում Կարեն Մարտիրոսյանն ու Զուրաբ Շամոյանը չեն առերեսվել Ներսես Նազարյանի հետ։

Փաստաբանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ քննիչն ամեն ինչ արել է Ներսիկ Նազարյանի հովանավորչության հանգամանքը հերքելու համար: Ըստ Գրիգորյանի՝ քննիչը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ն. Նազարյանին 2005-2010 թթ. ամեն ամիս հազարավոր դոլարներ են փոխանցվել։

Ինչ վերաբերում է ընկերությանը երկու անգամ տուգանելուն, ապա, ըստ քրեական գործի, Ներսիկ Նազարյանը հովանավորչություն է սկսել կատարել 2005 թ., եւ, Գուրգեն Գրիգորյանի պնդմամբ, ավելի քան 10 տարվա ընթացքում երկու անգամ տուգանելը չի նշանակում, որ հովանավորչություն չի եղել:

Դատախազը մերժել է փաստաբան Գուրգեն Գրիգորյանի բողոքները, ինչից հետո դիմել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ընդհանուր իրավասության դատարանը եւս մերժել է բողոքները, որի դեմ Շամոյանի եւ Կարեն Մարտիրոսյանի կողմից բերվել է Վերաքննիչ բողոք: 

2019 թվականի մայիսի 27-ին Շամոյանը եւ Մարտիրոսյանը հաղորդում են ներկայացրել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով սույն գործով թույլ տված խախտումների, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափության գնահատմանը: Նրանք ակնկալել են, որ իրականցվող քննության արդյունքում կհայտնաբերվեն գործով քննություն իրականացնող անձանց կողմից ապօրինությունները, հնարավոր կլինի նորոգել գործի վարույթը: Հանրային շահի տեսանկյունից, ըստ դիմողների, արդարացված չէ եւ արժանապատիվ չէ հանդուրժել նման գործողությունները, որոնք, դիմողների պնդմամբ, ոչ միայն հանցավոր են, այլեւ ազդում են յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական դրության վրա, քանի որ հովանավորչության ընթացքում դուրս են մնացել ահռելի գումարներ, որոնք ենթակա են վերադարձման ՀՀ պետբյուջե։

Նշենք, որ դիմողները կարծում են, որ առկա պայմաններում ՀՀ ԳԴ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետ Ա․ Հարությունյանի կողմից ԱԱԾ նախկին տնօրենին հասցեագրված «Հաղորդում» վերտառությամբ դիմումին գրությամբ պատասխանելն իրավաչափ չէ։ Նրանք բերում են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ՝ նշելով, որ հանցագործության մասին իրենց հաղորդումը բովանդակում է տեղեկություններ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին։

Մասնավորապես, դիմողների պնդմամբ, հաղորդման մեջ ներկայացված են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ համընկնում են քրեորեն պատժելի գործողությունների (անգործության) հատկանիշներին։ Հետեւաբար, Շամոյանի եւ Մարտիրոսյանի դիմումը հանդիսանում է հանցագործության մասին հաղորդում եւ քրեական գործ հարուցելու առիթ։

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ դիմողները դատարանին խնդրում են վերացնել Ա․ Հարությունյանի 10․06․2019 թվականի գրությունը եւ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել վերացնել դիմողների իրավունքների եւ օրինական շահերի խախտումները։

«Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց կապ հաստատել Ներսես Նազարյանի հետ, սակայն խմբագրությունը պատրաստ է լսել նաեւ այս կողմի տեսակետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3330 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ