Երևան
12 °C
Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունից ՀԺ-ին տրամադրված պարզաբանման մեջ մանրամասնվում էր այն մեթոդը, որով իշխանությունները մտադիր են լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը: Ըստ այդմ՝ առաջիկայում հնարավոր է՝ ՍԴ անդամի կարգավիճակից հեռացվեն այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 եւ ավելի տարիներ:
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների կենսագրությունները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նման կարգավորման պարագայում պաշտոնից կհեռանան նրանցից 3-ը:
Ալվինա Գյուլումյան- Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ է նշանակվել դեռ 1996 թվականից, պաշտոնավարել՝ մինչեւ 2003 թվականը, այուհետեւ՝ 2014-ից, նա կրկին նշանակվել է դատարանի անդամ: Ստացվում է, որ Գյուլումյանը այս պաշտոնին է արդեն 13 տարի: Ուստի, չնայած որ նա երկրորդ ժամկետում պաշտոնավարել է 6 տարի, սակայն հեռացող դատավորներից մեկը կլինի նա, որովհետեւ Սահմանադրության 7-րդ գլխում ասվում է, որ ՍԴ անդամը պաշտոնավարում է 12 տարի՝ չտարանջատելով՝ այդ տարիները մե՞կ նշանակման արդյունք են, թե՞ երկու:
Հրանտ Նազարյան- Նազարյանը ՀՀ նախագահի հրամանագրով ՍԴ անդամ է 1996 թվականի փետրվարի 5-ից, այսինքն՝ նա արդեն այս պաշտոնին է 24 տարի եւ կարող է լինել երկրորդ հեռացողը:
Ֆելիքս Թոխյան- ՍԴ անդամ է նշանակվել 1997 թ. սեպտեմբերի 23-ին։ Այս պաշտոնին է արդեն 23 տարի: Նա կարող է դառնալ երրորդ հեռացողը:
Ահա, նման սցենարի պարագայում ՍԴ գործող կազմում կմնա 6 անձ՝ Աշոտ Խաչատրյանը (նշանակվել է 2010-ին եւ դեռ 2 տարի ունի), Արեւիկ Պետրոսյանը (նույնպես 2010-ին է նշանակվել եւ 2 տարի ունի պաշտոնավարելու), Հրայր Թովմասյանը (պաշտոնավարում է 2018-ից), Արայիկ Թունյանը (նշանակվել է 2014-ին եւ դեռ 6 տարի ունի պաշտոնավարելու), Արման Դիլանյանը (պաշտոնավարում է 2018 թ. սեպտեմբերի 13-ից), Վահե Գրիգորյանը (2019 թ. հունիսի 18-ից):
Ինչպես հայտնի է, գործող Սահմանադրության հեղինակները անցումային դրույթներում ամրագրել են, որ 12 տարվա սահմանափակումը վերաբերի միայն 2018-ից հետո նշանակվածներին: Մյուսների պաշտոնավարման ժամկետը մինչ թոշակի անցնելն է:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը մեր զրույցում պարզաբանել է, թե վերը նշված տարբերակը իրականացնելու պարագայում ովքե՞ր եւ ի՞նչ մեխանիզմով են փոխարինելու ՍԴ հեռացված անդամներին:
- Պարո՛ն Հովակիմյան, արդարադատության նախարարությունը երեկ մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցերը վերաբերում են Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման մեխանիզմին: Մեխանիզմը, որքան հասկացանք, հետեւյալն է. այն դատավորները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել, հեռանում են, ՍԴ անդամներն իրենց կազմից նոր նախագահ են ընտրում: Ինչպե՞ս է տեղի ունենալու այդ հեռացումը, եթե այս ճանապարհով գնաք: Ո՞վ է նրանց հեռացնում:
- Դա պետք է տեղի ունենա Սահմանադրության փոփոխությամբ: Տվյալ դեպքում Սահմանադրական փոփոխությամբ ՍԴ ներկայիս կառուցվածքը դարձվելու է համահունչ գործող Սահմանադրության 7-րդ գլխին, այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանում երկու տեսակի անդամներ եւ դատավորներ չպետք է լինեն: 7-րդ գլուխը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանի դատավորը պաշտոնավարում է 12 տարի. դա նշանակում է, որ բոլոր դատավորներն ու անդամները պաշտոնավարում են 12 տարի: Եթե այս պահին կան 12 եւ ավելի տարի պաշտոնավարող անդամներ կամ դատավորներ, Սահմանադրական փոփոխություններով առաջարկվելու է, որ նրանց լիազորությունները դադարեցվեն:
- Սահմանադրական փոփոխությունը տեղի է ունենալու Ազգային ժողովո՞ւմ:
- Այո՛, այս նախաձեռնության, այս գործընթացի ողջ իմաստն այն է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը, այն է՝ ՍԴ կառուցվածքը Սահմանադրության 7-րդ գլխին համահունչ դարձնելը, իրականացնի Ազգային ժողովը, ոչ թե՝ հանրաքվեով:
- Այս պարագայում ովքե՞ր կհեռանան:
- Քանի որ մեզ համար խնդիրը անձնավորված չէ, ես ձեռնպահ կմնամ անուններ տալուց: Երբ որ կլինի այս փոփոխությունը, երբ որ ուժի մեջ կմտնի, այդ ժամանակ մենք կարող ենք նայել, տեսնել, թե որ անդամները կամ դատավորներն են այս կարգավորման արդյունքում լիազորությունները դադարեցնում. դա ակնհայտ կլինի, երբ որ փաստաթուղթը ընդունվի:
- Նրանց փոխարինումն ինչպե՞ս տեղի կունենա: Մեթոդը ո՞րն է լինելու:
- Ազգային ժողովի կանոնակարգով եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ նոր դատավորներ պետք է ընտրվեն: Տվյալ դեպքում այն մարմինները, որոնք որ առաջադրում են դատավորներ, այն է՝ կառավարություն, Դատավորների ընդհանուր ժողով եւ ՀՀ նախագահ, թափուր տեղերի համար իրենց թեկնածուներին կառաջադրեն, եւ խորհրդարանը նոր դատավորներ կընտրի:
- Այս պարագայում, եթե ընդունենք, որ հեռանալու է 2, 3 դատավոր, ո՞ր մարմիններին է բաժին ընկնում դատավորի թեկնածու առաջադրելու լիազորությունը:
-Այս պահին դատավորի թեկնածու առաջադրելու հերթը կառավարությանն է: Ստացվում է այսպես. քանի որ առաջին հերթում կառավարությունն է, առաջինին կառաջադրի կառավարությունը, երկրորդին, եթե չեմ սխալվում, ՀՀ նախագահը, երրորդին՝ Դատավորների ընդհանուր ժողովը, եւ այսպես շարունակ:
- Ի՞նչ կլինի Հրայր Թովմասյանի ճակատագիրը, նա կարո՞ղ է մնալ ՍԴ անդամ:
- Ըստ էության՝ ՍԴ անդամ կարող է մնալ, բայց ՍԴ նախագահ՝ ոչ, որովհետեւ Սահմանադրության 7-րդ գլուխը սահմանում է, որ ՍԴ նախագահին ընտրի Սահմանադրական դատարանը: Տվյալ դեպքում Հրայր Թովմասյանը կարող է մնալ Սահմանադրական դատարանի անդամ, բայց դատարանի նոր նախագահ պետք է ընտրի Սահմանադրական դատարանը դատավորների կազմից, 6 տարի ժամկետով:
- Իսկ բացառո՞ւմ եք, որ ՍԴ անդամները նրան նորից կընտրեն ՍԴ նախագահ:
- Եթե այդ կարգավորումը ընդունվի, ուժի մեջ մտնի, դա արդեն Սահմանադրական դատարանի դատավորների իրավասությունն է՝ իրենց ցանկությամբ ընտրել ՍԴ նախագահ: Ում կընտրեն՝ նա էլ կդառնա:
- Նկատի ունեմ՝ հաշվարկե՞լ եք՝ 12 տարի պաշտոնավարած անդամների հեռանալուց հետո ՍԴ-ում նրա թիմակիցներ համարվող դատավոր-անդամները կգերակշռե՞ն, թե՞ ոչ:
- Մեր կարգավորումները անձերի դեմ չեն ուղղված, մեր կարգավորումները անձնավորված չեն: Մենք ընդամենը ցանկանում ենք, որ Սահմանադրական դատարանը լինի այնպիսին, ինչպես նախատեսված է Սահմանադրության 7-րդ գլխում, այսինքն՝ մեր խնդիրը յուրայինների եւ ոչ յուրայինների տարանջատումը չէ:
- Պարո՛ն Հովակիմյան, արդարադատության նախարարությունից երեկ տեղեկացանք, որ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված հարցերի մեջ ներառված է նաեւ հանրաքվեն չեղարկելու հարցը: Ի՞նչ տարբերակ եք առաջարկում հանրաքվեն չեղարկելու համար, որովհետեւ Հանրաքվեի մասին օրենքով այդպիսի տարբերակ չի նախատեսվում, արտակարգ դրությունից հետո եռօրյա ժամկետում այն նորից նշանակվում է:
- Ընդհանրապես Հանրաքվեի մասին օրենքով արտակարգ դրության հետեւանքով չանցկացված հանրաքվեի ճակատագրի հարցը բաց է: Եթե նայեք Հանրաքվեի մասին օրենքը, ընդամենը մեկ ամրագրում կա, որ ռազմական եւ արտակարգ դրության վերացումից հետո նշանակվում է հանրաքվե ոչ շուտ 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո, այսինքն՝ ինչ է տեղի ունենում արտակարգ դրության պատճատով չկայացած հանրաքվեի հետ՝ հստակ չէ: Ներկայումս իմ մշակած նախագիծն է դրված շրջանառության մեջ, որով այս խնդիրը կարգավորվում է: Առաջիկայում օրինագծի լրամշակված, կառավարության գործընկերների, փորձագետների, համազեկուցող Աննա Կարապետյանի հետ միասին ամբողջացված նախագիծը կքննարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում եւ կընդգրկվի առաջիկա նիստերի օրակարգ, եթե հանձնաժողովը դրական եզրակացություն տա:
- Ի՞նչ է նախատեսում այն:
- Ուղղակի կարող եմ ասել, որ ամբողջությամբ խնդիրը կարգավորում է: Օրենսդրությամբ, ըստ էության, չի բացառվում հանրաքվեն չեղարկելու տարբերակը կամ եթե չի չեղարկվում, հանրաքվեն արտակարգ դրությունից հետո վերսկսելու գործընթացը: Իմ առաջարկով դետալային կարգավորումներ են տրվում, որպեսզի հստակ լինի, թե որ դեպքում ինչ գործընթացներ են տեղի ունենում:
- Եթե Վենետիկի հանձնաժողովը բացասական եզրակացություն տա ՍԴ ճգնաժամի լուծման՝ ներկայացված տարբերակի վերաբերյալ, այլ տարբերակ մշակվե՞լ է:
- Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական եզրակացություն տվող փորձագիտական մարմին է եւ խնդրի լուծման իր մոտեցումներն է ներկայացնում, ասում է՝ այս խնդիրը, իմ կարծիքով, լուծվում է այսպես: Եթե նախագծով որեւէ լուծում է նշված, ասում են՝ այս լուծումը լավը չէ, պետք է այսպես լուծել: Հանձնաժողովը իմպերատիվ ուժ չունի, ընդամենը օրենսդրության բարելավման նպատակով խորհրդատվություն է տրամադրում իրենց դիմած երկրներին: Տվյալ դեպքում իրենք կտան խորհրդատվությունը, մենք, ըստ այդմ, կհասկանանք՝ մեր հետագա գործողությունները ինչպիսին պետք է լինեն:
- Այսինքն՝ անկախ հանձնաժողովի կարծիքից, այս տարբերակը կիրականացվի՞:
- Ո՛չ, ո՛չ: Երբ որ մենք ունենանք նրանց կարծիքը, կհասկանանք՝ որը կարող ենք կիրառել, որը՝ չենք կարող: Եթե դիմում ես որեւէ մեկին եւ կարծիք ու խորհրդատվություն ես ակնկալում, նշանակում է՝ այն քեզ համար նշանակություն ունի, այսինքն՝ հետո այդ կարծիքը չես դնելու մի կողմ, հաշվի չառնես: Ես ուղղակի ցանկանում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը չընկալվի որպես իմպերատիվ մարմին: Վենետիկը վերադաս չէ մեզ համար, Հայաստանի օրենսդրությունը ընդունում է խորհրդարանը:
- Այս պարագայում մինչեւ ե՞րբ լուծված կլինի խնդիրը:
- Ես չսխալվելու համար ժամկետներ չեմ նշի, գործընթացը գնում է իր հունով, երբ որ բոլոր փաստաթղթերը լինեն, հաջորդ քայլը կարվի:
Հիշեցնենք, որ գործող Սահմանադրությամբ ամրագրված է՝ ՍԴ դատավորները պաշտոնավարում են 12 տարի, նախագահն ու փոխնախագահը՝ 6: Գործող Սահմանադրության հեղինակները, որոնցից մեկն էլ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանն է, Սահմանադրության անցումային դրույթներով այս ամենը վերապահել են միայն 2018-ի ապրիլի 9-ից հետո ընտրված դատավորներին: Նրանք են Վահե Գրիգորյանը եւ Արման Դիլանյանը, իսկ մինչ այդ նշանակված ՍԴ անդամները պաշտոնավարելու են մինչ թոշակի անցնելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT