«Չեմ ասել, թե սխալվել եմ. սա Շվեդիայի համար առավել հարմար ուղի է». Թեգնելը հերքել է սկանդալային լուրերը

Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելը երեկ կարճ հարցազրույց էր տվել տեղական ռադիոկայաններից մեկին, որով գրավել էր ողջ աշխարհի ուշադրությունը: Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ողջ աշխարհը գնացել է մեղմ կամ խիստ սահմանափակումների ճանապարհով, Շվեդիան և Բելառուսը՝ մեկ այլ՝ հրաժարվելով սահմանափակումներից, և այս ողջ ընթացքում անդադար փորձ է արվում հասկանալ, թե որ ուղին է ավելի ճիշտ, ավելի արդյունավետ, պակաս մահաբեր:

Եվ երեկ Թեգնելի խոսքերը լրագրողները մեկնաբանել էին որպես կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության թույլ տված սխալների ընդունում:

Անցած մի քանի օրերին Շվեդիայում COVID-19-ից մահացության ցուցանիշն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաբարձրն էր: Սա եւս մեկ առիթ էր՝ քննադատելու Թեգնելի դիրքորոշումը պաշտպանող և սահմանափակումների չդիմող իշխանություններին:

Անդերս Թեգնելն իսկապես լրագրողներին ասել էր, որ «երևի ինչ-որ բան հնարավոր էր այլ կերպ անել», բայց սա առաջին անգամը չէր, որ նա նման հայտարարություն էր անում՝ ծայրաստիճան զգուշորեն ընտրելով ձևակերպումները: Եվ, ամեն դեպքում, առաջատար լրատվամիջոցները ողջ աշխարհում արագորեն տարածեցին, թե սահմափակումների ընդդիմախոսը ներողություն է խնդրում և ընդունում, որ սխալվել է:

Ի՞նչ էր իրականում ասել Թեգնելը

Դեռ ամիսներ առաջ նա «ոչ» էր ասել կարանտինային ռեժիմին և դրա համար ներողություն չի խնդրել:

Լրագրողի հարցերին ի պատասխան՝ նա նշել է, որ երկիրն արդեն շատ մարդկանց է կորցրել կորոնավիրուսի դեմ պայքարում: Նույնիսկ խոստովանել է, որ եթե ի սկզբանե քաղաքական գործիչները և գիտնականներն ունենային հիվանդության բնույթի մասին այն տեղեկատվությունը, որ ունեն հիմա, երկիրը հավանաբար կարող էր այլ ճանապարհ ընտրել:

Նա ասել է, որ Շվեդիայում որոշակի ներուժ կա՝ ձեռնարկված միջոցներն առավել արդյունավետ դարձնելու, սակայն չի հստակեցրել, թե ինչ ուղղությամբ կարելի է ճշգրտել ռազմավարությունը, իսկ հարցազրույցից մի քանի ժամ անց տեսնելով՝ ինչպես է իր խոսքն ընկալվում՝ հայտարարել է, որ ներկայիս մոտեցումը համարում է երկրի համար առավել հարմար:

Նա խնդրել է իր նախորդ հայտարարությունը չընդունել որպես գործող ռազմավարության մերժում: Շվեդիայի գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ դեռ վաղ է եզրակացություններ անել այն մասին, թե արդյոք ճիշտ էին սահմանափակումների կողմնակից երկրները. «Անցյալ երեք-չորս ամիսների ընթացքում մենք հասկացանք, որ այս հիվանդությունը ամենայն հավանականությամբ կսկսի նորից տարածվել»:

Նշենք, որ Թեգնելը նախկինում էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի երաշխավորում իր ընտրած ուղղության բացառիկ եւ բացարձակ ճիշտ լինելը:

Իրավիճակը Շվեդիայում

Մոտ 10 միլիոն բնակիչ ունեցող Շվեդիայում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 40 հազար հոգու մոտ, 4.5 հազարը մահացել է:

Համեմատության համար նշենք, որ հարևան Դանիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում, որտեղ հայտարարվել է սահմանափակումների մասին, այս պահին մահվան դեպքերը շատ ավելի քիչ են. Դանիայում՝ 580 մարդ, Նորվեգիայում՝ 237, Ֆինլանդիայում՝ 321 մարդ: Շվեդիայում միայն երեկ կորոնավիրուսից մահացել է 74 մարդ:

Թեգնելը սխալ է

Շատ գիտնականներ պնդում են՝ ռազմավարությունը պարբերաբար վերանայել է պետք: Շվեդիայի Լունդ համալսարանի գենետիկայի և մոլեկուլային համաճարակաբանության ամբիոնի վարիչ Փոլ Ֆրենքսը վստահ է, որ առողջապահության նախարարությունը պետք է որոշումներ կայացնի՝ հիմնվելով բոլոր մատչելի տվյալների վրա. «Պետք է տեղեկատվության տարբեր աղբյուրներից վերցնել առավելագույնը և որոշումներ կայացնել դրանց հիման վրա»,- նշել է նա:

«Դուք երբեք չեք կարող լիովին վստահ լինել, որ ճիշտ որոշում եք ընդունել,- ասել է Օքսֆորդի համալսարանի համաճարակաբան Թոմ Ջեֆերսոնը BBC-ին: - Միայն Աստված գիտի ամեն ինչ, իսկ մենք Աստված չենք: Մենք ունենք տարբեր տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք որոշումներ կայացնել: Հարկ է հիշել, որ գիտելիքն ու ինֆորմացիան վերջնական, ամբողջական չեն: Դրանք զարգանում են, ուստի արժե վերանայել մեր որոշումները, երբ մենք ստանում ենք նոր տեղեկատվություն»:

Հիշեցնենք, որ մարտի կեսերին Եվրոպայում գործում էր համաճարակի դեմ պայքարի երկու ռազմավարություն՝ ֆրանսիական խիստ կարանտինով և բրիտանական՝ քաղաքացիների խոցելի խմբերի մասնակի մեկուսացումով և հենվելով հանրային իմունային պատնեշի ձևավորման վրա: Ժամանակի ընթացքում Մեծ Բրիտանիան փոխեց իր մոտեցումը, բայց Շվեդիան շարունակեց իր սցենարով. երկիրը չէր սահմանափակում մարդկանց տեղաշարժը, բաց էին դպրոցներն ու մանկապարտեզները, և մարդկանց թույլատրվել էր հավաքվել մինչև 50 հոգանոց խմբերով: Մնացած բոլոր միջոցառումները բնույթով միայն խորհրդատվական էին: Անդերս Թենգելն ամենակարևորը համարում էր հանրային իմունային պատնեշի ձևավորումը:

Ապրիլին նա կանխատեսում էր, որ մինչև մայիս Ստոկհոլմի բնակիչների մոտ կզարգանա դիմադրողականություն վիրուսի դեմ, սակայն մայիսի սկզբին մայրաքաղաքի բնակիչները չունեին դա: Եվ Ստոկհոլմի համալսարանը մաթեմատիկական հաշվարկների հիման վրա ներդրեց նոր մոդել, համաձայն որի՝ հունիսին պետք է որ զարգանա այդ պատնեշը:

Մոդելի հեղինակ Թիմ Բրիթոնն իր հաշվարկները բխեցրել է այն փաստից, որ նպատակակետը հասանելի կլինի, երբ բնակչության մոտավորապես 40-45%-ը հիվանդացած լինի կորոնավիրուսով: Ֆրանսիայի Փաստերի ինստիտուտի հետազոտողների հավաստմամբ՝ դա հասանելի կդառնա բնակչության 65%-ի հիվանդանալու դեպքում:

Նշենք, որ մայիսի կեսերին Ֆրանսիայում այդ վարակվածության ցուցանիշը կազմել է 4,4%, Ստոկհոլմում՝ 7,3%:

Անդրադառնալով այս թվերին՝ Թեգնելը նշել է, որ տոկոսը սպասվածից փոքր-ինչ ցածր է, բայց ենթադրել է, որ ուսումնասիրությունը հիմնված է ավելի հին տվյալների վրա և համոզմունք հայտնել, որ մինչև մայիսի 21-ը մայրաքաղաքի բնակչության 20%-ը եղել է վարակակիր:

Շվեդական մոդելը քննադատելու ևս մեկ պատճառ է այն, որ վարակը ծանր հարվածներ է հասցնում տարեցների խնամքի կենտրոններին. կորոնավիրուսի զոհերի մոտ կեսն այս երկրում տարեցներ են, որ ապրում էին ծերանոցներում: Միայն հետաքննող լրագրողների՝ այս մասին բարձրաձայնելուց հետո Շվեդիայի իշխանությունները սահմանափակեցին այդ հաստատություններ մուտք ու ելքի հնարավորությունը:

Նաև Շվեդիան չկարողացավ հասնել իր նպատակին՝ շաբաթական 100 հազար թեստի ցուցանիշին, ինչպես ակնկալում էր կառավարությունը: Այն երեք-չորս անգամ ավելի փոքր է:

Թեգնելը ճիշտ է

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ շվեդների 51%-ն աջակցում է կառավարությանը և ձեռնարկված միջոցները համարում համարժեք իրավիճակին: Հարցվածների 31%-ը իշխանությունների գործողությունները համարում է անբավարար համոզիչ, մնացածը տվել է չեզոք գնահատական: Ի դեպ, Թեգնելի ռազմավարությունը ճիշտ է համարել տարեցների 61%-ը, երիտասարդների՝ 40%-ը:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների կառավարման տնօրեն Մայք Ռայանը նույնպես բարձր է գնահատել Շվեդիայի ջանքերն ու երկրի ռազմավարությունը: «Կա կարծիք, որ Շվեդիան ընդհանրապես որևէ միջոցառում չի ձեռնարկել և պարզապես թույլ է տվել, որ հիվանդությունը տարածվի: Դա անսահման հեռու է ճշմարտությունից»,- ասել է Ռայանը:

Ավելին՝ ԱՀԿ փորձագետը նշել է, որ Շվեդիան կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար, որ ցանկանում են դուրս գալ կարանտինից. «Երկրի իշխանություններն ապավինել են քաղաքացիների հետ իրենց լավ հարաբերություններին, քաղաքացիների՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու ունակությանը և պատրաստակամությանը: Կարծում եմ՝ եթե մենք ցանկանում ենք նոր կյանքի նորմեր մշակել, ապա Շվեդիան այդ մոդելն է, թե ինչպես կարելի է վերադառնալ բնականոն կյանքին առանց սահամափակումների»:

Շվեդական մոդելի պաշտպաններն ասում են նաև, որ բացարձակ առումով մահացությունը Շվեդիայում շատ ավելի ցածր է, քան եվրոպական հարևաններինը՝ Բելգիա, Ֆրանսիա, Բրիտանիա, Իսպանիա և Իտալիա, որ մտցրել էին խիստ սահմանափակումներ: Գերբեռնված չի եղել նաև առողջապահական համակարգը:

Շվեդ բժիշկ Յոհան Գիզեցկեն Lancet ամսագրի իր հոդվածում նշել է. «Արդեն պարզ է, որ կոշտ կարանտինը չի պաշտպանում ծեր բնակչությանը և ծերանոցների բնակիչներին: Կարանտինը չի կանխում խնդիրը, պարզապես ոմանք ավելի ուշ կհիվանդանան»:

Եվ մի փաստարկ ևս. Շվեդիայում կրկնում են, որ շատ երկրներ ապավինում են սպասվող պատվաստանյութին, բայց արդյունավետ դեղամիջոց հավանական է, որ այդպես էլ չստեղծվի:

Կան նաև Թեգնելի հետ համամիտ բազմաթիվ գիտնականներ, որ հաշվարկում են՝ մոտ մեկ տարվա ընթացքում եվրոպական բոլոր երկրներում մահացության ցուցանիշները հավասարվելու են՝ անկախ ձեռնարկված միջոցառումներից:

Այլք պնդում են, որ քանի դեռ ապագան տեսնելու կախարդական գունդ չունենք, մեր ձեռքից եկածը պիտի անենք՝ կյանքեր փրկելու համար, ոչ թե հաշվարկներով արդարացնենք վտանգը հավասարակշռող ռազմավարությունը:

Ի հավելումն այս ամենի նշենք, որ երեկ ընդունված որոշմամբ Շվեդիայի կառավարությունը որոշել է թույլատրել սեզոնային աշխատողներին մուտք գործել երկիր՝ գյուղատնտեսության, անտառային տնտեսության և այգեգործության սեզոնային աշխատանքներ կատարելու համար: Որոշումը հրապարակելիս Շվեդիայի կառավարությունն ընդգծել է, որ գյուղատնտեսության սեզոնային աշխատողները համարվում են երկրի կենսապահովման համար խիստ կարևոր խմբերից մեկը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1804 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը