Ուսուցիչը կատեստավորվի, անբավարար գնահատական չի լինի. փորձագետը նշում է հնարավոր ռիսկերը

Հայաստանի դպրոցներում գնահատման կարգի, նույն դասարանում չմնալու, ուսուցիչների ատեստավորման եւ այլնի վերաբերյալ առաջիկայում մի շարք փոփոխություններ են նախատեսվում։ Կրթության ոլորտի փորձագետը, դրանք լավ գաղափարներ անվանելով, ռիսկերն է թվարկում։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) այժմ տեղադրված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որտեղ սահմանված են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները, ուսումնական բեռնվածության ծավալները, գնահատման համակարգի սկզբունքները:

Նախագծով հանրակրթության ոլորտում մի շարք բարեփոխումներ են նախատեսվում։ Օրինակ՝ 1-4-րդ եւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտները գնահատական չեն ստանա, տարեկան ամփոփիչ գնահատականի փոխարեն կլինի սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը։

Անբավարար գնահատական հասկացությունն ամբողջովին դուրս կգա, կկիրառվի 10 միավորային սանդղակ, որտեղ որեւէ թիվ անբավարար չէ, յուրաքանչյուրը նկարագրում է հաջողության որեւէ մակարդակ։ Ստացվում է՝ աշակերտն այլեւս չի մնա նույն դասարանում։

Ինչպես հունիսի 27-ին Edcamp ուսուցչական համաժողովի ընթացքում խոսելով չափորոշչի մասին՝ նշել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, աշակերտին նույն դասարանում թողնելու դեպքում պիտակավորում են նրան, ամրապնդում այն զգացողությունը, որ չի կարող սովորելով հաջողությունների հասնել։ Նա նշել էր, թե փորձը ցույց է տալիս, որ միեւնույն դասարանում մնալով՝ աշակերտը, որպես կանոն, չի սկսում ավելի լավ սովորել:

Իսկ գնահատումը 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից սկսելն էլ, ըստ Անդրեասյանի, կապված է այն հանգամանքի հետ, որ երեխան տարրական դպրոցից հետո սկսում է ավելի շատ առարկաներ ուսումնասիրել, նոր ուսուցիչներ են նրա հետ աշխատում եւ անհրաժեշտ է, որ փոփոխություններն աստիճանաբար լինեն, որպեսզի երեխան հեշտությամբ հարմարվի:

Դպրոցը կձեւավորի ուսումնական պլան, աշակերտը՝ դասացուցակ

Մյուս փոփոխությամբ՝ սահմանվելու են ոչ թե ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները, այլ դրանց տոկոսային հարաբերակցությունը։ Ստացվում է՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ձեւավորել սեփական ուսումնական պլանը՝ առաջնորդվելով առավելագույն ժամաքանակով։

Ըստ ներկայացված աղյուսակի՝ մեծ տեղ է հատկացված ԲՏՃՄ-ին (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն), որը միջին եւ ավագ դպրոցներում կազմում է մինչեւ 38%։ Տարրական դպրոցում այն մինչեւ 28% է։ Հայոց լեզուն կազմում է մինչեւ 20 %։

Փոխնախարարի խոսքով՝ այսպես հայագիտական առարկաների կշիռը կպահպանվի, 4 պարտադիր առարկաներ՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, հայոց պատմություն, գործելու են ցանկացած հաստատությունում։ Բացի այդ, կրթությունը հայերենով է, հետեւաբար լեզուն սովորելու են բոլոր դասերին։

Առաջարկվում է նաեւ հրաժարվել հոսքային ուսուցումից։ Դրա փոխարեն աշակերտը, բացի պետական պարտադիր առարկաներից, կկարողանա ընտրել իր նախընտրածները, այսինքն՝ ձեւավորել իր դասացուցակը։

Կներդրվի մոդուլային ուսուցման գաղափարը․ աշակերտները, սպորտի կամ որեւէ արվեստի բնագավառի դասերին հաճախելով՝ կրեդիտներ կհավաքեն եւ դրանք կկարողանան ներկայացնել դպրոց։

Լավ նորություն կա դպրոցականների, հատկապես 3-4-րդ դասարանցիների համար։ Առաջարկվում է կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը։ Եթե համեմատենք նվազագույն շեմը, ապա տարրական դպրոցում առաջարկվում է 2940-ի փոխարեն 2746 ժամը, միջին դպրոցում՝ 5100-ի փոխարեն 4760-ը եւ ավագ դպրոցում՝ 3060-ի փոխարեն 2890-ը։ 3-4 դասարանցիների ուսումնական պլանը 2 շաբաթով կկրճատվի եւ հավելյալ արձակուրդ կտրամադրվի։

Փոփոխություններ կան ուսուցիչների համար, նախատեսվում է ներդնել ատեստավորման նոր կարգ, ինչից հետո մասնագետի աշխատավարձը կարող է բարձրանալ՝ կամավոր ատեստավորման միջոցով։

Բարձրացումն էլ կախված կլինի արդյունքից։

Եթե մանկավարժը 90% եւ ավելի արդյունավետություն ցուցաբերի, կունենա աշխատավարձի 50%-ի չափով ավելացում։ 80% եւ ավելի անցածները կստանան 30 %-ի ավելացում։ 60-79 % անցնելու դեպքում՝ փուլը կհամարվի հաղթահարված, սակայն աշխատավարձի բարձրացում չի լինի։ 0-59 %-ի դեպքում, կարիք կլինի վերաատեստավորվելու, եթե 1 տարի անց եւս չկարողանան բարձր տոկոսներ հավաքել, հետագա գործունեության մասին որոշում կկայացվի։

Լավ գաղափարների թաքնված ռիսկերը

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ նշված գաղափարները լավն են, հարց է՝ ինչպես ենք նախապատրաստվել փոփոխությանը։ Արդյո՞ք ունենք բավարար ֆինանսական միջոցներ, կա՞ արդյոք բարեփոխիչների թիմ, որն այս ամենը կիրականացնի։

Կրտսեր դասարաններում գնահատական չլինելն արտակարգ գաղափար է անվանում, պետք է երեխաները թվանշանի փոխարեն գիտելիքի համար սովորեն, բայց չմոռանանք՝ գնահատականն ընդհանրապես անհրաժեշտ է եղել, երբ կրթական համակարգը, ուսուցիչների ընդհանուր պատրաստվածության մակարդակը շատ բարձր չի եղել։ Կարիք է եղել երեխաների մոտիվացնելու համար՝ այլ գործիքներ կիրառել։

«Շատ երեխաներ սովորել են թվանշանի համար, սա վատ է, բայց մյուս կողմից սովորել են: Երբ դու հանում ես թվանշանը (ի դեպ, ես կողմ եմ հանելուն), պետք է մտածես՝ դրա տեղն ինչ ես դնում։ Ուսուցչի աշխատանքը բարդանում է, այլեւս չի կարող թվանշանով երեխաներին մոտիվացնել»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ մնում է՝ ուսուցիչը, դասագիրք գրողը, ծրագիր կազմողը շատ լավ անեն իրենց գործը։ Այնպիսի միջավայր ստեղծվի, որ բոլորը տեսնեն՝ Հայաստանում կրթություն ունեցողը գնահատվում է եւ սովորեն, հակառակ դեպքում՝ կարող ենք ավելի վատ վիճակ ունենալ։

Նա հավանում է քանակական գնահատականի փոխարեն բնութագրող գնահատմանը․ ավելի լավ է՝ ծնողն ու երեխան կոնկրետ իմանան, ինչն է լավ, ինչը՝ վատ։  Փորձագետի կարծիքով, սակայն, թվանշաններից չհրաժարվելով էլ կարելի է լավ աշխատել ու դրական արդյունք ունենալ։

Նույն դասարանում չմնալու գաղափարին եւս կողմ է․ ոչինչ չիմացողին հաճախ նշանակում էին դրական, որ նույն դասարանում չմնա, ստացվում է՝ մի երկու բան իմացողին՝ ավելի բարձր, կեղծ գնահատական էին նշանակում։ Նույն դասարանում մնացողն էլ ավելի էր ատում սովորելը։ Փորձագետը, սակայն, նորից ռիսկերի մասին է հիշեցնում. հնարավոր է՝ աշակերտների մի մասը մտածի՝ կարեւոր չէ՝ 5 կստանամ, թե 1, միեւնույն է փոխադրվելու եմ հաջորդ դասարան։

Խաչատրյանը մեզ հետ զրույցում խոսեց նաեւ ուսուցիչների ատեստավորման մասին։ Առաջարկին կողմ է, սակայն կարծում է՝ ֆինանսական տարբերությունը պետք է մեծ չլինի, որպեսզի շատ տարբերակվածություն չլինի։

Նրա կարծիքով՝ ատեսատորման հարցում եւս կան խնդիրներ։ Նշում է, որ փոփոխությունը լավ կլինի ուսուցիչների համար, որոնք հավելավճար կստանան, սակայն ինչպե՞ս կազդի ամբողջ համակարգի վրա, հարց է. «Եթե 20 %-ին բարձր վճարես, 80%-ին դեմոտիվացնելու ես, իսկ աշակերտը բոլորի մոտ է սովորելու»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մի շարք նահանգերում նման փորձ եղել է, սակայն ձախողվել․ համակարգը չի շահել, հետո էլ ուսուցչի մասնագիտությունը դժվար չափվող է։

Այստեղ էլ նրա համար հարց է՝ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք որոշելու են՝ ով ստանա բարձր աշխատավարձ, ով՝ չէ, օբյեկտի՞վ են, ի՞նչ չափանիշներով են ընտրելու։ «Հիմա ո՞վ է լավ ուսուցիչ, նա, ով միայն գերազանցիկների հետ է աշխատում եւ լավ արդյունք տալիս, թե նա, ով փորձում է բոլորի հետ աշխատել, բայց արդյունքներն ավելի համեստ են»։

Փորձագետը զրույցի ավարտին հավելեց․ ցանկացած որոշում դրական ու բացասական կողմեր ունի, ամեն երկիր իր ձեւով է հասնում հաջողության։

Վերջին 20-25 տարում մեր գլխավոր խնդիրն է եղել, փորձել ենք կրթական փաստաթղթերում ունենալ կետեր, որոնք հատկապես արեւմտյան աշխարհում կիրառվում են, օրինակ՝ անցումը 12-ամյա կրթության, ավագ դպրոցների ստեղծումը, հիմա էլ այս փոփոխությունները։ Ֆինլանդիան, Կանադան, Էստոնիան հենց այս ճանապարհով են հասել հաջողության, սակայն Չինաստանն ու Սինգապուրն էլ հակառակն են արել։ 2 կողմն էլ գոհ է, որովհետեւ հաշվարկվել են հակաքայլերն ու ռիսկերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22686 դիտում

Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը

«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր

Ավագ դասարանների շուրջ 40 աշակերտ մասնակցում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա»-ի ուսուցմանը

Բռնատար ավտոցիստեռնը ընկել է Որոտանը. վարորդը մահացել է (լուսանկարներ)

Ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական կարգապահություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» ԲԿ

Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել

Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին

Հայտնի է, թե որ թիմը կլինի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը

Ռուսաստանն Արևմուտքին ցույց տվեց իր կարողությունները. Պեսկովը՝ «Օրեշնիկ» հրթիռի կիրառման մասին

18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

Վարչապետը կադրեր է հրապարակել սպասվելիք հարցազրույցից

Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ձյուն. կտրուկ կցրտի 6-10 աստիճանով

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակներին, ապա՝ պատին

Քրեական վարույթի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները

Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից

Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է

ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

ԱԺ նախագահը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

3 կրակված մարմին. շների սպանդ իրականացրած տղամարդը ներկայացել է ոստիկանություն, հայտնել՝ որտեղից իրեն հրացանը

Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն

Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ

Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ կա. Փամբուխչյանը թվեր է հրապարակել

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը

Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանին ՌԴ «Օրեշնիկ» հրթիռով հարվածի կադրերը

Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր

ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել