Երևան
12 °C
Շարքային Դավիթ Լյովայի Գրիգորյան, սերժանտ Էդգար Էդվարդի Մարկոսյան, ավագ սերժանտ Յուրա Հայկարամի Ալավերդյան. 2020 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Արցախում սկիզբ առած պատերազմի առաջին օրերին, ժամկետային զինծառայող այս տղաների անունները պատմության մեջ մտան՝ որպես «Արցախի հերոսների»:
Նրանցից Յուրա Ալավերդյանը՝ մեր կողքին ապրող 20-ամյա հերոսը, պաշտոնական հաղորդագրության հրապարակման պահին՝ նույն հոկտեմբերի 4-ին, արդեն իսկ Կարախամբելիի եւ Ֆիզուլիի հատվածներում թշնամու 9 տանկ եւ 1 միավոր ավտոտեխնիկա էր ոչնչացրել, որից հետո խոցել է ևս 3 տանկ՝ ընդհանուր թիվը դարձնելով 12, շարքից հանելով նաև ռազմական այլ տեխնիկական միջոցներ:
Բանակ զորակոչվելիս երևանցի փոքրամարմին այս տղայի մտքով անգամ չի անցել, որ պատերազմի մասնակից է դառնալու և այդ պատերազմում սխրագործելու է ու հերոսանալու. «Ինձ 4 ամիս էր մնացել զորացրվելու, ու ընդհանրապես չէի էլ մտածում, որ կարող է պատերազմ սկսել, ու ամեն ինչ միանգամից եղավ»,- անկեղծանում է նա:
Ու թեև պատերազմն այլևս իրողություն է, և նա էլ այդ պատերազմում հերոսացել է, բայց, այնուամենայնիվ, Արցախի բարձրագույն կոչմանն արժանացած երիտասարդը երկար չի սիրում խոսել կատարած հերոսական գործողությունների և, առհասարակ, պատերազմի մասին: Միայն համառոտ պատմում է, թե ինչպես առան պատերազմի լուրն ու նկարագրում թշնամուն պատճառած վնասները:
«Պատերազմը երբ սկսվեց, մենք դիրքերում էինք՝ առաջնագծից 7 կմ հեռու, և մեզ համար արդեն պարզ էր, թե ինչ է կատարվում: Դրանից հետո մեզ տագնապով տարան առաջնագիծ, ու ճակատային գծի տարբեր ուղղություններում խոցեցի թշնամու տանկեր, զրահատեխնիկաներ և այլ սպառազինություն»,- այս մի քանի բառերով է Յուրա Ալավերդյանը ամփոփում 44-օրյա ահեղ պատերազմի սկիզբն ու ավարտը:
Իր իսկ հերոսանալու մասին լուրը նա իմացել է հրամանատարական դիտակետից, երբ նրան տեղափոխել են այնտեղ, որպեսզի անձամբ ռադիոկապի միջոցով լսի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը, որի ժամանակ էլ հնչել է նաև իր անունը:
Ընտանիքի անդամները, որոնք որդու հերոսանալու մասին տեղեկացել են մամուլից, զարմացել են ու շփոթվել, բայց ոչ այն պատճառով, որ իրենց 20-ամյա փոքրամարմին տղան արժանացել է հերոսի կոչման, այլ որ մասնակցում է մարտական գործողություններին, քանի որ Յուրան, ինչպես մեր տղաներից շատերը, հարազատներին վստահեցրել էր, թե առաջնագծում չէ:
«Սկզբում չէի ասել, որ մասնակցում եմ պատերազմին, հետո երբ զանգեցի, տանեցիները տեղյակ էին արդեն: Արայիկ Հարությունյանի խոսքից իմացել էին, որ մասնակցում եմ պատերազմին և իմ ներդրումն եմ ունենում»,- պատմում է նա ու նշում, որ հուզմունքն ու ուրախությունը ընտանիքի անդամների մոտ այդ ժամանակ միախառնվել էին, և հեռախոսային մի քանի րոպեանոց զրույցի ժամանակ Ալավերդյանները, իրար հերթ չտալով, շնորհավորել են որդուն:
Ի տարբերություն թիկունքում գտնվողների, սակայն, առաջնագծում տղաները ո՛չ հուզվելու, ո՛չ ուրախանալու, ոչ մի զգացմունք արտահայտելու ժամանակ ու հնարավորություն չեն ունեցել. միակ բանը, որ 44 օր շարունակ արել են, հայրենիքի համար մարտնչելն է եղել:
«Մեր հոգեվիճակը էնպիսին չէր, որ կարողանայինք հուզվել կամ ուրախանալ: Բայց ասեմ՝ մտքովս անգամ չէր անցնում, որ ես կարող եմ նույնիսկ կրծքանշան ստանալ»,- անկեղծանում է «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետը՝ ասելով, որ իրեն շնորհված կոչման համար նաև մեծ ներդրում ունեն իր մարտական ընկերները, որոնք առաջին օրվանից մինչև վերջին օրը իր կողքին կռվել են՝ առանձնահատուկ հիշատակելով նահատակված մարտական ընկերներից մեկին՝ նույնպես «Արցախի հերոսի» կոչման արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանին, որի հետ ծառայել են նույն մարտկոցում և կռվել նույն տեղում:
Պատերազմը շատ բան է փոխել իր կյանքում, նկատում է Յուրան, փոխվել են կյանքի հանդեպ պատկերացումները, բայց ամենակարևոր բանը, որը է՛լ ավելի է սկսել արժևորել, հենց կյանքն է: «Պատերազմի ժամանակ սկսում ես արժևորել կյանքդ, ապրածդ ամեն մի վայրկյանը քեզ համար արդեն թանկ է դառնում»,- ընդգծում է նա ու խոստանում այսուհետ ապրել կյանքի ամեն վայրկյանը գնահատելով:
Յուրան նաև նշում է, որ հերոսի կոչումն իր կյանքում ոչինչ չի փոխել, ո՛չ դրանից մեծամտացել է, ո՛չ էլ իրեն առավել վեր է դասում մյուսներից, ինքը նույն Յուրան է, ինչպես ճանաչել են իրեն, և կապ չունի, որ հիմա հերոս է. «Ես ընդհանրապես բոլորին էլ ցուցաբերել եմ նույն վերաբերմունքը, նկատի ունեմ՝ անծանոթներին: Դե, բնականաբար, մոտիկներին ավելի ջերմ վերաբերմունք եմ ցուցաբերել, ու «Արցախի հերոսի» կոչումը ինձ մոտ ոչ մի բան չի փոխել»:
Նրա հերոսանալու լուրը նաև առանձնահատուկ ոգևորություն է առաջացրել Երևանի թիվ 150 դպրոցում, որտեղ երիտասարդը սովորել և ավարտել է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից էլ դպրոցը ստացել է ոսկե մեդալ՝ ապագա հերոս ուսանելու համար:
Զորացրվելուց հետո առաջին վայրերից մեկը, որ այցելել է Յուրան, հենց հարազատ դպրոցն է եղել, որտեղ էլ նրա մեջ ներարկվել է հայրենիքի հանդեպ սերը՝ հանուն հայրենիքի ընկած հերոսների մասին պատմություններով:
«Այն դասարանը, որտեղ ես սովորել եմ, իմ նկարը փակցված է պատին, դպրոցի դռան մուտքի մոտ էլ է փակցված նկարս: Մեծ հպարտության զգացում է, երբ որ տեսնում ես՝ քո նկարը հայտնվել է այնպիսի մարդկանց նկարների կողքին, ովքեր քո հերոսներն են, ում կենսագրությունները դու սովորել ես, և մի օր գալիս ես կանգնում այդտեղ և տեսնում, որ քո նկարն էլ կա իրենց նկարների կողքին, ու դու էլ ես մտել Հայոց պատմության մեջ»,- ասում է մեր ժողովրդի պատմության էջերում անունը գրած երիտասարդը և նշում, որ հայրենիքն իր համար է՛լ ավելի է կարևորվում և արժևորվում, որովհետև ունեցել ենք Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի պես հերոս:
Սակայն Ավոյի կերպարով ոգեշնչված Յուրան հետագա կյանքը բանակում չի պատկերացնում, նրան առավել ձգում է քաղաքացիական կյանքը, ծրագրավորողի մասնագիտությունը:
«Ընդհանրապես չեմ հետաքրքրվում այդ ոլորտով: Ճիշտ է, առաջարկներ եղել են, և անգամ առաջարկել են սպայական կոչման արժանացնել, սակայն չեմ համաձայնել: Զորացրվել եմ ավագ սերժանտով: Ծրագրավորողի մասնագիտությունն էլ ինձ ավելի հոգեհարազատ է, և պատրաստվում եմ շարունակել ուսումս ու աշխատել հենց այդ ոլորտում»,- վստահ է նա:
Յուրայի սիրտն էլ դեռ զբաղված չէ, բայց ասում է, որ պատերազմից հետո էականորեն մեծացել է երկրպագուհիների բանակը: Նա ամոթխածությամբ է խոսում այդ մասին, ժպտալով նշում է, որ դեռ ընտանիք կազմելու համար շուտ է, անելիքներ շատ կան:
«Արցախի հերոսին», սակայն, փողոցում դեռ շատերը չեն ճանաչում, բայց դեպքեր լինում են, երբ անցնելիս երկար են նայում կամ ժպտում են, երբեմն՝ նաև հեռվից ողջունում։ «Ոմանք ճանաչում են, ոմանք՝ չէ»,- ասում է նա և հավելում. «Բայց ասեմ, որ դեռ դեպք չի եղել, որ փողոցում մոտենան, խոսեն»:
Կյանքի ու մահվան սահմանագծում հայտնված Յուրայի հետ զրույցն ավարտում ենք՝ կրկին վերադառնալով բանակին ու պատերազմին: Հիմա նրա համար Հունվարի 28-ը՝ Բանակի օրը, այլ խորհուրդ է ստացել: Ասում է, որ նորից, եթե հարկ լինի, ինքը սահմանին կլինի։ Որքան էլ որ զինվորականի մասնագիտությունն իրենը չէ, բայց հայրենիքի պաշտպանությանը բոլորը պիտի մասնակցեն։ «Անկախ ամեն ինչից, մենք կանգնուն ենք մնացել ու կմնանք, և եթե էլի նմանատիպ գործողություններ լինեն, ես վստահ եմ, որ բոլորն էլ մինչև վերջ կանգնելու են սահմանին»,- համոզմունք է հայտնում հերոսը և որպես Բանակի օրվա մաղթանք՝ ցանկանում, որ զոհված մարտական ընկերների հոգիները հանգիստ լինեն, իսկ գերեվարված տղաները շուտ վերադառնան հայրենիք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ականատես կլինենք ՀՀ ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժին․ նախարարը հայտնել է՝ ինչպես գրանցվել
ՌԴ-ն դժգոհ է Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից և ցանկություն ունի տեսնել իշխանափոխություն ՀՀ-ում․ Ռուբիո
TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի «խարիսխն» է. Մարկո Ռուբիո
ԵՄ-ն 2.2 մլն եվրո կներդնի՝ մոտեցնելու ՀՀ քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդելու հնարավորությանը
Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք․ կան ձերբակալվածներ և կալանավորվածներ․ տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանի բացած Մեղրիի թեման փակել ենք անվերադարձ. չկա Մեղրիի թեմա, Զանգեզուրի, Սյունիքի թեմա․ Փաշինյան
Սերժի վեցնոցին ասեք՝ չեմ մոռացել, թե ինչպես էր իմ կաբինետ գալիս ու ասում, որ պատրաստ է մեր 7-ը լինել․ Սիմոնյան
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը, կարճ շփումներ ունեցել գործընկերների հետ
Քոչարյանը մեղադրանք է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ փաստելով, որ հայ արտադրողների խնդիրները քաղաքական ենթատեքստ ունեն
Փող վերցնողներին ուղարկելու են Դոնբաս. Քոչարյանին երբեք չեմ ներելու սպարապետի սպանության համար. Մխիթարյան
Կալուգացի «օլիգարխն» այս խելքով չի կարող միլիարդատեր լինել․ ունեցվածքի սեփականատերը, վստահաբար, այլ մարդ է
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն է. Փաշինյան
Հայաստանը կգործադրի առավելագույն ջանքեր միջազգային անվտանգության և զինաթափման օրակարգը առաջ մղելու համար
Քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունեցել․ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին
Ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրելու. Կրեմլում լավ չեն գիտակցում իրավիճակը. Թումասյան. տեսանյութ
Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացել
Մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Հայաստանն ընտրում է» նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ հանդիպումը
ՆԳՆ-ի կայքը roadpolice.am-ն է, չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային կոդերի հաղորդագրություններին
Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը վերջին 15 տարվա ռեկորդային մակարդակում է
Բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը. արարողությանը մասնակցել է նաև Դավիթ Խուդաթյանը
Երևանի տրոլեյբուսային ցանցը համալրվել է ևս 45 նոր տրոլեյբուսով․ հավաքակայանն ամբողջությամբ արդիականացվել է
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների նախկին հասցեների հավաքագրման լուրը բացարձակ սուտ է․ ՆԳՆ
«Հայաստան» դաշինքին վերաբերող ընտրակաշառքի գործով ձերբակալվել է 2 անձ, իրականացվում է քննչական գործողություն
«Ինչխոր փշի վրա էղնիմ», «Մարտունի մոտն էինք երեկ, ըսավ՝ մոտավոր ըսա»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Նուբարաշեն» ՔԿՀ
Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի, տարածքը կվերադարձվի նախկին բնական տեսքին
Իրավաբաններին խնդրել եմ հայց ներկայացնել զրպարտության հոդվածով․ նախարարը՝ 229 դպրոց փակելու կեղծիքի մասին
Երևանի Սեպուհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Նաիրի Հոխիկյանի տանը խուզարկություններ են
Հայկական վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվում են նոր ուղղություններով
Մենք կանգնած ենք խաղաղության կողքին, Գեղարքունիքը ձեր կողքին է․ մարտունեցիները՝ վարչապետին
Խոշոր չափերով կողոպուտ կատարած անձը Լիբանանից հանձնվել է ՀՀ իրավասու մարմնին
Ճամբարակից Գոշավանք ճանապարհը ՀՀ ամենագեղատեսիլ հատվածներից է, որը դեռևս բացահայտված չէ. վարչապետ
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը
Գյումրիում անկարգություններին մասնակցած և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի գործ դատարանում է
Պնդումները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում փակվելու է 229 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը
Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև տեղումներ
Ողբերգական դեպք Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորում ստացել
«Զվարթնոց» օդանավակայան է ժամանել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT