Ինչպես եւ 7 տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում. այսօր մայրաքաղաք Բեռլինում նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ:

Մինչ այդ` փետրվարի 1-ի առավոտյան, վարչապետն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ կանցլերի աշխատակազմի, գերմանական քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգարժան պրոֆեսոր Լամերթ,

Հարգելի Բունդեսթագի անդամներ,

Հարգելի մասնակիցներ,

Ուրախ եմ այսօր հյուրընկալվել գերմանական առաջատար քաղաքական հիմնադրամում՝ ձեր երկիր իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում:

Ազատության, արդարության և համերաշխության սկզբունքներն են ընկած Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գործունեության հիմքում, և ես պատիվ ունեմ խոսելու այստեղ՝ դիտարկելով այն որպես խորհրդանշական և կարևոր իրադարձություն:

Խորհրդանշական, քանի որ ինչպես եւ յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Նաև խորհրդանշական, քանի որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ելնում էր Հիմնադրամի գաղափարներից և սկզբունքներից:

Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ:

Այս դրական զարգացումների տրամաբանական գագաթնակետն անցյալ տարվա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Դրանք միջազգային դիտորդական առաքելությունների կողմից գնահատվել են որպես միջազգային չափանիշներին համահունչ, ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ իս, դրանք միակ չվիճարկված ընտրություններն էին 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզման նախօրեին կայացած ընտրություններից ի վեր:

Այս վերջին ընտրություններն ամրապնդեցին մեր ձեռքբերումները և ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ժողովրդավարությանն այլընտրանք չի տեսնում: Նոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերը հաղթանակ տարան: Նախկին քաղաքական վերնախավը ներկայացնող ուժերը ճնշող մեծամասնությամբ մերժվեցին:

Հայ ընտրողը մերժեց բոլոր նրանց, ում անուններն աղերսվում էին կոռուպցիայի, հիմնարար ազատությունների սահմանափակման, վատ կառավարման, տնտեսական անարդյունավետության և լճացման հետ:

Փոխարենը, նրանք իրենց քվեն տվեցին խորը փոխակերպման, օրենքի գերակայության և հաշվետու կառավարման վրա հիմնված հասարակությանը: Մեր ժողովրդավարական նվաճումների համար «Էկոնոմիստը» Հայաստանին ճանաչեց տարվա երկիր:

Այսօր մեր կառավարությունն աննախադեպ լեգիտիմության և հանրային վստահության քվե ունի: Վերջին հարցումներից մեկի համաձայն` մեր հասարակության ավելի քան 70 տոկոսը վստահ է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ:

Մի կողմից, այս աննախադեպ վստահության մակարդակը մեզ պարտադրում է վճռական քայլեր կատարել բարեփոխումների ուղղությամբ, և այս հարցում մենք ձախողելու իրավունք չունենք: Մյուս կողմից, հանրային վստահությունը տալիս է յուրահատուկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք մեր ձեռքբերումներն ամրապնդելու և մեր երկրում ժողովրդավարության ապագայի պաշտպանության համար:

Կարծում ենք, որ վերափոխման գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի մեր քաղաքական ձեռքբերումները տնտեսականի վերածելը: Այլ կերպ ասած, մենք պետք է տնտեսական հեղափոխություն կատարենք: Ժողովրդավարությունն ու տնտեսական զարգացումը մեր հասարակության մեջ սերտ ինտերակտիվ հարաբերություն ունեն: Տնտեսական հեղափոխությունը և աղքատության վերացումը մեր ժողովրդի գերակայություններն են: Այս գաղափարը հանդիսանում է մեր նոր կառավարության ծրագրի հիմնական նախադրյալը:

Ինչպե՞ս ենք մենք հասնելու այդ նպատակին: Պատասխանը թեև պարզ է, բայց ոչ դյուրին: Հիմնական նախադրյալներից մեկը մեր ժողովրդի գործարար և մտավոր ներուժի ազատ և անսահմանափակ իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: Մենք ընդունել ենք և արդեն սկսել ենք իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ:

Մասնավորապես, ներկայումս մենք արմատական քայլեր ենք ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական և քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովել և անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ:

Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին հաջողության հասնելու համար մենք զարգացնում ենք մեր տնտեսական և քաղաքական ինստիտուտները:

Կառուցակարգերի փոփոխումը դժվար գործընթաց է ցանկացած կառավարության և հասարակության համար: Այն պահանջում է նշանակալի ռեսուրսներ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ մտավոր: Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու այս ճանապարհով: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած այլ անցումային երկիր, մենք ևս կարիք ունենք լրացուցիչ աջակցության՝ բարեփոխումներն արագացնելու համար:

Այս համատեքստում, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի հանրահայտ փաստի վրա. նախկին խորհրդային երկրներից ոչ մեկին չի հաջողվել արդիականացնել ինստիտուտներն առանց ֆինանսական և տեխնիկական աջակցության: Հայաստանը բացառություն չէ: Ավելին, հետխորհրդային երկրներին բնորոշ մարտահրավերներից բացի, Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից դիմակայել է մի շարք այլ մարտահրավերների:

Դեպի ծով ելք չունենալն անբարենպաստ աշխարհագրական հանգամանք է: Շուրջ երեսուն տարի տևած տրանսպորտային շրջափակումը, որը կանխամտածված քաղաքական քայլ էր, մեր երկրի տնտեսական զարգացման համար լուրջ և երբեմն անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց:

Էներգետիկ անվտանգությունը մեկ այլ խնդիր է մեզ համար: Եվ վերջապես, անցյալի ժառանգությունը հանգեցրել է ոչ բարեկամական անվտանգության միջավայրի, որը կարող է վերաճել գոյապահպանական սպառնալիքի:

Այս առումով, Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների օրակարգի համար: Դժվար է գերագնահատել վերջին քառորդ դարում Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցության կարևորությունը:

Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու մեր բարեփոխումների իրականացման ճանապարհով: Մենք դա անելու ենք՝ անկախ դժվարություններից և հանգամանքներից: Այդուամենայնիվ, ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել և ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները:

Այստեղ ես ուզում եմ ընդգծել Եվրոպական միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևորությունը: Դրա իրականացումը կարող է մեծապես նպաստել մեր ինստիտուտների զարգացմանը: CEPA- ն, ըստ էության, հանդիսանում է մեր երկրի զարգացման ռազմավարական ծրագիրը և կարող է դառնալ մեր բարեփոխման օրակարգի հիմնաքարերից մեկը:

Միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք խորացնել մեր տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: Գերմանիան ինքնին մեր հիմնական դոնորներից է և հիմնական առևտրային գործընկերներից: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, ներառյալ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը և այլն:

Մենք հավատարիմ ենք մեր կապերի ամրապնդմանը և տնտեսական համագործակցության նոր հեռանկարների ուսումնասիրությանը: Նոր ժողովրդավարական Հայաստանը մեծ հնարավորություններ է տալիս առևտրի և ներդրումների համար: Ներկայումս ընթացող կայուն ինստիտուցիոնալ բարեփոխումներից զատ, մենք ունենք մի քանի այլ առավելություններ ևս:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է ազատ մուտք առ 180 միլիոնանոց շուկա և աշխարհի մի քանի երկրների հետ ազատ առևտրի պայմանագրերի անխափան և անխոչընդոտ գործողություն:

Միևնույն ժամանակ, մենք ունենք GSP+ առևտրային ռեժիմ Եվրոպական միության հետ, որն ինչպես նշեցի՝ շատ շուտով կլրացվի CEPA-յով: Սա մեր հիմնական համեմատական առավելություններից մեկն է. Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես Եվրամիության և Եվրասիական միության շուկաները կապող տնտեսական կամուրջ:

Տիկնայք և պարոնայք,

Խոսելով մեր տնտեսական համագործակցության հեռանկարների մասին` ես կցանկանայի ընդգծել, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն արագորեն աճում է, և այդ աճի տեմպն աննախադեպ է: Վերջին յոթ տարիների ընթացքում այդ ոլորտն հինգ անգամ աճել է: ՏՏ ոլորտը դառնում է մեր տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը` հետագա զարգացման համար հսկայական ներուժով:

ԽՍՀՄ-ից ժառանգած մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեխնիկական գիտությունների ավանդական ուժեղ դպրոցն այս ոլորտում Հայաստանի հաջողություն հիմնական գրավականն է: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ հայկական հեղափոխությունը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել մեր ժողովրդի տաղանդի անսահմանափակ դրսևորման համար, զգալիորեն կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանը:

Կարծում եմ, որ ազատությունը, ստեղծագործական և նորարարության ոգին փոխկապակցված են: Հայաստանի նոր կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը գերակա է համարում, քանզի մենք դրանում տեսնում ենք մեր տնտեսական հեղափոխության լոկոմոտիվը և ապագա Հայաստանի տնտեսության անկյունաքարը:

Տիկնայք և պարոնայք,

Ուզում եմ խոսքս ավարտել՝ վերահաստատելով, որ ԵՄ-ի և նրա անդամ-պետությունների հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական Հայաստանի համար:

Միևնույն ժամանակ կարծում եմ, որ իր հերթին, Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում ունենալ կայուն, ժողովրդավարական գործընկեր` ի դեմս տնտեսապես զարգացող եւ առաջադեմ Հայաստանի, որի հետ ունի ընդհանուր եվրոպական արժեքներ:

Շնորհակալություն ուշադրության համար.

Հիմա ես պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»:

Այնուհետև տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում հանրապետության վարչապետը ներկայացրել է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքները, տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվող քայլերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը և այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1596 դիտում

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը