Երևան
12 °C
«ՀՀ Մեծարգո՛ պարոն նախագահ,
ՀՀ Մեծարգո' պարոն վարչապետ,
ԱԺ Մեծարգո՛ նախագահ,
Հարգելի՛ նախարարներ, պատգամավորներ,
Ձերդ գերազանցություններ, սիրելի՛ հյուրե՛ր,
Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին:
ՀՀ վարչապետն արդեն իսկ հանգամանալից կերպով անդրադարձավ և ներկայացրեց մեր խաղաղության օրակարգը, ներկայացրեց տարածաշրջանում ընթացող գործընթացների մանրամասները, բերեց փաստարկներ, հակափաստարկներ։ Հետևաբար, ես կփորձեմ կիսվել իմ՝ մի փոքր այլ՝ առավել ընդանրական բնույթի մտքերով։ Նաև նպատակ ունենալով դրական իմաստով սադրել, գեներացնել մեր այսօրվա և վաղվա երկխոսությունը։
Հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես կասեր հայկական ծագմամբ աշխարհահռչակ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանն իր «Իմ սիրտը լեռներում է» դրամայում, «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»։ Թվում է պարզ, բայց խոստովանենք՝ շատ դիպուկ այս արտահայտությունն ամբողջությամբ նկարագրում է թե՛ այստեղ մեր շուրջը, թե՛ տարբեր այլ տարածաշրջաններում ձևավորված իրավիճակը։
Անշուշտ, հարկ է խոստովանել, որ մեր աշխարհը երբեք էլ աչքի չի ընկել անսխալականությամբ, բոլորի իրավունքների հավասար պաշտպանվածությամբ, բոլորի համար պարտադիր համակեցության կանոնների անշեղորեն պահպանմամբ, բայց հատկապես վերջին տարիների իրադարձություններն էականորեն ամրապնդել են մեջբերածս մտքի ճշմարտացիությունը: Ավելին, փոփոխությունների և անորոշությունների խելահեղ վազքը հենց այս պահին էլ շարունակվում է՝ ավելացնելով անկանխատեսելիության աստիճանը։
Սա վաղուց արդեն միայն տեսական, գիտական պնդում չէ, այլ տեսանելի և շոշափելի իրականություն: Իրականություն, որն ուղղակիորեն ազդում է թե՛ գլոբալ մակարդակում՝ միջազգային փոխհարաբերությունների վրա, թե՛ անհատական մակարդակում՝ մեծ թվով մարդկային ճակատագրերի վրա. աշխարհի տարբեր անկյուններում մարդածին ու բնական աղետների հետևանքով գրանցվող մարդկային կորուստները և խեղված ճակատագրերը սոսկ ապշեցուցիչ վիճակագրական թվեր չեն, այլ շատ կոնկրետ մարդկային կյանքեր՝ անուններով, ազգանուններով, դեմքերով։
Միջազգային իրավունքի նորմերի բացահայտ և անպատիժ ոտնահարումները, խորացող ճգնաժամերն, ընթացող պատերազմները, երբեմն մարդկության դեմ ոճրագործությունները վկայում են երկար տարիներ գոյություն ունեցած աշխարհակարգի և քիչ թե շատ ընդունելի ու կենսունակ խաղի կանոնների փաստացի քայքայման մասին։
Գլոբալ խաղացողների միջև հակասություններն ու մրցավազքն էլ ավելի են խորացնում համաշխարհային քաղաքականության բևեռացումը և ֆրագմենտացիան, միաժամանակ տարբեր ռեգիոնալ դերակատարներ իրենց հերթին են մարտահրավեր նետում աշխարհակարգին՝ հավակնելով ավելի մեծ դեր խաղալ և իրենց ազդեցության գոտիները ձևավորել։ Փոքր պետությունները ձգտում են հնարավորինս անվտանգ նավարկել ալեկոծվող օվկիանոսում՝ իրենց առաջ ունենալով սեփական պետականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու հրամայականը։
Տեխնոլոգիական առաջընթացը բազում բարիքներ ստեղծելուն զուգահեռ պետությունների ու մարդկանց համար նոր մարտահրավերներ է առաջ բերում՝ սկսած կիբերանվտանգության խնդիրներից մինչև արհեստական բանականության՝ դեռևս ոչ ամբողջությամբ հասկանալի կամ բացահայտված, ըստ այդմ՝ անկանխատեսելի հետևանքները: Հիբրիդային սպառնալիքներն ու ապատեղեկատվության միտումնավոր տարածումը նոր շերտ են ավելացնում արդեն իսկ բարդ, բազմաշերտ միջազգային ճգնաժամերին։
Որպես մի երկրի նախարար, որն անցել է և անցնում է ժողովրդավարական՝ երկար ժամանակ անհնարին թվացող վերափոխումների միջով և գիտակցում է այդ ձեռքբերման արժևորման ու պահպանման, զարգացման ժողովրդավարական ուղով անշեղորեն ընթանալու կարևորությունը՝ առկա մարտահրավերների շարքում պետք է ընդգծեմ նաև ժողովրդավարությանը, դրա արժեքներին ու սկզբունքներին սպառնացող վտանգները, ինչպես նաև խիստ անհրաժեշտությունը՝ համատեղ ջանքերով ապացուցել, որ ժողովրդավարությունը կարող է շոշափելի արդյունքներ գրանցել՝ այդ թվում նաև որպես ճգնաժամերին դիմադրողականության, կայունության ու զարգացման առհավատչյա։ Ասածիս գոնե մի փոքր լավատեսություն հաղորդելու համար կարող եմ բերել հենց մեր՝ Հայաստանի սեփական օրինակը, երբ ժողովրդավարության ընձեռած մեխանիզմներով, մասնավորապես ազատ ու մրցակցային ընտրություններով ընդամենը 3 տարի առաջ մենք կարողացանք հաղթահարել այն խորը հանրային ճգնաժամը, որում հայտնվել էր մեր հասարակությունը և որի հետցնցումները մինչ այժմ էլ, պետք է խոստովանել, դեռ հատվածաբար զգացնել են տալիս իրենց:
Վերադառնալով աշխարհաքաղաքական համայնապատկերին՝ պիտի կրկին արձանագրենք, որ գոյություն ունեցող միջազգային մեխանիզմները, ցավոք, այսօր այլևս չեն կարողանում արդյունավետ կերպով հասցեագրել առկա մարտահրավերները: Ավելին, ստեղծված իրավիճակի փոփոխության անհնարինության պարագայում չենք կարող խուսափել իրավիճակի ավելի վատթարացումից, որը չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ՝ ծանրագույններից մեկն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր։
Այս պատկերի նկարագրումն, իհարկե, նպատակ չունի հավելյալ հոռետեսական կամ անգամ ապոկալիպտիկ զգացողություններ գեներացնել այս լսարանում: Ճիշտ հակառակը. իմ համոզմամբ, պատկերի ամբողջական գիտակցումն է, որ ընդգծում է սխալ ընթացքը կասեցնելու, պատկերը փոխելու հրամայականը, ինչպես հիվանդության ճշգրիտ ախտորոշումն է, որ թույլ է տալիս իրականացնել պահանջվող բուժումը: Այդ վերափոխումն էլ կրկին տեսական դատողություն չէ, այլ խիստ իրական, գործնական անհրաժեշտություն։
Եվ ուրեմն, եթե բոլորս գիտակցում ենք, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ բան սխալ է, և որ այս ընթացքը մեզ բոլորիս տանում է դեպի հերթական անդունդը, որտեղ չեն լինելու երկարաժամկետ շահողներ, ո՞րը պիտի լինի քաղաքակիրթ մարդկության արձագանքն այս իրավիճակում։ Միջազգային կանոնների վրա հիմնված աշխարհակարգի վերականգնումը և դրա լեգիտիմության ամրապնդումը. սա է միակ ուղին, որը կարող է ապահովել գլոբալ անվտանգության և զարգացման օրակարգերի առաջմղումը։
Սակայն, երբ յուրաքանչյուրը՝ անհատները, պետությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, միջազգային կոորպորացիաներն ապրում և առաջնորդվում են սեփական ճշմարտությամբ, ինչպե՞ս հանգել ընդհանուր հայտարարի, ընդհանուր կանոնների և ընդհանուր անխախտելի ճշմարտությունների։ Երկխոսելով։ Երկխոսությունը, ինչու ոչ՝ կարծիքների բախումը, բանավեճը կարող են հնարավորություն ստեղծել հասնելու ընդհանուր ճշմարտությունների բացահայտմանը և ընդհանուր կանոնների ձևավորմանը։
Արդյո՞ք երկխոսությունը կերաշխավորի հաջողությունը. փաստ չէ։ Բայց փաստ է, որ երկխոսության բացակայությունն էլ ավելի կխորացնի առկա ճգնաժամը։
Սա է Հայաստանի մոտեցումն ու հավատամքը՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում՝ փորձելով հասնել համակեցության ընդհանուր կանոնների, դրանց հարգման, առնվազն՝ միմյանց հանդուրժելուն, իսկ հնարավորության դեպքում նաև փոխշահավետ կերպով համագործակցելուն։ Հենց այս մոտեցումն ենք որդեգրել՝ ձգտելով տևական խաղաղության մեր տարածաշրջանում։
Կարծում եմ բոլոր ներկաները կհամաձայնեն Մարթին Լյութեր Քինգի պնդմանը, որ խաղաղությունը սոսկ հրաձգության բացակայությունը չէ: Իսկապես, պետք են կայուն, արդար ու արժանապատիվ լուծումներ, ինչն էլ պահանջում է ամուր քաղաքական կամք և հանձնառություն. Հայաստանի Հանրապետությունը, չնայած բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին, ցուցաբերել է և ցուցաբերում է այդ կամքն ու հանձնառությունը։
Եվ այսօր, հարգելի՛ գործընկերներ, առաջարկում ենք «Երևանյան երկխոսությունն» օգտագործել որպես հարթակ գլոբալ մարտահրավերների մասին խոսելու համար։ Հարթակ, որտեղ հուսով եմ հնարավոր կլինի ևս մեկ քայլ մոտենալ ընդհանուր կանոնների ձևակերպմանը և ապագան այսօր ձևավորելուն։
Թույլ տվեք ելույթս ավարտել կրկին Սարոյանի խոսքերով. Ի վերջո, այսօրը հավերժ է՝ երեկը դեռ այսօր է, և վաղն արդեն այսօր է:
Շնորհակալ եմ և սահուն ընթացք եմ մաղթում առաջին «Երևանյան երկխոսությանը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT