Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով այսօր հարցաքննվեց ամիսներ առաջ մահացած Ճվճըվ Արոյի (Արա Վարդանյան) որդին՝ Սերժ Վարդանյանը: Նշենք, որ Սերժ Վարդանյանը հաճախ է տարբեր առիթներով բերման ենթարկվում՝ այդ կերպ հայտնվելով նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում:
Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկականկենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալների աթոռին են՝ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը, Չարբախցի Գեղամը եւ Արմեն Գասպարյանը:
Երեկ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը վկային առաջարկեց պատմել, թե իրեն ինչ է հայտնի դեպքի մասին, Սերժ Վարդանյանը սկսեց անհանգիստ շարժումներ անել ձեռքերով՝ պարբերաբար կրկնելով, որ ոչինչ չի հիշում: Նա ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, ճանաչում է միայն դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանին՝ հոր «մոտիկն է եղել»: Վկան ասաց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները չի հիշում: Դատավորի հարցին՝ ի՞նչ պատճառով, հիշողության հետ կապված խնդիրնե՞ր ունի, վկան հանկարծ ասաց. «Հիշում եմ, հիշում եմ, բայց կոնկրետ չեմ հիշում»,- ասաց նա եւ կրկին սկսեց անհանգիստ շարժումներ անել: «Հանգիստ, հանգիստ»,- դիմելով Սերժ Վարդանյանին ասաց դատավորը, ապա բացատրեց վկային իր իրավունքներն ու պարտականությունները՝ նշելով, որ պարտավոր է ցուցմունք տալ: «Դեպք էր տեղի ունեցել, որը չեմ ուզում հիշել, ըտեղ գրված ա: Էդ օրը գնացել էի Չարբախ՝ հայրիկիս տանեի հիվանդանոց առողջականի հետ կապված խնդիրներ ուներ: Էլ չեմ հիշում ըտեղ սաղ գրված ա»,- ասաց վկան՝ ձեռքով ցույց տալով դատավորի սեղանին առկա քրեական գործի նյութերը: Սա զայրացրեց դատավորին, նա վկային կրկին նախազգուշացրեց, որ նման վերաբերմունքի դեպքում կարող է տուգանել 100 հազար դրամի չափով, իսկ հիշողության հետ խնդիրներ ունենալը կարելի է պարզել դատարանի կողմից նշանակված փորձաքննության միջոցով: Դատարանի նախազգուշացումից հետո վկան պատմեց, որ դեպքի օրը Չարբախում իր ընկերոջը՝ Դավիթին (Խոսքը՝ Դավիթ Հախանումյանի մասին է, որը նույնպես գործով վկա է,-հեղ.) է հանդիպել, նրան գումար է պարտք եղել, տվել է, որից հետո գնացել է «Լիա» գեղեցկության սրահից իր հորը եւ Մուշեղ Մուշեղյանին վերցնելու:
«Գեղեցկության սրահում ինչ-որ շուխուռ ա եղել, հայրս Մուշեղի հետ դուրս եկավ, ինքնուրույն չէր կարող քայլել, հայրս էր թեւն ընկած բերում: Մուշեղին նստեցրինք ավտոն, որ տանենք հիվանդանոց: Մուշեղը նստեց ավտոյի դեմը, ինձ ասեց` կրակել ա, հետո իրեն են խփել դանակով: Ասեց`կիքս տվի, ինքս ինձ խփի: Հետո տարել եմ հիվանդանոց ու ոչ մի բանից տեղյակ չեմ, հեռացել եմ»: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին, թե կրակոցի ձայներ լսե՞լ է, վկան դրական պատասխան տվեց, սակայն ասաց, որ չգիտի որտեղից էին դրանք հնչում: Ի պատասխան դատախազների հարցին ասաց, որ չգիտի, թե հայրն ու Մուշեղը ինչ նպատակով էին գնացել գեղեցկության սրահ: Գեւորգյանի հարցին, երբ Մուշեղը նստեց մեքենան, նրա վրա տեսանելի վնասվածքներ նկատե՞ց, Սերժ Վարդանյանը պատասխանց. «Բութի կեսը պոկված էր, շորերի հատվածում սաղ արյուն էր»: Մեղադրողի հարցին, թե առաջին ցուցմունքի ժամանակ քննիչին ասել է, թե մեքենայում ինչ է իրեն ասել Մուշեղ Մուշեղյանը, վկան ասաց. «Չեմ հիշում, դեպքի հետ կապված ոչինչ չեմ ուզում հիշել»: Նշենք, որ առաջին անգամ հարցաքննվելիս վկան, Մուշեղ Մուշեղյանի «կիքսի մասին» քննիչին չի հայտնել: Այդ մասին հայտնել է միայն երկրորդ անգամ հարցաքննվելիս: Հենց այս հիմքով էլ մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, էական հակասություններ տեսնելով դատարանում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ: Բացի դա վկան նախաքննության ընթացքում ասել է, որ հայրն ու Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ են գնացել ֆինանսական հարցերով, այնինչ դատախազի հարցին ի պատասխան ասաց, որ «չի հիշում եւ չգիտի» ինչու են գնացել սրահ:
Դատարանը սակայն դատախազի միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ «չեմ հիշումը» էական հակասություն չէ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը նման կարգ չի սահմանում:
Մյուս վկան՝ Արսեն Սիմոնյանն էր: Վերջինս ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ որպես «հարազատ մարդ»: Նա հայտենց, որ դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, գնացել է «Լիա» գեղեցկության սրահ՝ մազերը կտրելու, վարսահարդարը զբաղված է եղել եւ նա գնացել է Պետրոս Իսրայելյանի աշխատասենյակ`(սրահին կից նկուղ,-Տ.Խ.) նրան տեսնելու:
«Գնացի Գոռիկն էր (Պետրոսի որդին), Գեղամը ներսում չէր, նստած խոսում էինք, այդ պահին անծանոթ մարդիկ մտան ներս, ոչ մեկին չեմ ճանաչել: Գոռիկի հետ զրուցելու ընթացքում այլ մարդկանց հետ ներս մտավ նաեւ Մուշեղ Մուշեղյանը (այդ ժամանակ նրան չի ճանաչել), վիճաբանություն սկսվեց Գեւորգի եւ նրա միջեւ»,- պատմեց նա:
Սիմոնյանը պատմեց, որ Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ էր եկել «փող ստանալու»: Դատավորի հարցին, թե ի՞նչից ենթադրեց, վկան ասաց. «Որովհետեւ ասեց փողերը պիտի տաք»,- ապա շարունակեց. «Մուշեղն ու Գեւորգը վիճաբանում էին, կոպիտ ձեւով իրար հետ խոսեցին, Մուշեղը հայհոյանքներ հնչեցրեց, Գեւորգն էլ` նրան ու Մուշեղը կրակեց Գեւորգի վրա, հետո հարձակվեց Գեւորգի վրա, Գեւորգն էլ նրա վրա` դանակով: Հետո կրակոցներ սկսվեցին, Մուշեղը Գեւորգի պարանոցից բռնել էր, շոկի մեջ էի հո չէի կանգնելու տենամ ով ինչ ա անում, ում ա կրակում, վարսավիրանոցի մուտքով փախել եմ, նստել եմ մեքենաս ու գնացել»,- ասաց նա:
Վկան նշեց, որ Պետրոս Իսրայելյանը դեպքի ժամանակ սենյակում չի գտնվել. «Ես չեմ տեսել Գեղամին, Գոռիկին հարցրեցի` ուր ա Գեղամը, ասեց հիմա կգա»: Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին, թե այնտեղ որտեղ նստած էին սեղան կա՞ր, վկան դրական պատասխան տվեց: Պաշտպանի ճշտող հարցին, թե այդ սեղանի վրա, կամ գետնին որեւէ առարկաներ կա՞ր դրված, երկաթի կտորներ, մահակներ, բահի կտոր, Արսեն Սիմոնյանն ասաց, որ ոչ մի բան չի նկատել: Մեղադրող դատախազ Քյարամյանի ճշտող հարցին սեղանի տակ նայե՞լ էր, որ չէր տեսել, վկան արձագանքեց. «Չեմ նայել, բայց եթե եղած լիներ կնկատեի»:
Ապա վկան հիշեց, որ դեպքի օրը հրազենային վնասվածք ստացած Արամ Պետրոսյանը ինչ որ առարկա է նետել Մուշեղ Մուշեղյանի վրա:
Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որի վկան պատմել է. «Գեղամին ճանաչում եմ շուրջ չորս տարի: Նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ վարսավիրանոցի նկուղային հարկում: Նոյեմբերի 13-ին Արմանի հետ իմ մեքենայով գնացել եմ Գեղամին տեսնելու, նաեւ մազերս կտրելու: Վարսավիրը զբաղված էր, մտա ներքեւ Գեղամին տեսնելու: Մտնելով ներս, տեսա Գոռին, այնտեղ էին նաեւ Արամն ու Գեւորգը: 3-4 անձինք մտան ներս այդ ժամանակ, Մուշեղը շքամուտքի մոտ կանգնած ասաց` էդ փողերն ով որ կարա ինձանից ստանա, ես նրա լավը…: Գեւորգը ասաց նրան, որ խելոք մնա, Մուշեղը գոտկատեղից հանեց ատրճանակը եւ կրակեց Գեւորգի վրա, այնուհետեւ Գեւորգը հանեց դանակը եւ հարձակվեց նրա վրա, Մուշեղը բռնելով Գեւորգի վզից սկսեց կրակել, նիշեն էր սարքելով պահում էր Գեւորգին»: Մեղադրողի հարցին, թե ինչ է նշանակում «նիշե», վկան չկարողացավ պատասխանել: Հարցին, ինչո՞ւ էր Մուշեղը բռնել Գեւորգին, որպեսզի պաշտպանվե՞ր, վկան ասաց. «Իրենից էր պաշտպանվում»:
Ցուցմունք տվեց նաեւ գեղեցկության սրահի աշխատակից Քրիստինե Սարգսյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Պետրոս Իսրայելյանին: Վկայի պնդմամբ, դեպքի վերաբերյալ մանրամասներ չգիտի, սպանության մասին էլ ոստիկանության բաժանմունքում ոստիկաններից է իմացել: Քրիստինե Սարգսյանը պատմեց, որ 2016թ. նոյեմբերի 13-ին աշխատանքի է գնացել, հաճախորդին սպասարկելիս է եղել, երբ գեղեցկության սրահ է մտել Պետրոս Իսրայելյանի կինը` Անժելա Մանուչարյանը:
«Հուզված էր, հարցրեցի` ինչ է եղել, ասեց` մեր Գեւին հիվանդանոց են տարել: Որից հետո գնաց տուն` ասելով, որ Գեղամին պետք է հաց տա: Այնուհետեւ ոստիկանության համազգեստով մի քանի հոգի մտան, ասացին` հագնվեք, գնում ենք: Ոստիկանությունում երկար ժամանակ պահել են ինձ, ոստիկաններից եմ իմացել, որ մարդ է մահացել»: Վկան ասաց, թե դեպքի օրը ոչ մի տարօրինակ ձայներ չի լսել, անծանոթ մարդկանց չի տեսել: Մեղադրողների հարցին ի պատասխան ասաց, որ այդ օրը Պետրոս Իսրայելյանին չի տեսել, այնինչ քննիչին հայտնել է, որ Իսրայելյանին տեսել է սրահի խոհանոցի մոտ: Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը. «Դեպքի օրը եղել եմ աշխատանքի: Ցերեկը, երբ հաց էինք ուտում, Անժելան մեզ հետ էր, եկավ սենյակ եւ ասաց, որ Գեղամը եւս սոված է, ճաշ լցրեց եւ գնաց: Անժելան ասաց, որ գեղեցկության սրահի երկաթյա դուռը փակենք, հետո տեսա, որ մի քանի մեքենա եկավ, մտան շենքի բակ, հետո գեղեցկության սրահի դիմացի հատվածով շատ մարդիկ էին գնում: Նկատեցի, որ երկու տղամարդ արագ քայլելով նստեցին գեղեցկության սրահի մոտ կանգնած մուգ գույնի մեքենան եւ գնացին: Անժելան հուզված եկավ մեզ մոտ, այնուհետեւ Պետրոս Իսրայելյանի քույրը` Սուսաննան եկավ եւ Անժելային ասաց` գնանք տուն: Այնուհետեւ ոստիկանության աշխատակիցներն եկան եւ մեզ ասացին, որ գնանք իրենց հետ»:
Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին:
Հ.Գ. Ի դեպ այս գործը լուսաբանելիս Նորատուսցի Ալիկից եւ Չարբախցի Գեղամից պարբերաբար երկու կրկնվող լուսանկար ենք հրապարակում, քանի որ դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ արգելել է լրագրողներին տեսա-լուսանկարահանել դատական ողջ նիստը: Նույն պատճառով հնարավորություն չունենք սույն նյութի հետ հրապարակել հարցաքննված վկաների լուսանկարները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT