Պիտի այդ հարվածը լինի, ընկնես, որ կարողանաս ինքնուրույն բարձրանալ․ ինչպես ՇՊՀ-ի մերժումը Լուսյային մղեց նոր որոնումների

Գովազդային էջի հաջողակ SMM գրաֆիկ-դիզայներ, իտալերենի թարգմանչուհի, արհեստավարժ լուսանկարիչ։ 22-ամյա Լուսյան ծնվել և ապրում է Շիրակի մարզի Քեթի գյուղում՝ գեղեցիկ բնությամբ և մարդկանց հանդարտ բնավորությամբ։

Քեթին Լուսյային ոչ միայն չի սահմանափակել, այլ տվել է թևեր, որ կարողանա հաղթահարել դժվարություններն ու ինքնուրույն մտնի հասարակություն, ինտեգրվի ու դառնա աշխարհի մի մասնիկը։

Լուսյան մանկական ուղեղային կաթված ունի, հաջողությամբ հաճախել է մանկապարտեզ, լավ արդյունքով ավարտել 12-ամյա կրթությունը։ Հենց այստեղ էլ, սակայն, ավարտվել են Լուսյայի ունեցած վստահ պատկերացումները հարմարավետ միջավայրի և սթափ շրջապատի մասին։ Առաջին ինքնուրույն քայլը դեպի մեծ կյանք հարվածով է մեկնարկել։ Իր երազանքի և ապրած սթրեսի մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մինչ օրս էլ Լուսյան հիշում է հուզմունքով։

«Դպրոցից հետո պլանավորել էի սովորել ՇՊՀ-ում (- խմբ. նկատի ունի Շիրակի պետական համալսարանը)՝ սոցոլոգիայի բաժնում, բայց չկարողացա։ Ոչ թե չկարողացա, այլ այդ ժամանակ իմ իրավունքներին չէի տիրապետում, և այդպես ստացվեց։

Երբ ես փաստաթղթերը ներկայացնելու գնացի, ասացին՝ դու չես կարող սովորել, և մենք քեզ չենք կարող ընդունել, որովհետև դու ինչ-որ բաներ չես կարող անել։ Հետո՝ ավելի ուշ, իհարկե, ես հասկացա, որ այդ դիմումն ընդունող աշխատակիցը ոչ մեկն էր այդ գործում, և իրավունք չուներ ու չէր կարող նման որոշում կայացնել։ Այդ պահին ընկճվեցի, հուսահատվեցի շատ, մտածեցի, որ վերջ՝ ո՛չ մի սովորել, ո՛չ մի բան, դա իմը չէ, ավելի լավ է՝ ինձ համար տանը նստեմ»,- պատմում է Լուսյան։

հհհհհհհհհհհհհհ.jpg (339 KB)

Այնուհետև Իտալիայում բնակվող քույրն առաջարկում է իտալերեն սովորել, դառնալ թարգմանչուհի։ Լուսյան, հետևելով քրոջ խորհրդին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն է դիմում: Աղջկան սիրով և ժպիտով ընդունում են:

«Արդեն դժվարություններն սկսվեցին այն ժամանակ, երբ դուրս էինք գալու գյուղից. նոր կյանք, նոր միջավայր, նոր մարդիկ։ Գյուղից քաղաք տեղափոխվելն ինձ համար մեծ սթրես էր, քանի որ օգտվում ենք անմատչելի տրանսպորտից, փողոցները նույն կերպ անհարմարավետ էին։ Սկզբում մի քանի օր մամայի հետ եկա քաղաք. տրանսպորտի գումարի փոխանցելը, դուռը բացել-փակելը, մարդկանց դեմքերն ու հայացքները հաղթահարել էր պետք։ Թեկուզ մի քիչ այլ կերպ էլ փռշտայիր, մարդիկ նայում էին անմիջապես, բոլորի ուշադրությունը քեզ վրա էր։ Բայց շրջապատի և ընտանիքիս՝ իմ անձի հանդեպ վստահությունը, որ՝ դու կարող ես, բավարար եղավ, որ կարծրատիպը կոտրեի ու 2 տարի ուսումնառության հարթ ուղի անցա»,- ասում է նա:

Հենց այդ երկու տարում էլ Լյուսյան ծանոթանում է «Ագաթ» ՀԿ-ի, «Էմիլի արեգակ» և այլ կենտրոնների կողմից մատուցվող ծառայություններին և իր համար նոր բացահայտումներ անում։ Նրա խոսքով՝ «Ագաթ»-ում լուրջ իրավական գիտելիք է ձեռք բերել, ծանոթացել իր իրավունքներին ու պարտավորություններին, նաև՝ կոփվել հոգեպես։ «Էմիլի արեգակ»-ը աղջկան տվել է նոր ընկերներ, լավ միջավայր, իրեն այլ տեսանկյունից տեսնել, նաև՝ սիրելու նոր հնարավորություն։

«Ես իրենց օգնությամբ հոգեպես ու ֆիզիկապես ինձ նորովի գտա իմ մեջ»,- անկեղծանում է Լուսյան։

Հենց «Էմիլի արեգակ»-ում էլ նկատել են, որ աղջիկը թեև չունի մասնագիտական կրթություն, սակայն տիրապետում է լուսանկարչության գաղտնիքների, գեղեցիկ աշխատանքներ ունի հրապարակած սոցցանցի իր էջում։ Առաջարկում են աշխատանքները ցուցահանդեսում ներկայացնել։ Նախաձեռնությունը հաջողությամբ իրականացնում է, ցուցահանդեսը՝ կազմակերպում, լուսանկարիչներից Լուսյան դրական արձագանքեր է ստանում։

Այս հաջողությունից ոգևորված՝ այժմ մասնագիտական դասընթացի է մասնակցում, որպեսզի առավել արհեստավարժ ուղի բռնի։

332153455_711542017424128_79402742793321176_n.jpg (191 KB)

Որքանո՞վ է հասարակությունը ներառական, որքանո՞վ են կարողանում հաշմանդամություն ունեցող անձինք ինտեգրվել ու իրենց տարբեր չզգալ։ Լուսյան համեմատում է 5 տարի առաջվա իրականությունն այսօրվա հետ, ընդգծում՝ շատ բան է փոխվել: Նա նաև ցավով նկատում է՝ պատերազմը վերաբերմունք փոխեց։

«Հասարակության մտածողությունը միանգամից փոխվեց. առաջ, եթե տեսնեին հաշմանդամություն ունեցող մեկին, կարող է մի ժամ ապշած նայեին, հիմա ժպտում, անցնում են, կամ լինում է, որ մոտենում, հարցնում են՝ ունե՞ս օգնության կարիք։ Այժմ ժամ առ ժամ փոխվում են զգացողությունները. մարդկանց այլ հայացքները նահանջել են։ Քանի որ ազգն անցավ բավական բարդ փուլ, արդեն կապ չունի՝ հաշմանդամություն ունեցող տղա՞ ես, թե՞ աղջիկ։ Այսինքն՝ քիչ-քիչ գնում ենք դեպի իրական ներառականությանն ընդառաջ»,- կարծում է նա:

Լուսյան նաև վստահ է՝ հենց իրենք՝ հաշմանդամություն ունեցողներն էլ են տեսանելիորեն փոխվել. այլևս չկա մտածողությունը, թե եթե խնդիր ունես, պետք է տանը մնաս ու ոչինչ չանես։ Ճիշտ հակառակը, կա գիտելիք, կա շնորհ ու արհեստ, արագ պետք է գործել, դառնալ ներկայանալի, ճանաչելի, լինել օրինակ շատերի համար։

332196325_2193237397536095_2260368421402547155_n.jpg (245 KB)

«Տարիներ առաջ կարող է այդ ամենին տիրապետեին, բայց ոչինչ չանեին, ամաչեին, որովհետև ամոթ էր։ Օրինակ՝ մեկը կակազելով իր բրենդը չէր ներկայացնի, ինչն այժմ վերջապես վերացել կամ վերանում է։ Այս հարցում գովելի է ՀԿ-ների ու աջակցող  կազմակերպությունների աշխատանքը, նրանք բավական բարձրացնում են հաշմանդամություն ունեցող անձանց ինքնագնահատականը, հստակեցնում մեր իրավունքներն ու պարտականությունները, ուղղորդում, ինչը երբեմն ավելի կարևոր է, քան դպրոցում ստացած գիտելիքը»,- ասում է զրուցակիցը։

Սովորելուց զատ՝ Լուսյան նաև աշխատում է, բիզնես էջ կառավարում։ Ըստ նրա՝ իր հաշմանդամությունը խնդիր չի առաջացրել, աշխատանքն օնլայն է, աշխատանքային գործիքները՝ մատչելի, իրեն հասանելի։ Նա ծիծաղելով նշում է, որ մեկ տարուց ավելի աշխատում է, այս ոլորտում վերապատրաստվել, նոր գիտելիքով է զինվել, գործատուի հետ լավ հարաբերություններ ունի, սակայն երբեք չեն հանդիպել, միմյանց չեն տեսել։

Այս պարագայում չի կարող ասել՝ եթե մինչ աշխատանքի անցնելը գործատուն իմանար իր խնդրի մասին, ինչպես կարձագանքեր և աշխատանքի ընդունման ինչ որոշում կկայացներ։

«Ինձ թվում է՝ որևէ բան չի փոխվի, եթե տեսնի ինձ, որովհետև ես աշխատանքը կատարում եմ լավ, յուրաքանչյուր գործատուի հենց դա է պետք՝ աշխատանքի որակը։ Ես, ճիշտ է, խնդիր չունեցա, բայց շատ եմ լսել ընկերներիցս, որոնք ունեն հաշմանդամություն, և լուրջ խնդիրներ են առաջանում աշխատանք գտնելու հարցում։ Սովորաբար նրանց ասում են՝ չեն կարող, բայց իրականում չգիտեն՝ դու ինչ ես կարողանում և ինչ չես կարող։ Պետք է փորձաշրջանի կամ կամավորության հնարավորություն տալ»,- շեշտում է նա:

Իր՝ ի սկզբանե հասարակությանն ինտեգրված լինելու հանգամանքը աղջիկը, ընտանիքից զատ, շրջապատով է պայմանավորում։ Ասում է՝ հաշմանդամություն ունեցող երեխայի համար գյուղում կա այն, ինչը երբեք չես գտնի քաղաքում։

«Գյուղերում իր ընկերները իրեն դուրս կհանեն, կխաղան միասին, բայց քաղաքում չկա այդ ընկերություն ասվածը, ամեն ինչ գնում է դեպի ռոբոտացում, այդ ամենին այլևս ուշադրություն չեն դարձնում, և, միևնույն է՝ ընկերը կմնա տա՞նը, թե՞ իր հետ դուրս կգա, կգնա զբոսնելու, խաղալու։ Ընտանիքներ էլ կան, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին փորձում են դուրս չհանել, բայց ոչ թե ամաչում են, այլ՝ վախենում։ Հիմնականում վախենում են, որ չի դիմանա հայացքներին, կյանքի հարվածներին, սակայն միաժամանակ չեն մտածում, որ պետք է այդ հարվածը լինի, ընկնի, որ կարողանա ինքնուրույն բարձրանալ։ Նաև դու ինքդ պետք է ընտանիքիդ անդամներին բացատրես, հասկացնես, որ չպետք է տանը փակված նստես»,- ասում է նա:

Մեկ խնդիր էլ է առանձնացնում 22-ամյա աղջիկը, ասում է՝ հաշմանդամություն ունեցող անձանցից բացի, նաև ընտանիքները պետք է իրենց իրավունքներին իրազեկ լինեն։ Օրինակ՝ տարիներ առաջ եթե իրենք իմանային, որ կարող էր սոցիոլոգիա սովորելու ընթացքում գրչով չգրել, այլ լսարանում աշխատել պլանշետով կամ համակարգչով, չէին ընկրկի ՇՊՀ-ի փաստաթղթերն ընդունող աշխատակցի առաջ։

Հարցին՝ հիմա, երբ իր իրավունքների ու պարտավորությունների մասին շատ բան գիտի, կցանկանա՞ վերադառնալ մանկության երազանքի իրականացմանը, նա երկար չի մտածում պատասխանելիս, ասում է՝ այս պահին՝ ոչ։

«Շատերն են ասում, որ գնամ, բայց եթե մի բանից ես անցնում եմ, էլ հետ չեմ գնում, դա ինձ համար անցյալ է։ Հնարավոր է՝ տարիներ անցնեն, ցանկանամ վերադառնալ, ուսումնասիրել այդ մասնագիտությանը, բայց այս պահին ցանկություն ունեմ մասնագիտանալ լուսանկարչության ոլորտում։ Հազիվ թե կրկին վերադառնամ մանկություն»,- նշում է նա:

Իսկ թե ո՞ր ոլորտում է իրեն տեսնում որպես կայացած մասնագետի և որտե՞ղ կուզեր ապրել, 22-ամյա աղջիկը խոստովանում է՝ շատերն են վստահ եղել, որ գնալու է Իտալիա՝ քրոջ մոտ։ Իտալերեն սովորել, ուսումնասիրելն էլ հենց դրա հետ են կապում։

Իրականում ոչ մի տեղ չի շտապում Լուսյան, վստահ է՝ իր տեղը Հայաստանում է, սա այն երկիրն է, որտեղ մնալու, ապրելու, աշխատելու, արարելու ցանկություն ունի։ Ինքն իրեն խոստացել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալ, իսկ իտալերենը գործածում է, երբ հարազատներն են հյուր գալիս կամ ծանոթներն են թարգմանությունների կարիք ունենում։

Եթե պետք լինի, իր օգնությանը դիմեն, պատրաստ է նաև որպես թարգմանիչ հանդես գալ։ Իսկ, ընդհանուր առմամբ, ճշմարտությունը մեկն է՝ կյանքը հնարավորությունների շղթա է, այն պետք է տեղին, ժամանակին ու ճիշտ գործարկել։

Սամսոն Մատինյան

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3035 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ