Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն:
Ընկերակցության փոխնախագահ, դեսպան Ռոլֆ Նիկելը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու համար և համոզմունք հայտնել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ ՀՀ վարչապետի տեսակետներն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են մի խումբ քաղաքագետներ, փորձագետներ, դիվանագետներ, ուսանողներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է երկու տարի անց վերադառնալ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն: Կցանկանայի արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը երկրորդ անգամ ինձ ընդունելու համար:

Եթե փորձենք համեմատել քննարկումների վերնագրերը՝ «Հայաստանի հեռանկարները խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ», նախորդի՝ «Անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում» հետ, դա կարտացոլի պատմական զարգացումները և հետագա հեռանկարները մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում:
Այսօր կարող եմ վստահորեն հայտարարել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղություն հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ ես և Ադրբեջանի նախագահը ստորագրեցինք համատեղ հռչակագիրը, որին ներկա էր նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Հռչակագրի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդգծել են պայծառ ապագայի համար այնպիսի ուղի մշակելու անհրաժեշտությունը, որը կապված չէ անցյալի հակամարտություններով և համապատասխանում է Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։
Մենք պարտավորվեցինք ճանապարհ հարթել մեր երկու երկրների միջև թշնամանքի գլուխը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ՝ հիմա և ապագայում։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից՝ նախագահ Թրամփի, նախագահ Ալիևի և իմ ներկայությամբ։
Վաշինգտոնում ձեռք բերված կարևորագույն առաջընթացներից մեկը երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման համաձայնագիրն է ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտի համար՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այս ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ փոխադարձ օգուտներ բերելով Հայաստանի Հանրապետության միջազգային և ներպետական կապի համար։

Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ ենք վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
«TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին։

Այս նախագծի իրականացումը, որը լիովին համապատասխանում է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, տարածաշրջանում կստեղծի լրացուցիչ կապեր և փոխկախվածություններ՝ դառնալով խաղաղության ևս մեկ կարևոր գործոն։
Փաստորեն, «TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ։

Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ նաև տեղեկացնել ձեզ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների աստիճանական բացման քաղաքական համաձայնագիրն արդեն իրականություն է դառնում։
Հոկտեմբերին նախագահ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Սա շատ նշանակալի և դրական զարգացում է։ Այն, ինչ անհնար էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ, այժմ իրականություն է. Ղազախստանից Հայաստան երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Մեր հերթին, ինչպես հրապարակավ հայտարարել ենք, Հայաստանը պատրաստ է թե՛ քաղաքական առումով, թե՛ տեխնիկապես հնարավորություն տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցմանն իր տարածքով։

Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ հաստատված խաղաղության նկատմամբ ամենօրյա հոգատարության, Վաշինգտոնի հռչակագրի ոգուն հավատարիմ մնալու և գործընթացը խաթարող խոսույթներից հրաժարվելու միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները կկարողանան ինստիտուցիոնալացնել երկու երկրների միջև երկարատև խաղաղությունը։
Իհարկե, խոսելով մեր տարածաշրջանի մասին, ես պետք է նաև այս հարգարժան լսարանին տեղեկացնեմ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա իրավիճակի մասին։
Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում մեր նախորդ հանդիպումից ի վեր մենք ականատես ենք եղել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների ակտիվացմանը։ Այս շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ իմ և նախագահ Էրդողանի, մեր Արտաքին գործերի նախարարների և հատուկ ներկայացուցիչների, երկու Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև համապատասխան ոլորտային նախարարությունների միջև։

Գործնականում մենք շատ ակտիվ բանակցություններ և հարաբերություններ ենք պահպանում պաշտոնական Անկարայի հետ, նույնիսկ դե յուրե դիվանագիտականհարաբերությունների բացակայության պայմաններում։ Եվ ես հույս ունեմ, որ Թուրքիան կկայացնի երկար սպասված քաղաքական որոշումը՝ բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարանցիկ միջանցքներից մեկը՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հետ միասին։ Եվ մենք եռանդուն աշխատում ենք այս պատմական հնարավորությունն իրացնելու ուղղությամբ։

Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարվա մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքը։ Շատերը հարցնում են, թե երբ է Հայաստանը դառնալու Եվրամիության անդամ և որքանով է իրատեսական այս նպատակը։ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքը, առաջին հերթին, մեզ համար խթան է հետևողականորեն իրականացնելու ժողովրդավարական բարեփոխումներ։ Մեր նպատակն է` ինստիտուցիոնալ և բովանդակային առումով համապատասխանել ԵՄ չափանիշներին, քանի որ առանց նման համապատասխանության ԵՄ անդամակցությունն անհնար է։
Երբ Հայաստանն օբյեկտիվորեն համապատասխանի այս եվրոպական չափանիշներին, մեր առջև կբացվի երկու ճանապարհ. կամ մեզ կընդունեն որպես ԵՄ անդամ պետություն, կամ՝ ոչ։ Իհարկե, մեր նախընտրելի սցենարն առաջինն է։ Նույնիսկ եթե անդամակցությունը տեղի չունենա, մենք հասած կլինենք կարևոր հանգրվանի. Հայաստանը կլինի մի երկիր, որը կհամապատասխանի ամենաառաջադեմ ժամանակակից չափանիշներին։

Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանելու մեր ձգտումը պայմանավորված չէ աշխարհաքաղաքականությամբ, այլ ժողովրդավարական ընտրությամբ. 2018 թվականի խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր, Հայաստանը` որպես ռազմավարական խնդիր, հանձնառու է ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և անկախ դատական համակարգին։
Այս ճանապարհին, ընդամենը մեկ շաբաթ առաջ, Հայաստանը և Եվրոպական Միությունն ընդունեցին «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը», որը լրացնում է արդեն իսկ գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ): Այն սահմանում է մեր համագործակցության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները՝ դառնալով եզակի ճանապարհային քարտեզ տարբեր շերտերում Հայաստանի ավելի խորը համաձայնեցման և ինտեգրման համար։
Մենք ներկայումս ուսումնասիրում ենք ոլորտային ինտեգրման հնարավորությունները թվային և հեռահաղորդակցության, էներգետիկայի և կապի ոլորտներում:
Տիկնայք և պարոնայք,

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Գերմանիա կատարած իմ այցի տնտեսական բաղադրիչին՝ միաժամանակ օգտագործելով առիթը՝ ամրապնդելու հայ և գերմանական բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև երկխոսությունը: Նման շփումներին աջակցելու համար մեր Կառավարությունը պետք է խթանի մեր գործարարների շարժունակությունը. և հետևաբար, ուրախ եմ նշել, որ մենք հաջողությամբ մեկնարկել ենք Եվրոպական Միության հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ Սա կարևոր քայլ է շարժունակության բարելավման, մարդկանց միջև շփումների ակտիվացման և միջմշակութային կապերի զարգացման ուղղությամբ: Վերջերս մենք ստացանք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որն ուրվագծում է Հայաստանի Կառավարության հիմնական չափանիշներն ու պարտավորությունները: Դրա հաջող իրականացման դեպքում կհաստատվի վիզայի ազատականացման ռեժիմ, որը կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև ակտիվ փոխանակումներին։
Հարգելի գործընկերներ,
Այս բացման խոսքում դժվար է ամբողջությամբ անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների թեմային, քանի որ այսօր այն իսկապես համապարփակ է՝ ընդգրկելով գրեթե բոլոր հնարավոր ոլորտները:

Վստահ եմ, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա մայիսին Երևանում, նոր հնարավորություն կընձեռեն ինչպես գնահատելու մեր հարաբերությունների առաջընթացը, այնպես էլ առաջիկա տարիների համար ավելի հավակնոտ նպատակներ սահմանելու համար:
Թույլ տվեք եզրափակել իմ ելույթը՝ ընդգծելով նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, որը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում երկկողմանի հիմունքներով սովորելու և համագործակցելու համար:
Իհարկե, այլ համախոհ գործընկերների հետ մեկտեղ Գերմանիան կենտրոնական դեր է խաղում Հայաստանի համար, և մեր երկրների միջև ռազմավարական օրակարգի ընդունումը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի՝ ստեղծելով նոր պայմաններ մեր ռազմավարական գործընկերության համար։
Շնորհակալություն»։
Հաջորդիվ վարչապետը մասնակցել է «Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապակցվածության և ԵՄ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավտովթար Երևանում. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Կտրիճի կողմից նախընտրական շտաբի վերածված հերթական եկեղեցին է՝ Տաշիր Սամոյի նկարը պատին փակցրած. Չախոյան
Հեծանվային լուսաբացը Բեռլինում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն ցանկացած տարածաշրջանում հենվում է երկրի վրա, որին համարում է առաջատար․ մեր տարածաշրջանում դա Հայաստանն է
Անդրադարձ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին. Նարեկ Մկրտչյանը հանդիպել է կոնգրեսական Թոմաս Քենի հետ
Եվս 3 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում է
Վարդենյաց լեռնանցքում, Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է. մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում
TRIPP ուղին, Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումն ունեն ներուժ` դառնալու Միջին միջանցքի բաղադրիչ
Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ
Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը
Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը հանդես են եկել հայտարարություններով. տեսանյութ
Ինչ է ասվում Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրում
Փաշինյանն ու Մերցը վերահաստատել են Հայաստան-Գերմանիա բազմամյա բարեկամական և գործընկերային հարաբերությունները
Կոռուպցիայի դեմ պայքարում կա նաև մեկ հանգամանք, որի մասին ոչ մի դասագրքում, ցավոք, մեզ չեն ասում. Վարդապետյան
Գերմանիան աջակցում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, սահմանի բացմանը. վարչապետ
Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել. տեսանյութ
Այցը պատմական է. այսօր Հայաստան-Գերմանիա հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ
Արման Խոջոյանն ու Ռիշան Չոդհրին քննարկել են Հայաստանի ցորենի արտադրության և մատակարարման ներկա իրավիճակը
Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ պայքարում են մեր դեմ, հաճախ՝ առանց բարոյական գծերի ու կանոնների
Հայտնի է՝ ինչի համար է Իշխան Սաղաթելյանը հրավիրվել Քննչական կոմիտե
Վարչապետը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ. տեսանյութ
ԲՏԱ նախարարն ընդունել է AMD ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչներին
Դիմավորման պաշտոնական արարողություն՝ ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից առաջ. վարչապետ. տեսանյութ
Արշակն ինձ ասեց՝ Արմեն, կարող ա «լևի» գնաս, ասեցի՝ ամուսնացած եմ, ասեց՝ հա ինչ անենք, երեցկինը ստեղ չէ
Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է. տեղի է ունեցել Փաշինյան-Շտայնմայեր հանդիպումը
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է. Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում՝ ձյուն
Երևանում թմրանյութ իրացնող 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել. տեսանյութ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելներից մեկում բախվել են կցորդիչով բեռնատարներն ու մարդատարը. կա վիրավոր
Գարեգինի շրջապատում «լևի» գնալը կարծես նորմալ է. թող ասեն՝ Կտրիճը ամուսնացա՞ծ է, թե՞ էն բանից է
Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստը
ԳԴՀ նախագահի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սարգիս Խանդանյանը նշանակվել է ՔՊ արտաքին կապերի պատասխանատու
Կան հրատապ խնդիրներ, որոնց լուծումը կենսական անհրաժեշտություն է. նախագահն ընդունել է Արամազդ Ղալամքարյանին
Իշխան Սաղաթելյանը հարցաքննվել է
Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Ներկայացվել է COP17-ի պաշտոնական տարբերանշանը՝ Երևանյան կապտաթիթեռ
WhatsApp-ում կեղծ հաշիվ է բացվել Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով. նախարարը խնդրում է ուշադիր լինել
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT