Երևան
12 °C
Լեզվի կոմիտեն վերլուծել և տեղեկատվություն է ներկայացրել «5-րդ ալիք» հեռուստաընկերությամբ ցուցադրվող մուլտֆիլմերի հայերեն թարգմանությունների մասին։
Հայկական եթերը մանկապատանեկան տարիքին հիմնականում ոչ հայկական արտադրանք է առաջարկում։ Բարեխիղճ հեռուստաընկերություններն այդ արտադրանքը ներկայացնում են հայերեն կրկնօրինակված։ Բայց կարևորը միայն այն չէ, որ ցուցադրվող նյութը լեզվականորեն հասանելի լինի։ Թարգմանությունը պետք է լինի պատշաճ ու որակյալ։
Այս մասին գրել է կոմիտեն և ներկայացրել եթերից դուրս գրված լեզվական սայթաքումները՝ առաջիկայում այդպիսիք կանխելու նպատակով։ Ուսումնասիրվել է հինգ մուլտֆիլմ։ Դուրս գրված լեզվական սայթաքումների մեծ մասը «Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը» մուլտֆիլմից են։
Սայթաքումները՝ ստորև․
«Թուվե Յանսոնի հրաշալի հեքիաթի էկրանավորմանը պետք էր արժանին մատուցել՝ այն հայերենացնելով բծախնդրորեն։ Այս մուլտֆիլմի գաղափարական հենքը Սուրբ Ծննդի խորհուրդն է։ Մուլտֆիլմը թարգմանված է ռուսերենից, և Рождество բառն ամբողջ ընթացքում լսելի է։ Հայերեն տարբերակում, սակայն, ծայրից ծայր Ամանոր է ասվում։
«Շագանակներն այլևս ի վիճակի չեն պահելու իրենց չորացած, խշխշան տերևները» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։
Այստեղ խոսքը շագանակների մասին չէ։ Շագանակները տերևներ չունեն։ Խոսքը շագանակենիների տերևների մասին է, որոնք դեղնել են ու թափվում են։
Ճիշտ է՝ «Շագանակենիներն այլևս ի վիճակի չեն պահելու իրենց չորացած, խշխշան տերևները»։
«Յուրաքանչյուր օր արեգակն ավելի վաղ է խորտակվում հորիզոնի հետևում, քան մեկ օր առաջ» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։
Ամեն բառի փոխարեն յուրաքանչյուր-ը գործածելը խոսքն ավելի գրական չի դարձնում։ Այս բառերը միշտ չէ, որ կարող են փոխարինել միմյանց։ Այստեղ յուրաքանչյուր-ը ոչ միայն վատ է հնչում, այլև սխալ է, քանի որ խոսքը ամեն մի առանձին օրվա մասին չէ (տե՛ս յուրաքանչյուր բառի բառարանային բացատրությունը), այլ աստիճանաբար, օրըստօրե կատարվող փոփոխության։ Նույնքան վատ է ընտրված քան մեկ օր առաջ-ը։
Ճիշտ է՝ «Արեգակն ամեն օր նախորդ օրվանից ավելի վաղ է խորտակվում հորիզոնի հետևում»։
Յուրաքանչյուր բառի չարաշահման այլ դեպք․
«Յուրաքանչյուր գարուն մենք շնորհակալական նամակ ենք գտնում» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։
Սա արհեստական արտահայտություն է և չի գործածվում։ Ճիշտ է՝ «Ամեն գարուն մենք շնորհակալական նամակ ենք գտնում»։
Մումին Մյուին ասում է․ «Դու շատ չարաճճի ես։ Եթե քո չարաճճիությունների պես կարողանայիր դահուկներ պատրաստել, դրանք ամենալավը կլինեին»։ Այստեղ տրամաբանական սխալ կա. Մյուն իր չարաճճիությունները պատրաստո՞ւմ է։ Ճիշտ է, օրինակ՝ «Դու շատ չարաճճի ես։ Եթե չարաճճիություն անելուդ պես կարողանայիր դահուկներ պատրաստել, դրանք ամենալավը կլինեին»։
«Մոռան ավելի վստահ է քայլում մումիտրոլների դաշտավայրով» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Քայլում են ոչ թե որևէ վայրով, այլ վայրում։ Ճիշտ է՝ «Մոռան ավելի վստահ է քայլում մումիտրոլների դաշտավայրում»։
Նույն սխալը՝ «Հիմա Չարուկը քայլում է մեր փողոցներով» («Խաղալիքների խանութի առեղծվածը»)։ Ճիշտ է՝ «Հիմա Չարուկը քայլում է մեր փողոցներում»։
«Ռասայի որդին չպետք է վազվզի միջանցքներով» («Անձրևի զավակները»)։ Ճիշտ է՝ «Ռասայի որդին չպետք է վազվզի միջանցքներում»։
«Հետաքրքիր է՝ ձմռան ընթացքում ի՞նչ է լինում ծովի հետ» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Նշված կապի սխալ՝ օտարաբան կիրառություն է սա, որ շատ է տարածված։ Ճիշտ է, օրինակ՝ «Հետաքրքիր է՝ ձմռան ընթացքում ծովն ի՞նչ է լինում»։
Նույն սխալը՝ «Ի՞նչ է պատահել ձկների և բուսականության հետ» («Խաղալիքների խանութի առեղծվածը»)։ Ճիշտ է՝ «Ի՞նչ է պատահել ձկներին և բուսականությանը»։
«Մա՛յր, ի՞նչ են արել քեզ հետ» («Անձրևի զավակները»)։ Ճիշտ է՝ «Մա՛յր, ի՞նչ են արել քեզ»։
«Իսկ ո՞վ է նրա զինակիցը, ի՞նչ եք արել նրա հետ» («Անձրևի զավակները»)։ Ճիշտ է՝ «Իսկ ո՞վ է նրա զինակիցը, ի՞նչ եք արել նրան»։
«Անպայման չէ հեռու գնալ՝ այլ աշխարհներ տեսնելու համար» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Սա նույնպես տարածված սխալ է։ Ոչ թե անպայման է/անպայման չէ, այլ պարտադիր է/պարտադիր չէ։ Այստեղ ճիշտ է՝ «Պարտադիր չէ հեռու գնալ՝ այլ աշխարհներ տեսնելու համար»։
Հայրիկը Մումիին ասում է․ «Մի՛ անհանգստացիր, մենք վախենալու բան չունենք, ինչքանով որ գիտեմ» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Նշվածը սխալ ձևակերպում է։ Ճիշտ է՝ «Մի՛ անհանգստացիր, մենք վախենալու բան չունենք, ինչքան որ գիտեմ»։ Նախընտրելի է՝ «Մի՛ անհանգստացիր, ինչքան գիտեմ՝ մենք վախենալու բան չունենք»։
Սառնամանիքի տիրուհին սառեցնում է սկյուռին։ Մումին ասում է․ «Օ՛, ո՛չ, նա սառեցրեց նրան» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։
Թարգմանվող լեզվում այս նա-ն ու նրան-ը, երբ մոտ են, միմյանց չեն խանգարում։ Հայերենում այսպիսի դեպքերում պետք է այլ լուծում տալ։ Ճիշտ է՝ «Օ՛, ո՛չ, նա սառեցրեց սկյուռին»։
«Վե՛ր կացեք, բացե՛ք պատուհանները, Ամանորը վրա է հասնում» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Ամանորի մասին ճիշտ չէ ասել վրա է հասնում։ Այս արտահայտությունն այլ իմաստներով է գործածվում։ «Վե՛ր կացեք, բացե՛ք պատուհանները, Ամանորն ուր որ է կգա»։
«Ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, Մումի, չանհանգստանաս» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Ավելի-ն արտահայտում է համեմատություն, որն այս դրվագում տեղին չէ։ Ճիշտ է՝ «Ամեն ինչ շատ լավ կլինի, Մումի, չանհանգստանաս»։
Նույն սխալը՝ «Դուք գնացեք, ես ավելի ուշ կմիանամ»։ Սա ավելի մակբայով թերևս ամենատարածված սխալն է։ Այստեղ նույնպես համեմատություն չկա։ Ոչ ոք ուշ չի եկել՝ չի ուշացել, ուրեմն ոչ ոք չի կարող գալ ավելի ուշ։ Ճիշտ է՝ «Դուք գնացեք, ես ուշ/հետո կմիանամ»։
Մումին մտնում է տուն ու ձայն է տալիս․ «Այստեղ մարդ կա՞» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Մումիենց տանը միայն կենդանիներ են լինում։ Ուստի ճիշտ է՝ «Ո՞վ կա այստեղ»։
«Ամանորի իմաստը նրանումն է, որ ընտանիքիդ հետ լինես» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Բանը նրանում է, իմաստը նրանում է․․․ Այս արտահայտությունները օտար լեզվամտածողությամբ են կառուցված։ Կրկնակի սխալ է դերանվան որոշիչ հոդը՝ նրանումն է։ Ամանոր-ի մասին վերևում խոսել ենք։ Ճիշտ է՝ «Սուրբ Ծննդի իմաստն այն է, որ ընտանիքիդ հետ լինես»։
Նույն սխալը՝ «Գուցե դրանում է Ամանորի իմաստը՝ երջանկացնել բոլորին» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Ճիշտ է՝ «Գուցե դա է Սուրբ Ծննդի իմաստը՝ երջանկացնել բոլորին»։
Մումին իրենց տանը մի արարածի է փնտրում․ «Միգուցե նա ձեղնահարկում է։ Այս հնությունների մեջ նա իրեն տանը կզգար» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Դա հենց տուն է, և ճիշտ չէ ասել՝ տանը կզգար։ Ճիշտ է՝ նա իրեն կզգար ինչպես իր տանը։ Նախընտրելի է՝ նա իրեն լավ կզգար կամ նրան դուր կգար։
«Եվ այսպես, ակնոցներս»,- ասում է Մումիի հայրիկը՝ ակնոցը դնելով («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Ակնոցը ռուսերենում, անգլերենում է անեզական։ Հայերենում ակնոցներ նշանակում է մի քանի՝ մեկից ավելի ակնոց։ Ճիշտ է՝ «Եվ այսպես, ակնոցս»։
Մումին ասում է․ «Գնամ Տուտիկիից հարցեմ» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Տուտիկիին հարցնում են, իսկ Տուտիկիից՝ իմանում։
Ճիշտ է՝ «Գնամ Տուտիկիին հարցեմ» կամ «Գնամ Տուտիկիից իմանամ»։
«Հիմա ես կկարողանամ սահել ամենաբարձր սարերից և Հեմենից արագ կդառնամ» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։
Օտար լեզվից պատճենված ձևակերպում է։ Հայերենում արագ չեն լինում, այլ արագընթաց, արագաշարժ։
Կամ, որ նախընտրելի է՝ «Հիմա ես կբարձրանամ ամենաբարձր սարերը (լեռները) և Հեմենից արագ կսահեմ»։
«Հուսամ նա այդքան էլ քաղցած չի լինի» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։
Հայերենում կա այնքան էլ արտահայտությունը, որը ունի ոչ բոլորովին կամ բոլորովին էլ ոչ իմաստները։ Այդ իմաստը չունի այդքան էլ՝ վերջին շրջանում տարածված սխալ ձևը։ Ճիշտ է՝ «Հուսամ նա այնքան էլ քաղցած չի լինի»։
Նույն սխալը՝ «Ցավոք, հանդիպման պատճառը այդքան էլ լավը չէ» («Նինձյա կրիաները»)։ Ճիշտ է՝ «Ցավոք, հանդիպման պատճառը այնքան էլ լավը չէ»։
«Յունկը այլևս իր եղբայրներ գայլերի մասին չի մտածում» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Նշվածը սխալ ձևակերպում է։ Ճիշտ է՝ «Յունկը այլևս իր եղբայր գայլերի մասին չի մտածում»։
«Այսօր ես տրամադրության մեջ եմ» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Ի՞նչ պիտի հասկանա մանուկ ունկնդիրն այս «օտարալեզու» նախադասությունից։ Ճիշտ է՝ «Այսօր ես լավ տրամադրություն ունեմ»։
«Թրոլները չգիտեին, թե ինչ է կատարվում նրանց գլխավերևում» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Եթե հենց թրոլների գլխավերևում է կատարվում, ուրեմն ոչ թե նրանց, այլ իրենց։ Իր/իրենք-ի փոխարեն հաճախ են գործածում նա/նրանք դերանունները։ Ճիշտ է՝ «Թրոլները չգիտեին, թե ինչ է կատարվում իրենց գլխավերևում»։
Նույն սխալը՝ «Մարտիկների արքան դատապարտված էր հավերժ թափառելու երկրով՝ չկարողանալով ո՛չ մահանալ, ո՛չ մոռանալ նրա ահավոր սխալը («Նինձյա կրիաները»)։
Սխալը հենց մարտիկների արքան է գործել, ուրեմն սխալ է ասել՝ նրա։ Այստեղ մի լեզվական սխալ էլ կա՝ երկրով-ը։ Սա վերևում՝ 2-րդ էջում նշված դեպքը չէ, և սխալ կլինենք, եթե առաջարկենք երկրում ձևը, քանի որ այստեղ խոսքը ոչ թե որևէ տարածքի, այլ Երկիր մոլորակի մասին է։ Այստեղ երկիր-ը աշխարհ իմաստն ունի, և ճիշտ է Երկրով մեկ-ը։
Ճիշտ է՝ «Մարտիկների արքան դատապարտված էր հավերժ թափառելու Երկրով մեկ՝ չկարողանալով ո՛չ մահանալ, ո՛չ մոռանալ իր ահավոր սխալը»։
«Ես կարծում էի, որ Դոնի մոտ ամեն ինչ կազմակերպած է» («Նինձյա կրիաները»)։ Մոտ կապի սխալ կիրառության դեպք է սա։ Ճիշտ է՝ «Ես կարծում եմ Դոնն ամեն ինչ կազմակերպել է»։
Նույն սխալը՝ «Ես չեմ կարող։ Մոտս անքնություն է լինում» («Նինձյա կրիաները»)։ Ճիշտ է՝ «Ես չեմ կարող։ Անքնություն եմ ունենում»։ «Դժվար թե ինձ մոտ ստացվի» («Թռչող գորգը»)։ Ճիշտ է՝ «Դժվար թե կարողանամ»։
«Ո՞վ կա, աո՜ւ» («Նինձյա կրիաները»)։ Ձայնարկությունները նույնպես թարգմանել է պետք։ Ընդգծվածը ռուսերեն ձայնարկություն է։ Ճիշտ է՝ «Ո՞վ կա, հե՜յ/է՜յ/էհե՜յ»։
Նույն սխալը՝ «Համեղ չէ, ֆո՛ւ» («Նինձյա կրիաները»)։ Ճիշտ է՝ «Համեղ չէ, թո՛ւ/թո՛ւհ»։
«Վուա՛ո, այստեղ գանձեր կան» («Անձրևի զավակները»)։
«Վա՜յ/Օ՜/Պահո՜, այստեղ գանձեր կան»։
«Հերիք է գիշերներով «Օրենքի պահապաններ» խաղաս» («Նինձյա կրիաները»)։
Խաղը կոչվում է «Օրենքի պաշտպաններ»։ Խաղում են ոչ թե գիշերներով, այլ ամբողջ գիշեր կամ ամեն գիշեր։
Ճիշտ է՝ «Հերիք է ամբողջ գիշեր/ամեն գիշեր «Օրենքի պաշտպաններ» խաղաս»։
«Այո՛, հենց այդպես փախչի՛ր» («Նինձյա կրիաները»)։
Նշված բայի հրամայականն է փախիր։
Ճիշտ է՝ «Այո՛, հենց այդպես փախի՛ր»։
«Ոչի՛նչ, ես հարվածներին դիմացկուն եմ» («Նինձյա կրիաները»)։
Հայերեն չէ։
Ճիշտ է՝ «Ոչի՛նչ, ես հարվածներին դիմանում եմ» կամ «Ոչի՛նչ, ես հարվածների հանդեպ/նկատմամբ դիմացկուն եմ»։
«Մինչև վերադառնամ, թաքնված կլինի քո մեջքի հետևում» («Նինձյա կրիաները»)։
Հաճախ է հանդիպում за споной-ի նմանությամբ, հայերենում սխալ այս արտահայտությունը։
Ճիշտ է՝ «Մինչև վերադառնամ, թաքնված կլինի քո թիկունքում»։
Նույն սխալը՝
«Նա փախավ մեջքիս հետևում, քանի դեռ ես մյուսին էի վռնդում» («Թռչող գորգը»)։
Այստեղ ճիշտ է՝ «Նա թաքուն փախավ, քանի դեռ ես մյուսին էի վռնդում»։
«Հոգիների որսորդը նախանձեց տիեզերական հորմոնիային» («Անձրևի զավակները»)։ Խոսքը հորմոնի հետ կապ չունի։ Բառի ճիշտ ձևն է հարմոնիա, և այն ունի հայերեն համարժեք։ Ճիշտ է՝ «Հոգիների որսորդը նախանձեց տիեզերական ներդաշնակությանը»։
«- Ո՞ւր ես գնում։ /- Հրապարակ։ /-Սկզբում ձեռքերդ լվա» («Անձրևի զավակները»)։ Հրապարակ գնալու սկզբո՞ւմ։ Վատ թարգմանություն է։ Ճիշտ է՝ «․․․Նախ ձեռքերդ լվա»։
«Սկզբի համար նրան զնդանը նետեք, հետո կտանք կոկորդիլոսներին» («Թռչող գորգը»)։ Այստեղ սկզբում-ը սխալ չէ, բայց համար կապն է անտեղի գործածվել։ Ճիշտ է՝ «Սկզբում/Նախ նրան զնդանը նետեք, հետո կտանք կոկորդիլոսներին»։
«Դուք վտանգում եք ձեր կյանքերը» («Անձրևի զավակները»)։ Թեև վտանգողները մի քանիսն են, բայց վտանգում են ոչ թե իրենց կյանքերը, այլ կյանքը։ Կյանք բառը հոգնակիով գործածվում է միայն մարդիկ իմաստով՝ կյանքեր փրկել։ Ճիշտ է՝ «Դուք վտանգում եք ձեր կյանքը»։
«Ո՜նց կուզեի նրանց տեղում լինել» («Անձրևի զավակները»)։ Սա նշանակում է լինել այնտեղ, որտեղ նրանք են։ Իսկ մուլտֆիլմում խոսքը նրանց փոխարեն լինելու մասին է։ Այդ դեպքում ճիշտ է՝ «Ո՜նց կուզեի նրանց տեղը (տեղակ) լինել»։
«Աղբյո՞ւր, այստե՞ղ, այն էլ հիմա, որ չոր սեզոնի գագաթնակետին է» («Անձրևի զավակները»)։
Խմբագրենք․ «Աղբյո՞ւր, այստե՞ղ, այն էլ հիմա, երբ չոր սեզոնը գագաթնակետին է»։
«Նա ո՞ղջ է» («Թռչող գորգը»)։
Հեքիաթում գորգը ողջ կամ մեռած չի լինում, այլ շնչավոր կամ անշունչ։ Ճիշտ է՝ «Նա շնչավո՞ր է»։ Այստեղ նախընտրելի է՝ «Նա խոսո՞ւմ է»։
«Թող որ դու ու քո անթիվ կանայք ապրեն» («Թռչող գորգը»)։ Նշված բայի դեմքը սխալ է ընտրված։ Ճիշտ է՝ «Թող որ դու ու քո անթիվ կանայք ապրեք»։
Բանտապահն ասում է․ «Դատարկությունների դատարկություն» («Թռչող գորգը»)։ Ակնհայտորեն ունայնություն ունայնությանց արտահայտությունն է սխալ թարգմանվել։
Ցավոք, դուրս գրված սխալներն ավելին են, քան ներկայացվածները։ Այստեղ չենք անդրադարձել նաև այն դեպքերին, որոնք լեզվական սխալներ չեն, բայց և մուլտֆիլմերում հանձնարարելի չեն։ Այդպիսիք ևս բավական շատ են։ Նշենք մի երկուսը՝ որպես օրինակ․
«Չեմ տեսել, որ ինչ-որ մեկը վերապրի գայլերի հետ հանդիպումը» («Մումի թրոլն ու ձմեռային հեքիաթը»)։ Երեխաների համար սա հարմար ձևակերպում չէ։
Առաջարկում ենք՝ «Չեմ տեսել, որ ինչ-որ մեկը գայլերին հանդիպի ու ողջ մնա»։
«Տաքացած որոշումներ կայացնել պետք չէ» («Նինձյա կրիաները»)։
Երեխային անպայման կթվա, թե որոշումները տաքացրած են։ Գոնե պետք էր ասել՝ տաքացած վիճակում։ Նախընտրելի է՝ «Բարկացած վիճակում որոշումներ կայացնել պետք չէ»։
Հարգելի՛ հեռուստաընկերություն, ձեր թարգմանիչներին, խմբագիրներին առաջարկեք, որ հետևեն հայերենի կանոններին, օգտվեն բառարաններից։ Նրանք օգտակար նյութեր կգտնեն «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուում»[1], ինչպես նաև Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ 1 անձ ձերբակալվել է․ տեսանյութ
Հայտնաբերվել է տղամարդու դի․ դեպքի հանգամանքները պարզվում են
Հրդեհ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի տարածքում
Հարվածներ են հասցվել Իրանի տղաների դպրոցին․ երեխա է զոհվել
Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը ջրատարն է ընկել․ վիրավորներ կան
Փրկարար ծառայությունում ջրամբարների անվտանգության հարցերի շուրջ քննարկում է տեղի ունեցել
Առաջին դասս էր Կառավարման ակադեմիայում, որտեղ մասնակցում եմ վերապատրաստման․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վնասազերծվել է «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի տղամարդը, ում տված տեղեկությունով թալանել էին ընկերոջ տունը
Իրանից Հայաստան և Հայաստան-Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով․ ԱԳՆ
Բոլորին միավորել են, որ լեշերը գցեն ԱԺ, գոնե մի 20% ներկայություն ունենան. ճորտեր են․ Հայկ Սուքիասյան
Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սամոայի Անկախ Պետության հետ
Ֆրանսիան չի միջամտում Մերձավոր Արևելքի հակամարտությանը, պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին․ Մակրոն
Իրանի դեմ գործողությունները կարող են ձգվել մինչև սեպտեմբեր․ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք
Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է․ Թթուջուր-Նավուր հատվածը փակ է
Վա՞տ է, որ տարածաշրջանում հրթիռները թափառում են՝ բացի Հայաստանից, դա ինչի՞ արդյունքն է՝ խաղաղության․ տեսանյութ
Պարա ծանրամարտի ԵԱ․ Ռաֆայել Համազասպյանը արծաթե մեդալակիր է դարձել
Փոփոխություններ են կատարվել մեքենաների տեխզննության և գազաբալոնային սարքավորումների ստուգաչափման բնագավառում
Քննարկում ՀՀ-ում արևային ֆոտովոլտային համակարգեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ
Փաստաբան Հակոբյանի և ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ձայնագրություն է հրապարակվել
Ապօրինի շրջանառությունից մեծ քանակի թմրամիջոց է հանվել․ կալանավորվածներից երկուսն ամուսիններ են․ տեսանյութ
Ժողովրդի իշխանության երաշխավորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. Կոնջորյան․ տեսանյութ
Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱԹՍ-ների գրոհից հետո իրենց աջակցած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին
Ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի նկատմամբ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
3 օրում Աբու Դաբիից և Դուբայից ապահովվել է 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ․ ԱԳՆ
Դատախազությունը ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել
Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է
ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը
Պապոյանն ու դեսպան Իմանբաևը Ղազախստանից Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք․ ԱԳՆ
«Մարտի 1»-ի գործով Վալերի Օսիպյանի և ևս 2 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Գարունն ուշանում է, Հայաստանը՝ մնում ցիկլոնի գոտում. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակի մասին
Ինչպես կարող է հարստանալ Հայաստանը, և որն է օլիգարխիայի հարստանալու ձևը. Ռուբինյան
Ադրբեջանը տարհանել է Թեհրանում տեղակայված դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը
Ջրաշենին են վերադարձվել 17,8 մլն դրամ մոտարկված արժեքով մանկապարտեզի շենքն ու հողատարածքը. վարչապետ
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
Էն որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, հիմա զգո՞ւմ եք ձեր սնանկությունը. Հարությունյան
ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT