Երբ կսկսվի հոկտեմբերի 27-ի բացահայտումը, ես իմ արխիվից մի փաստաթուղթ կտամ նախաքննական մարմնին․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, փոխվարչապետի նախկին պաշտոնակատար Վահան Շիրխանյանը նախօրեին բաց նամակ էր հղել Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին․ «Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ուզում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով»,-մասնավորապես գրել է Շիրխանյանը՝ նամակում մի շարք մեղադրանքներ հնչեցնելով Քոչարյանի հասցեին՝ պետբյուջեի թալան, Մեղրին Լաչինչի հետ փոխանակելու մտադրություն, նախագահական ընտրությունների արդյունքների կեղծում եւ այլն։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանի հետ։

- Պարոն Քոչարյան, Վահան Շիրխանյանն իր բաց նամակում մի շարք լրջագույն մեղադրանքներ է հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Այդ տարիների անօրինականությունների եւ հնարավոր հանցագործությունների մասով հիմա հնարավո՞ր է քրեական գործեր հարուցվեն, թե՞ կա վաղեմության ժամկետի խնդիր։

- Իհարկե, կարող է լինել վաղեմության ժամկետի խնդիր, բայց գործեր կարող են հարուցվել՝ նայած, թե հնչեցրած մեղադրանքների որ մասը երբ է տեղի ունեցել։ Բայց այդ նամակը մի ամբողջության մեջ տալիս է այն պատկերը, թե Ռոբերտ Քոչարյան երեւույթը ինչ բացասական դերակատարում է ունեցել մեր երկրի կառավարման երեւի ամբողջ պրոցեսի ընթացքում, եւ նույնիսկ հիմա։ Որովհետեւ այն միջոցները, որոնք ինքը կուտակել է իր պաշտոնավարման ժամանակ, հիմա ես նկատում եմ, որ կիրառվում են մեր երկրի իշխանությունը թուլացնելու նպատակով՝ ինֆորմացիոն տարբեր միջոցներով։ Շիրխանյանի բաց նամակը պատասխան է Ռոբերտ Քոչարյանի գրքում զետեղված ստերի, այն ամենի դեմ, ինչի մեջ ինքն ուզում է մեղադրել մարդկանց, որոնք պարզապես չեն կարող լինել այդ մեղադրանքների մեջ։ Շիրխանյանը հակադարձում է՝ հիմա պատասխանիր այ ա՛յս մեղադրանքներին, իսկ այդ մեղադրանքները, որքանով ես եմ տեղեկացված, կարող եմ ասել, որ բացարձակ ճշմարտություն են։

- Վահան Շիրխանյանը գրել է նաեւ 1998-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մասին՝ մասնավորապես նշելով, որ Ռ․ Քոչարյանն իր ստացած 27 տոկոս քվեն դարձրել է 59%, իսկ «73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվել 41%»։ Դուք, լինելով իշխանություն, ինչո՞ւ չեք կանխել ընտրակեղծիքները։

- Ընտրությունների կեղծման թեման սկսվել է դեռեւս այնտեղից, երբ Քոչարյանը, չլինելով ՀՀ քաղաքացի, ապօրինի ձեւով առաջադրեց իր թեկնածությունը։ Այդտեղ քննարկելու բան չկա, հայ ժողովուրդն անգիր գիտի, դրա համար էլ Քոչարյանը միշտ մերժված է եղել մեր ժողովրդի կողմից։ Այդ շրջանում երկրի անվտանգության տեսանկյունից շատ վտանգավոր իրավիճակ էր, եւ Վազգեն Սարգսյանը ստիպված գնաց զիջումների, որպեսզի Ղարաբաղ-Հայաստան խնդիրը հանկարծ չթուլանա, Ղարաբաղի անվտանգության խնդիրը հանկարծ չդառնա խնդրահարույց, եւ Վ․ Սարգսյանը նույնիսկ հանդուրժեց, որ իրականացվեն այդ խայտառակ ընտրությունները։ Բայց նա իր անհամաձայնությունը հայտնեց, երբ խորհրդարանական ընտրություններում միացավ Կարեն Դեմիրճյանին, որպեսզի գոնե խորհրդարանական ընտրություններում դառնա հակակշիռ՝ ապօրինությունների միջոցով զավթված այդ իշխանությանը։ Բայց, արդյունքում տեսանք, թե այդ հակամարտությունը իշխանության մեջ ինչ դրսեւորումներ ունեցավ։

- Պարոն Քոչարյան, այսօր հանրային պահանջ կա նաեւ հոկտեմբերի 27-ը բացահայտելու։ Այս շրջանում կարո՞ղ ենք սպասել այդ բացահայտումներին։  

- Ես դրանով միշտ եմ ապրել, եւ դրանով են ապրել այն բոլոր տղաները, որոնք չեն կարողանում հանդուրժել, թե ոճրագործն ինչպես էր ավտոմատի կոթով հարվածում երկրի վարչապետին․ այդ ամեն մի հարվածը մեր պետության գլխին էր, դրանով գլխատվեցին իշխանության երկու թեւերը, այդ հարվածներով անընդհատ խփելով Վազգենին՝ ոճրագործը մեր բոլորի ինքնասիրությանն էր խփում։ Եւ այսօր չբացահայտել 27-ը՝ պարզապես հնարավոր չէ։ Հիմա բացահայտում ենք Մարտի մեկը, որը հնարավորություն է ստեղծում բացահայտել նաեւ դրանից առաջ եղած ոճրագործությունները, եւ այն ոճրագործությունը, որի նմանը չի եղել՝ հոկտեմբերի 27-ը։ Ինչ վերաբերում է բացահայտման ընթացքին՝ ես չեմ ուզում շտապենք, սրանք լուրջ հարցեր են։ Ամերիկացիները, օրինակ, մինչեւ 2040 թվականը իրենց ժողովրդից ժամանակ են խնդրել՝ Քենեդիի սպանության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելու համար։ Պետք չէ շտապել, որովհետեւ հնարավոր է՝ եղել են շատ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք բացելով ինքներս կհասկանանք՝ որտեղ ենք սխալվել, ինչու գլխատվեց մեր պետությունը, դա ընդամենը իշխանությա՞ն կռիվ էր, թե այլ ուժեր կային հետեւում։ Այս խնդիրը պետք է լուծել հանգիստ, բայց նպատակը պետք է լինի մեկը՝ հոկտեմբերի 27-ի բացահայտումը։ Իսկ Քոչարյանն իր այդ գրքում հոկտեմբերի 27-ի մասին մի կարեւոր բան չի ասել․ ի՞նչ էր խոսում Նաիրի Հունանյանի հետ։

- Դեռեւս չհաստատված տեղեկություն կա, որ այդ խոսակցության ձայնագրությունը պահպանվել է, ձայնագրության մի օրինակ էլ ժամանակին եղել է Տիգրան Նաղդալյանի մոտ, դուք ի՞նչ տեղեկություն ունեք այս մասին։

- Չի կարող չլինել։ Ես համոզված եմ, որ չէր կարող չձայնագրվել, եթե այդ ժամանակ շենքի ներսում հանդիպման անվտանգությունն ապահովող ԱԱԾ կար։ Այդ ձայնագրությունը դեռ գտնել է պետք, բայց դա քննության խնդիրն է։ Քոչարյանի խնդիրը միշտ եղել է տեռորիստներին ոչնչացնելու պարագայում ոչնչացնել նաեւ դեպի ոճրագործության բացահայտում տանող բոլոր հնարավորությունները։ Նա, փոխանակ այն ժամանակ երկրում մտցներ արտակարգ դրություն, մտցրեց Մարտի մեկին։ Իսկ հոկտեմբերի 27-ին ինքն ի՞նչ գիտեր, թե ինչ խմբեր են թափանցել, ինչ գործողություններ են անելու։ Ինքը պետք է անպայման օգտագործեր ուժայիններին, բայց դա չարվեց իր կողմից, եւ արվեց Վազգեն Սարգսյանի կառավարության առանցքային դեմքերի շնորհիվ․ ՊՆ-ն փակեց երկրի սահմանները, որպեսզի կանխի հնարավոր զարգացումները։ Հիմա Քոչարյանը մի կարգավիճակում է, որ պետք է պատասխանի նաեւ այս հարցերին, եւ ուզի, թե չուզի՝ դրանք առնչվելու են նաեւ Մեղրիի քննարկումներին, որովհետեւ դա նշանակում է, որ մեր երկիրն ունեցել է ղեկավար, որի մտքում եղել է Մեղրին տալու տարբերակ, ինչը պետական դավաճանությանը հավասար միտք է՝ քննարկման առարկա դարձնել Հայաստանի պետական սահմանը։

- Շիրխանյանը գրել է նաեւ, որ Քոչարյանը Շահումյանից եւ Մարտակերտից եկած 35․000 փախստականներին թույլ չի տվել մնալ Արցախում եւ ուղարկել է ՀՀ։ Ինչո՞ւ չի կանխվել դա, ինչո՞ւ նրանք չվերաբնակեցվեցին ազատագրված տարածքներում։

- Այդ ժամանակ պետք էր արագ լուծումներ գտել։ Իհարկե, ճիշտ կլիներ, որպեսզի ազգաբանկչությունը բնակեցվեր ազատագրված տարածքներում։ Եւ, ընդհանրապես, այս տարիների ընթացքում մենք շատ վատ ենք օգտագործել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու մեր հնարավորությունը։ Այդ հարցը առաջին հերթին Ղարաբաղի իշխանությունների խնդիրն էր՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի։ Բայց իրենք չլուծեցին, որովհետեւ իրենց համար մշտապես կարեւոր է եղել իրենց իշխանությունը, իրենք գխացավանքից միշտ փախել են։

- Իսկ այստեղի՞ց՝ Հայաստանից ինչ-որ բան անել հնարավոր չեղա՞վ։

- Իհարկե, Հայաստանը պետք է պարտադրեր, բայց դա պետք է լիներ ներդաշնակորեն։ Դա անվտանգությանը վերաբերող խնդիր էր, պետք է Ղարաբաղի իշխանության հետ համահունչ լիներ, բայց միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է եղել։ Չէր կարելի Հայաստանի իշխանությունների տեսակետն ամբողջությամբ մերժել, բայց պարզապես չի եղել այն կամքի դրսեւորումը, որ պետք է սա անել․ չի արվել, եւ այսօր մենք ունենք տարածքներ, որոնք բնակեցված չեն։ Դրա համար պատասխանատու է այդ տարածքի քաղաքական իշխանությունը։ Հիմա կարող է ասեն՝ ռեսուրս չունեինք, բայց այստեղ ռեսուրսն այսպես թե այնպես չի ավելացել, իսկ մարդկային ռեսուրսը մենք փոշիացրել ենք, այդ ռեսուրսը եկավ Հայաստան, որը լավ կապեր ուներ Ղարաբաղյան իշխանության հետ, կարողացավ բարգավաճել, իսկ մնացածը պարզապես դուրս գնացին Հայաստանից։ Նրանց հետ բերելու համար հիմա շատ ու ավելի գայթակղիչ առաջարկներ պետք է անես, որպեսզի իրենց ընտանիքներով գան եւ բնակվեն մեր ազատագրված տարածքներում։

- Շիրխանյանն իր բաց նամակում գրել էր, որ Վազգեն Սարգսյանին ԱՄՆ-ում հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ գումարներ ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Տեղյա՞կ եք՝ ինչ ցուցակի մասին է խոսքը։

- Ես տեղյակ եմ, որ երբ Վազգեն Սարգսյանը ԱՄՆ-ից եկավ, լուրջ մտահոգություններ ուներ, որովհետեւ ինքն այնպիսի մարդ էր, որ իր առաջ բացվում էին բոլոր հարցերը, որովհետեւ ինքն անկեղծ էր խոսում։ Երբ ինքը խոսել էր, իրեն ներկայացրել էին, թե Հայաստանից ինչ ծավալներով միջոցներ են դուրս եկել։ Ինքը շատ լավ գիտեր բյուջեի ճեղքվածքի մասին, եւ սեկվեստրը արեց, բերեց զրոյացրեց, համահարթեցրեց այդ տնտեսական հարթակը, որպեսզի դրանից տնտեսությունը սկսի շնչել։ Դա շատ բարդ էր, ամեն վարչապետ չէ, որ կկարողանար, քանի որ այդ ընթացքում ծախսերը շատացրել էին, եւ լիքը միջոցներ պարզապես անհայտացած էին։ Վազգեն Սարգսյանը, եթե չեմ սխալվում, 40 միլիարդի սեկվեստր արեց, եւ Ազգային ժողովն իրեն աջակցեց։

- Դուք գիտե՞ք՝ Վազգեն Սարգսյանին հրամցված այդ ցուցակում ում անուններն են եղել։

- Երբ կսկսվի հոկտեմբերի 27-ի բացահայտումը, բնականաբար, ով ինչ տեղեկություն ունի, պարտավոր է ներկայացնել նախաքննական մարմնին։ Ի պաշտոնե ես ինչ-որ բաներից պարտավոր էի տեղյակ լինել, որովհետեւ այդ ժամանակ իմ գլխավորությամբ հակակոռուպցիոն խումբ էր աշխատում, որում ներգրավված էին շատ արժեքավոր անձինք։ Մենք չորս ամսում հասցրել ենք կոռուպցիայի դեմ պայքարի իրավական փաստաթուղթ մշակել, որը ես անպայման կհանեմ իմ արխիվից եւ կտրամադրեմ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ժամանակ։ Այդ ժամանակ մենք հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում Հարավային Աֆրիկայում էինք, Վազգենն էլ շատ ոգեւորված էր դրանով, որ հիմա մեր խումբը կգա, կտեսնեն՝ ինչ ծավալի գործընթաց ենք սկսել։ Վ․ Սարգսյանը գիտեր՝ ինչ ենք անելու, մենք էլ գիտեինք՝ ինչ ծավալի աշխատանք ունինք։ Շատ լավ փաստաթուղթ էր, որ եթե դրվեր գործողության մեջ, այսօր մենք կունենայինք ավելի որակյալ տնտեսություն, եւ այդ քրեաօլիգարխիկ համակարգը չէր դառնա իշխանություն։ Իշխանությունն այս ընտրություններով արդեն վերադարձվել է ժողովրդին, հիմա եկել է մյուս հարցերը լուծելու ժամանակը, եւ ժողովրդին վերադարձնելու այն, ինչ ինքը ցանկանում է ունենալ՝ արդարություն եւ հավասարություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19766 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին