Երևան
12 °C
ՀՀ ներքին գործերի նախարարությունն սկսել է իրականացնել «Ձեզ տանը սպասում են» խորագրով արշավը, որի նպատակն է հասարակությանը բացատրել, թե ինչ ծանր հետևանքներ են լինում ամրագոտին չկապելու, ղեկին ծխելու հետևանքով։
ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ խորագրի միջոցով ցանկանում են, որ վարչարարությունից բացի, երթևեկության մշակույթ ձևավորվի հասարակության շրջանում։ Արշավը շարունակվելու է նաև Ամանորին ընդառաջ, քանի որ այդ շրջանում հատկապես շատ են գրանցվում ոչ սթափ վիճակում, կամ ղեկին ծխախոտի արտադրանքներ օգտագործելու դեպքերը։
Մինչև դեկտեմբերի 12-ը ղեկին ծխելու 25 հազար 372 դեպք է արձանագրվել: 2023-ին այդ դեպքերը եղել են 22 հազար 276, այսինքն՝ այս տարի մոտ 3 հազար դեպքով ավելացել է արձանագրումների քանակը, տվյալները ներկայացնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:
«Ծխախոտի օգտագործումը մի քանի հանգամանքներով կարող է նպաստել պատահարների առաջացմանը։ Օրինակ՝ ծխելու ընթացքում, բնականաբար, մեկ ձեռքը զբաղեցվում է, բայց երթևեկելիս պահ է գալիս, որ անհրաժեշտ է շրջադարձ անել, այդ դեպքում մեկ ձեռքի զբաղված լինելը խանգարում է և խոչընդոտում ճշգրիտ կառավարմանը։ Հաջորդը, երբ ծխելու ընթացքում անհրաժեշտություն է առաջանում մոխիրը որևէ տեղ թափ տալու, այդ ժամանակ էլ վարորդը ուշադրությունը շեղում է»,- մեզ հետ զրույցում ասում է նա։
Չիլինգարյանը հիշեցնում է՝ սովորական տրանսպորտային միջոցների համար ղեկին ծխելու տուգանքը կազմում է 7 հազար դրամ և 0,5 տուգանային միավոր, իսկ ընդհանուր տրանսպորտային միջոցների՝ հանրային տրանսպորտի և տաքսի մոբիլների համար՝ 20 հազար դրամ և մեկ տուգանային միավոր։
Ըստ նրա՝ տուգանային միավորները նոր են ներդրվել, և հույս կա, որ դրանք էական փոփոխություններ կառաջացնեն, կստիպեն վարորդներին առավել զգոն լինել։
Այն, որ ծխելը, բացի ճանապարհային պատահարների պատճառ դառնալուց, վնասում է ծխող մարդու և նրա հարազատների առողջությունը, զգուշացնում է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,3 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցության:
2022 թվականին Հայաստանում իրականացված՝ Առողջապահության համակարգի գործունեության համակարգի ընտրանքային հետազոտությունների տվյալների համաձայն՝ 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխում է ամեն օր։ Ծխողների գերակշիռ մասը արական սեռի ներկայացուցիչներն են (Տղամարդիկ՝ 53.2%, կանայք՝ 2%)։
Առողջապահության նախարարության հանրային առողջապահության մասնագետ Մարիամ Մնացականյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փաստում է՝ ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է, և դրա օգտագործումը առողջապահական լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։
«Վերջերս երեխաների շրջանում էլ է իրականացվել հետազոտություն, որով պարզվել է, որ նրանց շրջանում ծխախոտային արտադրատեսակների և դրա փոխարինիչների օգտագործումը նույնպես մտահոգիչ է։ 15 տարեկան տղաների 23 տոկոսը օգտագործում է կամ երբևէ փորձել է ծխախոտ, իսկ էլեկտրոնային ծխախոտ փորձել է 15 տարեկան տղաների 36%-ը։ Աղջիկների և կանանց շրջանում մեզ մոտ ցուցանիշները շատ ցածր են։ Հիմնականում տղամարդիկ են օգտագործում, նախկինում դա բացատրվում էր այսպես․ ծխախոտի օգտագործումը համարվում էր երիտասարդ տղաներին ինքնավստահություն հաղորդող միջոց, կամ, նրանց մտածելով, առնական տեսք էր տալիս»,- ասում է նա։
Միևնույն ժամանակ, ըստ մասնագետի, թեև կանանց ծխելու ցուցանիշները շատ քիչ են, սակայն այժմ արտադրողները փորձում են ծխախոտին փոխարինող արտադրանքներ ներկայացնել, որոնք կլինեն գունային ու համային հրապուրիչ միջոցների տեսքով և կգրավեն չծխող անձանց․ «Այսօրվա դրությամբ չեմ կարող ասել, որ երիտասարդության շրջանում ընդհանրապես ծխախոտային արտադրատեսակների ու փոխարինիչների օգտագործումը նվազել է, նրանց մոտ կախվածություն է առաջանում, որովհետև ծխախոտը պարունակում է նիկոտին։ Իրականացվող հետազոտությունները արվում են երեքից հինգ տարի ժամկետով։ Այժմ նախատեսում ենք 2025 թվականին ռիսկի գործոնների վերաբերյալ հետազոտություն իրականացնել»։
Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ: Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, շեշտում է հանրային առողջապահության մասնագետը՝ հավելելով՝ չկա դրանց անվնաս չափաբաժին:
«Ծխախոտային արտադրատեսակները առաջացնում են տարբեր հիվանդություններ, որոնք մահվան պատճառ են դառնում։ Կարճաժամկետը հևոցներն են, հազը, խրոնիկ բրոնխիտները, երկարատևի դեպքում՝ քաղցկեղը, սիրտ-անոթային խնդիրները։ Այսինքն՝ այսօրվա երիտասարդության շրջանում 5 կամ 15 տարի հետո հնարավոր է ի հայտ գան նոր հիվանդություններ։ Բայց եթե թողնեն ծխելը, մեկ տարի հետո նվազում է իշեմիկ հիվանդության ռիսկը»,- վստահեցնում է նա։
Ինչ վերաբերում է հասարակության շրջանում ծխելը կանխարգելելու միջոցներին, ապա Մնացականյանը հիշեցնում է 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա: Միևնույն ժամանակ նա շեշտում է, որ հատկապես անչափահասների դեպքում ծխախոտ վաճառելու դեպքերը պետք է վերահսկվեն, վաճառողը ինքն էլ պետք է գիտակցի՝ անչափահասին ծխախոտ վաճառելով՝ նպաստում է նրա մոտ առաջացող հիվանդությունների ռիսկի մեծացմանը։
Իսկ ի՞նչ է ասում օրենքը
Այսպիսով՝ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հետևյալ դրույթները.
▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների:
▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը:
Վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների աչքի ընկնող ցուցադրությունը գրավում է երիտասարդներին, և նրանք հայտնվում են այդ արտադրատեսակների գովազդի ազդեցության տակ: Այդ ցուցադրությունը դրական վերաբերմունք է ձևավորում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների նկատմամբ:
Ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երեխաների համար նախատեսված ապրանքների կողքը, երեխաների տեսադաշտի մակարդակին՝ տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքը անվնաս առօրյա առարկա է:
Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը՝ որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:
Առողջապահության նախարարությունում գործում է նաև «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը, որի նպատակն է աջակցել բոլոր ծխողներին՝ ազատվելու ծխելու վատ սովորությունից։
Թեժ գծում աշխատում են հոգեբան-խորհրդատուները, որոնք վերապատրաստվել են ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցներին համապատասխան, նրանք օգնում են վերանայել վարքագիծը և խրախուսում դադարեցնել ծխելը:
Խորհրդատվությունը անվճար է և գաղտնի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանի պարգևատրման արարողությունը
Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Աշխարհի չեմպիոն
Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու գողացել դրամապահոցը
ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները տարիներ շարունակ հսկայական կաշառքներ են ստացել Բաքվից. ինչ է պահանջվել փոխարենը
ՀՀ-ում 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխող է, ղեկին ծխողների թիվը ևս մեծացել է. որքան է տուգանքը
Ներարկումներ են անում, ցույց տալիս մարմնի մասերը. Կադիրովը կոչ է արել փակել «այլասերող» գեղեցկության սրահները
Տան տանիքում հայտնաբերվել է 63-ամյա տղամարդու դի
Արջուտ գյուղում տրակտոր է հրդեհվել
«Վրացական երազանքի սառեցումը». ինչ ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Շոլցը կրկին դեմ է արտահայտվել գերմանական զենքով ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելուն
Տարածաշրջանի կայունության ուղին անցնում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Գյուլեր
Ներմուծողից՝ արտադրող ու արտահանող. հաջողված բիզնեսի օրինակ պետական աջակցությամբ. տեսանյութ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա
Որոնք են 2025 թվականի գույներն ու տարին խորհրդանշող կենդանին․ ինչ սովորույթներ են եղել հնում Ամանորին
Լյուքսեմբուրգում վնասվածք ստանալուց հետո Փելոսին վիրահատության է ենթարկվել
Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Բորդյուժան բացատրել է, թե ինչու Ուկրաինան երբեք չի հրավիրվել ՀԱՊԿ
Երևանում ու մարզերում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում. ցրտելու է ևս մի քանի աստիճանով
Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Արագածոտնի մարզում. պետությունը սատար է կանգնում. տեսանյութ
Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված նախատոնական ընթրիքին
Խոշոր հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Կբացվեն Ազգային ժողովի այգու դռները
Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հրդեհ՝ Սարահարթ գյուղում
Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 100-ից ավել դեպք
Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ
Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը. ցույցերը չեն հանդարտվում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել
Ծանրամարտի ԱԱ․ հարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը
Փակ և դժվարանցանելի հատվածներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ
Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա․ Ժաննա Անդրեասյան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք
Ես դեռ փարիզցի եմ, բայց միայն որպես երկրպագու. Մբապեն՝ ՊՍԺ-ի մասին
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT