Երևան
12 °C
Արա Բաբաջանյանը՝ նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդին, մեզ հյուրընկալեց մոսկովյան այն բնակարանում, որտեղ 1957 թվականից սկսած՝ բնակվել է «Աշխարհի լավագույն կոմպոզիտորը»: Առնո Բաբաջանյանին նման կոչում շնորհվել է 1974 թվականին Տոկիոյում կայացած երաժշտության համաշխարային փառատոնի ժամանակ: Արա Բաբաջանյանը հոր մահվանից ի վեր՝ արդեն 36 տարի շարունակ, զբաղված է մաեստրո Բաբաջանյանի երաժշտական ժառանգության պահպանման և վերաիմաստավորման կարևոր առաքելությամբ: Օրինակները բազմաթիվ են, երբ սովետմիության փլատակների ու մերօրյա տեղեկատվական սրընթաց հոսքերի տակ մնացին և մոռացության մատնվցին շատ ու շատ նշանավոր գործեր ու գործիչներ: Նման հեռանկարից խուսափելու համար էլ Արա Բաբաջանյանը հիմնել և գլխավորում է «Առնո Բաբաջանյանի հիշատակի» հիմնադրամը: Հիմնադրամն իր գործունեության արդյունքում հասցրել է իրագործել բազմաթիվ նախագծեր աշխարհի տարբեր անկյուններում:
Հայաստանում և Ռուսաստանում մի քանի երաժշտական կրթական հաստատություն այսօր կրում են Առնո Բաբաջանյանի անունը, ամեն տարի անցկացվում են կոմպոզիտորի հիշատակին նվիրված համերգներ, մրցույթներ, փառատոններ: 2001 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆերովի նախաձեռնությամբ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան մոլորակ է անվանակոչել Առնո Բաբաջանյանի պատվին: «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռներից մեկն օդ է բարձրանում Բաբաջանյանի անվան ներքո և շուտով՝ Մոսկվայի կառավարության համապատասխան որոշումից հետո, կոմպոզիտորի անունը կկրի մոսկովյան պուրակներից մեկը: ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն անձամբ է աջակցություն ցուցաբերել այդ հարցում: Սակայն, ըստ Արա Բաբաջանյանի, կա մի խնդիր, որը ոչ մի կերպ լուծում չի ստանում երկար տարիներ շարունակ: Խոսքը Երևանում Առնո Բաբաջանյանի անվան թանգարան ստեղծելու մասին է: Ֆոնդի կողմից այդ նախագծի հետ կապված առաջին դիմումը ՀՀ կառավարությանն ու պատկան գերատեսչություններին ուղղվել է 20 տարի առաջ, վերջինը՝ 2019 թվականին: 2021-ին լրանում է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, սակայն դեռևս չկա ոչ միայն թանգարանի ստեղծման հետ կապված հստակ որոշում, այլ նաև հայտնի չէ, թե ծննդավայրում ինչ մասշտաբով և ինչպիսի կարգավիճակով են նշելու նշանավոր կոմպոզիտորի հոբելյանը:
Պարո՛ն Բաբաջանյան, նախանցած տարի, երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր միջոցառում կոմպոզիտորի հիշատակին նվիրված, հանդիսատեսին ներկայացվեց արխիվային հավաքածու, որտեղ առկա էին Առնո Բաբաջաբյանի անձնական իրերը, լուսանկարները, մոմե արձանը և նրա նկարած նկարները: Դուք հայտարարեցիք, որ այդ հավաքածուն նախատեսված է Առնո Բաբաջանյանի թանգարանի համար, որը շուտով բացվելու է Երևանում: Անցել է երկու տարի, սակայն այդ թանգարանը դեռ չկա: Ե՞րբ է այն լինելու, որտե՞ղ է պահվում այդ հավաքածուն այս պահին:
Հավաքածուի մի մասը դեսպանությունում է, իսկ մոմե արձանը, որը մենք պատվիրել էինք Սանկտ-Պետերբուրգում, այս պահին գտնվում է Երևանում: Երբ 2018 թվականին Մոսկվա էր ժամանել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, նա դեսպանությունում ծանոթացավ այդ հավաքածուին և առաջարկեց փոխադրել այն Երևան: Մենք համաձայնվեցինք և Ազգային Ժողովի դահլիճներից մեկում ցուցադրեցինք Բաբաջանյանի արխիվը: Այդ իսկ պատճառով հավաքածուի մի մասը և մոմե արձանը մնացին Երևանում: Ինչ վերաբերում է թանգարանին, 2001 թվականին մենք Երևանում անցկացնում էինք հերթական փառատոնը, և միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել Իոսիֆ Կոբզոնը: Հիշում եմ՝ մենք անցնում էինք Դեմիրճյան փողոցով, և ես պատմեցի Կոբզոնին, որ այդ փողոցում էր գտնվում հայրիկի երևանյան բնակարանը, որը նրա մահից հետո Հայաստանի կոմպոզիտորների միությունը փոխանցեց այլ կոմպոզիտորի, իսկ մյուս հայրական բնակարանը, որտեղ տատիկս էր ապրում՝ Մաշտոցի պողոտայում, առանց իմ գիտության մեր բարեկամներից մեկը վաճառել է տարիներ առաջ: Իոսիֆ Կոբզոնը հենց այդ օրը համերգի ժամանակ ինքնաբուխ կերպով բեմից դիմեց ՀՀ նախագահին՝ հայտարարելով, թե ինքը պատրաստ է ետ գնել Առնո Բաբաջանյանի հայրական բնակարանը՝ այն պայմանով, որ պետությունն այնտեղ կոմպոզիտորին նվիրված թանգարան հիմնի: Այդ դեպքից հետո մեր հիմնադրամի երևանյան մասնաճյուղի տնօրենը մի քանի անգամ կապվեց բնակարանի սեփականատիրոջ հետ, սակայն նրանք, լսելով, որ ինքը Կոբզոնն է պատրաստվում գնել բնակարանը, այնպիսի գին առաջարկեցին, որով ավելի հեշտ կլիներ անշարժ գույք ձեռք բերել Մայամիում, քան Երևանում:
Որոշ ժամանակ անց թանգարանի հետ կապված խնդրով մենք դիմեցինք Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին, որը, մեզ ընդառաջ գալով, տարածք հատկացրեց Փարաջանովի թանգարանի հարևանությամբ, սակայն երբ մենք գնացինք նշված հասցեով, պարզվեց, որ մեզ տրամադրված տարածքն իրականում գոյություն ունի միայն թղթի վրա: Ռոբերտ Նազարյանին փոխարինելու եկավ Երվանդ Զախարյանը, և համարյա նույնատիպ պատմություն տեղի ունեցավ նրա օրոք: Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած ընդունելություններից մեկի ժամանակ մենք թանգարանի հետ կապված խնդիրի մասին հաղորդեցինք նրան: Նախագահը լսեց մեզ, սակայն հարցը դրանով էլ սահմանափակվեց:
Այդ ամենից հետո «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի» տնօրեն Գագիկ Մանասյանն առաջարկեց թանգարանի համար տարածք հատկացնել Ֆիլհարմոնյայի փոքր դահլիճում, որը հենց կրում է Առնո Բաբաջանյանի անունը: Մեր կողմից առարկություն չկա, սակայն այդ տարածքում թանգարան հիմնելու համար ՀՀ մշակույթի նախարարության կողմից անհրաժեշտ է համապատասխան որոշում: Նման թույլտվություն ստանալու համար մենք պաշտոնական նամակներով դիմել ենք և՛ ՀՀ մշակույթի նախարությանը, և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, ցավոք սրտի, փաստն այն է, որ հարցը մինչ այս պահը կախված է օդում: Նպատակ ունենալով շրջանցել այդ ամբողջ բյուրոկրատական քաշքշուկը՝ մենք դեռ հինգ ամիս առաջ նամակ ենք ուղղել պարոն վարչապետին՝ խնդրանքով ընդունելություն նշանակել և լսել մեզ հոբելյանական տարվա նախագծերի և թանգարանի հետ կապված, սակայն դեռ անհամբերությամբ սպասում ենք այդ նամակի պատասխանին:

Ամբողջ պաշտոնական այդ նամակագրությունը պատկան մարմինների հետ մեր ձեռքի տակ է, և մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում այն ներկայացնել: Սկզբում՝ դեռ երկու տարի առաջ, ՀՀ մշակույթի նախարարությունից մեզ հայտնեցին, որ թանգարանի կոնցեպտի և նախահաշվի առկայության դեպքում իրենք պատրաստ են աջակցել նախագծի իրագործմանը, հետագայում 26.06.2019 ամսաթվով մեզ ուղղարկված պատասխանում նշված է, որ ներկա պահին նախարարության օրակարգում նոր թանգարաններ ստեղծելու հարց չկա, սակայն եթե Բաբաջանյանի ընտանիքը պատրաստ է ֆինանսավորել նախագիծը, ապա նախարարությունը պատրաստ է հանդես գալ խորհրդատվական օգնությամբ: Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում՝ ի՞նչ նկատի ունի նախարարությունը՝ «խորհրդատվական օգնություն» ասելով, ինչո՞ւ է շեշտադրում հարցի ֆինանսական կողմը: Սկզբի համար նախ անհրաժեշտ է կայացնել որոշում և տալ համապատասխան կարգավիճակ այդ թանգարանին: Հավատացեք՝ արխիվային այն հավաքածուն, որը տեղ է գտնելու թանգարանում, ավելի արժեքավոր է, քան մեկ-երկու թանգարանային աշխատողին վարձատրելը: Հիմնադրամը և մեր բարեկամները պատրաստ են ինքնուրույն կազմակերպել մնացյալ հարցերը, այդ թվում՝ տեխնիկական: «Ռուսաստանի հայերի Ասսամբլեան», օրինակ, խոստացել է իր կողմից ներդնել «Թանգարանային գիդ» էլեկտրոնային ծրագիրը, որն այսօր գործում է բոլոր ժամանակակից թանգարաններում:
Անկեղծ ասած՝ այս իրավիճակը, երբ Առնո Բաբաջանյանի երևանյան թանգարանի ստեղծման հարցը արդեն չորս տասնամյակ մնում է չլուծված, մի փոքր վիրավորական է: Իսկ ի՞նչ ճակատագիրի կարժանանա նրա արխիվն ինձնից հետո: Այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ եթե Երևանում, չեմ կարող ասել օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, նման կերպ են մոտենում խնդրին, դիմել ՌԴ մշակույթի նախարարություն: Այս տարվա փետրվարի հինգին մենք նամակ գրեցինք նախարար Օլգա Լյուբիմովային, և արդեն մարտի չորսին մեզ ընդունեց Գլինկայի անվան «Ռուսաստանի ազգային թանգարանի» տնօրենը: Մենք պայմանավորվեցինք, որ 2021 թվականի հունվարի 21-ին՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100 ամյակի օրը, Գլինկայի անվան թանգարանում կբացվի մշտապես գործող ցուցադրություն՝ նվիրված Առնո Բաբաջանյանին:
Այո՛, 2021 թվականը հոբելյանական տարի է մեծանուն կոմպոզիտորի համար՝ նրա ծննդյան 100 ամյակն է: Ասացեք, խնդրեմ, ինչպիսի՞ տոնական միջոցառումներ են նախատեսվում անցկացնել Ռուսաստանում և Հայաստանում այդ տարվա շրջանակներում:
Ռուսաստանում նախատեսված միջոցառումների առումով մենք արդեն ունենք նախագծեր և կազմված գրաֆիկ: Դրանք տեղի կունենան այս տարվա երկրորդ կեսին, որպեսզի մենք հասցնենք նկարահանել և պատրաստել նյութը 2021 թվականի հեռուստաեթերի համար: Հոկտեմբերին «Մոսկվայի երաժշտության տանը», իսկ դեկտեմբերին «Կրեմլովյան պալատում» կանցկացվեն տոնական խոշոր համերգային ծրագրեր՝ էստրադայի հայտնի արտիստների մասնակցությամբ:
Թվարկեցիք Ռուսաստանում տեղի ունեցող ծրագրերը, իսկ Հայաստանում ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսված հոբելյանական տարվա հետ կապված:
Հայաստանի մասով դեռ ոչինչ ասել չեմ կարող: Կարծում եմ, որ այնպիսի նշանավոր մշակութային գործչի հոբելյանը, ինչպիսին Առնո Բաբաջանյանն է, հայրենիքում պետք է անցկացվի պետական հովանու ներքո, սակայն այդ առումով ես ոչ մի տեղեկություն դեռևս չունեմ:
Դուք արդեն երկար տարիներ գլխավորում եք «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը»: Ի՞նչ ծրագրեր է հասցրել իրականացնել հիմնադրամն այս ընթացքում, ի՞նչ կարևոր նախագծեր կան, որ դեռ պետք է իրականացնեք առաջիկայում:
Մենք շատ բան ենք հասցրել անել: 1991 թվականից սկսած՝ Մոսկվայի Պետական Ֆիլհարմոնյայի մեծ դահլիճում անցկացրել ենք մի քանի պատանեկան երաժշտական փառատոներ, որոնց արդյունքում շնորհալի պատանիներին հատկացրել ենք կրթաթոշակ: «Россия» երաժշտական դահլիճում կազմակերպեցինք մեծ միջոցառում և այնտեղի աստղային ճեմուղում տեղադրեցինք Առնո Բաբաջանյանի անունը կրող աստղ: Ֆրանսիայում, Շվեդիայում և Չինաստանում կազմակերպեցինք հայ և ռուս նկարիչների ցուցահանդես, տպագրեցինք և թողարկեցինք այդ ցուցահանդեսին ներկայացված նկարների կատալոգը: Երկու տարի շարունակ Հայաստանում և Ռուսաստանում մեծ հաջողությամբ անցկացրել ենք ռազմահայրենասիրական միջազգային փառատոն՝ «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» խորագրով, որին մասնակցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմական նվագախումբը: Ի դեպ, այս տարի, երբ նշվելու է Մեծ Հաղթանակի 75-ամյակը, մենք մտադիր ենք այդ առթիվ մեկ անգամ ևս անցկացնել միջոցառումը Հայաստանում, դիմել ենք ՀՀ նախագահին, քանի որ նման փառատոների անցկացման համար պահանջվում է պետական կարգավիճակ, սակայն կրկին լռություն է:
Պարո՛ն Բաբաջանյան, մի քանի տարի առաջ Ձեր հարցազրույցներից մեկում նշեցիք, որ երաժշտության մեջ չպետք է լինի քաղաքականություն: Դուք, իհարկե, հետևում եք ժամանակակից աշխարհում կատարվող իրադարձություններին և համոզվում, որ պարբերաբար քաղքականացվում են և՛ երաժշտությունը, և՛ սպորտը, և՛ մշակույթը լայն առումով: Ինչ եք կարծում՝ եթե Առնո Բաբաջանյանը, Ռոբերտ Ռոժդեստվենսկին և Մուսլիմ Մագոմաևը հանդիպեին միմյանց մեր օրերում կկարողանայի՞ն կազմել այն հրաշալի եռյակը, որը նման լեգենդար ժառանգություն թողեց:
Մուսլիմ Մագոմաևն աշխարհի մարդ էր: Նրա նվագախմբում աշխատում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր: Սակայն երբ 1996 թվականին, իսկ ավելի ուշ՝ 2001-ին ես հրավիրեցի նրան Առնո Բաբաջանյանին նվիրված համերգին, նա զանգահարեց ինձ և ասաց. «Արա՛, դու հրաշալի գիտես, թե ես ինչպես եմ վերաբերում Առնոյի հիշատակին, բայց ինքդ էլ քաջ տեղյակ ես՝ հիմա այնպիսի ժամանկներ են, որ մերոնք ինձ ճիշտ չեն հասկանա, եթե ես գամ»: Չնայած տարիներ առաջ երբ «Россия» հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ էր նկարում հորս մասին, ֆիլմի ռեժիսորը շատ էր ցանկանում, որ Մագոմաևը հարցազրույց տա այդ ֆիլմում, և ի զարմանս ինձ՝ նա համաձայնել էր ու պատմել Բաբաջանյան, Մագոմաև և Ռոժդեստվենսկի «հաղթական եռյակի» մասին, որը նման նշանավոր հետք թողեց երաժշտական աշխարհում:
«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը, որտեղ Դուք գլխավոր դերում եք, աննախադեպ հաջողություն ունեցավ, և Դուք, ժամանակակից լեզվով ասած, այդ ֆիլմից հետո ժամանակվա սեքս-խորհրդանիշը դարձաք: Ինչո՞ւ չշարունակեցիք դերասանական կարիերան:
Ես ավելի շատ աշխատում էի էստրադայում, բացի այդ, կինոյից նման հետաքրքիր առաջարկներ կարծես թե չեղան: Հետո էստրադան էլ թողեցի, քանի որ մայրս հիվանդ էր, իսկ հայրիկը արդեն չկար: Հյուրախաղերի գնալ ես այլևս չէի կարող: Որոշեցի զբաղվել մանկավարժական գործունեությամբ և հիմնադրամի ղեկավարությամբ:
Որպես ամփոփում՝ պատմեք, խնդրեմ, այն հայտնի լուսանկարի մասին, որտեղ Առնո Բաբաջանյանը Սևանի ափին է Մայա Պլեսեցկայայի հետ:
Մենք հայրիկի հետ հանգստանում էինք Դիլիջանում: Կարծեմ 1966 թվականն էր: Մեզ հետ հանգստանում էին նաև Ալեքսանդրա Պախմուտովան ամուսնու՝ Նիկոլայ Դոբրոնրավովի հետ և Մայա Պլեսեցկայան Շեդրինի հետ: Հայրս որոշեց, որ պետք է նրանց Սևան տանի իր «Վոլգայով»: Պլեսեցկայայի ամուսինը՝ Ռոդիոն Շեդրինեը, մոլի ձկնորս էր: Նա այդ ժամանակ Նորվեգիայից ինչ-որ յուրահատուկ ձկնորսական կարթեր էր գնել և վերցնելով դրանք իր հետ՝ հայտարարեց, թե պատրաստվում է որսալ Սևանի ամբողջ Իշխանը: Նստեց ափին այդ կարթերով մի քանի ժամ ու ոչ մի ձուկ չկարողացավ որսալ, իսկ կողքով անցնում էին երեխաներ՝ դույլերի մեջ լիքը ձուկ: Նրան բացատրեցին, որ Սևանում ձուկ բռնելու համար ոչ թե պետք է ափին նստել, այլ նավակով լողալ մինչև լճի մեջտեղը: Շեդրինը շատ սրտնեղեց, իսկ հայրս հանգստացնում էր նրան, թե մի մտածիր՝ հիմա ձուկ կգնենք ու բոլորին կպատմենք, թե դու ես որսացել: Հենց այդ օրն էլ արված է այդ լուսանկարը:
Հ. Գ. Երբ հարցազրույցը պատրաստ էր հրապարակման, մենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատասխան ստացանք մեր հարցմանն առ այն, թե ստեղծվե՞լ է արդյոք Առնո Բաբաջանյանի 100 ամյակին նվիրված միջոցառումների կառավարական հանձնաժողով, և առկա՞ է արդյոք նախարարության օրակարգում կոմպոզիտորի անվան թանգարանի ստեղծման հարցը: Գերատեսչությունն իր պատասխանում նշել է, որ Առնո Բաբաջանյանի 100-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով դեռ չի ստեղծվել, իսկ ինչ վերաբերում է թանգարան հիմնելու հարցին, «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ վերջինիս կտրամադրվի «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի մի հատվածը, որտեղ կարող են հիմնել թանգարան, իսկ հաստիքները կհամալրվեն ՊՈԱԿ-ի հաստիքներից: Նախարարությունը հայտնել է նաև իր պատրաստակամությունը թանգարանի կազմակերպմանը մասնագիտական և մեթոդական աջակցություն ցուցաբերելու հարցում: Մենք կապ հաստատեցինք հիմնադրամի պրոդյուսեր Արմեն Սարգսյանցի հետ, որը փոխանցեց, որ թանգարանի ստեղծման և կարգավիճակի մասին նախարարությունը պաշտոնական որոշում չի կայացրել, և առանց նմանատիպ որոշման անհնար է իրականացնել որևէ գործողություն:

Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ
Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է
ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից
Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է
16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել
Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը
Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել
Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT